Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԴԻՎԵՐՍԻՈՆ ԳՐՈՀՆԵՐ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ

ԴԻՎԵՐՍԻՈՆ ԳՐՈՀՆԵՐ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ
25.03.2011 | 00:00

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ ժողովրդի դեմ ուղղված քաղաքական, հոգեբանական դիվերսիոն գրոհները հայ-թուրքական հարաբերությունների հոլովույթում է՛լ ավելի են հաճախանալու: Հնարավոր բոլոր առիթներն ու հարթակները թուրքերն օգտագործելու են արևմտահայոց կոտորածի ժխտողականության և պատմության կեղծարարության իրենց թեզն աշխարհին ներկայացնելու համար: Ընտրելով «ինքնաարդարացման» տեղեկատվական պատերազմի ճանապարհը, անկախ արդյունքից, նրանք գրոհելու են… և այնքան ժամանակ, քանի դեռ անպատիժ են մնում:
Այն պահին, երբ աշխարհն ուշի ուշով հետևում է արաբական երկրներում հեղափոխության ալիքի ծավալմանը, շատ երկրների ղեկավարներ շտապում են վերանայել իրենց նախընտրական խոստումները, բարեփոխումների ծրագրերն ու հետագա անելիքները: Մինչ գարնան զարթոնքի հետ Հայաստանում «հեղափոխական» ալիքի շունչը «կբացվի», որպես ներքաղաքական զգուշավորություն, վաղօրոք ստորագրվեց կոալիցիոն հուշագիր: Այդուհանդերձ, աշխարհում ծագած հեղափոխությունները և հայաստանյան ներքաղաքական զարգացումները չքողարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի օրակարգային լինելու հանգամանքը: Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման շուրջ քաղաքագետների տարաբնույթ կարծիք-վերլուծությունների, ազերիների կողմից պատերազմի վերսկսման սպառնալիքի պակաս այս անգամ ևս չզգացվեց: Չնայած ԵԱՀԿ դիտորդներն ու հանձնակատարները Հարավային Կովկասը դարձրել են իրենց «երկրորդ» հայրենիքը, տարածաշրջանը շարունակում է մնալ «նիրհած» հակամարտությունների խառնարան` ցանկացած պահի ժայթքելու պատրաստ:
Մինչ մեր հասարակությունը հետևում է միջազգային ու ներքաղաքական զարգացումներին, Հայաստանում և նրա սահմաններից դուրս տեղի են ունենում թուրք-ադրբեջանական, արևմտաեվրոպական քաղաքական և հոգեբանական դիվերսիոն հարձակումներ` ուղղված հայ ժողովրդի դեմ: Միջերկրական ծովի ավազանում նոր դիրքեր ամրագրող Արևմուտքն ու Եվրոպան չեն հրաժարվում իրենց ոչ վաղ անցյալի ծրագրից. պարբերաբար հանդես են գալիս Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վավերացնելու կոչերով: Իսկ թուրք-ադրբեջանական դիվերսիոն գրոհներն այլևս վաղուց անակնկալ չեն: Դրանց պետք է, պարզապես, ժամանակին արձագանքել և հակազդել:
Ժամանակն օգնում է առերեսվել ճշմարտությանը, ինչից խուսափում են գերտերությունները. այն հակասում է իրենց շահերին: Թուրքիայի մեկդարյա մեղսակցության անպատժելիությունը «քողարկվում է» գերտերությունների ինքնախաբեության շղարշի ներքո: Թուրքերի շրջանում առկա հակահայ հիստերիան բացահայտ արտացոլվում է պետական բարձրաստիճան մարմինների, քաղաքական գործիչների շրջանում, ովքեր հրապարակայնորեն միմյանց վիրավորում են` «հայ» անվանում կամ «հայկական ծագում» վկայակոչում:
Հակահայ քարոզչության մեքենան աշխատում է անդադրում, առավել ակտիվանում է ապրիլի 24-ի նախաշեմին: Հերթական ստոր քայլերից մեկը շաբաթներ առաջ Նյու Յորքում թուրք-ամերիկյան համատեղ նախագծով «Սիրել» պիեսի բեմադրումն էր` ըստ Նեհիր Ռոգենդորֆ Էյուբօղլու «Հերոսի տխուր սերը» վեպի, որը ներկայացնում էր 1920-ականներին Ստամբուլին հարող կղզիներից մեկում ապրող հայ գեղեցկուհու և Աթաթուրքի «սիրային» պատմությունը: Անարգելով սիրո գեղեցիկ զգացումը` լկտիաբար «դարի ոճրագործին» դարձնում են «ռոմանտիկ սիրահար», հայուհուն` «սիրո էակ»: Եվ դա` 1920 թվականին, երբ Հայոց ցեղասպանությունը դեռ չէր ավարտվել: Ինչպե՞ս կարող էր հայուհին` Հերմինեն, երազել բոլոր ժամանակների մեծագույն դահճի սերը, որը ոչ միայն իր հարազատներին ու բարեկամներին, այլև հարազատ ժողովրդի մտավոր ու գալիք սերնդի սերուցքը գազանաբար խոշտանգեց: Թուրքիան հնարավոր բոլոր լծակներն օգտագործում է, այդ թվում` մշակութային, Արևմուտքին ու Եվրոպային, առհասարակ, ողջ աշխարհին հիմարացնելու իր թեզը պաշտպանելու համար: Անբարո զազրանք` հայ նահատակների հիշատակի ոգեկոչման տարելիցի նախաշեմին, անհեթեթ բարբաջանք, թե դեռևս 1920 թվականին «թուրքերի ու հայերի սերը փոխադարձ է եղել»: Այնինչ ատելության ու վրեժի ցա սումն է, որ մեկ դար է` հանգիստ չի տալիս արևմտահայոց ցեղասպանությունից մազապուրծ հայության ժառանգներին։
Աշխարհասփյուռ հայությանն ուղղված քաղաքական և հոգեբանական դիվերսիան օրերս իր տրամաբանական շարունակությունն ունեցավ Հայաստանում. փետրվարի 20-26-ին Հայաստանի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և «Federation of European Biochemistry Societies» (FEBS) աջակցությամբ Երևանում կազմակերպված «Ժամանակակից գենետիկա. գենոմենի առկայություն և դրա պատասխանները» թեմայով դասախոսությունների ժամանակ, որի շրջանակներում Հայաստան էին ժամանել մի խումբ գիտնականներ: Նրանց գալն ու գնալը, ծավալած գործունեությունը մեր ուշադրությունից կվրիպեին, եթե սույն թվականի փետրվարի 22-ին http://hetq.am/am/society/dnt/ էլեկտրոնային կայքում տեղ չգտներ ԱՄՆ-ի Բոյզելի պետական համալսարանի մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի վարիչ Գրեգ Համփիկյանի հետ Ինգա Մարտինյանի հարցազրույցը` «Հայերի և թուրքերի ԴՆԹ-ն նո՞ւյնն է» վերտառությամբ:
Կենսաբանական փորձաքննության կարիք չկա, անշուշտ, Գրեգ Համփիկյանի քրոմոսոմների հայկական ծագումը պարզելու համար. ամեն ինչ պարզ է. ինքնաարտահայտման հնարավորությունն օգտագործելով, նա անզգուշորեն ցույց տվեց իր քողազերծված դեմքը: «Գիտնականի» անզուսպ արտահայտությունները վրիպեցին ոչ միայն ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցների, այլև շատերի ուշադրությունից: Մինչդեռ նա պետք է բացատրություն տար իր խոսքերի համար։ Հարցազրույցի ընթացքում, զգալով սխալը, Համփիկյանը փորձել է ուղղել, նախ` բարեկիրթ երևալու համար հաճոյախոսել է հայուհիներին. «Անչափ տպավորված էի հայ կանանց սև մուգ մազերով և աչքերով», և չնայած իր` մասնագիտությամբ լրագրող կնոջ հետ է եկել, բայց նրան էլ խոստովանել է, որ այստեղ կանայք շատ գեղեցիկ են, ապա, սրտացավ հայրենասերի ու հավատացյալ հայի կերպար ստեղծելու համար, հայտարարել, թե «Հայոց ցեղասպանության թանգարան ու Սուրբ Սարգիս եկեղեցի է գնացել»: Նա «Հայաստանում ամեն ինչ հավանել է, բացի փակ սահմանից…». այս «երգն» արևմտաեվրոպական նոտաներ ունի, և Համփիկյանն ամենևին էլ Արարատ լեռան լանջին փարվելու կամ մի բուռ հող տուն տանելու փափագով չի տառապում: Ասելիքը հիմնավորելու համար վկայակոչում է ԱՄՆ-ի և Ճապոնիայի օրինակը. «…այս երկրները մոռացել են Հիրոսիման ու Նագասակին և համատեղ տնտեսական ծրագրեր են իրականացնում»:
Որքանո՞վ է համոզված և վստահ, որ ճապոնացիները մոռացել են ատոմային ողբերգությունը, որի կործանարար հետևանքները մինչ օրս զգում են։ Ո՞րն է բուն ասելիքը Արևմուտքի «գիտության բարեխոս գործակալի», եթե ոչ` 1915-ին Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը մոռանալու առաջարկ, ոճրագործին ներելու և Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վավերացնելու հերթական էժանագին կոչ: Եվ այս ամենն ապրիլի 24-ի նախաշեմին, երբ աշխարհասփյուռ հայությունը պատրաստվում է Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման 96-րդ տարելիցին: Համփիկյանին ու նրա նմաններին հիասթափեցնեմ` հայ ժողովուրդը չի՛ տառապում ամնեզիայով (հիշողության կորստով) և չի՛ պատրաստվում ներել ոճրագործին, որը չի ապաշխարում իր կատարած ոճիրների համար և դեռ անպատիժ է մնացել:
Խոսքի ազատության իրավունքի ամրագրումն ամենևին չի նշանակում, որ Գրեգ Համփիկյանը կարող է իրավունք վերապահել իր «գիտական ցնդաբանությունը» բարձրաձայնելու ի լուր աշխարհի. «ՈՒսումնասիրելով ԴՆԹ-ն` հանգել է այն եզրակացության, որ թուրքերի և հայերի միջև տարբերություններ չկան, Աստված նրանց նման է ստեղծել», բացի դրանից, նա նշեց նաև մշակութային և կենցաղային նմանությունները: Հայոց և համաշխարհային պատմությունից տկար գիտնականին հիշեցնեմ, որ քոչվոր ու խաշնարած ցեղախումբը չէր կարող մտքի ու երևակայության թռիչք ապրել` հավասարվելով հազարամյակների հայ քաղաքակրթական մշակույթին: Ինչ վերաբերում է գիտական եզրակացությանը` «թուրքերի և հայերի գեների նմանության» զառանցանքին, հավելեմ, որ Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ մանուկներ իրենց ինքնությունը` հայ լինելը, չհասցրին գիտակցել. բռնությամբ դարձան մահմեդական։ Մի՞թե նրանց ժառանգները չեն, որ այսօր Համփիկյանին գիտական մեծ շփոթության առաջ են կանգնեցրել, ինչն էլ հիմք է հանդիսացել «գեների նմանության» նրա վարկածին: Երկու ժողովուրդների «գեների նմանության» հակագիտական «թեզը» պետք է Համփիկյանն անձամբ վերանայի ու սրբագրի և լավություն անի այն «թուրքերին», որոնց գենը նման է հայերի գենին` օգնի նրանց վերադառնալու ինքնության ակունքներին` հայկական արմատներին: Դա կլինի այն գրքի նախաբանը, որը ցանկանում է գրել Համփիկյանը։
Հակահայ դիվերսիոն գործողությունները, լինեն քաղաքական, հոգեբանական թե ռազմական, մեզ ստիպում են սթափ լինել և արագ արձագանքել, կանխարգելելով ցանկացած ոտնձգություն` հայ ժողովրդի, հայոց պետականության, հայ մշակույթի դեմ:
Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ
«ՈՒխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ