ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Տեր-Պետրոսյանի գյումրվա թեզիսները

Տեր-Պետրոսյանի գյումրվա թեզիսները
01.07.2008 | 00:00

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՈՎ
Հունիսի 28-ին Գյումրիում Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման հանրահավաքը հետաքրքիր էր ոչ միայն այն առումով, որ բավականին բազմամարդ էր, այլև այն քաղաքական գնահատականների և շեշտադրումների տեսակետից, որ հնչեցրեց առաջին նախագահը Գյումրիի թատերական հրապարակի հարթակում։
Ելույթ ունեցած մյուս գործիչների բերած փաստարկներին անդրադառնալը տվյալ պարագայում այդքան կարևոր չէ, որովհետև առավել էական են շարժման լիդերի կողմից կատարվող շեշտադրումները։ Ինչպես և սպասելի էր, Տեր-Պետրոսյանի ելույթը եթե ոչ ամբողջությամբ, ապա հիմնականում ուղղված էր մարտի 1-ի և հետագա իրադարձությունների գնահատմանը։ Թեպետ հարկ է նշել, որ առաջին նախագահը սկսեց, այսպես ասած, սկզբից, իր իշխանությունից հեռանալուց հետո եղած իրադարձությունների վերլուծությամբ։
«1998, 2003 թթ. ընտրությունները կեղծված էին նույնքան, որքան կեղծված էին 2008-ի ընտրությունները։ Այս երեք ընտրություններում էլ ժողովրդի ձայները գողացված են, բայց 2008-ը տարբերվում է առաջին երկու ընտրություններից, որովհետև իշխանությունները ոչ միայն կեղծեցին ընտրությունները, բռնություններ գործադրեցին, այլ սրանց գումարվեց նաև մարտի 1-ի եղեռնագործությունը սեփական ժողովրդի դեմ։ Սա նոր երևույթ է՝ այդ երեք ընտրություններում այս իշխանությունների ատելության կուտակումը մեր ժողովրդի դեմ, որը նրանք արտահայտեցին կրակոցներով։ Կատարված է հրեշավոր ոճրագործություն, պատասխանատուներն իսկապես հայտնի են, բայց ոստիկանությունը և բանակը ժողովրդի վրա չեն կրակել։ Մեկ ճշտում. խոսվեց, որ այդ ոճրագործությանը մասնակցել է նաև ոստիկանությունը։ Դա այդպես չէ։ Ոստիկանությունն էլ ժողովրդի վրա չի կրակել, Ռոբերտ Քոչարյանն էր երազում այդ եղեռնագործությունը նրանց վրա բարդել։ Այսինքն՝ նա կրկնակի ստորություն է գործում։ Առաջինը՝ կրակել է, և երկրորդը՝ իր հանցանքը բարդում է ուրիշների վրա։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոստիկանությունը ժողովրդի վրա չի կրակել»։
Այս բավական անսպասելի և մինչ այժմ տեղի ունեցածի գնահատականների առումով բոլորովին նոր դիրքորոշումը Տեր-Պետրոսյանը բացատրեց հետևյալ կերպ։ Ըստ նրա, մարտի 1-ին ժողովրդի վրա կրակել են կլանային-օլիգարխիական համակարգի ենթակայության տակ գտնվող, նրա հրահանգներով գործող քրեական տարրերը։ «Այդ մարդասպանները քրեական տարրեր են, բազմիցս նախկինում դատված։ Մենք նաև գիտենք, թե որ շրջանակներից են ընտրված։ Դրանց մի մասը Ղարաբաղից են, մյուս մասը մեզ հայտնի օլիգարխների սափրագլուխներն են։ Թող վստահ լինեն, որ նրանցից ոչ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Ես ուզեցի այս ճշտումը կատարել, որպեսզի մեր ժողովրդի մեջ որևէ դժգոհություն կամ ատելություն չառաջանա դեպի մեր ոստիկանությունը, դեպի մեր բանակը։ Նրանք, այո, կատարել են հրամաններ, մահակներ գործի դնելով, բայց ժողովրդի վրա չեն կրակել»։ Ըստ Տեր-Պետրոսյանի, բանակի և ոստիկանության ծառայողների բացարձակ մեծամասնությունն այսօր կիսում են ժողովրդի մտահոգությունները։
Առաջին նախագահի պնդմամբ՝ ինքը տասնամյա լռությունից հետո վերադարձել է համակարգային փոփոխություններ իրականացնելու համար։ Թեպետ միաժամանակ չժխտեց, որ այդպիսի մտադրություն ունեցող մարդիկ կան գործող կառավարությունում։ «Հավատում եմ՝ կան մարդիկ, որ նոր ընդգրկվելով կառավարության կազմում, գուցեև ունեն ազնիվ նպատակներ. Տիգրան Սարգսյան, Էդվարդ Նալբանդյան, ևս մի երկու նախարարներ։ Բայց չեմ հավատում, որ այս մարդիկ կկարողանան որևէ գործնական քայլ անել, որովհետև համակարգը նրանց կխեղդի»։ Եվ վերջին բացահայտումը, որ, անկեղծ ասած, այնքան էլ Տեր-Պետրոսյանի օգտին չէր խոսում։ Բայց և այնպես առաջին նախագահը հայտարարեց. «Ես իշխանության չեմ ձգտում։ Ընտրություններից առաջ վճռել էի, որ նախագահ եմ մնալու 2-3 տարի, մաքրելու էի տիրող համակարգը, որից հետո իշխանությունը փոխանցելու էի ավելի երիտասարդ, եռանդուն քաղաքական գործիչների՝ Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Դավիթ Շահնազարյանին»։
Ընդդիմության հանրահավաքը վարող Սուրեն Սուրենյանցը տեղեկացրեց հանրությանը, որ ընդդիմության հաջորդ խոշոր միջոցառումը նախատեսված է հուլիսի 4-ին, Մատենադարանին հարող տարածքում։ Չի բացառվում, որ հանրահավաքներ կանցկացվեն ընդդիմությանը հարող առավել ակտիվ տարածաշրջաններում, մասնավորապես Թալինում, Հրազդանում, մի շարք այլ բնակավայրերում։

Գ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7265

Մեկնաբանություններ