Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԵԼՈՒ ԵՆ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ ՏՆԱԿՆԵՐԸ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԱՀԱՆՎԵԼՈՒ ԵՆ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ ՏՆԱԿՆԵՐԸ
11.02.2011 | 00:00

Այս օրերին Շիրակի մարզային հեռուստաընկերություններով հեռարձակվող Գյումրու քաղաքապետարանի հայտարարության համաձայն` մինչև սույն թվականի փետրվարի 28-ը «Մուշ-2» թաղամասում 2010 թվականին բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են տեղահանել իրենց ժամանակավոր կացարանները: Հակառակ դեպքում քաղաքապետարանը սպառնում է փետրվարի 28-ից հետո սեփական միջոցներով տեղահանել տնակները` առանց հաշվի նստելու տվյալ կացարանները տնօրինողների հետ:
Այս հայտարարությունն իրարանցում է առաջացրել հատկապես բազմանդամ այն անօթևան ընտանիքներում, որոնք 6 և ավելի անձով ստացել են մեկ կամ երկսենյականոց բնակարաններ: Նրանց մի մասը երկար տարիներ բնակվել է երկու կամ երեք տնակներում և ներկայումս պատրաստվում է տեղահանել միայն տնակներից մեկը:
Խնդիրն այն է, որ երկրաշարժից 23 տարի անց աղետի գոտու անօթևան ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. և՛ անդամների թիվն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ստեղծվել: ՈՒստի, այս ընտանիքները լուրջ խնդիրներ ունեն ինչպես ստացած բնակարանի պատկանելությունը որոշելու, այնպես էլ 6-12 անձից բաղկացած երկու կամ երեք ընտանիքներով սահմանափակ մակերեսով այդ բնակարանում քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծելու առումով:
Ներկայումս «Շիրակ կենտրոն»-ին են դիմում տասնյակ բազմանդամ անօթևան ընտանիքներ, որոնք խնդրում են աջակցել, որ իրենց թույլատրվի պահպանել ժամանակավոր կացարանների գոնե մի մասը: Այդ դեպքում բազմանդամ ընտանիքների մի մասը կտեղափոխվի նոր բնակարաններ, մյուս մասն էլ կշարունակի բնակվել տարիների ընթացքում որոշակի հարմարություններ ապահոված ժամանակավոր կացարաններում:
Նշենք, որ մենք դեռևս 2010-ի օգոստոսի 6-ին, Գյումրու «Մուշ-2» թաղամասում բնակարան ստացած, ինքնակամ կառույցներում բնակվող բազմանդամ ընտանիքներին իրենց կողմից տնօրինվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու հնարավորություն ընձեռելու մասին դիմում-ուղերձով դիմել էինք ՀՀ վարչապետին և քաղաքաշինության նախարարին: Դիմում- ուղերձում մասնավորապես նշված էր. «Մեր ուսումնասիրություններով` բնակարանների բաշխման ներկա փուլով 1056 բնակարան ստացած ընտանիքների թվի գրեթե կեսը` 460-ը, բաղկացած է 5 և ավելի անդամներից, որոնք, մեծ ցանկության դեպքում անգամ, ժամանակավոր կացարանները հանձնելուց հետո, չեն կարող նոր ստացած` 40-65 քմ մակերեսով բնակարաններում տանելի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար։ ՈՒստի կարծում ենք` տեղին կլինի, եթե որոշ բազմանդամ և ինքնակամ բնակելի կառույցներ տնօրինող ընտանիքներին, հիմք ընդունելով ընթացիկ տարում ՀՀ ԱԺ-ի ընդունած «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքը», հնարավորություն տրվի օրինականացնելու իրենց ինքնակամ կառույցները և թույլատրվի նոր ստացած բնակարանները սեփականաշնորհել առանց ժամանակավոր կացարանների հանձնման: Նման մոտեցման դեպքում այդ բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրը կարելի է համարել լուծված»:
Ի պատասխան մեր այս դիմում-ուղերձի` ՀՀ քաղաքաշինության նախարարությունից 2010-ի օգոստոսի 25-ին ստացած պատասխանում մեր առաջարկությունների ընդունելի չլինելը պատճառաբանվել է հետևյալ կերպ. «Աղետի գոտու քաղաքային բնակավայրերում, այդ թվում` Գյումրի քաղաքում, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների զբաղեցրած ժամանակավոր կացարանների (ոչ հիմնական շինությունների) ազատման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի դրույթների համաձայն:
Դրա հետ մեկտեղ, ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402 որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթների համաձայն` բնակարան ստացող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների կողմից բնակությունից ազատված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման:
Հաշվի առնելով, որ Գյումրի քաղաքում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի հետ մեկտեղ լուծվում են նաև քաղաքի զարգացման տեսանկյունից կարևորվող տարածքները տնակային տնտեսություններից ազատելու հետ կապված հարցերը, Ձեր գրությամբ ներկայացված` Գյումրի քաղաքում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների սեփականաշնորհումն առանց ժամանակավոր կացարանների հանձնման վերաբերյալ առաջարկությունն ընդունելի չէ»:
Ակնհայտ է, որ որևէ լուրջ հիմնավորում չի բերվել, թե ինչու հնարավոր չէ անօթևան բազմանդամ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավել մեր առաջարկած տարբերակով: Առավել ևս, բոլորին է հայտնի, որ նախորդ տարիներին տնակների տեղահանումից հետո Գյումրիում հարյուրավոր անօթևան ընտանիքներ հայտնվեցին, որոնք անգամ ժամանակավոր կացարաններ չունեն և տարիներ շարունակ բնակվում են վարձակալած բնակարաններում:
Երկարատև ընդմիջումից հետո աղետի գոտում բնակարանաշինության գործընթացի վերսկսումը ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հարյուրավոր ընտանիքների մեջ կրկին հույս և հավատ արթնացրեց, որ ի վերջո իրենք ևս կապահովվեն բնակարաններով: Սակայն ներկայումս բնակարան ստացած այն բազմանդամ ընտանիքները, որոնց պարտադրում են 6 և ավելի անձով տեղափոխվել և բնակվել 40 քառ. մետրից էլ պակաս բնակարաններում, իրավացի են, երբ ասում են, թե «Մուշ-2» թաղամասի բնակարանները պատուհաս են դարձել իրենց գլխին:
Վերջում ևս մեկ անգամ կոչ ենք անում հանրապետական, մարզային և տեղական իշխանություններին` առանց այդ էլ մեծ վիշտ ու զրկանքներ կրած անօթևաններին ևս մեկ անգամ ցավ չպատճառել և, ինչպես անցած, այնպես էլ ընթացիկ տարում բնակարան ստացող բազմանդամ ընտանիքներին թույլատրել պահպանել իրենց ժամանակավոր կացարանները։ Ավելին, նրանց պետք է հնարավորություն տրվի անվճար օրինականացնելու իրենց ժամանակավոր կացարանները` տարածքների հետ մեկտեղ:
«Շիրակ կենտրոն» ՀԿ

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ