Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՕՐ»

«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՕՐ»
29.06.2010 | 00:00

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ նախկին արտգործնախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
-Պարոն Արզումանյան, տարածաշրջանային զարգացումների առնչությամբ փորձագիտական կարծիքները կիսվում են, մի մասը համոզված է` իրավիճակը խիստ պայթյունավտանգ է, մյուսը` փոքր-ինչ լարված, սակայն նորմալ պրոցեսներ են. այդպես է եղել Քի ՈՒեսթից, Ռամբուեից առաջ։ Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:
-Զինադադարի ռեժիմի խախտումներ, այո, միշտ են եղել, և այդպես կլինի, քանի դեռ գտնվում ենք «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության մասին պայմանագիրը: Սակայն Չայլուի «գործողության» արտառոցությունն այն էր, որ մենք բավականին թվով զոհեր տվեցինք` երիտասարդ հայորդիներ կորցրինք, ուստի անչափ կարևոր է, որ դեպքի հետ կապված իրականացվի թափանցիկ հետաքննություն` պարզելու, թե ինչն էր պատճառը, որ դիվերսիոն խումբը կարողացավ այդպես անխափան անցնել ԼՂ բանակի կողմից վերահսկվող տարածք:
-Ինչ-ինչ կասկածնե՞ր ունեք:
-«Կոնսպիրացիաների» տեսության կողմնակից չեմ, քիչ առաջ Դուք նշեցիք Եվրոպական հայկական ֆորումի հայտարարությունը, ուր ինչ-ինչ «տեղեկություն» է հաղորդվում զորքերի տեղակայման, «համաձայնեցված» պատերազմի մասին: Պարզապես ֆոնն է նման վարկածների համար պարարտ հող հանդիսանում: Իրոք, Չայլուի մերձակայքում արտառոց դեպք է տեղի ունեցել, որին հետևեցին զինադադարի ռեժիմի խախտման հարյուրավոր դեպքեր, դրան զուգահեռ բոլոր միջազգային կառույցները, շահագրգիռ կողմերը շատ չեզոք հայտարարություններով բավարարվեցին, դա է մտորումների տեղիք տալիս: Ընդհանուր կոնցեպցիան միշտ եղել է հետևյալը. ռեժիմը խախտվել է, կողմերը միմյանց են մեղադրել, միջնորդներն էլ չեզոք հայտարարություններ են արել, և վերջ: Այս անգամ ակնհայտ է` ներխուժում է տեղի ունեցել, գործողությունները և զոհերը գտնվում են այն տարածքում, որը գտնվում է ԼՂ բանակի վերահսկողության ներքո, ասել է` ակնհայտ է հրահրիչը, ինչի մասին ոչ ոք չի ցանկանում խոսել:
-Իսկ ի՞նչ եք կարծում, այսպիսի պայթյունավտանգ տարածաշրջանում հնարավո՞ր է լոկալ բլիցկրիգ, որպեսզի ռազմական գործողությունների վերսկսումը հանգեցնի խաղաղ դաշնագրի ստորագրման:
-Ես չեմ բացառում որևէ բան: Ընդ որում, խաղաղ պայմանագրեր կնքվել են հենց այդ կարգի` պատերազմական իրավիճակներում: Մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ վերջին 12 տարիներին իրականացված արտաքին քաղաքականության իմիտացիոն, փակուղի մտած գործընթացների հետևանքն է այն, ինչ ունենք այսօր, ինչ անում է այսօր Ադրբեջանը` բոլոր ուղղություններով:
-Իսկ որքանո՞վ եք հնարավոր համարում խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում և ի՞նչ կազմով:
-Գիտե՞ք, ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ բոլորին թվում է, թե բոլոր խնդիրները ծագել են հենց այսօր. այդ հարցերը ծագել են 1994 թ. մայիսի 13-ին` զինադադարի ստորագրման հաջորդ օրն իսկ: Մշտապես քննարկվել է, որ եթե լինի խաղաղ պայմանագիր, եթե լինեն ինչ-ինչ համաձայնություններ, ապա պետք է անպայման խաղաղապահ զորքեր կանգնեցնել սահմանի վրա: Ինչ վերաբերում է խաղաղապահների կազմին, ապա նույնպես բազմաթիվ քննարկումներ են եղել: Գիտենք հիմնական դերակատարների դիրքորոշումները, վերջիններս շտապեցին վերահաստատել իրենց մոտեցումները: Իր դիրքորոշումն արտահայտեց նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի դեսպանն անմիջապես հայտարարեց, որ անընդունելի է ամերիկյան զինուժի առկայությունն այս տարածաշրջանում:
-Իրանը Ռուսաստանի խաղաղապահների առկայությանը կհամաձայնի՞: Ինչու եմ հարցնում, որովհետև Իրանի համար ամենաձեռնտուն ստատուս քվոյի պահպանումն է:
-Իրանի համար, անշուշտ, նախընտրելի է ռուսական զորքի ներկայությունը, սակայն հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղադրման համար ոչ թե Իրանի համաձայնությունն է կարևոր, այլ Ադրբեջանի: Նույն վերջին տարիներին որևէ առաջխաղացում չի եղել այն պատճառով, որ Ռուսաստանը շահագրգիռ չի եղել խնդրի լուծմամբ, Ադրբեջանն էլ մշտապես դեմ է հանդես եկել ռուսական խաղաղապահական առաքելությանը:
-Իսկ հիմա՞:
-Այսօր արդեն խնդիրը պետք է դիտարկել առավել լայն սպեկտրով, և պետք է այն դիտարկել որպես Ռուսաստանի` տարածաշրջանային քաղաքականության ենթահարցերից մեկը: Այն մտահոգությունները, որ մենք հայտնել ենք, բնականաբար, ուժի մեջ են. այն է` Ռոբերտ Քոչարյանի օրոք ԼՂ-ն դուրս մնաց խաղաղ գործընթացից, հիմա Հայաստանն է դուրս մնում գործընթացից:
-Իսկ ի՞նչ եք կարծում` կպայմանավորվե՞ն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ղարաբաղի, և իհարկե, խաղաղապահների կազմի շուրջ:
-Խնդիրն այն չէ` կպայմանավորվե՞ն, թե՞ ոչ։ Մտահոգիչն այն է, որ մենք ապրում և համակերպվում ենք մի իրավիճակի հետ, երբ մեր ազգային շահն ու կարևորագույն խնդիրները քննարկում են երրորդ կողմերը` առանց մեր մասնակցության:
-«Մասնակցության» ի՞նչ այլ ձև կա. համապատասխան հայտարարություններն արվում են, զիջումներ` տեսանելի, չկան, խոսվում է ընդհուպ Բաքու-Ջեյհանի «բարիքների», «անընդունելի վնասների» մասին: ՈՒզում եմ ասել, որ Հայաստանը դեռևս նորմալ մանևրում է:
-Ցանկացած երկրի իշխանության կարևորագույն գործառույթներից մեկն էլ հենց մանևրելն է, և դա մի մեծ ձեռքբերում չէ: Իհարկե, պետք է արվեն հայտարարություններ. Ադրբեջանն էլ է ցանկացած հայտարարություն անում: Մենք բազմիցս ենք ասել. ուժերի հարաբերակցությունն է լոկ, որ հնարավորություն է տալիս պահպանելու ստատուս քվոն, քանի որ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ դեռևս հարցը լուծելու ռազմական ճանապարհով: Այն պահին, երբ Ադրբեջանը կհամոզվի, որ ի վիճակի է հարցը ռազմական ճանապարհով լուծելու, չի հապաղի:
-Ստացվում է, որ ստատուս քվոն դեռ երկար կշարունակվի:
-Այնքան ժամանակ, քանի դեռ ուժերի հարաբերակցությունը չի խախտվել հօգուտ Ադրբեջանի: Չի բացառվում, որ այլ երկրների շահերի համընկնման պարագայում Հայաստանը պարտադրված լինի գնալու որևէ լուծման, որը մեզ համար անընդունելի կլինի:
-Հակառակը բացառո՞ւմ եք:
-Ի՞նչ ասել է` հակառակը:
-Դե, հիմա խոսվում է նոր «օսերի»` Գերմանիա-Ֆրանսիա-Լեհաստան-Ռուսաստանի մասին, որի մեջ ներառվում է նաև Հայաստանը: Նույնը` Արևելքի կողմից խոսվում է Իսրայել-Քրդական Ինքնավարություն-Հայաստան հնարավոր «խաղատախտակի» մասին:
-Գուցե և կան քաղաքագետներ, ովքեր վերլուծություններ են կատարում և գրում այս կամ այն «օսի» մասին: Դրանով հարցերը չեն լուծվելու, որովհետև կան ռեալ քաղաքականություն և ռեալ իրավիճակ: Կա Ռուսաստան-Հայաստան մերձեցման, հարաբերությունների զարգացումների կոնտեքստում Հայաստանի հնարավոր «մանրադրամ» լինելու հեռանկարը: Սրանից պետք է խոսել, այսինքն` իրականությունից, որ է` Հայաստանը խաղից դուրս է մնացել, և նրան որպես «պարտնյոր» չեն ընդունում, Հայաստանի իշխանությունն էլ պատրաստ է գնալու ամեն զիջման, որ պահի իշխանությունը, որովհետև լեգիտիմ չէ: Իսկ այս ամենից դուրս գալու ուղին հրաժարական տալն է, որով հնարավորություն կտրվի ժողովրդին ընտրելու օրինական իշխանություն, և ունենալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի քվեն և ԼՂ վստահությունը` նա պատրաստ կլինի բանակցությունները շարունակելու Հայաստանի շահերին համապատասխան:
-Եվ այնուհանդերձ, պարոն Արզումանյան, եթե դու «պարտնյոր» չես, ինչպե՞ս է լինում, որ Մերկելին ես հանդիպում, Սարկոզիին, Օբամային... չէ՞ որ մինչ այժմ այդպես չի եղել:
-Համաձայն չեմ Ձեզ հետ. սովորական, աշխատանքային ռեժիմով հանդիպումներ են, ինչպես ցանկացած երկրում: Օբամայի հետ ի՞նչ հանդիպում է եղել. Օբամայի հետ Սերժ Սարգսյանը հանդիպել է ինչ-որ միջազգային ֆորումի «կուլուարներում»:
-Նույն «կուլուարային» հանդիպմանն ու «միջոցառմանը» Ադրբեջանի նախագահի մասնակցությունն անհարկի էր դիտվել: Գեյթսին էլ Ադրբեջանի նախագահը ճաշի չհրավիրեց...
-Այդ ամենը շղարշ է` ով ում է հրավիրել ճաշի, դա քաղաքականություն չէ, ինձ հետաքրքրում են կոնկրետ գործողությունները: Այս տարածաշրջանը պայթյունավտանգ է, քանի դեռ կոնֆլիկտները չեն լուծվել: Սա է իրական պատկերը: Տարածաշրջանում կենտրոնացված են երկրներ, որոնք միմյանց հետ խնդիրներ ու շահեր ունեն: Դիցուք, Իրանի այսօրվա հռետորաբանությունը. այն ոչ թե Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններով է պայմանավորված, այլ կոնկրետ շահերով։
-Լավ, եկեք պատկերացնենք հետևյալ հիպոթետիկ սցենարը. Սերժ Սարգսյանը «հրաժարական» է տվել, եկել է նոր իշխանություն, էդ նոր իշխանությունը ո՞նց է լուծելու Ղարաբաղի հարցը: Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետև Դուք հենց այն արտգործնախարարն եք, որը Ղարաբաղի խնդրով Տեր-Պետրոսյանի հետ հրաժարական տվեց` «թշնամի միջազգային հանրության»` մեզ «մանրադրամ» դարձնելու զարգացումների, պարտադրանքների արդյունքում:
-Նախ` կտրականապես Ձեր որևէ ասածի հետ համաձայն չլինելով, բոլոր դեպքերում ասեմ` իրավիճակները բոլորովին անհամեմատելի են: Խոսում ենք 2010 թ. հունիսի մասին. այսօրվա իրողություններից խոսենք. թե չէ կարելի է վերհիշել անգամ Վարդանանց պատերազմը: «Եթե»-ներով որևէ քաղաքական գործիչ երբ սկսում է խոսել, ապա պետք է կասկածել այդ քաղաքական գործչի քաղաքական հասունության վրա: «Եթե»-ներով ես երբեք չեմ խոսում, այլ մատնանշում եմ ընդամենը մեխանիզմներից անհրաժեշտը, որը պետք է իրականացնել այս վիճակից դուրս գալու համար. կընտրի՞ ժողովուրդը նոր իշխանություն, ժողովուրդն արդեն իր ընտրած իշխանության հետ կքննարկի, և իշխանությունը կորդեգրի այն քաղաքականությունը, որը լիազորել է ժողովուրդը: Կկարողանա՞ իշխանությունն իրականացնել այդ խնդիրը, փա՜ռք Աստծո, չի՞ կարողանա, ժողովուրդն էլի կփոխի իշխանությունը. ժողովուրդը պետք է ունենա մեխանիզմ` ձևավորելու ու մասնակցելու իշխանության իրացմանը:
-Ինչքա՞ն պետք է իշխանություն փոխենք, որպեսզի ի վիճակի լինենք «թշնամի միջազգային հանրության» դեմ կանգնելու Ղարաբաղի այս ծանր հարցը լուծելու համար:
-Այդ միայն հայ ժողովրդին է արդեն հազարամյակներ թվում, թե միջազգային հանրությունը թշնամի է...
-Կներեք, ես ցիտում էի Լևոն Տեր-Պետրոսյանի` «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը:
-Հասկանում եմ: Իսկ ես ընդհանուր գնահատական եմ տալիս և թշնամի չեմ համարում ոչ մեկին: Միջազգային հանրությունը նպատակ չի դրել (և ես ուզում եմ, որ դա մենք քաջ գիտակցենք. մենք հաճախ սրան-նրան դաս ենք տալիս, թե ով, ինչպես պետք է արտաքին քաղաքականություն վարի) Հայաստանին վնասելու. յուրաքանչուր պետություն առաջնորդվում է իր ազգային շահերով, այդ ազգային շահը համընկնո՞ւմ է Հայաստանի շահերին, շատ բարի, այդ պետության հետ մենք ընդհանուր խնդիրներ ենք լուծում, հակասո՞ւմ է, ապա փնտրում ենք մեկ այլ երկիր, որի հետ այդ հակասությունը կփոքրացնենք ու կմեղմացնենք: Եվ այդ առումով այսօրվա թվացյալ հակառակորդ պետությունը վաղվա կարևորագույն պարտնյորն է, և հակառակը. ոչինչ քաղաքականության մեջ չի կարելի բացառել:
-Պարզ է։ Եվ վերջում, պարոն Արզումանյան, պատրաստվո՞ւմ եք դառնալ ՀՀՇ լիդեր:
-Նման քննարկումներ ՀՀՇ-ում չկան և չեն էլ կարող լինել այս պահին: ՀՀՇ-ն պատրաստվում է համագումարի. համագումարը կընտրի վարչություն, վերջինս էլ իր կազմից կընտրի վարչության նախագահ: Վարչության անդամ լինել-չլինելու հարցը ես դեռ չեմ որոշել: Համագումարի օրերին կորոշեմ, հավանաբար. կտեսնեմ` առաջադրվե՞մ, թե՞ ոչ:
-Ինչի՞ց է կախված Ձեր որոշումը, պարոն Արզումանյան:
-Ինքս հոժարակամ չեմ ընդգրկվել գործող վարչությունում, որովհետև որոշել էի ակտիվ կուսակցական գործունեությամբ չզբաղվել: Հնարավոր է` այս իրավիճակում վերանայեմ այդ մոտեցումը. պետք է քննարկեմ այդ խնդիրը ՀՀՇ-ի իմ բոլոր ընկերների հետ, միասին որոշենք, թե ինչպես ենք տեսնում ՀՀՇ-ի ապագա զարգացումները:
-Ձեզ տեսնո՞ւմ եք ՀՀՇ լիդերի դերում. որ եղել եք նաև:
-Դե, հարցն արդեն ինքնին անիմաստ է, եթե եղել եմ...
-ՈՒրեմն` «տեսնում եմ»:
-Ես չեմ «տեսնում», իմ ընկերներն են տեսնում, ավելի ստույգ` մի անգամ տեսել են:
-Էլ ո՞ւմ եք տեսնում` «մի անգամ»:
-Բոլորին. ցանկացած ՀՀՇ անդամ, որն առաջադրվում է վարչության անդամ, կարող է ՀՀՇ լիդերի քվե ստանալ. Արարատ Զուրաբյանը... նրանից սկսած, ավարտած ցանկացած ՀՀՇ-ականով:
-Ինչ-որ բա՞ն եք ակնարկում։
-Ոչ, որևէ բան չեմ ակնարկում. ՀՀՇ-ում այսօր որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, որ ինչ-որ բան էլ ակնարկեմ. ընդամենը ներքին մթնոլորտից ելնելով, ինչպես Արարատ Զուրաբյանն է ասել, ինքը հրաժարական է տվել: Այդքանը: Եվ հետո ասեմ նաև, որ այս պահին ես ընդգրկված չեմ ՀՀՇ որևէ ղեկավար կառույցում և կոռեկտ չէ որևէ բան մեկնաբանել, չնայած Արարատ Զուրաբյանը շատ հստակ պատասխանել է այդ հարցին:
-Բոլոր դեպքերում, չե՞ք բացառում, որ Արարատ Զուրաբյանը կրկին կդառնա ՀՀՇ նախագահ:
-Իհարկե, չեմ բացառում, ինչպե՞ս կարող եմ բացառել. կուսակցությունն ընտանիքի պես բան է` հազար ու մի հարցեր կարող են լինել, թյուրիմացութուններ, տարընթերցումներ, որոնք հարթվում-գնում են, մանավանդ որ կուսակցությունը եղել է և կա Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, եղել է ՀԱԿ-ի հիմնական դերակատարներից մեկը:
-Վանոն վարչությունո՞ւմ է:
-Այո, Վանո Սիրադեղյանը մշտապես ընտրվել է վարչության անդամ` բոլոր համագումարներում:
-Պարզ է:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ