Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Կուսակցական բեկորները, նարկոդիսպանսերը և պատգամավորական մատուռը...

Կուսակցական բեկորները, նարկոդիսպանսերը և պատգամավորական մատուռը...
13.06.2008 | 00:00

«ԵՐԿՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ»


ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ (ԱԺ նախագահ)

-Պարոն Թորոսյան, ԱԺ նախագահի «փոփոխականության» ենթատեքստում ոչ այնքան կարևոր էր, թե ով «բռնեց ոտքերը, ով ասաց՝ Հալեպը». այլ որ իշխող կուսակցությունը հասել է այն մակարդակին, որ փոխանակ հարցերը ներսում լուծվեն, «պատրաստի» ֆորմուլան տրվի հանրությանը, հարցը քննարկվում է տարբեր-տարբեր մակարդակներով ու «ձևաչափերով»:

-Ես առաջարկում եմ ոչ թե բամբասանքներով առաջնորդվել, այլ փաստերով. բամբասանքներին, խարդավանքներին ես չեմ անդրադառնում երբեք:

-Փաստ. նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ըստ Ձեզ, խախտել է Սահմանադրությունը։ Որևէ պատիժ դրա համար ենթադրվո՞ւմ է:

-Ո՛չ, չի ենթադրվում. պատիժն այն է, որ դադարեցվում են պատգամավորի լիազորությունները:

-Իսկ դուք «պատահաբար» պայմանավորվածություն չունե՞ք Սերժ Սարգսյանի հետ՝ Հովիկ Աբրահամյանին նախագահի աշխատակազմի ղեկավարից ԱԺ շարքային պատգամավոր բերելու և աշխատակազմում մեկ այլ` «երկրորդ սերնդի բարեփոխիչ» նշանակելու առնչությամբ:

-Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ այդպիսի հարցերին ես պատասխանել եմ սպառիչ։ Երկրորդեմ. երբեք այդ կարգի հարցեր որևէ մեկի հետ չեմ քննարկել ու չեմ քննարկում, դա իմ ոճը չէ:

-ՀՀԿ-ն վերջին ընթացքում բավականին շատ է բեկորված. ինչո՞ւ այդպես ստացվեց:

-Նորից եմ խնդրում` խոսենք առարկայական և փաստերով:

-ՀՀԿ-ում այսօր կա Սերժ Սարգսյանի թև, Կարեն Կարապետյանի թև, Հովիկ Աբրահամյանի թև ու Ձեր թև, որը նաև զուգակցվում է Տիգրան Սարգսյանի համակիրների թևի հետ:

-Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ փորձել են կուսակցությունում ինչ-որ անհեթեթություններ ձևավորել. երբեք նման բան չեմ արել, որովհետև կուսակցությունը մի կազմակերպություն է, որտեղ մարդիկ պետք է հավաքվեն ընդհանուր հայացքների հիման վրա. թևեր-պոչեր, չգիտեմ էլ ինչ մասեր չպետք է լինեն. պետք է լինեն գաղափարական մարդիկ` ընդհանուր նպատակի շուրջ համախմբված: Երբեք մարդկանց` կուսակիցներիս, չեմ բաժանելու «միմյանց միջև». դա անթույլատրելի է:

-Իսկ գուցե ՀՀԿ-ն ծերանո՞ւմ է, դրա համա՞ր է բեկորվում, որովհետև «կա ապրելու ժամանակ, կա մեռնելու ժամանակ», ու այդպես հանդարտ մարում է:

-Դե` ոչ։ Կարծում եմ` ովքեր քիչ թե շատ պատկերացում ունեն կուսակցությունների մասին, պետք է իմանան մի պարզ ճշմարտություն. կուսակցություններում մարդիկ գալիս-գնում են, բայց կուսակցությունները մնում են: Ընդ որում, ամենակարևորն էն չի, որ կուսակցությունը կմեռնի կամ չգիտեմ ինչ կլինի, կարևոր է, որ կուսակցությունը հավատարիմ մնա իր մոտեցումներին, սկզբունքներին:

-Ի դեպ, ՀՀԿ-ն շատ ավելի երկար մնաց իշխանության, քան ՀՀՇ-ն: Տասը տարի այդ կուսակցությունը «չկար», ասպարեզում չէր, բայց նայեք` վայրկյաններ պետք եղան ռեաբիլիտացվելու համար: Ի՞նչ եք կարծում, եթե ՀՀԿ-ն «հայտնվի» համանման իրադրության մեջ, կկարողանա՞ նման կենսունակություն հանդես բերել:

-Որևէ կուսակցության չեմ ուզում վիրավորել, բայց հիշենք, որ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց որպես ՀՀՇ ղեկավար քաղաքական ասպարեզ վերադառնալուց: Ցանկացած կուսակցության ուժն ու թուլությունը երևում են ընտրությունների ժամանակ: ՈՒրիշ գործիք չկա կուսակցության կենսունակության չափման:

-Պարոն Թորոսյան, Դուք, կարծեք, բավականին կոշտ դիրք գրավեցիք` իշխանություն-ընդդիմություն երկխոսությանն առնչվող:

-Չէ, էդպես չի: Ցավոք, շատ բառեր-արտահայտություններ մեզանում արժեզրկվել են: Ես դեմ չեմ երկխոսությանը: Երկխոսություն նշանակում է երկու կողմերի խոսակցություն. այսինքն` երկու կողմերը պետք է միմյանց ճանաչեն, թե ով ով է: Երկրորդ` պետք է պայմանավորվեն խոսակցության թեմայի մասին: Քանի դեռ այդ ամենը չկա, վերացական երկխոսությունն անհեթեթություն է:

-Գիտե՞ք, մարդիկ կարող են և խոսել` համաձայն չլինելով միմյանց հետ: Ինձ համար խիստ անհասկանալի է, որ իշխանական թևը երկխոսությունից առաջ ընդդիմության առջև պահանջ է դնում լեգիտիմության ճանաչման: Նախ` իշխանությունը պետք է գործերով իր լեգիտիմությունն ապացուցի, ու ապա` այդ դեպքում պայքարն ընդհանրապես անիմաստ է դառնում: Իսկ ահա ընդդիմության պահանջը` քաղբանտարկյալների մասով, շատ ավելի տրամաբանական է:

-Իրենք էլ հիանալի գիտեն, որ քաղբանտարկյալներ ձևակերպումով փակում են այդ թեմայով որևէ խոսակցություն: Որովհետև ոչ իրենք և ոչ էլ մենք չենք որոշում, թե քաղբանտարկյալներն ովքեր են:

-Ասենք` Արշակ Բանուչյանը քաղբանտարկյա՞լ է. չնայած գիտեք` էնքան մի սիրուն բան կար Արշակի ձերբակալության մեջ Տեր-Պետրոսյանի և մատենադարանյան փոխկանչի առումով. էնքան զարմանալի կլիներ, եթե Մատենադարանն իր «զավակի» հետ փոխկանչի մեջ չմտներ որևէ մեկի «տեսքով». ախր, գիրը կենդանի է:

-Միստիկայի մեջ չեմ ուզում մտնել:

-Միստիկան «զիպ» արված-խտացված իրականությունն է, որ կա: Անցնենք առաջ. իսկ չե՞ք կարծում, որ այս պահին երկիրը ոչ միայն քաղաքականապես, այլև հեղինակությունների առումով սնանկ դուրս եկավ. չգտնվեցին մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանգույցի մեջ կապող օղակ հանդիսանային, ու նրանց խոսքն արժեք ունենար:

-Նախ` մի պիտակավորեք երկիրը և ժողովրդին: Եվ երկրորդ` երկրի ու ժողովրդի ամենակարևոր խնդիրն այդ երկխոսությունը չէ. ես վստահ եմ, որ ամեն ինչ կարգավորվելու է, դրա համար շատ պարզ մեխանիզմներ ու անելիքներ կան. չի կարելի դնել մի գաղափար և այն դարձնել աշխարհի առանցքը:

-Եվ վերջին հարցը. Վրաստանում օրենք կա, որ պատգամավորական մանդատն ստանալուց առաջ երեսփոխանը նարկո-դիսպանսերային ստուգում պետք է անցնի...

-Երևի պրոբլեմ ունեն:

-Մենք չունե՞նք:

-Տեղյակ չեմ նման բանից: Եթե ինչ-որ մեկը պատգամավորներից տեղեկություն ունի, կարող է առաջարկություն ներկայացնել օրենք ընդունելու մասին:

-Գնամ-տեսնեմ` պատգամավորներից ով ունի նման տեղեկություն:

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՎԵԼԻՇԱՏ ՓՐԿՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ»

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (ՀՀԿ)

-Հարգարժան պատգամավոր, դոկտոր-բժիշկ, ի՞նչ եք կարծում` արժե՞ Հայաստանում ևս օրենք ընդունել պատգամավորների նարկո-դիսպանսերական ստուգման մասին, ինչպես, ասենք, ժողովրդավարական Վրաստանում: Ի դեպ, հիշենք, որ այնտեղ պատգամավորներից մեկի «ստուգման» ընթացքում պարզվել է, որ կա «նման առկայություն»:

-Այո, ընդդիմության ղեկավար Գաչեչիլաձեի մասին է խոսքը: Իր արյան մեջ կոդեինի առկայությունը նա բացատրել է մինչ այդ մրսածության դեմ ընդունած դեղորայքով: Ի դեպ, կոդեինը մտնում է հայտնի «Սոլպադեին» պրեպարատի մեջ: Ինչ վերաբերում է մեզանում օրենքի նման նախագիծ ևս ընդունելուն, ապա յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում` ինչ լրացուցիչ քայլեր ձեռնարկի: Ընդ որում, վրաստանյան մատնանշված դեպքի հետ կապված ինֆորմացիային ես ծանոթացել եմ վրացական լրատվամիջոցներից և չեմ կարծում, որ վրացական ԶԼՄ-ները մեր ԶԼՄ-ներից ավելի պրոֆեսիոնալ են ու կարողացել են ամբողջությամբ ներկայացնել խնդիրը: Որքան տեղյակ եմ` կրկնակի հետազոտություն է նշանակվել: Բայց ակնհայտ է նաև, որ նման կարգի ցենզերը կարող են հին-բարի խորհրդարանային ավանդույթները վերադարձնել. այն է` քաղաքական հակառակորդների նկատմամբ կիրառել ևս մեկ վարկաբեկիչ ու իրավական հետևանքներ ունեցող լծակ:

-Համենայն դեպս, Դուք նման օրենսդրական առաջարկով հանդես չեք գա խորհրդարանում:

-Իհարկե` ոչ:

-Իսկ ի՞նչ եք կարծում, եթե նման օրենք լիներ, քանի՞սը մեր պառլամենտում կունենային նման «առկայություն»:

-Զարմանալի է, որոշ լրատվամիջոցների բացարձակ չի հետաքրքրում քաղաքական անցուդարձը, նրանք հետաքրքրվում են բաներով, ինչն ինձ համար ընդունելի չէ:

-Բա քիչ առաջ չէի՞ք ասում, որ դա նաև քաղաքականություն է` «վատ զենք» հակառակորդների դեմ. հետո էլ` դեմոկրատիան կարծիք-մոտեցում ունենալու իրավունք է: Համ էլ, պարոն Աշոտյան, կարևորը մարդու առողջությունն է: Ի՞նչ վատ բան կա այդ ամենում` թող գնան, թող ստուգվեն, թող առողջ լինեն, մենք էլ իրենց միակ «չուզողը» լինենք: Հա, ի դեպ, Ձեր մատուռի պատմությո՞ւնն ինչով ավարտվեց:

-Ճշտենք` հայաստանյայց առաքելական եկեղեցո՛ւ մատուռը, որի կառուցման գաղափարը դեռ ուժի մեջ է:

-Ինչ-որ քայլ արվո՞ւմ է այդ ուղղությամբ... թե չէ` կգնաք Ղազախստան դեսպան, ու խորհրդարանը կմնա անմատուռ:

-Ասացի` գաղափարը դեռ կենդանի է, եկեղեցու կողմից հավանությունը կա, և կարծում եմ` այս խորհրդարանի օրոք այն կյանքի կկոչվի:

-Կարծում եք` դա կփրկի՞ պատգամավորներին:

-Չեմ կարծում, թե պատգամավորներն ավելի շատ փրկվելու խնդիր ունեն, քան մնացած բոլոր մարդիկ:


Ճեպազրույցները՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 5456

Մեկնաբանություններ