«Ի՞նչ զարգացումներ են սպասվում էներգասպառման ոլորտում»,- հարցով սկսեցինք զրույցը «Էլեկտրոնստանդարտ» հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:
-Սպասվելիք համընդհանուր տնտեսական զարգացմանը զուգընթաց տեղի կունենա էներգասպառման ծավալների կտրուկ աճ,- նշեց պարոն Թադևոսյանը:- Խիստ աճող պահանջարկի և բնական պաշարների օրեցօր նվազման պայմաններում տեղի կունենան արդյունահանված բնական էներգառեսուրսների գնային աննախադեպ բարձրացումներ: Վերջին իրողությունը, արդեն որի ականատեսն ենք, ինքնին ենթադրում է ճգնաժամային իրավիճակի հաղթահարման միակ ընդունելի տարբերակը. այն է` ստեղծել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, որոնք կնպաստեն բնական պաշարների օգտագործման ծավալների էական նվազեցմանը: Հայաստանը չի կարող շրջանցել թե՛ առկա և սպասվելիք ճգնաժամային իրավիճակները, թե՛ «կոնվերսիոն» գործընթացներին մասնակցություն ունենալու հրամայականը:
-Այդ դեպքում ի՞նչն է փոխարինելու նավթին ու գազին և այլընտրանքային էներգիայի ի՞նչ աղբյուրների մասին է խոսքը:
-Էներգիայի այլընտրանքային աղբյուրների ցանկում իր կարևոր և անգնահատելի տեղն ունի վերականգնվող էներգետիկան, որը կապահովի առավել էներգետիկ անվտանգություն ցանկացած երկրի համար: Մասնավորապես, քամու և արևի էներգիաների օգտագործումը հաստատում է, որ պոտենցիալ սպասելիքները շատ մեծ են: Հայաստանի նման պետության համար վերականգնվող էներգետիկայի զարգացումը ապագա ունեցող անհրաժեշտություն է:
-Ինչքանո՞վ է Հայաստանը պատրաստ մասնակցելու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընթացող զարգացումներին:
-Հայաստանում սպառվող ընդհանուր էլեկտրաէներգիայի բալանսում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը 23 տոկոս է: Սա լավ արդյունք է, ինչը պայմանավորված է քամու և հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ուղղությամբ կատարված լուրջ աշխատանքներով։ Ստեղծվել են փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք փաստացի գործում են գործող էներգահամակարգում: Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման գործընթացն արդեն գտնվում է ինքնակառավարվող բիզնես վիճակում։ Կարծում եմ` անտեղի է նոր վարկային ռեսուրսների նպատակային ուղղորդումը փոքր էլեկտրակայանների նոր խմբաքանակ ստեղծելու համար, քանի որ, վարկավորող բանկերի ներկայացուցիչների հավաստմամբ, գործող կայանների շուրջ 40 տոկոսի սեփականատերերը ցանկանում են վաճառել թե՛ իրենց կայանները, թե՛ իրենց տրամադրված լիցենզիաները: Այս օրինակը բերվեց հաստատելու համար այն հայեցակարգային մոտեցման կիրառման անհրաժեշտությունը, ըստ որի` պետական և նրա տնտեսական քաղաքականությունն իրականացնող նպատակային կառույցները վերլուծությունների միջոցով պետք է կարողանան վարկային և հնարավոր ներդրումային ֆինանսական միջոցներն ուղղորդել վերականգնվող էներգետիկայի այն հատվածների զարգացմանը, որտեղ սպասվում են, կամ խիստ պահանջարկ կա նոր զարգացումների, տեխնոլոգիական որակական նոր անցումների:
Հայաստանի համար, վերականգնվող էներգիայի աղբյուրների շարքում, հեռանկարային է արևային էներգետիկայի ոլորտը: Այն կարող է դառնալ մեր տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը: Այն կընդգրկի նոր վառելիքային և էներգետիկ էլեմենտների, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և սարքավորումների ստեղծման ուղղությունները: Նշված ոլորտի զարգացման համար կան իրական ծանրակշիռ նախապայմաններ.
l ոլորտը գիտատար է, և մեր երկիրն աչքի է ընկնում գիտության բազմաթիվ ճյուղերի որոշակի զարգացման առկայությամբ, ինչն անհրաժեշտ պայման է գիտատար մեծ տարողունակության խնդիրների լուծման համար,
l մեծ պահանջարկ կա ինովացիոն նշանակության տեխնոլոգիաների ստեղծման և նրանց անմիջական նպատակային օգտագործման,
l ոլորտի զարգացումը երաշխավորված է էներգետիկ և էկոլոգիական խնդիրների լուծման անհրաժեշտության գլոբալ զարգացումներով:
Արևային էներգետիկայի ոլորտը կարիք ունի պարզունակ, բայց շատ կարևոր պարզաբանումների: Կարևոր է, որ արևային էներգետիկա հասկացությունը կարողանանք բաժանել երկու բաղադրիչ հատվածների:
Առաջին` արևային էներգիայի օգտագործմամբ ձևափոխիչ և ֆունկցիոնալ տարատեսակ տեխնոլոգիական սարքերի, համակարգերի օգտագործում, թելադրված զարգացմանը միտված նպատակային սկզբունքներով:
Երկրորդ` արևային էներգիայի օգտագործմամբ սարքերի, համակարգերի (դրանց առանձին հանգույցների) նախագծում, պատրաստման տեխնոլոգիաների մշակում և արտադրության կազմակերպում:
Թվարկված երկու բաղադրիչներն էլ շատ կարևոր են էներգաարդյունավետ և զարգացող տնտեսություն ունենալու համար, սակայն առաջինը թելադրում է աշխարհում գոյություն ունեցող և արտադրվող լավագույն տեխնիկական միջոցների, տեխնոլոգիական սարքավորումների ուղղակի ներկրում և օգտագործում տնտեսության տարբեր ոլորտներում, կենցաղում, իսկ երկրորդ դեպքում նկատի ունենք հելիոսարքաշինության հիմնադրում:
-Դուք նշեցիք հելիոսարքաշինության զարգացման մասին, սակայն մենք չե՞նք ուշացել այս ոլորտում մասնակցություն ունենալուց:
-Եվ այո՛, և ո՛չ: Այո՛, որովհետև մենք չենք ունեցել լուրջ նպատակային մասնակցություն այս ոլորտում ընթացող տեխնոլոգիական զարգացումներում: Ոչ, որովհետև արևային էներգիայի օգտագործման ձևերի և տեխնոլոգիական լուծումների շուրջ վերաիմաստավորման խնդիրները դեռ լուրջ խմորումների և քննարկումների շրջանակներում են գտնվում: Արդյունքները չեն գոհացնում հասարակությունների և այս ոլորտում հսկայական ֆինանսական ներդրումային ծրագրեր իրականացրած ներդրողների և միջազգային կառույցների պահանջները: Ժամանակը թելադրում է անցում կատարել գիտական և տեխնոլոգիական համարձակ, որակապես նոր լուծումների և հայեցակարգային փոփոխությունների:
Ոլորտում ընթացող զարգացումները իրավիճակային տեսակետից մեզ համար շատ բարենպաստ են, քանի որ.
l միջազգային պատասխանատու կառույցներն ու խոշոր ֆինանսական ներդրումներ իրականացնող ընկերությունները բացահայտ շահագրգռվածություն ունեն արևային էներգիայի օգտագործմամբ նոր էներգետիկ և վառելիքային էլեմենտների, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի ստեղծման,
l սպասվելիք, ինովացիոն նշանակության տեխնիկական և տեխնոլոգիական զարգացումները թելադրում են լուրջ մրցակցային դաշտի ձևավորում` ուղղված ինտելեկտուալ և տեխնոլոգիական սեփականության ձեռքբերմանը։
Հետազոտությունների մակարդակը արևի ջերմային էներգիայի անմիջական օգտագործման կամ փոխակերպման տեսանկյունից բավարար չէ: Նոր խնդիրներ են առաջադրվում` ելնելով արևային ճառագայթների սպեկտրալ հատկություններից: Արևային ֆոտովոլտային ձևափոխիչներում հրատապ խնդիր է ոչ միայն դրանց էֆեկտիվության բարձրացումը, այլև ինքնարժեքի զգալի նվազեցումը: Այստեղ առանձնահատուկ կարևորություն ունեն էներգիայի ձևափոխիչ էլեմենտների հուսալիությունը և շահագործման համար պիտանիության ժամկետը: Այսօր անհանգստացնող խնդիր է ֆոտովոլտային ձևափոխիչ կիսահաղորդչային էլեմենտների վերամշակման հարցը շահագործման ժամկետի վերջում, եթե վերջիններս ստանան լայնամասշտաբ կիրառություն: Նրանցում օգտագործվում են նյութեր, որոնք էկոլոգիապես վտանգավոր են: Արևային էներգիայի օգտագործմանն ուղղված նոր մշակումներում անցում է կատարվում արևի էներգիայի նոմինալ արժեքները շատ անգամ գերազանցող տիրույթ, օգտագործելով արևային ճառագայթների խտացման` ֆոկուսացման տարատեսակ եղանակներ: Արդյունքում կլանիչ մակերեսների խիստ փոքրացումը զուգորդվում է տեխնոլոգիական պրոցեսների և ֆիզիկական երևույթների իրականացմամբ բարձր ջերմաստիճանային տիրույթներում: Այս քայլը վերականգնվող էներգետիկայի ոլորտում հայեցակարգային փոփոխություն է, որով պայմանավորված կլինեն հետագա զարգացումները: Ենթադրվում է իրականացնել արևային էներգիայի խտացման, կլանման, պահպանման և փոխակերպման, կառավարելի տեխնոլոգիական պրոցեսներ: Հանրապետությունում բազմաթիվ գիտական խմբեր իրականացնում են շատ ուշագրավ գիտահետազոտական և կիրառական նշանակության աշխատանքներ, որոնք իսկապես կարող են գնահատվել ինովացիոն տեխնոլոգիաներին հատուկ բնութագրերով:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի ակադեմիկոս Պարիս Հերունու առաջարկած «Արև» ծրագիրը, որի համաձայն ստեղծվելիք նոր տիպի արևային էլեկտրակայանը կունենա 35-40 տոկոս ՕԳԳ:
Վերջինիս աշխատանքի սկզբունքը հիմնված է անշարժ սֆերիկ հայելային մակերևույթներից անդրադարձած և խտացված արևի ջերմային էներգիայի, գերտաք օդային հոսքերի կինետիկ էներգիայի փոխակերպման վրա:
-Պարիս Հերունու ծրագիրը հասարակության մեջ և գիտական շրջանակներում միարժեքորեն չի ընկալվում: Դուք ի՞նչ կարծիքի եք։
-Նախ` փաստենք.
l անգլիական ներդրողներն այս ծրագրի իրականացման համար 90-ականներին Հայաստանում ծախսել են 2,5 մլն դոլար, և աշխատանքները դադարեցվել են,
l նույն անգլիական ներդրողների նախաձեռնությամբ հունական Կրետե կղզում մինչև 2009 թվականը կատարվել են հսկայածավալ աշխատանքներ «Արև» ծրագրի իրագործման ուղղությամբ. արդյունքները եղել են ոչ բավարար:
-2005 թ. «Ռուսական մեքենաներ» ընկերութjունը (որը պատկանում է ռուս օլիգարխ Դերիպասկային) ներկայացրել է պայմանագրի մի նախագիծ, որի համաձայն` ռուսական կողմը ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը գնելու և հատուկ նրանում «Արև» ծրագրի իրականացման համար առաջարկել է 30 մլն դոլար (առաջարկը Պ. Հերունու կողմից մերժվել է):
-2010 թ. օգոստոսին հունական կողմի հրավերով Հունաստանում բանակցել են Պ. Հերունու իրավահաջորդների հետ «Արև» ծրագրի համատեղ (Կրետե կղզում) իրականացման վերաբերյալ. բանակցությունները շարունակվում են: Բերված փաստերն ինքնին ենթադրում են ծրագրի կարևորությունը: Ես «Ակադեմիկոս Պարիս Հերունի» հասարակական նախաձեռնողական խմբի համանախագահն եմ, և մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք հետևյալ եզրահանգման.
1. Պ. Հերունու առաջադրած «Արև» ծրագիրն ունի թե՛ տնտեսական, թե՛ ստրատեգիական կարևոր նշանակություն: Այն ներառում է հելիոսարքաշինության մի առանձին գերակա ուղղություն:
2. «Արև» ծրագրի տեխնիկական փաստաթղթերի գաղտնազերծումը և ուսումնասիրությունը պետք է իրականացնի կառավարության ստեղծած հանձնաժողովը` հեղինակային իրավահաջորդների համաձայնությամբ և մասնակցությամբ, «գաղտնի» խորագրի առկայության պայմաններում:
3. Դրական եզրահանգման դեպքում անհրաժեշտ է նախագծել և պատրաստել փորձարարական ստենդային համակարգ, որի վրա հնարավոր կլինի հաստատել «Արև» ծրագրի հիմքում ընկած գիտական և կոնստրուկտորական նորարարությունները, մասնավորապես, ջերմափոխակերպիչ-տուրբին ֆունկցիոնալ հատվածի աշխատանքը:
-Վերջապես, Հայաստանում հելիոսարքաշինության հիմնադրման համար իրական ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել:
-Հայաստանում բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններ, խմբեր այս գլոբալ ճգնաժամային իրավիճակում, ինչպես նաև միջազգային համագործակցության ոլորտում ֆինանսական բաղադրիչի նվազեցման պայմաններում հայտնվելու են առավել անորոշ կարգավիճակում: Խնդրի լուծման հարցում անհրաժեշտ է ոչ միայն խորացնել ներքին և արտաքին ինտեգրման աստիճանը, այլև ստեղծել ուղղահայաց և հորիզոնական կարգավորման այնպիսի մեխանիզմներ, պահանջներ, իրականացնել կառուցվածքային ձևափոխումներ, որոնք կնպաստեն գիտական, ինժեներական, փորձարարական արդյունքների վերափոխմանը ինովացիոն նշանակության տեխնոլոգիաների: Վերջիններիս առկայության դեպքում հնարավոր է ունենալ նպատակային ներդրումային ծրագրեր և ապահովել գիտական արդյունքների տեղափոխումը իրական տնտեսական դաշտ: Տնտեսության զարգացման գերակա ուղղությունների որոշման և կառուցվածքային վերափոխումների արդյունքում, ինչպես առաջարկում է հանրապետության վարչապետը, պետք է տնտեսության տարբեր ոլորտներում ունենալ առաջատար ձեռնարկություններ, զարգացման գործընթացներ ապահովող կառույցներ, որոնք իրենց հետևից կօգնեն տեղաշարժ ապահովելու բազմաթիվ այլ ձեռնարկություններում և գիտական կենտրոններում: Ահա այս տեսակետից ելնելով` հելիոսարքաշինության հիմնադրումը կարող է հանդիսանալ մեր հանրապետության զարգացման այն գերակա ուղղություններից մեկը, որն իր հետևից կստեղծի ինովացիոն նշանակության գիտական արդյունքների և տեխնոլոգիաների ստեղծման նպատակային պահանջարկ: Համաձայն վերը շարադրվածի` առաջարկում եմ ակադեմիկոս Պարիս Հերունու հիմնադրած ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը, պահպանելով նրանում ռադիոֆիզիկայի ոլորտում զարգացման հնարավորությունները, վերափոխել համահայկական նշանակության ինովացիոն տեխնոլոգիական կենտրոնի: Լավագույնս օգտագործենք Արագածի գիտական կենտրոնի ենթակառուցվածքային եզակի հնարավորությունները, միջազգային չափանիշներին համապատասխան գիտամշակութային, գիտահետազոտական և նախագծային աշխատանքներ կատարելու համար: Հելիոսարքաշինության հիմնադրումը կլինի այն առաջին նպատակային խնդիրներից մեկը, որի միջոցով կձևավորվեն ստեղծվելիք կենտրոնի գործունեության սկզբունքները, համագործակցության ապահովման ներքին և արտաքին ձևերը: Այստեղ կմշակվեն ոլորտի զարգացման մեզ համար ընդունելի ուղղություններ, պահանջվելիք աշխատանքների տեխնիկական, հետազոտական, տեխնոլոգիական հանձնարարականներ, ներդրումային և արտադրական բիզնես ծրագրեր: Կատարենք առաջին քայլերը, հիմնենք մեր հայկական «հՍՏսՍՏՉՏ»-ն: Առաջարկվող ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնն անվանենք «Արագած», իսկ հելիոսարքաշինության հիմնադրման ծրագիրը` հակաճգնաժամային:
Զրույցը` Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ