Նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Համբոյացած հայ ժողովրդից, ավելի ստույգ` հայ ժողովրդի Համբոյից
Նախապես իմացած լինես, որ ողջ և առողջ ենք, բերան ենք բացխփում, լեզու ենք թրջում, օր ենք մթնեցնում, գիշեր ենք լուսացնում, ճամփա ենք պահում, թե ընտրությունները երբ են գալու, որովհետև տեղներս շատ նեղ է ու տեր վռազները խարջը սաստիկ ուզում են, և մանավանդ փող չենք ճարում, դրա համար հույս ենք կապում ամեն մի ծռտի-մռտի բաների հետ, նաև եկամտի վստահելի աղբյուր ընտրությունների հետ։ Ապրում ենք խիստ պարապության ժամանակներում, երևի հենց պարապությունից է, որ երնեկ ենք տալիս անուն առ անուն բոլոր նրանց, ովքեր հանգամանքների բարի բերումով մեկնել են արքայություն, և նաև նրանց, ովքեր բախտ են որոնում անչափելի հեռուներում։ Մենք ենք, որ անսասան հավատով մնացել ենք մեր մլմլացող դիրքերում, որ օրհասի ժամանակ խելք խելքի տանք և սիրահոժար մասնակցենք ամեն ջուռի ընտրությունների միայն ազնիվ, թափանցիկ, անկաշառ, ազգանպաստ ճանապարհով։ Քաջատեղյակ աղբյուրներից մեզ իրազեկել են, որ առկա-ներկա 11-ը նախընտրական, իսկ առաջիկա-հեռակա 12-ը նախագահական ընտրատարիներ են սահմանված։ Ես տարբեր հասարակարգերում շատ ընտրությունների եմ միահամուռ մասնակից եղել։ Փոշման չեմ։ Ձեռք է, մեկ էլ տեսնում ես իրեն-իրեն բարձրացավ։ Հիմա հերթը հասել է էլի մեզ։ Մենք մեզ վրա, ասել է` մեր ձեռքի օգտավետ շարժմունքի վրա անկասկած վստահ ենք։ Կասկածելին, իմ համեստ կարծիքով, մնում են ընտրատուփերը։ Եթե ընտրատուփերը խախուտ լինեն, սովոր լինեն կեղծիքի, խեղճ ընտրողն ի՞նչ անի։ Կեղծիքի սովոր ընտրատուփերը նման են անառակ կնոջ։ Մինն ըլի ու հարցնի` ինչի՞ հենց կնոջ, ա՛յ Համբո։ Ճիշտ որ` նաև տղամարդու։ Մին որ վրա պրծած սկսում են, էլ ոտը չեն ըլում, մինչև հալ-հարաքյաթից ընկնելը նվիրվում են երանելի էդ գործին։ Ասիլս էն է, որ եվրոպաներից ընտրատուփեր մի՛ բերեք, մի՛ ասեք` եվրոպական չափանիշներ։ Էդ նույն ծախսերի կիսի կիսի կիսի կիսի կիսի կեսով կարող ենք Հայաստանի նախկին անտառոտ շրջաններում կազմակարպել տեղական, զուտ ազգային քվեատուփերի արտադրություն։ Մեր անխարդախ քվեատուփերը կնվաճեն ձեր գովերգած Եվրոպայի ու աշխարհի ուշադրությունը։ Եվ քանի՜-քանի աշխատատեղ կբացվի։ Ամեն մի տուփ անառիկ բերդ կլինի, և մանավանդ գինի ու կին չեն լինի, որ մանավանդ ներսից ընտրատուփերի դարպասները բացեն, ջարդեն արթուններին ու` հայդե՜, լցոնեք, որ միանշանակ մերոնք հաղթեն։ Միանշանակ... Ձեռիս հետ հարցնեմ` էս աննշանակ միանշանակ բառը ո՞վ փառավորապես տեղավորեց մեր բառաշխարհում, որ ամեն տեղ անպոչ գդալի պես մեջ է ընկնում ու... Լա՜վ, հազար ցավից թող մեկը դա լինի։ Ամեն ինչ միանգամից չի լինում։ Սա համարենք մեկ։
Երկրորդ.
Իմ խելքն էնքան է հասնում, որ եթե երկիր ենք, ուրեմն պիտի որ ունենանք ամեն ինչ։ Աշխարհն ունենա, մենք ինչի՞ չունենանք։ Այո՛, թեկուզ կաշառակերներ։ Եվ ի՜նչ լավ է, որ մենք ունենք սեփական արտադրության մեր կաշառասուն կաշառակերները` եվրոպական չափանիշները վաղուց գերազանցած։ Ամենուր շարժվում են նրանք։ Ամենուր շարժվում են նրանց անշարժ ու շարժվող կանայք, սիրուհիները, շարժվում են նրանց շարժվող ու անշարժ դղյակները, միլիոնները, միլիարդները, զավակները, խնամիները։ Նրանցից մեկը կամ հազարն իրենց թալանած-ունեցվածքի ձեռը կրակն են ընկել ու մտածում են աշխարհներում շարժվելու մասին, որովհետև Հայաստանը նրանց վրա նեղ է գալիս։ Հարգարժան նախագահ, էն որ ես տեսնում եմ, լսել եմ ու ասում եմ, գիտեմ, որ իմ տեսած-լսած-իմացածից հազար անգամ շատ դու գիտես։ Պարզապես ժամանակդ չի հերիքում, որ էդ անպետքների հարցով տեղը տեղին զբաղվես։ Նախագահի արարողակարգի աշխատողին մի երկու մուշտի տալու, մի քանի ուշունց տալու համար տեղնուտեղն ազատեցիր քո իսկ կամքով ու մանավանդ ձեռքով Երևանապետ դարձած Գագիկ Բեգլարյանին։ Իմ ինչ գործն է, որ բերան բացեմ ու ասեմ` տեղն է կամ տեղը չէ։ Բայց մտքումս ասացի` նախագահի արարողակարգի ծեծված աշխատակցի նման ամեն մի հայ, մանավանդ ընչազուրկ հայ, պետք է պաշտպանված լինի, զրկված լինի ծեծվելու, մանավանդ սպանվելու իրավունքից։ Մինչ էդ արարողակարգը բազմաթիվ կռիվներ, սպանություններ են եղել` Պողոս Պողոսյանի, ԱԺ-ի գնդակոծման, Մարտի 1-2-ի ու բազմատեսակ մակարդակներով։ Ով է, ո՞ր մեկն է պատասխան տվել։ Ես լավ էլ հասկանում եմ, որ ես, ճիշտ է, Համբո եմ ու Համբոյի մեկն եմ, բայց նամակ եմ գրում անկախության, ազատության, մանավանդ բանակաշինության ակունքներում խիստ կանգնած անձի։ ՈՒ ես չեմ ասելու, թե ինչ է կատարվում մեր բանակում, ուր ծառայում են արդեն մեր անկախության հասակակից զավակները, ավելի շատ` աղքատների, ունեզրկվածների երեխեքը։ Էսքան ծեծուջարդ, սպանություններ կլինե՞ն, որ տեղի են ունենում։ Սա թշնամու գործ է ու թշնամու սրտով է։ Բանակի հետ անկապ կապով կապված ամեն ուսադիրավոր իրեն իրավունք է վերապահում ասելու, թե հայոց բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։ Ասողները չեն նայում քարտեզին ու չեն տեսնում Թուրքիան և Իրանը։
Հարցերս գուցե խառնում եմ, բայց ասելիքս մեկն է` ամեն գնով պահել-պահպանել մեր վերջին հողակտորը մեր համբերատար ու զարմանալի ներողամիտ ժողովրդով։
Հարցերս երրորդեմ.
Նորից ուշքս տարան, միտքս շաղեցին պաշտոնակիր կաշառակերները։ Լավ էր` ժամանակին բարձրացրին դատավարների ռոճիկները, որ նվիրվեն գործին, ժամանակ չունենան կաշառք վերցնելու։ Սա մեր երկիրն է, ուր, Թումանյանի ասած, թալանում են մերոնք և այլերը։ Այ դրանց ուտեն սոված գայլերը։ ՈՒմ ի՞նչ ասես։ Ամեն մեկը թուղթ ունի առ այն, որ սեփականաշնորհվե՜լ է... Հայոց նորօրյա չախ-չախ թագավորները տիրացել են ամեն ինչի։ Ես իմ ամբողջ կյանքում եղել եմ համատարած Համբո, շատ բան եմ տեսել, բայց էսքան զարկված ու զրկված հայ ժողովուրդ դժվարանում եմ հիշել։ Խիղճը կորցրած իշխանավորն օր օրի զարկում ու զրկում է մեր ժողովրդին։ Աչք ունենք` տեսնում ենք, ականջ ունենք` լսում ենք։ Հավատում եմ, որ մի օր էլ մեր լսող ականջները կկտրեն ու մեր տեսնող աչքերը կփակեն։
Հեքիաթներում շատ բան պահանջում են տան մեծից ու երկրի մեծից։ Սա հեքիաթ չէ, որ թագավորի փոքր տղան հաղթի։ Տան մեծը այսօր դու ես։ Մեր ժողովրդի ճակատագիրը ստիպում է, որ հայրենի հողից ուժ առնես, թռչես էս երկիրը, էն երկիրը, բարով-խերով գաս, նորից հայրենի հողից ուժ առնես ու նորից ինքնաթիռի թևերի շվաքը սահեցնես անկախացած երկրի վրայով։ Հավատում եմ, որ մեր երկրին ու մեր ժողովրդին վերևում եղած ժամանակ չես նայում վերևից։ Եվ ժամանակ ու ժամանակներ անց ասող չի լինի, թե հայ ժողովուրդը հավատաց սրան, նրան ու նորից ու վերջնականապես խաբվեց։
Ականջ արա։ Հարցս հիմա էլ չորսեմ ու հինգեմ։
Ես միայն սոցիալական խնդիրներին չէ, որ ուզում եմ, ինչպես ասում են, հրավիրել ձեր ուշադրությունը։ Ես մեր հիմնի բառերի մասին առանձին նամակ կգրեմ, կասեմ, թե էդ անխելքներն ինչո՞ւ մեզ սազական «թշվառ, անտեր» բառերը թեթև խելքով փոխեցին «ազատ, անկախ» բառերով ու դրանով ծաղկեցրին Մարոյի բոստանը։ ՈՒզում ենք ազգովին` մեծից պուճուր, գիշեր-ցերեկ, ամենուր երգենք` «մեր հայրենիք` ազատ, անկախ», մեկ է` ամեն օր ինքնահաստատվում են տիրական «թշվառ անտերը» կամ «անտեր թշվառը»։ Թշվառ թե ազատ, երկիրն ամենից առաջ մարդն է, ժողովուրդը։ Էս շնչակտուրներիս շունչն էլ որ կտրվեց, ո՞ւմ հետ եք հույս կապելու` ավազահանքերի գեներալների՞, թե՞ ձեր անխորհուրդ խորհուրդների անդամ-չանդամների։ Ավազահանքեր ասացի, հիշեցի. -Զանգեզուր-Կապանից մինչև Լոռի, Արցախն էլ հետը, իշխանավորների համար բացուխուփ հանքեր են։ Մի՛ մոռացիր, որ մամուռի նման իր քարին կպած ժողովրդին բիրտ ու անհայադրոշմ իշխանավորները պարզապես վերացնում են։ Հենց էսօր հիշենք, որ Լոռվա ժողովրդին իր ժողովրդով փրկել է մեծն Թումանյանը, իսկ Զանգեզուրի ժողովրդին փրկել է Նժդեհն իր ժողովրդով։ Զորավար Անդրանիկը խորհուրդ է պատգամել, որ գլուխներդ բարձին դնելուց առաջ մտածեք մեր ժողովրդի մասին, հարևանների մասին։ Այսօրվա իշխանավորները մտածում են համատարած թալանի մասին։ Ի՞նչ է արվել Հայաստանում մնացած ժողովրդի համար վերջին 5, 10, 15, 20 տարում։ Բան էլ չէ։ Ասողներ կլինեն, թե օրենքներ են ընդունվել։ Թող մեկը մատը աչքս կոխի և ասի` Հայաստանում գործում է էս մի օրենքը։ Վախի մթնոլորտը համատարած է։ Իշխանավորները, մանավանդ դատավորները, հլու-հնազանդ կամակատարներ են։ Ձերբակալում են, ում ցանկանում են։ Դատավարում են, ինչպես հրամայված է։ Ո՞վ է տեսել, որ պանծալի ազատամարտիկին, հերոսին ձերբակալեն։ Ժողովուրդը խախալվում է, մաղվում։ Ցույցեր, բողոքներ ամենուր։ Հնարավո՞ր է, արդյոք, որ ժողովրդի համար մի լավ բան արվի։ Եթե արվի, պատի ճեղքը չոփ կմտցնենք։ Ժողովուրդը երբեք երախտամոռ չէ։ Եթե ժողովրդի համար մի լավ բան արվի, նա դուրս կգա փողոց` երախտագիտություն հայտնելու։ Բայց առայժմ սարսափելի բաներ են տեղի ունենում։ Իր տանը, իր հողի վրա հալածվում է հայ մարդը։ Շատ են խոսում օլիգարխների մասին։ Բայց նաև մտածենք. եթե, օրինակ, չլինեին Լֆիկ Սամոն (ավազանի անունը չգիտեմ), նրա նմանները, ինչպես էր ապրելու մեր ժողովուրդը, ո՞վ էր նրա երեխայի ձեռքը մի կտոր հաց դնելու։ Էդ դեպքում` ո՞ւր է հայոց պետությունը։ Մի խոսքով, եթե հունար ունես, ժողովրդի համար մի լավ բան արա, թե չէ դժգոհության ալիքները մի օր կխփեն ձեր ապակիներին։ Ես դա չեմ ուզում, որովհետև ես ուզում եմ տեսնել օդով թռչող քո սավառնակը ո՜նց է սազում քեզ, մանավանդ, երբ գնում ես հայոց ճակատագիրը կռելու հեռո՜ւ-մոտիկ երկրներում։ Ամեն։
Հայ ժողովրդի անխոնջ քաղաքացի Համբո