Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՄՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՀՈՒՆ»

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՄՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՀՈՒՆ»
22.04.2011 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Նախօրեին Սերժ Սարգսյանի խորհրդակցությունն իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ ու մարտի 1-ի իրադարձություններին առնչվող դիտարկումները քաղաքական օրակարգում բուռն քննարկումների դուռ են բացել։ «Մարտի 1-ի գծով խորհրդարանական հանձնաժողովը կատարել է իր աշխատանքը, բայց եթե մնացել են բաց հարցեր, իրավական գնահատականներ, հետաքննչական խնդիրներ, թող նոր հանձնաժողով ստեղծվի։ Սակայն եթե դրա ստեղծումը պիտի քաղաքական նպատակ հետապնդի, անիմաստ է»,- երեկ «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող անկախ հանձնաժողովի ստեղծման ՀԱԿ-ի պահանջին, հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ` միաժամանակ շեշտելով. «Չեմ կարծում, որ իշխանության պատվերը եղել է գործը կոծկելը, որովհետև հարցեր են մնացել, որոնց պատասխանը իշխանությունը ցանկանում է ստանալ։ Թեև, իհարկե, և՛ իշխանությունում, և՛ ընդդիմությունում կլինեն մարդիկ, որ կցանկանան գործը կարճվի»։
Ակումբի հյուրը բարոյական չհամարեց մարտի 1-ի հարցում միայն իշխանություններին մեղադրելը։ «Մարտի 1-ի իրադարձությունները կատարվել են այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նախագահ չէր, և ակնհայտ է, որ ուժային կառույցների գործողությունները հրահանգողն ու որոշում կայացնողը նա չի եղել։ Եթե չլիներ առաջին նախագահի կազմակերպած հանրահավաքը, չէր լինի նաև մարտի 1-ը, այս առումով Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի շատ է առնչվում տեղի ունեցածին, քան Սերժ Սարգսյանը։ Մյուս կողմից էլ` երկրորդ նախագահի օրոք են տեղի ունեցել մարտի 1-ի դեպքերը, և, բնականաբար, դրանք չեն կարող չվերաբերել երկրորդ նախագահին։ Սերժ Սարգսյանը, իրոք, մեղավոր չէ այնքանով, որքանով մեղավոր չէ մեզնից յուրաքանչյուրը... Ոչ մեկս էլ անմեղ չէ, որովհետև հասարակության մեջ ձևավորվել է անհանդուրժողականության մթնոլորտ, ու միայն այսպիսի հասարակությունում կարող էր մարտի 1 լինել»։ Այդուհանդերձ, Մանվել Բադեյանն արձանագրեց, որ այսօր քաղաքական պայքարը քաղաքակիրթ հուն է մտել, ընդդիմությունն ավելի խոհեմ է դարձել, իսկ իշխանությունն ավելի ճիշտ ձևով է փորձում համախմբել ժողովրդին, ինչն ամենակարևորն է։
Անդրադառնալով մամուլի դեմ սկսված արշավին ու զրպարտության մասին օրենքին, Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահն ընդգծեց. «Զրպարտողը պետք է պատժվի, անկախ նրանից` լրագրո՞ղ է, թե՞ այլ մասնագիտության տեր։ Այս օրենքի ընդունման կարիքն էլ չէր լինի, եթե լրագրողական համքարության մեջ դատապարտելի լիներ զրպարտանքը։ Սակայն այդպես չէ, ու օրենսդիրը ստիպված ձեռքը գցեց օրենքի տառին։ Եթե մեկին, ով իրեն լրագրող է համարում, թույլ է տրվում ինչ ասես տարածել, իսկ նրան, ում զրպարտել է, թույլ չի տրվում նույնիսկ մի հատ «չափալախ» տալ (և ճիշտ է, որ թույլ չի տրվում), պարզ չէ՞, որ օրենք պիտի ընդունվի։ Ո՞նց է, որ գողին կարելի է պատժել, իսկ զրպարտողին` ոչ։ Երբեմն մարդկանց անվան հետ այնպես են խաղում, որ, իրոք, խիստ պատիժներ են պետք»։ Լրագրողները պատգամավորին հիշեցրին վերջին հրապարակումները նրա մասին, թե պատգամավորը խորհրդարանում հարբած է եղել։ Այս առնչությամբ բանախոսը նշեց. «Նրանց դատի չեմ տալու, սակայն, ի գիտություն բոլորիդ, պիտի ասեմ, որ ութ տարի է` չեմ խմում։ Դուք ձեզ իրավունք եք վերապահում իմ պահվածքը մեկնաբանելու, մտացածին բաներ գրելու։ Այն, որ ես մոտեցել եմ վարչապետին, ասեմ, որ ԱԺ-կառավարություն յուրաքանչյուր հարցուպատասխանի ժամանակ ես մոտենում եմ վարչապետին, ու դրանից ենթադրել, որ ես հարբած եմ կամ ԱԺ-ի ամենամոտ դուռն եմ փորձում բացել, որը երբեմն փակ է լինում։ Կամ էլ` ԱԺ նախագահն օրը 4-5 պատգամավորի նկատողություն է անում, այդ օրն էլ ինձ է դիտողություն արել, որովհետև ինչ-որ մեկի հետ խոսում էի։ Սա ձեր որոշ գործընկերների կազմակերպածն էր, որը նրանց հիմք է տալիս հերյուրանքներ տարածելու»։
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումները ևս ասուլիսում չշրջանցվեցին։ ԲիԲիՍի-ի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի շեշտադրումների առնչությամբ ՀՀԿ-ական պատգամավորը փաստեց, որ Տեր-Պետրոսյանը ֆիքսել է նախկինում ունեցած մոտեցումները, և 1998-ին նրա հեռացումն իշխանությունից հենց պարտվողական դիրքորոշման հետևանք էր։ Իսկ բանակցությունների այսօրվա վիճակը Մանվել Բադեյանին թույլ է տալիս արձանագրել որոշ հաջողություններ, որոնցից ամենաէականը հանրաքվեի անցկացման հստակեցումն է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ