(սկիզբը` նախորդ համարներում)
Դահիճները նրան առնելով, բռնությամբ տարան մինչև մահվան վայրը: Նրա հետ գնում էին նաև մեծ բազմությամբ հեթանոսներ:
Կռապաշտները, որոնք նրա դեմ ոխ ունեին` բագինները կործանելու համար, քաշկռտում ու չարաչար տանջում էին և եղունգներով նրա մարմինը քերթում:
Իսկ երանելին, արհամարհելով տանջանքները, ստեպ-ստեպ աղոթք էր անում.
-Հայր մեր, որ երկնքում ես ու երկրի վրա, մի՛ մատնիր մեզ փորձության, այլ ազատիր չարից:
Ամբողջ ճանապարհին այս աղոթքն էր անում, հիշելով Աստծո զորությունն ու Նրա Աջը, որով փրկեց արդարներին և աստվածապաշտներին` երևելի ու աներևույթ թշնամիների ամեն տեսակ փորձություններից և վտանգներից, ու զորացրեց առաքյալներին և վկաներին ճշմարտությունը քարոզելու ժամանակ: Նույն զորությունն էր խնդրում Հզորից և իր անձի համար:
-Մի՛ հեռանա քո ծառայից, ով Տեր Հիսուս Քրիստոս, Ամենակալ, սուրբ քաղցր, բարերար, որ մերձ ես քեզնից վախեցողներին և հայտնվում ես Քեզ փնտրողներին:
Երբ հասան այն վայրը, որ կոչվում է Սալեր, սուրբը կանգ առավ: Որովհետև այնտեղ պետք է կատարվեր իր վախճանը:
Եվ ձեռքերը վեր տարածելով՝ բարձր ձայնով ասաց.
-Տեր Աստված, որ արժան ես անում ինձ մեռնելու Քո սուրբ Անվան համար, լսիր Քո ծառայի աղաչանքը: Ընդունիր նաև ինձ նրանց հետ, որոնք սիրեցին Քո գալստյան օրը և Քեզ մասնակից եղան Խաչի և մահվան չարչարանքներով: Եվ եթե չարից խաբվելով մեղք եմ գործել մանկությունիցս մինչ հիմա, կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, լվա՛, մաքրիր ինձ ողորմությամբդ՝ իմ արյան հեղմամբ: Իսկ Քեզ հավատացողներին, որոնք կհիշեն ինձ, առ Քեզ իմ բարեխոսությամբ խնդրում եմ մեղքերի թողություն տուր և յուրաքանչյուրին հոգևոր ու մարմնավոր վտանգներից փրկություն և ախտերի բուժում: Դևերի հալածանքներից ազատագրում ու հիվանդություններից բուժում: Պատերազմների մեջ հաղթություն, բանտից ու կապանքներից արձակում: Չար ծառայությունից՝ ազատություն, խռովություններից՝ խաղաղություն: Նեղություններից՝ անդորրություն, ճանապարհորդներին` պաշտպանություն: Ծովի վրա ալեկոծվողներին՝ հանդարտություն: Երաշտի ժամանակ՝ անձրևների լիություն ու առատ պտղաբերություն: Կարկտաբեր ու ցրտաբեր օդի սաստկության դադարում, մորեխների և զեռունների, որոնք Քո բարկության պատճառով մարդկանց վրա որպես պատուհաս են գալիս, հալածում: Եվ նրանք, ովքեր նվիրական ընծաներով մեր հիշատակը կկատարեն, թող ընդունվեն որպես անուշ հոտ։ Եվ Քո գիրկն ընդունիր և վարձատրիր բյուրապատիկ բարություններով՝ այստեղ և հանդերձյալում: Եվ ընդունի՜ր իմ հոգին արդարների օթևանում՝ հավիտենական հանգստի համար, և Քեզ փառք հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղոթքն ավարտելուց հետո հանկարծ երկնքից մի հրեշտակ իջավ սրբի մոտ, ձեռքում բռնած լուսապայծառ պսակը և ասաց.
-Քրիստոսի քաջ նահատակ, զորացի՛ր, մի՛ վախեցիր նրանցից, ովքեր մարմինդ են սպանում, որովհետև քեզ համար բացվեց երկնքի արքայության դուռը: Եվ ինչ խնդրեցիր Աստծուց, շնորհվեց քեզ: Եվ հավատացյալների կատարած խնդրանքները պիտի կատարվեն Աստծո կողմից:
Բազմությունը, տեսնելով Աստծո հրեշտակին և ձեռքի մեջ լուսեղեն պսակը, հիացած աղաղակում էր`
-Մեծ է քրիստոնյաների Աստվածը և, նրանից զատ, ուրիշ Աստված չկա:
Իսկ սուրբը, դառնալով հավատացյալ զորքերի կողմը, ասաց.
-Այժմ ինձ լսեք, ո՛վ Քրիստոսին հավատացողներ, որ մոտ լինելով` ականատեսը պետք է լինեք իմ նահատակության, չլինի թե մարմնիս մեռնելը տեսնելով՝ տխրեք, քանզի այսօր կամ վաղը այս մարմինը նախահոր պարտքը պիտի վճարի, բայց Քրիստոսի հանդեպ ունեցած հույսս անվախճան է, որով Նրա գալստյան ժամանակ դարձյալ պիտի ունենամ այն՝ անմահ ու անապական: Եվ ես ցնծում եմ և ուրախ եմ, որ մանկությունից ի վեր ունեցածս փափագը Տերը կատարեց` Իր չարչարանքներին ու նահատակների պսակին հաղորդակից դարձնելով: Եվ ինչպես որ Տերն ինձ զորացրեց մարմնավոր թշնամիների դեմ մղած պատերազմների մեջ, այսօր նույնպես կզորացնի հոգիների թշնամու դեմ: Եվ ես կյանքիս ընթացքը կատարելով և հավատքը հաստատուն պահելով, ուրախությամբ Քրիստոսին կվերադառնամ: Եվ Աստծո խաղաղությունը միշտ ձեզ հետ թող լինի:
Այս ասելով՝ ծնկելով դեպի արևելք, խաչակնքեց և պարանոցը խոնարհեցնելով դահճի սրի առաջ, ասաց.
-Տե՜ր Հիսուս, ընդունիր իմ հոգին:
Եվ դահիճը սրով կտրեց երանելու գլուխը:
Եվ նույն ժամին երկնային լույս փայլատակեց և շրջապատեց երանելու մարմինը: Եվ նույն լույսից բոց ժայթքելով՝ հեթանոսներից շատերին այրեց: Մնացածներն էլ փախուստի դիմեցին:
Այդ ժամանակ երկնքից ձայն լսվեց, որ ասում էր.
-Վայելչորեն կատարեցիր ճգնությունդ, ո՛վ սուրբ Սարգիս, ուրեմն եկ ու բոլոր սրբերի հետ ժառանգիր հավիտենական հանգիստը:
Եվ հավատացյալ զինվորները, վերցնելով երանելու մարմինը, պատեցին մաքուր հանդերձներով:
Այս կատարվածը թագավորի ականջը հասավ. նա դահիճներ ուղարկեց և նրանցից տասնչորս հոգու սպանել տվեց, որոնք բոլորն էլ պարսից ազգից էին: Եվ հրամայեց, որ նրանց մարմինները գազանների առջև նետեն, սակայն գազանները չմոտեցան նրանց, ըստ Աստծո տնօրինության:
Ապա խորհուրդ արեցին, և նա հրամայեց կրակով այրել սրբերի մարմինները, քանզի պարսիկներից շատերը, տեսնելով կատարված հրաշքները, հավատացին Քրիստոսին:
Եվ մինչ այս բաներն էր խորհում, ամբարիշտի ականջին լուրեր հասան, թե Հուլիանոսն է գալիս: Առժամանակ մոռանալով իր չար խորհուրդները սրբերի մասին, գնաց պատերազմելու նրա դեմ:
Գիշերը հավատացյալներից ոմանք գալով, վերցրին սուրբ Սարգսի և տասնչորս զինվորների մարմինները և տարան զգուշությամբ թաղեցին Սարգսի զավակի՝ սուրբ Մարտիրոսի մոտ:
Սուրբ Սարգիսն իր մահկանացուն կնքեց Քրիստոսի 361 թվականի սկզբին:
«Հայսմավուրքը» գրում է. «Սուրբ Սարգիսը մահացավ Մազանդարան կոչված վայրում, Դաղման քաղաքի մոտ: Հավատացյալները սուրբ Սարգսի մարմինն առնելով, տարան Համիան քաղաքը: Ապա Մեսրոպ մեծ վարդապետը գալով՝ առավ սրբի մարմինը և բերեց Հայաստան և ՈՒշի գյուղում պատվով թաղեց: Ապա նույն տեղում հռչակավոր վանք շինեց, որ մինչև այսօր մնում է (այժմ դժբախտաբար այն կիսավեր ու խոնարհված վիճակում է. - հեղ.): Սրբի ատամներից մեկը վերցնելով, տարավ Վրաստան՝ Գագա կոչվող վայրը (այժմ` Կոթի գյուղից 7 կմ արևելք), ամփոփելով մի խաչափայտի մեջ: Եվ խաչն օծելով՝ կանգնեցրեց Գագա բլրի գագաթին, որ մինչև այսօր կոչվում է «Գագա սուրբ Սարգիս»: Եվ մեծամեծ հրաշքներ էին կատարվում այնտեղ, գերվածների, բանտարկյալների և ցավագարների համար կատարված աղոթքներով»:
Նույնը հիշատակում է նաև Վարդան վարդապետը իր պատմագրության մեջ: Այս վկայաբանությունը հորինողի գրած շարականի մեջ հայտարարվում է, թե սուրբ Սարգիսը նշանավոր է հրաշագործ վկաների մեջ և անհապաղ օգնել է բոլոր նրանց, ովքեր իր անունն են կանչել և բարեխոսությունը խնդրել:
Նա հռչակավոր է ոչ միայն հայոց, այլև բոլոր արևելյան եկեղեցիների մեջ: Նույնիսկ անհավատ պարսիկները նրան կոչում էին «Պարսկաստանի Անհաղթ վկա» և «Կատարող բոլոր խնդրանքների»:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հ. Գ. -Ըստ Հայ առաքելական տոնացույցի, սուրբ Սարգսի տոնին նախորդում է սբ. Գրիգոր Լուսավորչի հաստատած հնգօրյա Առաջավորաց պահքը, որը ժողովուրդը թյուրիմացաբար համարում է սբ. Սարգսի պահք։ Այդ օրերին մեր ժողովուրդը, մանավանդ երիտասարդները, տոնի նախօրյակին աղի բլիթներ ուտելով աղոթում են, որ իրենց ապագա զույգին գտնեն։ Դա ժողովրդական սնոտի ավանդությունից է գալիս, որը ճշմարիտ հավատքի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ Աստված սիրում է բոլորին և կատարում է բարի խնդրանքները, եթե այդ մասին աղոթքները կատարվում են հավատքով։