Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՈՉ ԹԵ ԴԺԳՈՀՈՂՆԵՐԻՑ, ԱՅԼ ԱՆՏԱՐԲԵՐՆԵՐԻՑ»

«ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՈՉ ԹԵ ԴԺԳՈՀՈՂՆԵՐԻՑ, ԱՅԼ ԱՆՏԱՐԲԵՐՆԵՐԻՑ»
08.02.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ
-2011 թ. նախընտրական տարի է։ Ձեր կարծիքով` քաղաքական դաշտում ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր:
-Քանի որ քաղաքականությունը նաև անկանխատեսելի ոլորտ է, հայերն էլ ավելի անկանխատեսելի ժողովուրդ են, չեմ ուզում գուշակություններ անել, հուսով եմ, որ կոալիցիան կաշխատի մինչև ընտրություններ: Քաղաքական բոլոր ուժերն իրենց խնդիրներն ու ռազմավարությունն ունեն, իհարկե, բայց ուզում եմ հավատալ, որ բոլորին էլ առաջնորդելու է մեկ գերակա շահ` պետության ու ժողովրդի: ՀՀԿ-ն, որպես կայացած ուժ, ինքնաբացահայտման խնդիր չունի, այլ ուժեր դեռ սեփական ձեռագիրն են որոնում և իրենց քաղաքական միավոր լինելն են ուզում ապացուցել, ինչը բնական է, հենց նրանցից կարելի է անակնկալներ սպասել: Քաղաքական մրցակցություն կա և պետք է լինի, բայց ուզում եմ, որ կոալիցիայի բոլոր անդամները հստակ կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:
-Վատ է այն զինվորը, որ չի ուզում գեներալ դառնալ, վատ է այն քաղաքական ուժը, որ չի ուզում իշխանության գալ: ԲՀԿ-ի դեռ անցյալ տարի հայտարարած 50+1 տոկոսի հավակնությունները չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ի հաշվին կարող են իրականանալ:
-ՀՀԿ-ն անցած ճանապարհ ունի, երբ դու նոր ես և ուզում ես քո դիրքերն ամրապնդել, ինքդ քեզ համար նաև գնահատելի դառնալ, կարող ես նման հայտարարություններ անել: Համաձայն եմ, որ լավ զինվորն ուզում է գեներալ դառնալ, բայց լավ զինվորը պետք է ունենա գեներալ դառնալու իր ռազմավարությունը։
-Այսինքն` ոչ գործող գեներալին խփելով, այլ զինվորից գեներալ ընթացքը հաղթահարելով։
-Ամեն հարված չէ, որ կարող է գեներալ տատանել: Չեմ կարծում, որ այդ առումով ՀՀԿ-ն մեծ պրոբլեմներ կունենա: Քաղաքական ուժը կենդանի կառույց է` իր խնդիրներով, իր զարգացումներով, իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերով, դրանով է հետաքրքիր, դրանով է կենսունակ:
-Չե՞ք կարծում, որ Հայաստանի քաղաքական դաշտում նոր ընդդիմություն է ձևավորվում ի դեմս Տիգրան Կարապետյանի և նրա հրավիրած հանրահավաքների մասնակիցների: Բոլորովին համոզված չեմ, որ նրանց բոլորին առաջնորդում է ԱԼՄ-ն եթերում տեսնելու անդիմադրելի ցանկությունը:
-Ես էլ բնավ համոզված չեմ, ուղղակի բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Ժողովրդի որոշակի հատված կա, որը դժգոհ է, այդ հատվածը ոչ ընդդիմության հետ է, ոչ իշխանության, և սպասում է մեկին, որ կգա ու իր հետ կխոսի իր լեզվով: Տիգրան Կարապետյանը շատ պարզ ու մատչելի արտահայտում է նրանց դժգոհությունը, բայց հարցրեք Տիգրան Կարապետյանին, թե ի՞նչ է անելու հետո և ո՞ւր է առաջնորդելու այդ մարդկանց, երբ ամեն ինչ վերջանա:
-Համաձայնեք, որ գնաճի և աշխատավարձի, կենսաթոշակի համեմատությունը դժգոհության տեղիք, և մեծ դժգոհության, տալիս է:
-Ավելացրեք նաև հոգեբանական իրողությունը, որ մարդիկ սովորաբար համբերատար դիմանում են ճգնաժամի դժվարություններին, բայց հաղթահարումից հետո դժգոհություններն աճում են անհամեմատ արագ ու շատ: Մենք հիմա այդ պահն ենք ապրում, բայց վստահ եղեք, որ այդ պահն էլ ենք հաղթահարելու: Ասեմ, որ ես վախենում եմ ոչ թե դժգոհողներից, այլ անտարբերներից. նրանց ոչինչ չի հետաքրքրում, որպես քաղաքացի չունեն իրենց դիրքորոշումը, նրանց համար ամեն ինչ մեկ է, և դա ամենավտանգավորն ու ցավալին է:
-Այսինքն` Տիգրան Կարապետյա՞նը չէ այն անձը, որը նախընտրական տարում կարող է դառնալ երրորդ ուժ:
-Ոչ, ես մեր ժողովրդի մասին շատ ավելի լավ կարծիքի եմ:
-2011 թ. Հայաստանն ակտիվ է սկսել արտաքին քաղաքական դաշտում, նո՞ր որակի քաղաքականություն ենք սկսում, թե՞ ընկալումներն են փոխվել:
-Քաղաքականությունը երբեք նույնը չի մնում, որովհետև աշխարհն է հարափոփոխ: Հարևանների ու ոչ հարևանների հետ մենք միշտ հստակ ու կանխատեսելի քաղաքականություն ենք վարել ու վարում: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության հեղինակությունն արտաքին աշխարհում աճել է վերջին երկու տարում շնորհիվ Սերժ Սարգսյանի վարած նախաձեռնողական ակտիվ քաղաքականության, որն ընդհատումներ չի տալիս և շարունակվում է առավել ակտիվ: Ակնհայտ է, որ եթե կա երկխոսություն, ուրեմն կան հարցերի լուծման ելքեր, բայց պետք չէ սպասել, որ այդ ելքերը միանգամից բացվելու են:
-Դա վերաբերում է նաև հայ-թուրքակա՞ն երկխոսությանը:
-Այո, մենք հարևաններ ենք, իսկ հարևանների միջև պետք է բնականոն հարաբերություններ լինեն: Ես ընդունում եմ, որ Թուրքիայում 2011-ը խորհրդարանական ընտրությունների տարի է, իսկ այդ ժամանակ քաղաքականությունը դառնում է ավելի շատ ներքին սպառման և քարոզչական շեշտադրումներ է ընդունում, բայց ընտրությունները վերջանում են, և քաղաքականությունը վերադառնում է իր բուն առաքելությանը: Ես համոզված եմ, որ մենք տեսնելու ենք ՀՀ նախագահի հետևողական քաղաքականության արդյունքները, որոնք այսօր իսկ կան, թեև ոչ այդքան տեսանելի ու շոշափելի:
-Ես լիովին համաձայն եմ, որ նախընտրական տարում քաղաքականությունը քարոզչական բնույթ է ստանում օբյեկտիվորեն, ամռանը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն են, 2012-ին ընտրություններ են Հայաստանում, դա նշանակո՞ւմ է, որ մեկ տարի հայ-թուրքական հարաբերությունները հարկադիր դադար են վերցնում, թե՞ կա մի պատուհան, շանս, որը կարող է հաջողությամբ գործադրվել և ազդել նաև ընտրությունների արդյունքների վրա:
-Ես կարծում եմ, որ ցանկության դեպքում այդ շանսը կգտնվի, արդեն իսկ արդյունավետ են լինում հանդիպումները` նախագահների ձևաչափից սկսած մինչև այլ ձևաչափեր: Քաղաքականությունն ու դիվանագիտությունը մեկօրյա աշխատանք չեն, մանրակրկիտ ու տևական գործունեությունն է ունենում ցանկալի արդյունքներ: Ես տոլերանտ եմ էությամբ և կարծում եմ, որ հանդուրժողականությամբ ու համբերատարությամբ հնարավոր է անլուծելի թվացող հարցերն էլ լուծել:
-Կարսի հայ-թուրքական բարեկամության արձանը քանդելու Թուրքիայի վարչապետի որոշումը տեղավորվո՞ւմ է տոլերանտության տարածքում:
-Չզարմանաք, բայց ես էլ եմ համաձայն, որ արձանը, ինչպես Էրդողանն էր որակել, այլանդակություն է, գոնե այդպիսին են նկարները: Գուցե Էրդողանն առաջնորդվել է քաղաքական նկատառումներով ևս, բայց գեղագիտականն էլ բացահայտ է: Բարեկամությունն այդքան զարհուրելի տեսք չի կարող ունենալ, նույնիսկ հայերի ու թուրքերի: Կարծում եմ, եթե դա քաղաքական ակցիա չէ` հանուն հակահայկական տրամադրություններ ունեցող կարսաբնակ ադրբեջանցիների ձայների, հանվող հուշարձանի փոխարեն մեկ այլ հուշարձան կկառուցվի:
-Դուք այդպես եք կարծում, բայց թուրքերն ընտրել են «բարեկամության» այլ տարբերակ. նրանք արձանը որոշել են տեղափոխել Իզմիր:
-Դա էլ տարբերակ է, եթե Իզմիրում այլանդակ չէ այն, ինչն այլանդակ էր Կարսում:
-Ձեր կարծիքով` 2011-ին Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնության կայացումը հնարավո՞ր է, եթե նկատի ունենանք բանակցությունների տեղապտույտը:
-Հնարավոր է, որովհետև, ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության, որն անհասկանալի ու անկանխատեսելի քայլերի է դիմում հաճախ, Հայաստանի նախագահի վարած քաղաքականությունը հետևողական է ու նպատակամետ: Ես կարծում եմ, որ մենք դանդաղ, քայլ առ քայլ գնում ենք մեր նպատակների իրականացման ճանապարհով, շտապողականությամբ պետք չէ վտանգել փխրուն խաղաղությունը, որ կա տարածաշրջանում: Եթե Հայաստանն էլ նույն ջղաձիգ քայլերով պատասխանի Ադրբեջանին, խաղաղությունն իսկապես կվտանգվի: Չեմ կարծում, որ այս տարի լուրջ փոփոխություններ լինեն, հանդիպումները շարունակվում են, և դա վկայում է, որ գործընթացը չի ընդհատվել:
-Այնուամենայնիվ, համանախագահները և Հայաստանն ընդունում են հարցի լուծման ընթացքում երեք սկզբունքների համահավասարությունը, Ադրբեջանը գերակայությունը տալիս է տարածքային ամբողջականությանը: Հավանական համարո՞ւմ եք, որ եթե այս վիճակը չփոխվի, Ադրբեջանը կարող է բանակցություններից դուրս գալ կամ անել այն, ինչի մասին եթե առավոտյան չի ասել, երեկոյան է ասում, եթե երեկոյան չի ասել, առավոտյան է կրկնում` պատերազմ սկսել:
-Ադրբեջանը կարող է տարբեր հայտարարություններ անել, բայց Մինսկի խմբի ձևաչափից իրականում դուրս չգալ, որովհետև դա կործանարար է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով: Եվ դա շատ լավ հասկանում է Ադրբեջանի նախագահը, շատ լավ հասկանում են բոլոր ադրբեջանցիները: Հակառակ պարագայում պատերազմի` առավոտյան-երեկոյան, թե կեսօրին հնչող սպառնալիքները միայն սպառնալիք չէին մնա: Ղարաբաղի հարցի լուծումը կողմերից մեկի ցանկությունների կատարումը չի կարող լինել` անցած տարիները դա են ցույց տվել:
-ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի թեթև ձեռքով հարություն առավ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը, որի գործունեությունը դադարել էր լորդ Ռասել Ջոնսթոնի մահից հետո: Մինսկի խմբի գործունեությանը զուգահեռ պե՞տք էր մեկ այլ կառույց, և ի՞նչ խնդիր ու իրավասություն հանձնաժողովը պետք է ունենա, կամ` ի՞նչ արդյունք:
-Ես չեմ կարծում, որ նոր ենթահանձնաժողովն ի վիճակի է լինելու նորմալ գործելու, առավելագույնը դառնալու է այն հարթակը, որտեղ կողմերը միմյանց մեղադրելու են գործած ու չգործած մեղքերի համար, հետո որոշելու են շարունակել քննարկումները։ Ես չեմ կարծում նաև, որ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելն է ելք: Ենթահանձնաժողովի ձևաչափով նման կոնֆլիկտները չեն լուծվում. սա ակնհայտ է, ուստի մի սպասեք նաև արդյունքների:
-Սահմանադրական փոփոխություններով անգամ խելամիտ համարո՞ւմ եք Հայաստանում երկպալատ խորհրդարանի գործունեությունը:
-Սահմանադրական փոփոխություններն ընթացակարգ են, որ երկար ժամանակ են պահանջում, ես շատ ավելի կարևորում եմ երկպալատ խորհրդարանի գործունեության իմաստի, նպատակի, խնդիրների ու իրավասությունների, գործունեության մեխանիզմների պարզաբանումը: Կարծում եմ` սփյուռքի նախարարը խոսել է ընդամենը հնարավորության մասին, գաղափարի, որը կյանքի կոչելու հավանականություն-անհավանականությունը դեռ պետք է պարզվի քննարկումների ու տեսակետների պարզաբանման միջոցով: Առաջին հայացքից այդ պարզ հարցն իրականում շատ հարթություններ է շոշափում` սկսած իրավականից մինչև ազգային անվտանգության: Վստահ եղեք, որ դա այսօր-վաղը լուծվող հարց չէ, համենայն դեպս, կենսագործման համար պետք է անցնի հասարակական քննարկումների երկար ճանապարհ:
-Դուք համարում եք, որ հասարակական քննարկումներով հնարավո՞ր է լսելի ու հասկանալի դառնալ:
-Այո, ինչո՞ւ ոչ: Ճշմարտությունը ծնվում է բանավեճում. կա, չէ՞, նման ասույթ: Ես բազում քննարկումների եմ մասնակցել, որտեղ կողմերն իրենց տեսակետներն անթաքույց արտահայտել են և պաշտպանել: Արդյունավետության մասին չեմ վիճի, որովհետև չափանիշները տարբեր են լինում:
-2010-ին, վիճակագրական տվյալներով, 60-65000 մարդ արտագաղթել է Հայաստանից, ինչո՞վ եք պայմանավորում այդքան մարդկանց հեռանալը, առավել ևս, որ նույն վիճակագրության վկայությամբ հեռացողները հիմնականում երրորդ խավի ներկայացուցիչներն են:
-Գլոբալացումը փոքրացրեց աշխարհը, իրարից հեռու երկրները միանգամից մոտ ու հասանելի դարձան: Եթե աշխարհի անցուդարձին հետևեք, միգրացիան համատարած երևույթ է: Մարդիկ դժգոհ են լինում իրենց կյանքից` լավ ապրողն էլ, վատ ապրողն էլ: Հայաստանը փոքր երկիր է, և արտագաղթը մենք ցավոտ ենք ընկալում: Ազգային մեծ ռեսուրս կա, որն իրականացման տեղ չի գտնում իր համար, ահա և հեռանում են: Ասում են` երիտասարդներն են գնում: Բոլոր մյուս պատճառները հաշվի առնելով` ես կարծում եմ, որ պատճառը նաև ընտանիքն է: Մենք մեր ծնողներին սիրում ենք, որովհետև նրանք հարո՞ւստ ու գեղեցի՞կ են, թե՞ որովհետև մեզ կյանք են տվել և միակն են: Ես այդ հոգեբանությունը չեմ հասկանում, բայց կարծում եմ, որ մեծ ու կարևոր մի ոլորտ ենք աչքաթող արել` հայրենասիրության սերմանումը, որ բնական ու հասարակական գիտությունների ճշգրիտ ու անվիճելի գիտելիքների և տվյալների հետ չես համեմատի, բայց իմ կարծիքով` քաղաքացու ձևավորման համար մի քանի բանաձևի ու օրենքի չիմացությունը ներելի է, հայրենիքի զգացողության բացակայությունը` ոչ: Մի քանի բանաստեղծություն անգիր սովորելը, մի քանի բաժակաճառ արտաբերելը հայրենասիրություն չէ:
-Ո՞վ է լավ կյանքից հեռանում ուրիշի հայրենիքը սիրելու:
-Նա, ով ուրիշի հայրենիքում ինքնարտահայտման ավելի շատ հնարավորություններ է գտնում: Ընդունեք, որ դրսում և՛ աշխատաշուկան է մեծ, և՛ շանսերն են շատ, և պայմաններն են բարենպաստ: Առայժմ, բայց կյանքը փոխվում է: Հողի զգացողությունը, ուր էլ գնաս, քեզ հետապնդելու է: Երբ սիրում ես հայրենիքդ, ուզում ես, որ լավ լինի ոչ միայն քեզ ու քո մտերիմների համար, այլև բոլորի:
Հարցազրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ