20-րդ դարի լավագույն տենորների` Պերտիլեի, Բյոռլինգի, Պավարոտիի, Դոմինգոյի շարքում տասնամյակներով հաստատված ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ անզուգական երգարվեստի մասին այսօր կարելի է պատկերացում կազմել, ցավոք, «Պիկովայա դամա», «Պատերազմ և խաղաղություն», «Սադկո», «Ալմաստ», «Նորմա» ֆիլմ-օպերաներով միայն։ 35 տարի առաջ մեր օպերայինում Էդգարի գլխավոր դերերգով (Դոնիցետի, «Լյուչիա դը Լամերմուր») կայացած փայլուն դեբյուտի օրը` մարտի 30-ին, նախաձեռնված ծննդյան 60-րդ տարեդարձը նշանավորող հանդիսության նախօրեին Լիտվայի վաստակավոր և Հայաստանի ժողովրդական արտիստի հետ ծավալած մտերմիկ զրույցում երգարվեստի երկրպագուների համար փորձում ենք պարզել դեռևս պահպանվող ինքնատիպ ձայնի հրապարակային լռության իրական դրդապատճառները` հընթացս ուրվագծելով մեր ազգային օպերային թատրոնի ներկա համապատկերը նրա վերջին գեղարվեստական ղեկավարի գեղագիտական առաջնորդության 8-ամյա փորձառության վերարժևորմամբ։
«ՎԱՂՕՐՈՔ ԳԻՏԵԻ, ԹԵ ԻՆՉ ՄՐՑԱՆԱԿԻ ԿԱՐՈՂ ԵՄ ՀԱՎԱԿՆԵԼ»
-Արտիստական փառահեղ 40-ամյա տարեգրության կենսական արմատները, ըստ Ձեզ, ապրած 60 տարիների բարձունքից, որտե՞ղ են մխրճված։
-Երևի ծառայողների մեր ընտանիքում։ Լինելով ինժեներներ` ծնողներս արվեստին շատ մոտ են կանգնած եղել. մայրս հրաշալի նկարչուհի էր...
-Ինքնո՞ւս։
-Այո, քեռիս էլ լավ էր նկարում։
-Այսինքն, Ձեզանում կերպարվեստի հակումներ էլ կարող էին ի հայտ գալ։
-Որոշակիորեն հետագայում դրսևորվեցին, բայց գերիշխողը, փաստորեն, հորս երաժշտական բնատուր շնորհները եղան։ Նրա չիրագործված երազանքին հասնելու մղումով էլ սկսեցի ջութակ նվագել։ 6-7 տարեկանից օպերային արվեստի սիրով համակվեցի, որովհետև ուսուցիչս` Շավարշ Բաղդասարյանը, նվագախմբի ջութակահարներից էր ու ինձ միշտ հետը թատրոն էր բերում։
-Ինձ հանդիպած երրորդ աշխարհահռչակ օպերային երգիչն եք, որը ջութակ նվագելուց անցել է երգելուն։
-Աղեղնալարայիններին ավելի մոտ է մարդկային ձայնալարերի հնչողությունը։ Դաշնակահարը չի կարող ջութակահարի նման լեգատոներ երգել։
-Ե՞րբ հայտնաբերվեց Ձեր ձայնը։
-Դեռ մանկուց։ Հորս նման փոքր, բայց տպավորիչ ձայնով երգում էի Ռոմանոս Մելիքյանի «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ» ռոմանսը։ Դասական արժեքների հանդեպ հորս պատվաստած սիրով եմ մինչ օրս անճաշակությանն ընդդիմանում։
-Ձեր օրինակով մեկ անգամ ևս հստակվում է փորձարկված ուղին ոչ միայն օպերային արվեստի, այլև առհասարակ բարձր մշակույթի նկատմամբ հանրությանը սեր պատվաստելու. լայն մտահորիզոն ունեցող ծնողների խելամիտ հետևողականություն, գործող պաշտոնական հանրակրթական և գեղագիտական համակողմանի դաստիարակության արդյունավետ քաղաքականություն։
-Խնամվող պարտեզում են միայն լավ պտուղներ հասունանում։ Հիմա է, որ հոտում ու ճիճվոտում են։ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում մասնագիտական առաջին իսկ քայլերից որոշակի պատկերացում էինք սկսում կազմել արվեստի բոլոր ոլորտներից։ Ճշգրտում էինք մեր կարողության սահմանները։ ՈՒսումնարանի երկրորդ կուրսում խմբավարությունը համատեղեցի վոկալի հետ։ Արդեն հանրապետական և անդրկովկասյան մրցույթների դափնեկիր էի։
-Տրամաբանական շարունակությունը, պարզ է, կոնսերվատորիան պիտի լիներ։
-Առանձնապես անելիք չունեի, պատկերացրեք, քանի որ նույն ուսուցչի` ժողովրդական արտիստ Սերգեյ Դանիելյանի մոտ էի։ Միասին էլ կայացման ամենակարևոր ուղին ընտրեցինք` սկսեցի շատ երգել։ Շրջագայում էի նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում։ 1982-ին արդեն Արևմտյան Բեռլինում էի երգում։
-ՈՒնեի՞ք ընդօրինակման արժանի երգիչ-երգչուհիներ։
-Երբեք չեմ ձգտել որևէ մեկին նմանակել։ Ինձ հոգեհարազատ գագաթներ են եղել Բյոռլինգը, Կարուզոն, Պերտիլեն, Ջիլին։
-Երևանում ծնված-մեծացած լինելով` ինչպե՞ս դարձաք Լիտվայի վաստակավոր արտիստ։ Անձնական-ընտանեկան հանգամանքների բերումո՞վ։
-Ոչ միայն։ Եթե Վիլնյուսն էլ չլիներ, միևնույն է, ընդարձակելու էի բեմատարածքս։ Հնարավոր չէ արտիստի լիարժեքացումը, եթե միևնույն տեղում է մնում։ Մինչ Լա Սկալայում վերապատրաստվելը համերգներում, ներկայացումներում էի երգում։ Մենելույթներ էի ունենում Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Լենինգրադում։ Երկար տարիներ պարտադիր համերգային ծրագրերում կայի արտասահմանյան հռչակավոր երգիչների. իրենք էին իմ մասնակցության հայտը ներկայացնում։
-Համաշխարհային մեծ ճանաչում գտել եք Վալերի Գերգիևի թեթև ձեռքո՞վ։
-Դա էլ է իր դերն ունեցել, բայց նրա գլխավոր դիրիժոր նշանակվելուց հետո ինքս եմ կարևոր արտիստներ համախմբել Մարիինյան թատրոնում։ Արդեն ճանաչված երգիչ էի, վստահելի ուժ։ Նրանց հետ շրջագայելով` իմ հանրահռչակման մասշտաբներն էլ մեծացան։
-Միջազգային մրցույթներում բազմաթիվ հաղթանակներից որո՞նք եք կարևորում Ձեր կայացման տեսակետից` Գլինկայի՞նը, Չայկովսկո՞ւնը, թե՞ ամենաառաջինը` Սպենդիարյանի անվան հանրապետականը։
-Փորձառությունից բացի, ուրիշ ոչինչ չեն տալիս մրցույթները։ Հիշարժան է, իհարկե, Սպենդիարյանի 100-ամյակի առիթով անցկացվածը։ Ցանկացած մրցույթ երգչի մեջ քննական արտակարգ հոգեվիճակը հաղթահարելու կամք է դաստիարակում, բեմական վստահություն։ Երբ Չայկովսկու անվան մրցույթին էի մասնակցում, Լիտվայի վաստակավոր արտիստ էի։
-Այդուհանդերձ, դրանք օգնում են տաղանդներ բացահայտելուն, չէ՞։
-Երևի։ Խորհրդային ժամանակներում հրաշալի գիտեին տարբեր տարիքի շնորհալիներին, հետևում էին նրանց աճին։ Ես, օրինակ, վաղօրոք գիտեի, թե ինչ մրցանակի կարող եմ հավակնել։ Տարբեր թատրոններում երգում էի, կարիք չունեի մրցույթներում իմ մասին շեփորելու։
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԾՆՈՒՆԴՆ ԷՐ»
-Հավասարապես սիրելի ու անմոռաց 64 դերերգից որո՞նք կընդգրկեիք Ձեր ոսկե խաղացանկում։
-Յուրաքանչյուրն իր ժամանակաշրջանի ծնունդն էր` Հերցոգը, Գերմանը, Պինկերտոնը, Կանիոն, Դոն Կառլոսը։ Բոլորը չես թվարկի։ Իմ կատարումներում առանձնահատուկը նույնիսկ անվանի տենորների կողմից դժվարությամբ հաղթահարվող դերերգերի անթերի մատուցումն է եղել։ Ինչպես, ասենք, Վերդիի «Ճակատագրի ուժը», Չայկովսկու «Պիկովայա դաման»։ Երևի Ռադամես էլ ավելի լավ ոչ ոք չի երգել։
-Անկեղծ ասած, չեմ հիշում Ձեր Ռադամեսը։
-Մեր թատրոնում չեմ էլ երգել։ Առաջինը Հռոմի «Կարակալա» փառատոնում եմ կատարել, առանց որևէ փորձ անելու։ Շատ-շատ եմ երգել մեծանուն երգիչների հետ կողք կողքի, հարյուրավոր ներկայացումներ` Ֆիլիպովա, Միրելո Ֆրենի, Գյաուրով, Լեո Նուչի, Գուելֆի, Խվորոստովսկի, Սկանդիուցի, Բուրչուլաձե, Դոմինգո, Պավարոտի։
-Եթե հնարավորություն ընձեռվեր, ասենք, Ձեր 60-ամյակը փառահեղ նշանավորելու, ի՞նչ և ո՞ւմ կընտրեիք բենեֆիսային հրավառությունն ապահովելու նկատառմամբ։
-Չեմ էլ մտածել։ Չէ՞ որ մերն էլ մկանների մշտական մարզումների հետ է կապված։ Ինչպե՞ս, օրինակ, 40-50 տարեկան աշխարհահռչակ մի ֆուտբոլիստ հանպատրաստից, առանց առկա ներուժը հաշվի առնելու, հաղթական խաղադաշտ կմտնի։ Իմ այս տարիքում ու մարզավիճակում ի՞նչ կկարողանայի Ձեր ակնկալածին ու իմ դափնիներին համարժեք մատուցել, չգիտեմ։ «Օթելլո» կարելի էր ներկայացնել, «Դոն Կառլոս», բայց ոչ «Ռիգոլետո» կամ «Բոհեմ»։
-Լիովին կարդում եմ Ձեր տրամադրության տխուր ենթատեքստը. խոցոտված հոգում մարմրում են արվեստի կրակները։ Երգիչ-երգչուհիները, որոնց վաղուց ի վեր կատարողական վարպետության դասեր եք տալիս, միաձայն վկայում են բոլորի դերերգերն անթերի ներկայացնելու Ձեր անզուգական վարպետության մասին։ Մի պահ անտեսենք Ձեր երգը խզած տհաճ իրողությունները։ Ամեն դեպքում, ավելորդ շռայլություն չէր լինի Միլանից Հռոմ, Ֆլորենցիայից Վերդիի հայրենի Բուսետո զրնգուն հնչողությունն ուժգնացրած Ձեր ստեղծագործական տարեգրության հոբելյանահանդիսության առիթով իսկապես աստղային ներկայացում բեմ բարձրացնել։ Զորօրինակ, «Օթելլո» են ձեռնարկում, ո՞ւմ կընտրեիք Դեզդեմոնա։
-Միայն աղջկաս` Հասմիկին, սքանչելի սոպրանո և ընտիր դերասանուհի։ Գերմանիայում է հիմա, «Կոմիշ-օպերայում» «Ջրահարս» է երգում։ Այս օրերին Լիտվայում Տատյանայի («Եվգենի Օնեգին») պրեմիերան եղավ։ Մի անգամ մեզ մոտ «Անուշ» երգեց. երեք օրում սովորեցինք, մինչդեռ ուրիշներին 6 ամսում չես կարողանում սովորեցնել։
«ՔԱՂԱՔՆԵՐ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ ԲԵՄԻ ՎՐԱ, ՈՐՈՆՔ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՔԱՆԴՎՈՒՄ-ՀԱՎԱՔՎՈՒՄ»
-Խոսենք Ձեր ներկա կարգավիճակից։ Եթե չեմ սխալվում, Լա Սկալայում շքեղ կենսագրություն էիք կերտում, երբ համաձայնեցիք Երևանի օպերայինի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել։
-Ռոբերտ Քոչարյանը հրավիրեց։
-Զոհեցիք փայլուն կարիերան Ձեր մայր բեմի գեղագիտական առաջնորդությանն ու շուտով դադարեցիք երգել։
-Սկզբում երբեմն գնում-երգում էի։ Հետո սկսեցի հոգնել։ Բացի ստեղծագործելուց, հազար ու մի հոգս էի հոգում. դժվար տարիներին ներկայացումներ էինք բեմադրում, գումար էի հայթայթում, իմ միջոցներից տրամադրում դրանց իրականացման համար։ Պետությունը ո՛չ «Անուշ»-ին, ո՛չ «Կարմեն»-ին, ո՛չ «Գայանե»-ին, ո՛չ «Ալեկո»-ին հատկացումներ չի արել։
-Շատ հազվադեպ են խաղարկվում։ Միայն «Անուշն» ու «Արշակն» են, կարծես, պահպանվել։
-Բոլորն էլ կարելի է խաղարկել, չեն դնում պարզապես։ «Աիդան» խանգարեց, «Սպարտակը», «Սայաթ-Նովան»։ Քաղաքներ են սարքում բեմի վրա, որոնք դժվարությամբ են քանդվում-հավաքվում։ Թատրոնն ի՛նքը պիտի ընտրի իրեն նպատակահարմար գործերը, ոչ թե «դրսի» կամքին ենթարկվի ու կասեցնի աշխատանքային կանոնավոր ռիթմը։ Բարսելոնի «Աիդայի» ամբողջ ձևավորումը մի ճամպրուկի մեջ կարելի էր տեղավորել, բայց երբ տեղադրում էին, հրաշալի հեռանկարային պատկեր էր բեմը ստանում։ Մենք հմուտ թատերանկարիչներ էլ չունենք։ Հսկայական գումարներ են ծախսվում դեկորների վրա միայն։ Լավ կլիներ որակյալ ներկերին ու հագուստին տրամադրեին, ավելի դինամիկ ու շքեղ նոր ներկայացումներ բեմ բարձրացնեին, որպեսզի խաղացանկայիններն էլ փորձելու ու շրջանառելու հնարավորություն ունենայինք։ Հիմա, օրինակ, «Դավիթ Բեկ» ունենք, հիանալի ներկայացում է, բայց ո՞նց դնենք։ Գիտե՞ք, թե քանի փորձ է հարկավոր։
-Վերաբեմադրելու կարիք ունեն առաջնախաղի կարգավիճակից դուրս չբերված և երկար չխաղարկված ներկայացումները։ Իմ տպավորությամբ` «Դավիթ Բեկը» պատեհ առիթ դարձավ գեղարվեստական ղեկավարի պաշտոնից Ձեզ ազատելու։
-Դեռ չգիտեին, թե ինչ եմ անելու, 6 ամիս առաջ ստորջրյա հոսանքներ էին բխեցնում, հակաստեղծագործական կրքեր բորբոքում։ Թողեցի-գնացի։
-«Վերևների» հեռահար նպատակը պարզ դարձավ, երբ սրվեց բացահայտ պայքարը նաև Վահե Շահվերդյանի դեմ։ Ըստ էության, անձնավորված պայքարը միտում ուներ արդարացնելու ազգային երկու թատրոնների «հավերժ ժամանակավոր» գեղագիտական գլխատումը։ Գրիգորյանով ու Շահվերդյանով «միագիծ լճացման հասցված» ստեղծագործական նկարագրերը գունեղացնելու անվան տակ անղեկ տարուբերումների մատնեցին անորոշության ջրերում լողալուն անվարժ, առանց այդ էլ թատերական կենսակերպին ցավալիորեն բնորոշ անառողջ հարաբերություններից թուլացած ստեղծագործական խմբերին։
-Ընդամենը 4 բեմադրություն եմ արել։ «Ալեկոն» էլ է հրավիրված ռեժիսոր արել (Էրիկ Գաբիդով), «Կարմենն» էլ (Արմեն Մելիքսեթյան), «Նորման» էլ (Բորիս Հայրապետյան)։ Ի դեպ, Գաբիդովի վարձատրությունն այդպես էլ կիսատ մնաց։ Նրա «Աիդան» Մոսկվայի Մեծ թատրոնում մի չնաշխարհիկ ներկայացում է։
«ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻՆ ԷԼ, ՉԷ՞, ԴԵՐԱՍԱՆ Է ԵՂԵԼ»
-Հանրության հավաքական կարծիքով` խոցելի էին Ձեր բեմադրությունները։ Մեծ փորձառությամբ արտիստը տեսնում է բեմադրության պատկերն իր դերերգի պրիզմայով, բայց գրեթե միշտ անհամասեռ է լինում ամբողջական ներկայացումը։ Ամեն դեպքում, տարբեր են ռեժիսորի և դերասանի մասնագիտությունները։ Չէ՞ որ ռեժիսորական արվեստի արհեստին լիովին չի տիրապետում։
-Լավ արտիստը միշտ էլ լավ ռեժիսոր է լինում, մանավանդ օպերայում։ Լոս Անջելեսում, օրինակ, Դոմինգոն էր երգում «Պիկովայա դամա», երբ ինձ վստահեց բեմադրությունը, քանի որ ինքը չգիտեր գործը։ Հետո ամիսներով անձամբ էր փորձում։ Շրջենք աշխարհի ամենահեղինակավոր թատրոններով։ Կտեսնեք, որ ամենավարպետ գլխավոր ռեժիսորները նախկին անվանի դերասաններ են։ Ստանիսլավսկին էլ, չէ՞, դերասան է եղել։ Ռեժիսորը նա է, ով նկատում է իր շուրջը կատարվող ամեն ինչ։
-Եթե նույնիսկ ինքը զբաղվա՞ծ է ներկայացման մեջ։
-Աշխատում է մի ռեժիսորի հետ, նրա դերն ուրիշն էլ է կատարում, ապա միայն ինքն է խաղում. ընդամենը հարկավոր է մեկ ուրիշին տեսնել իր դերում բեմի վրա։ Լոս Անջելեսի «Պիկովայա դամա»-ի մի շարք տեսարանների բեմավորումն էլ ինձ են վստահել։ «Մետրոպոլիտենում» նույն օպերան Մշչինսկին էր բեմադրում, երբ զորամասի տեսարանը ես արեցի։
-Վերջին ամբողջական ներկայացումը ե՞րբ եք երգել։
-Մոտ երկու տարի առաջ, Չեխիայում «Պայացներ» (Կանիո) երգեցի` Պետեր Դվորսկու միջազգային փառատոնում, հետո Պիտերում Գոլիցին` «Խովանշչինա»-ում, որով նաև երեք ներկայացում տվեցինք Լոնդոնում։ Ավելի վաղ «Մետրոպոլիտենում» 12 ներկայացում Պիեռ Բեզուխով երգեցի («Պատերազմ և խաղաղություն»)։
-Հայաստանում Ձեր վերջին դերե՞րգը։
-Տիրիթ` «Արշակ Երկրորդ»-ում, միայն պրեմիերան։ Ֆիլհարմոնիկում մի երկու անգամ Կանիո երգեցի (ծանր օրեր էին, մորս նոր էի կորցրել)։
-Եվ կերպարային առինքնող անկեղծությամբ Ձեր ձայնին հաղորդակցվելու մենաշնորհն անցավ նկարահանված մի շարք ֆիլմ-օպերաներին։
-Գուցե Սայաթ-Նովա երգեի, բայց քարկոծումներից ցանկությունս իսպառ մեռավ։ Աղջկաս հետ «Օթելլո»-ից զուգերգ եմ ծրագրել մեծարման երեկոյում, գուցե ինչ-որ բան էլ։ ՈՒզում եմ, որ ավելի շատ շնորհալի սաներս հանդես գան։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Հ. Գ. -Արդի օպերային երգարվեստի շուրջ զրույցը Գեղամ Գրիգորյանի հետ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։