Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԱՎԱՏՔԻ ՍԿԻԶԲԸ ՍԵՐՆ Է

ԱՎԱՏՔԻ ՍԿԻԶԲԸ ՍԵՐՆ Է
04.03.2011 | 00:00

Սերգեյ ՖՈՒԴԵԼ

Այն, որ Աստծո երկյուղը հավատքից է, ոչ թե հակառակը, այսինքն` հավատքը երկյուղից է, ինչպես կարծում են որոշ վախեցածներ, երևում է այս խոսքերից. «Թող զվարճանա սիրտն իմ` սարսափելով անունից Քո»։ Զվարճանալ կարելի է միայն ուրախությունից կամ, ինչը նույնն է, սիրուց։ Աստծո երկյուղը «իմաստության սկիզբն է», բայց ոչ հավատքի։ Իսկ հավատքի սկիզբը սերն է։ Սիրող հավատքից դուրս մենք մնում ենք դիվային հավատքի հետ, «քանզի չարքերն էլ են հավատում և սարսափում», այսինքն` ունեն վախ։ «Մենք հավատում ենք... որովհետև սիրում ենք Աստծուն» (քահանա Ալեքսանդր Ելչանինովի խոսքերն են)։
Աստծո երկյուղի մասին հարկավոր է խոսել միայն առանց կտրվելու սիրող հավատքից, կամ, առաքյալի խոսքով, «սիրով գործող հավատքից», այսինքն` այնպես, ինչպես տրված է Բարսեղ Կեսարացու աղոթքի մեջ. «Մեխի՛ր մեր մարմինը Քո երկյուղին... և սիրով Քո խոցոտիր մեր հոգիները»։ «Որտեղ չկա սեր, այնտեղ չկա հավատ» (սբ. Տիխոն Զադոնսկի), և ուրեմն, չկա և ճշմարիտ Աստծո երկյուղ, որը ծնվում է հավատքից։

Կան տարբեր «վախեր»։ Երանելի Դիադոխն այսպես է գրում մեր ակամա մեղքերի նկատմամբ հատուկ հոգսի անհրաժեշտության մասին. «Եթե մենք իսկապես չխոստովանենք նաև այդ անհայտ մեղքերի համար, ապա աշխարհից մեր հեռանալու պահին կգտնենք մեր մեջ ինչ-որ անորոշ սարսափ։ Իսկ մեզ, ովքեր սիրում են Տիրոջը, հարկավոր է աղոթել, որ այդ ժամանակ հաղորդակից չլինենք որևէ վախի, որովհետև հոգու երկչոտությունը դժոխքի իշխանները համարում են իրենց չարագործություններին մասնակից լինելու նշան»։

Եկեղեցում կնքում էինք հինգ-վեց տարեկան մի մանուկի։ Մի շաբաթ անց այդ տղան ու իր տատիկը հանդիպում են քահանային։ Տատիկը դիմում է թոռանը. «Ողջունի՛ր սուրբ հորը, նա է քեզ մկրտել»։ Տղան նայում է ու պատասխանում. «Ո՛չ, ինձ մկրտում էր հրեշտակը, իսկ սուրբ հայրը կապված պառկած էր նստարանի վրա»։ Խոսելով Եկեղեցու մութ երկվորյակի մասին, ես չեմ խոսում մարդկանց վերջնական ճակատագրի մասին, որը նույնպես անհայտ է, ինչպես խաչելությունից առաջ անհայտ էր «խոհեմ ավազակի» ճակատագիրը։
Հիշում եմ, հայր Վլադիմիր Կրիվոլուցկին ինձ պատմում էր, որ մի օր նրան կանչում են հաղորդություն տալու մեռնողին, որը դրանից մի քանի տարի առաջ կարգալուծվել էր իր կամքով։ «Երբ ես,- պատմում էր հայր Վլադիմիրը,- սեղանիկի վրա դրեցի մասնատուփն ու ամեն ինչ պատրաստեցի, մեռնողը հանկարծ մի քիչ բարձրացրեց գլուխը և, ասես տարածվելով դեպի սեղանիկն ու ներշնչելով սրբության բուրմունքը, արտասանեց. «Տե՜ր իմ, Տե՜ր իմ։ Ինչի՜ց զրկեցի ինձ»։

Գալիք տառապանքների մասին հարկավոր է այսպես խորհել. եթե մինչև իսկ նրանք չլինեն էլ ուրիշների համար, ինձ համար նրանք պետք է լինեն։ Ես զգում եմ նրանց տրամադրվածությունն իմ նկատմամբ, ես հաստատում եմ դրանք ինքս իմ մասին։ Եթե ես մնամ այնպիսին, ինչպիսին կամ, ես ինքս կլինեմ ինձ համար ապագա տանջանք և, ինչպես ասում են, «ինձ տեղն է»։ Իսկ դրանից ավելի ամեն ինչ պետք է տրվի Աստծու կամքին։
Եթե անկեղծորեն ապրել, տեսնել ինքն իրեն այնպես, ինչպես կա, չթաքնվել ինքն իրենից, ապա ահեղ դատաստանը կսկսվի արդեն կյանքի ընթացքում։ «Արդար է դատաստանը Քո, Տեր, ողորմի՛ր ինձ»։

Եկեղեցով ապրելու հասկացությունը շատ դժվար է ըմբռնել։
«Եկեղեցին ո՛չ պատերն է, ո՛չ տանիքը, այլ հավատքը և ապրելակերպը»,- ասում էր Ոսկեբերանը։ ՈՒ նաև կարելի է ասել` կյանքը Եկեղեցում նախ և առաջ արցունք է, որովհետև առանց արտասվելու հնարավոր չէ կանգնել Խաչի առաջ։

Կյանքը Եկեղեցում ոչ փիլիսոփայական դատողություն է, ոչ էլ ծիսական անդրադարձում (ռեֆլեքս)։ Այդ ռեֆլեքսի մասին հիշեցի, երբ կարդում էի Եփրեմ Ասորու խոսքը խոստովանության մասին. «Եթե միայն սովորույթն է մղում քեզ դիմելու բժշկին, ապա չես արժանանա առողջության։ Ամենաողորմածը սեր է պահանջում նրանից, ով ուզում է մոտենալ Իրեն, ու եթե եկողը բերում է սեր և արտասուք, նա անվճար ստանում է ներման շնորհը»։

Եպիսկոպոս Ֆեոֆան Մենակյացն ասում էր, որ միայն գրված աղոթքներով աղոթելը նույնն է, թե խոսես օտար լեզվով, այսպես ասած, զրուցարանով։ Նա, ինչպես և շատ Հայրեր, սովորեցնում է, որ աղոթքի համար հարկավոր է փնտրել սեփական խոսքերը։ Սակայն դա մեզ համար հնարավոր է, հավանաբար, միայն այն ժամանակ, երբ վիշտը համակում է բոլոր կողմերից` քեզ կամ բարեկամիդ։ Այդ պահին դու ոչ թ կաղոթես, այլ պարզապես կճչաս առ Աստված։ Ոչ թե` «փրկի՛ր, Տե՛ր», այլ «Աղաչում եմ Քեզ, օգնի՛ր», «Ջերմացրո՛ւ նրա սիրտը, Տե՛ր», «Խնդրում եմ, Տե՛ր, արի՛ նրա մոտ ու մխիթարի՛ր, ես խելագարվում եմ ցավից նրա համար»։ Սակայն աղոթքի հանդգնությունը ծնվում է միայն սիրո հանդգնությունից։ Ահա թե ինչու Մակար Մեծն ասում էր, որ «աղոթքը ծնվում է սիրուց»։
Այն, որ «աղոթքը ծնվում է սիրուց, աղոթքի և՛ ամբողջ գաղտնիքն է, և՛ ամբողջ բացատրությունը»։
Կարելի է կարդալ բազմաթիվ սաղմոսներ, հազար անգամ ասել «Տե՛ր, ողորմյա՛», սակայն, առանց սիրո, այսինքն` առանց տրտմելու մարդկանց համար, դեռ չսկսել աղոթել։ Եվ այդպես «չսկսել» կարելի է ամբողջ կյանքում։ Դրա համար էր Անտոն Մեծն ասում. «Սիրենք վիշտը, որ գտնենք Աստծուն»։ Նա չէր ասում. «Եկեք փնտրենք վիշտը», այլ «սիրենք» այն, որովհետև, ուզենք կամ չուզենք, դա է բաժակը, որը մատուցում է մեզ Քրիստոս, և այդ բաժակով մենք հաղորդվում ենք աղոթքին։

Իրեն շրջապատող մարդկանց վրա աղոթքի ազդեցության մասին մեզ ասում էր Բ. Նազարովը, կարծեմ, 1925 թվականին։ Նա ծովային ինժեներ էր, աշխատում էր ինչ-որ հիմնարկում։ «Այնտեղ մարդկանց մեջ,- ասում էր նա,- շատ թշնամություն և անհանգստություն կար, ու ես չգիտեի, թե ուր փախչեմ այդ ամենից։
Հետո որոշեցի աշխատանքի տեղում անընդհատ աղոթել։ Եվ, պատկերացրեք, արդյունքը միանգամից երևաց։ Ոչ միայն ես ինքս հանգստացա, այլև մի տեսակ հանգստացան բոլոր նրանք, ովքեր շփվում էին ինձ հետ»։
Շատերին են հայտնի սուրբ Սերաֆիմ Սարովսկու խոսքերը. «Ձեռք բեր խաղաղ ոգի, և հազարները քո շուրջը կփրկվեն»։ Իմ ծանոթներից մեկը, այն ժամանակ դեռ շատ երիտասարդ, խաղաղ ոգի ուներ, և նրա աղոթքն էլ խաղաղ էր, այսինքն` խոնարհ։ Հայր Նիկոլայ Գոլուբցովը սիրում էր կրկնել. «Мир и смирение - слова одного корня» (հայերեն` «Խաղաղությունն ու խոնարհությունը նույն արմատն ունեն»)։

Աղոթող սուրբ հայրերն այսպես էլ էին ասում. «Սերն աղոթքից բարձր է»։ Դա ասում էին հենց նրանք, ովքեր պնդում էին, որ աղոթքի աղբյուրը սերն է։ Մի անգամ մենակ էի հեռավոր գյուղում։ Պատրաստվում էի աղոթել, հանկարծ դուռը ծեծեցին։ Ճամփորդ էր, օթևան էր խնդրում։ Չափազանց շփոթված, մինչև իսկ զայրացած, որ խանգարվեց աղոթքս, նրան ուղարկեցի հարևանների մոտ։ Եվ, իհարկե, նրա հետ հեռացավ իմ չկայացած աղոթքը։
Կան մեղքեր, որոնց համար երբեք չես կարող ինքդ քեզ ներել։ Հարկավոր է տարբերել աղոթքն այն հատուկ ու զզվելի աղոթքի պագշոտությունից, երբ չկա սեր, և քեզ միայն երևակայում ես «աղոթքի բարձրության» վրա կանգնած։

Համաժողովը քրիստոնյաների միասնությունն է Քրիստոսի սուրբ Մարմնում։ «Որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են հանուն Իմ անվան, այնտեղ եմ Ես»։
Համաժողովը սիրո աստվածային միությունն է, այսինքն` Եկեղեցի։ Եկեղեցին հենց համաժողովն է, Քրիստոսի աշակերտների հավաքը «Նրա մարմնի տաճարում»։ Ներս չթողնելով ճամփորդին, հրաժարվելով նրա հետ «սիրո հաց» կիսելուց, ես հրաժարվեցի համաժողովից և Նրա հետ, և ամբողջ Եկեղեցու հետ։ Այդ գիշեր, կարդալով բոլոր սահմանված աղոթքները, ես միանգամայն ակնհայտ Եկեղեցուց դուրս էի։

«Աղոթքը ծնվում է սիրուց»։ Մի՞թե դա նույնը չէ, թե ասես. «Աղոթքը ծնվում է արտասուքից»։ Ես դա հասկացա, երբ լսեցի ժամանակակից մի աղջկա խոսքերը։ Տաճարում նրան ինչ-որ մեկը հարցրեց. «Ինչպե՞ս սովորել աղոթել»։ Նա վախեցավ հարցի դժվարությունից, բայց պատասխանեց անմիջապես. «Գնա լաց եղի՛ր` և կսովորես»։ Այդ աղջիկը լրացրեց հնագույն «Վարք հարանցը»։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ