ԵՐԲ ԱԶԳՆ ԻՆՔՆ Է ՏԵՐՆ ԻՐ ՏԱՐԱԾՔ-ՍԱՀՄԱՆԻ, ԱՌԱՆՑ ՆՍԵՄԱՑՎԱԾ ԵՎ ՍՏՈՐԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ, ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՎ ԱԶԳԻՆ
Ազգը մարդկային հանրության մի տեսակ է, որն ունի միասնական տարածք` հայրենիք, ունի լեզվական ու մշակութային ընդհանրություն, հոգեկերտվածքի և մտածողության առանձնահատկություն, ծեսերի, սովորույթների, առասպելաբանության, խորհրդանիշերի, լեզվամտածողության և բանահյուսական ինքնահաստատման, նաև աշխարհընկալման համազգային նույնականացման դրսևորում:
Երբ որևէ ցեղ, ազգ վերը նշված տարբերակիչ առանձնահատկություններով ինքն իրեն զանազանում է ուրիշ ազգերից, նա իր առջև խնդիր է դնում մեկուսանալու մյուսներից, պաշտպանելու և պահպանելու իր տեսակը: Մեկուսանալու այդ ձևն արտահայտվել է պետություն ստեղծելու ձգտումով և իրականացումով: Եվ որքան խոր է ազգի ինքնաճանաչման գիտակցությունը, այնքան անխախտ և անդառնալի են նրա` իր տեսակը որոշակի սահմաններում պահպանելու և պաշտպանելու նկրտումները. այդ սահմանները տարածքային, լեզվական, հոգեկերտվածքային, մշակութային տիրույթներ են:
Երբ ազգը որոշակի տարածքային սահմաններում կորցնում է իր ազգային առանձնահատկությունները պահպանելու հնարավորությունները, այսինքն` կորցնում է իր անվտանգությունն ապահովող տարածքային սահմանները, ապա աստիճանաբար կորցնում է նաև մյուս առանձնահատկությունները, և այդ ժամանակ վրա է հասնում ընդհուպ մինչև իր տեսակի ոչնչացման վտանգը կամ բուն ոչնչացումը:
Պատմությունն այդպիսի օրինակներ շատ ունի: Կան ազգեր, որոնք թեև պատմության վայրիվերումների ընթացքում կորցրել են իրենց տարածքային սահմանները` հայրենիքը, բայց կարողացել են պահպանել և պաշտպանել իրենց ազգը բնորոշող առանձնահատկությունները: Սակայն հազարամյակների և դարերի ընթացքում, ապրելով այլ ազգերի տարածքային, լեզվական և մշակութային դաշտի ազդեցության տակ, այդ ազգերն աստիճանաբար կարող են կորցնել իրենց ազգայինը պահելու և պաշտպանելու անհրաժեշտության գիտակցումը և գոյատևել որպես ոչնչացման կամ ձուլման վտանգի առաջ կանգնած ազգային փոքրամասնություն: Մեզ` հայերիս, նույնպես սպառնացել է և այսօր էլ կարող է սպառնալ այդ վտանգը (Վրաստանում, Լեհաստանում և Ռուսաստանում այդ սպառնալիքը մասամբ իրականացել է, իսկ Թուրքիայում` գրեթե լիովին):
Ազգային տեսակի առանձնահատկությունները պահպանելու յուրատեսակ անհրաժեշտություն է առաջանում նաև սեփական հայրենիքում, երբ նա պատմական և քաղաքական հակասական իրադարձությունների պատճառով հարկադրված ապրում է ուրիշ ազգի ստեղծած զավթողական պետության մեջ, նրա հոգեկերտվածքի և մշակութային դաշտի ներգործության տակ: Դա կատարվում է պատմական այնպիսի հանգամանքներում, երբ մի ազգի պատմական հայրենիքի սահմաններում մի ուրիշ ազգ ստեղծում է իր «պետությունը», որն աստիճանաբար դառնում է նրա «հայրենիքը»: Եվ այդ ժամանակ բնիկ ազգն աստիճանաբար կորցնում է մեկուսանալու, իր ազգային առանձնահատկությունները սեփական տարածք-սահմաններում պարփակելու և դրսևորելու հնարավորությունները, վերջապես, նաև ձգտումը: Եվ որքան երկար է տևում այդ կարգավիճակը, այնքան խորանում է ազգի` իր տարածք-սահմաններից օտարանալու հոգեվիճակը: Այդ ժամանակ ազգի համար առավել հրատապ է դառնում սոսկ իր ֆիզիկական գոյատևումը:
Եվ ազգը կորցնում է սեփական հայրենիքի հանդեպ ունեցած տիրոջը հատուկ մղումները: Երբ տերն ուրիշ է, մնում է հաշտվել ծառայի կարգավիճակի հետ: Իսկ երբ ազգն ինքն է տերն իր տարածք-սահմանի` հայրենիքի, ինքն էլ, առանց նսեմացված և ստորացված լինելու, ծառայում է իր հայրենիքին և ազգին։ Մենք` հայերս, վերջին հազար տարիների ընթացքում, ապրելով մեր հայրենիքում, պարբերաբար հայտնվել ենք ուրիշի պետության մեջ` ծառայի կարգավիճակում:
ԵՐԲ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ, ՉԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԻՐ ՍՏԵՂԾԱԾ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՆՁԵՐԸ, ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՅԴ ՇՆՈՐՀԸ ՏՎՈՂ ԱՐԱՐՉԻՑ
Մտովի հետ գնանք պատմության քառուղիներով: Արաբական խալիֆաթի երկդարյա դժնդակ ժամանակաշրջանում նպատակաուղղված ոչնչացվում էին հայ նախարարական տները, իսկ նրանք, որ դեռևս շարունակում էին գոյատևել, զրկված էին քաղաքական, ռազմական, իրավական ազատությունից և իրավունքներից: Տնտեսական իրավունքները մասամբ պահպանվում էին, քանի որ դրանք անհրաժեշտ էին հարկատվության գործընթացը չխափանելու համար:
Նույն վիճակում էին նաև ռամիկն ու շինականը, արվեստագետն ու արհեստավորը, ճարտարապետն ու շինարար վարպետը, գիտնականն ու քաղաքական և իրավական մտքի կրողները: Նրանք բոլորն իրենց մտավոր և հոգևոր կարողությունները և եռանդ-ուժը չնչին վարձատրությամբ, հաճախ նույնիսկ ստրկական հարկադրանքով, տալիս էին իշխող պետությանը:
11-րդ դարում Հայկական լեռնաշխարհում անկառավարելի հեղեղի նման հայտնվեցին թաթար-մոնղոլները: Մեկ դարով վերականգնված հայկական Բագրատունյաց և Արծրունիների թագավորությունները կործանվեցին։
Վերը նշված նպատակաուղղված ոչնչացման շրջափուլը կրկնվեց, այս անգամ առավել վայրագությամբ և դաժանությամբ։
12-13-րդ դարերում Հայաստան ներխուժեցին թուրք-սելջուկները: Մեր հայրենիքի տերը դարձան բարբարոս վաչկատունները, և հայ ժողովրդի` սեփական հայրենիքում ծառայի կարգավիճակը դարեր տևեց: Իսկ ծառայի, սպասավորի իրավունքները տիրոջ ձեռքում են:
Երբ իրավունքներից զրկվում է մեկ անձ, դա խոսում է նրա քաղաքացիական և իրավական կարգավիճակի մասին, իսկ եթե ամբողջ ազգն է զրկվում քաղաքական, բարոյական, տնտեսական և ինքնապաշտպանական (ռազմական) իրավունքներից, ապա խնդիրն իրավական դաշտին զուգահեռ` փոխադրվում է նաև քաղաքական, պատմական, մշակութային և հոգեբանական հարթություն:
Պետականությունը կորցրած ազգը նախ աստիճանաբար կորցնում է քաղաքական աշխարհընկալումը: Նա ինքն իրեն մտովի դուրս է հանում աշխարհի քաղաքական անցուդարձից. աշխարհի բաժանումն ու վերաբաժանումն անհասանելի են դառնում նրան իր ռազմա-դիվանագիտական թուլության պատճառով. նա միայն մի մտահոգություն ունի` խաղաղ գոյատևել և քիչ տուժել հզորների բախումից։
Մինչդեռ կան եռանդուն քաղաքական կյանքով ապրող ազգեր, որոնց չի բավարարում գոյատևելը, այն էլ` կենցաղային մշակույթի տիրույթներում:
Ազգերի եռանդուն քաղաքական գործունեության արդյունքը պետության ստեղծումն ու դրա հզորացումն է: Երբ ազգը ստեղծում է իր պետությունը և ապահովում է դրա անվտանգությունը ռազմա-դիվանագիտական ուժով, այդ ժամանակ այդ ուժը հզորացնելու համար նա այլ ազգերի տարածքների հաշվին ընդարձակում է իր պետության սահմանները և յուրացնում է նրանց տնտեսական և մշակութային արժեքներն ու մարդկային ներուժը:
Կարծես կարիք էլ չկա այլևս ապացուցելու, որ բոլոր ժամանակների պատերազմական գրված և չգրված օրենքներով պետությունը հզոր է համարվում ոչ միայն սեփական երկրի սահմաններն անձեռնմխելի պահելու կարողությամբ, այլև ուրիշ երկրների տարածքները զավթելով: Հիշենք Հին աշխարհի, միջնադարի և նորագույն ժամանակների հզոր տերությունների, կայսրությունների և գերտերությունների պատմությունը:
Հայոց պատմության մեջ համաշխարհային այս չգրված օրենքը բանիմացորեն կիրառեց Տիգրան Մեծ արքայից արքան և ծովից ծով կայսրություն ստեղծեց: Նա մեր արքաներից թերևս միակն էր, որ «այս աշխարհի հզորների» հետ կռվեց, հաղթեց և հավասարի իրավունքով սեղան նստեց նրանց հետ: Եվ դա իրականություն դարձրեց հայոց աշխարհի տիրակալ արքայից արքան` իր խորամիտ լինելու շնորհիվ. նա ըստ արժանվույն գնահատեց իր ժողովրդի ներուժը, հասկացավ, որ եթե հայն իր երկրում իր համար է աշխատում, իր հողի համար է կռվում, և իր միտքն ու ոգին իր համար են արարում, ապա նա միշտ հաղթում է և անպարտելի է դառնում, երկիրն ու ժողովուրդը դառնում են հզոր ու բարգավաճ: Նա հասկացել և համապարփակ էր գնահատել Մեծ Հայքի աշխարհագրական դիրքը, որը, ըստ էության, քաղաքական հզոր գործոն է եղել:
Խաչմերուկ է Հայկական լեռնաշխարհը, առանցքն է աշխարհի, և այս դիրքը մեզ ի վերուստ տրվել է որպես շնորհ, որպեսզի մենք մեր արարող, ստեղծող ոգով խաղաղությամբ ուղղորդենք աշխարհը: Հիրավի. ով տիրել է այդ խաչմերուկին, դարձել է աշխարհի տիրակալ: Եվ պատմությունը բազմիցս է ապացուցել դրա ճշմարտացիությունը: Այո՛, Աստված հայերիս հանդեպ շռայլ է եղել և տվել է աշխատասիրություն, ստեղծելու, արարելու ոգի և բարի կամք, ներողամտություն և անհիշաչարություն թշնամու հանդեպ, աշխարհագրական մի տարածք, որը լավագույնս ծառայել է մեզ և՛ բարեկեցիկ ապրելու, և՛ բնական ու մարդկային աղետներից պաշտպանվելու:
Թերևս մի շատ կարևոր բան չի տվել մեզ Արարիչը (գուցե և տվել է, բայց մեզնից խորամանկորեն խլել են կամ ջնջել մեր հավաքական հիշողությունից): Մենք չունենք մեզ տրված շնորհներն արժևորելու, գնահատելու, պահպանելու և եղածով գոհանալու կարողություն: Հենց դրա կորուստն էլ հայերիս համար ճակատագրական եղավ:
Դարերի հոլովույթում մենք ժամանակ առ ժամանակ սթափվել ենք և փորձել ենք ի մի բերել մեր հոգևոր, մտավոր, բարոյական և ռազմական ուժերը: Եվ երբ հասել ենք միաբանության ու միակամության, արժևորել ենք մեր ստեղծածը, այդ ժամանակ վերականգնել ենք պետականությունը, հզորացրել ենք այն և տարածաշրջանում եղել ենք քաղաքական ու ռազմական գործոն: Մշակութային գործոն հայերը միշտ էլ եղել են, պարզապես այն առավելապես աննկատ է մնացել և չի հիշատակվել այն ազգերի կողմից, որոնք անհատույց օգտվել են հայ ժողովրդի մշակութային գանձարանից ու բոլոր պայմաններում` և՛ պետականություն ունեցած, և՛ պետականությունը կորցրած ժամանակներում, առավել ևս տարագրության մեջ բարեհաճորեն և անշահախնդրորեն նվիրելու նրա ունակությունից և կամքից: Իհարկե, նա, ով տալիս է, հարուստ է, քանի որ մարդն իր ունեցածից է տալիս: Եվ մենք տվել ենք օտարներին մեր ստեղծագործ մտքի լույսից, երբ աշխատանքի նոր ասպարեզ ենք փնտրել մեր երկրից դուրս` ի գին հանգիստ ապրելու և ստեղծագործելու նրանց խաղաղ հայրենիքում:
Համեմատենք մեր և մեր պատմական հարևանների` պետականություն ունեցող ազգերի` վրացիների, հույների և պարսիկների պատմա-քաղաքական և ռազմա-մշակութային մտածողությունը: Մենք ստեղծել ենք օտարների համար, և մեր մտքի աշխատանքի արգասիքը հարստացրել է մեր հայրենիքում իշխող զավթիչներին, իսկ երկրից դուրս` այլազգիներին` նրանց հայրենիք-պետության մեջ: Ե՛վ մեր հայրենիքում, և՛ օտար երկրներում մեզնից տարել են, բայց ոչինչ չեն տվել… երբե՛ք: Մինչդեռ հույները, օրինակ, իրենց հզորության ճանապարհին օգտագործել են ոչ միայն ստրկական ուժը, այլև հարևան երկրներից, հատկապես Հայաստանից կանչված կամ քաղաքական ծանր պայմաններից տարագրության դրդված հայերի մտավոր, բարոյական, գեղարվեստական և ռազմական ուժն ու կարողությունը` Հին Հունաստանը, Հռոմը, հետագայում նաև Բյուզանդիան հզորացնելու:
Նույնը կարելի է ասել Պարսկաստանի մասին: Իսկ մեր հարևան Վրաստանը, որ առանձնապես աչքի չի ընկնում իր ռազմական հզորությամբ, դարերով յուրացրել է հայ մտքի, աշխատող ձեռքերի և կռվող բազկի ուժը, դարերով հայերն ապրել են պետականությունը պահպանած վրացիների խաղաղ երկրում:
Եվ զարմանալիորեն այնքան հզոր ու բազմաբովանդակ է եղել հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժը, որ քաղաքական, տնտեսական և բարոյա-հոգեբանական ամենադաժան պայմաններում անգամ շարունակել է ստեղծագործել և, շատ հաճախ, ուրիշների համար:
Այսպես, Աստծո շնորհը այլ ազգերին անմնացորդ բաշխելով, աստիճանաբար արժեզրկվել են մեր իսկ աչքում մեր ստեղծածի կարևորությունն ու գինը:
Երբ ազգը չի կարևորում, չի արժևորում իր ստեղծած հոգևոր և մշակութային գանձերը, նախ պատժվում է այդ շնորհը տվող Արարչից, ապա դրանից օգտվող երախտամոռ հարևանների կամ այլ ազգերի կողմից: Եվ ակամայից մտածում ես, որ եթե այդ շնորհները մեկտեղվեին և ի գործ դրվեին միայն մեր հայրենիքում, մտածե՞լ ենք, թե ի՛նչ կունենայինք մենք այսօր: Ո՛չ, չենք մտածել, ավելի ճիշտ, մեր մշակութային գանձարանից օգտվող ազգերը մեզ թույլ չեն տալիս, որ մենք ժամանակ ունենանք մտածելու այդ մասին… իսկ գուցե Արարիչը ստեղծելու, արարելու շնորհը տվել է մեզ, որ մենք մեր անազատ դարերի հոլովույթում օտարության մեջ շատ թե քիչ արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ունենանք, ո՞վ գիտե։
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
Դարերով տրտնջացել ենք, իսկ որոշ քաղաքական այրեր փորձել են համոզել ու ներշնչել մեզ, թե Հայաստանի աշխարհագրական դիրքը չափազանց անբարենպաստ է, թե այն հաճախ հզոր տերությունների համար պատերազմների թատերաբեմ և կռվախնձոր է եղել: Ահա այս վերջին բնութագրումն է, որ աչքաթող ենք արել մենք` կռվախնձոր է եղել Հայաստանը…
Երբևէ փորձե՞լ ենք հասկանալ, թե գերտերությունները բոլոր ժամանակներում ինչո՞ւ են ձգտել, այսօր էլ ձգտում են տիրանալ մեր երկրին, ավելի ճիշտ, Մեծ Հայքի աշխարհագրական տարածքին: Հին աշխարհի այս շրջանի քարտեզին նայողի առջև բացվում է առասպելական մի գաղտնիք (թեև այսօր կարծես որոշ քաղաքական գործիչներ հասկացել են դա), որ Անդրկովկասի կամ Հարավային Կովկասի (հիմա` Հայկական լեռնաշխարհի այս փոքրիկ հատվածը) աշխարհագրական, հետևաբար նաև, աշխարհաքաղաքական կարևոր առանցքի վրա է` հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք խաչմերուկում: Ով որ տիրի այդ առանցքին, նա կտիրի աշխարհին:
Պատմությունից հայտնի են բազում փաստեր, որ դեռևս նախապատմական շրջանից Բաբելոնը, Ասորեստանը և հնագույն այլ տերություններ Հայկական լեռնաշխարհին տիրելու նկրտումներ են ունեցել: Մեզ առավել մոտ պատմական ժամանակներում Հին Հռոմը, Պոնտոսը, Մարաստանը, Պարսկաստանը և այլ երկրներ բազմիցս ոտնձգություններ են արել Հայկական լեռնաշխարհին տիրելու: Եվ 387-ին կատարվում է Հայաստանի` մեզ հայտնի առաջին բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև: Եվ Հռոմը, տիրելով Մեծ Հայքի արևմտյան տարածքներին, Հայաստանի իր բաժին հատվածը դարձնում է թռիչքահարթակ, ընդարձակում է իր տիրույթները և ստեղծում Արևելյան Հռոմեական կայսրությունը` Բյուզանդիան:
Յոթերորդ դարում արշավում են արաբները, և երբ նրանք գրավում են Հայաստանը, նրանց առջև բացվում են Եվրոպայի դռները` արաբները հասնում են մինչև Իսպանիա: Արաբական խալիֆայությունը երկու դար իշխում է հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք:
11-րդ դարում քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկում հայտնվում են թուրք-սելջուկները և, տիրելով ողջ Հայկական լեռնաշխարհին, հետո նաև` Բյուզանդիային, ստեղծում են տարածաշրջանում ամենահզոր կայսրությունը` Եգիպտոսից մինչև Եվրոպա:
Մեր հարևան պարսիկներին հանգիստ չէր տալիս արիական` պարտություն չհանդուրժող ոգին. հակամարտությունը թուրքերի հետ հանգեցնում է Հայաստանի նոր բաժանման Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև:
Պատմական ասպարեզ իջած երիտասարդ Ռուսական պետությունը «մրսում էր» հյուսիսային իր տիրույթներում և երիտասարդական ավյունով ձգտում էր ինքնահաստատման: Ռուսները, ամենայն հավանականությամբ, հայ վաճառականներից իմացել էին հարավի տաք ծովերի և հարավի տաք երկրների և, մանավանդ, առասպելական հարուստ Հնդկաստանի մասին. իսկ այդ ճանապարհը ցամաքով անցնում էր Հայաստանով:
Ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները կրկին վերաբաժանում են Հայաստանը:
Այսօր էլ Հայաստանը թեև ռազմավարական կարևորություն ունեցող իր տարածքների շուրջ տասը տոկոսն է պահպանել, սակայն նրա աշխարհաքաղաքական կարևոր գործոն լինելու համար այդքանն էլ օտար գերտերությունները բավարար են համարում:
Պատմության թյուրըմբռնումը և պատմության դասերը չյուրացնելը ազգին պարբերաբար գցում են պատմության անողոք անիվի տակ. պատմությունը սիրում է իր տիրոջը և պատժում է նրան, ով չի գուրգուրում իրեն և թողնում է օտարների «հոգածությանը»: Իսկ հոր «տերերը», զավակ չունեցող ամուլ մարդկանց նման, գուրգուրում են իրենց «հոգեզավակին»` հավատացնելով ուրիշներին և անգամ իսկական ծնողներին, թե այն իրենց հարազատ զավակն է:
(շարունակելի)
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ