Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՌ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԱՆ Է

ԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՌ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԱՆ Է
11.02.2011 | 00:00

Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ տեղեկացնում են, թե Լիտվայում բանաձև է նախապատրաստվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթն արդեն ստորագրել է Սեյմի հիսուն անդամ, մոտ ժամանակներս այն կդրվի երկրի խորհրդարանի քննարկմանը և, ըստ որոշ քաղաքական գործիչների հաշվարկի, հավանության կարժանանա։ Բացի այդ, քաղաքական որոշ ուժեր կարծում են, որ եթե ընդունված փաստաթուղթն էապես չփոխի իրադարձությունների ընթացքը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ապա կարող է հաշվի առնվել և լուրջ ազդեցություն ունենալ ընդհանուր մթնոլորտի ու միջազգային ատյաններում մտայնությունների սրբագրման վրա։
Հասկանալի է, որ լիտվացիները, որոնք ներկայումս գլխավորում են ԵԽԽՎ-ն, կցանկանային միանգամից լավ դրսևորել իրենց և հընթացս լուծել մոլորակի ամենաբարդ հակամարտություններից մեկը։ Բոլորս հիանալի հիշում ենք, որ ոչ պակաս «պիոներական ավյունով» փոքր-ինչ ավելի վաղ ԵԽԽՎ-ում նախագահող Ղազախստանն ամենաբարձր ամբիոններից հայտարարում էր, թե իրենք ունեն ղարաբաղյան հակամարտության կողպված դռնակի «ոսկե բանալին»։ Թե ինչ ստացվեց դրանից, նույնպես քաջ հայտնի է։ Ավելին, նույնիսկ Աստանայի շքեղաշուք գագաթնաժողովում, աշխարհի ճակատագիրը որոշող առաջատար քաղաքական գործիչների ներկայությամբ ղազախներին ոչ միայն չհաջողվեց հաշտեցնել հայերին ու ադրբեջանցիներին, այլև դույզն-ինչ մերձեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումները։ Խոշորագույն «բախումնագետների» կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես, ի դեպ, է՛լ ավելի հին իսրայելա-պաղեստինյանը, ըստ էության, գտնվում է եթե ոչ միանգամայն անլուծելիների թվում, ապա անչափ բազմակողմանի ու պայթյունալի հակամարտություններից է։ Իսկ հապճեպ որոշումների և չափից դուրս ճնշման հետևանքները կարող են ոչ միայն իրավիճակը հանել վերահսկողությունից, այլև լուրջ ու վտանգավոր արձագանքներ ունենալ տարածաշրջանի սահմաններից դուրս։ Այդ իսկ պատճառով, «հաշտություն պարտադրելու» մասին բոլոր հայտարարություններով հանդերձ, համաշխարհային հանրությունն ակներևաբար կանգ առավ խնդրի լուծման երկարաձիգ տարբերակի վրա, առաջնային համարելով հակամարտության` նոր «թեժ փուլի» կանխումն ու «ղեկավար մանդատը» փոխանցելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն էլ կոչված է բացառելու հապճեպ և անմտածված գործողություններից բխող իրական վտանգները։ Համանախագահները մշակել են հիմնական մոտեցումները, որոնք ներառում են միջազգային գլխավոր սկզբունքները և կարող են հակամարտությունը պահել համեմատական հավասարակշռության մեջ։ Դեռ ավելին, դրանք հավանության են արժանացել համանախագահող բոլոր երկրների ղեկավարների կողմից (սկզբունքները քաջ հայտնի են, և տվյալ դեպքում իմաստ չունի դրանք թվարկելը)։ Ընդ որում, նկատենք, որ այդ հավասարակշռությունը չափազանց երերուն է, և ցանկացած անխոհեմ գործողություն, անձնական շահաբաժիններ և խաղաղարարի դափնիներ վաստակելու ցանկացած փորձ կարող են լրջորեն խախտել իրավիճակի հավասարակշռությունը։
ՈՒստի միանշանակ է, որ Լիտվայի Սեյմի «խանդավառությունը», առավել ևս օրենսդիր մարմնի նախագահ Իրենա Դյագուտենեի հայտարարությունը Բաքվում («Մենք նախագահում ենք ԵԽԽՎ-ում, և ինչպես միշտ, մեր երկիրը հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքներից»), բնավ չեն տեղավորվում ներկա իրողությունների տրամաբանության շրջանակներում։ Ավելին, միանգամայն ակներև է, որ ԵԽԽՎ-ում հերթափոխային նախագահությունը պատվավոր կարգավիճակ է, սակայն ժամանակավոր և սոսկ ձևական բնույթ է կրում։ Եվ եթե իրոք լիտվացիների, ինչպես պնդում է նրանց խորհրդարանի նախագահը, դիրքորոշումն այն է, «թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում որպես հիմք պետք է ընդունվի տարածքային ամբողջականության սկզբունքը», ապա այն, անշուշտ, դուրս է կարգավորման ընդհանուր սկզբունքներից։ Բացի այդ, բնավ հասկանալի չէ, թե այդ որ «բարձրագույն իրավունքով» է Լիտվան փորձում ի չիք դարձնել Մինսկի խմբի բազմամյա ու բազմածախս ջանքերը։ Ի վերջո, մանդատը հաստատված է այն կազմակերպության կողմից, որի ժամանակավոր, ընդգծում ենք, սոսկ ժամանակավոր ղեկավարությունը վստահված է Լիտվային։
Ծանոթանալով տիկին Դյագուտենեի այդ անչափ հետաքրքիր հարցազրույցին, հարց է ծագում. այնուամենայնիվ, ինչո՞վ են պայմանավորված նման «պասաժները»։ Արդյո՞ք միայն «երիտասարդ ժողովրդավարության» հավակնություններով և «Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններ զարգացնելու» Լիտվայի շահագրգռվածությամբ։ Իսկ միգուցե արմատները պետք է փնտրել ավելի խոր, ինչ-որ իռացիոնալ և ենթագիտակցական մակարդակո՞ւմ։ Եվ այստեղ, ընդամենը կարծում ենք, ավելորդ չէ հիշել պատմությունը։ Իրավիճակի պարադոքսայնությունն այն է, որ «տարածքային ամբողջականության» վերաբերյալ խրատաբանությունները բխում են Ստալինի կամքով և «Մոլոտով-Ռիբենտրոպ» գործարքի նորմերով օկուպացված Վիլնո քաղաքից, այլ կերպ ասած, անկախ Լիտվայի ներկայիս մայրաքաղաք Վիլնյուսից։ Թերթենք ոչ վաղ անցյալի պատմության էջերը. ֆաշիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև կնքված պայմանագրով առավելապես լեհերով ու հրեաներով բնակեցված այդ լեհական քաղաքն անցել էր նորաթուխ խորհրդային հանրապետությանը` Լիտվական ԽՍՀ-ին։ Այն արագորեն վերանվանվել էր Վիլնյուս, ուր Կաունասից (բուն լիտվական քաղաքից և այն ժամանակվա անկախ Լիտվայի մայրաքաղաքից) տեղափոխվել էր մայրաքաղաքը։ Տվյալ դեպքում չանդրադառնանք այն փաստի մանրամասներին, որ սկզբում Մոսկվայի, իսկ հետո նաև Բեռլինի օգնությամբ այդ փաստորեն օկուպացված Վիլնո քաղաքում, ինչպես վկայում են պատմաբանները, անչափ արագ փոխվեց ազգագրական կազմը։ Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի լիտվական բնակչության գերակշիռ մեծամասնությունը վերաբնակների սերունդ է, որոնք այստեղ էին տեղափոխվել 1939-ի աշնանային իրադարձություններից հետո։ Նշվում է, որ լիտվացիների տեղաշարժը սկզբում ընթացել էր համեմատաբար անարյուն (ստալինյան ամբողջատիրությունը խանգարում էր ծավալվել), բայց 1941-ի հունիսի վերջերին այն վերածվեց տեղական բնակչության մասշտաբային զտումների և արդեն պատերազմի կեսերին, փաստորեն, ամբողջ լեհ ու հրեա բնակչությունը ոչնչացված էր կամ տեղահանված։ Վիլնոյի երկրամասում լեհական մի փոքրիկ համայնք, այդուհանդերձ, պահպանվել է մինչ օրս, որը, սակայն, լիտվական իշխանություններին խիստ նյարդայնացնում է` լեհական ազգանունները լիտվականի չփոխելու պատճառով։
Այս պատմությունն ինչ-որ բան հիշեցնում է, չէ՞։ Ղարաբաղ, Նախիջևան... Ինչպես «ժողովուրդների հայր» Իոսիֆ Վիսարիոնովիչն անցյալ դարի 20-ականներին, հանուն բարձրագույն նպատակների, հայկական պատմական հողերը բնիկ հայերով հանդերձ նվիրաբերել էր Ադրբեջանին, այդպես էլ շուրջ մեկ ու կես տասնամյակ անց որոշեց միության նոր անդամներին կաշառել շռայլ նվերով` հարուստ ու գեղեցիկ Վիլնո լեհական քաղաքով։ Պարզ է, որ այսօր Լեհաստանը գերադասում է չհիշել այդ մասին և չի հավակնում վերականգնելու պատմական արդարությունը։ Ավելին, նույնիսկ եթե Եվրոպայում և նրա միջազգային կառույցներում որևէ մեկը գիտի պատմությունը, ապա նախընտրում է մոռացության մատնել։ Միայն երբեմն-երբեմն ռուսները, ընդ որում, հրապարակախոսների, պատմաբանների և առանձին քաղաքական գործիչների մակարդակով, ռեֆլեքսորեն, «ով-ով խոսի, գոնե դուք լռեք» սկզբունքով Լիտվայի հերթական ոտնձգությունները, օրինակ, «խորհրդային օկուպացումից կրած կորուստների» դիմաց 31 մլրդ դոլարի ներկայիս պահանջը, վերհիշում են և՛ Վիլնոն, և՛ նրա ողբերգական պատմությունը։ Այդուհանդերձ, ստալինյան շռայլ նվերը հանգիստ չի տալիս լիտվացիներին, ինչպես, ի դեպ, ադրբեջանցիներին։ Գենետիկ հիշողությունը համառ ու վտանգավոր բան է, և շատ հաճախ թելադրում է մարդկանց և ժողովուրդների վարքագծային նորմերը։ Հատկապես, եթե դրանք իրենց վրա կրում են իռացիոնալության դրոշմը։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ