Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

«ՄԵ՜Ծ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԸ, ԵՎ ԱՆՉԱՓԵԼԻ Է ՆՐԱ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

«ՄԵ՜Ծ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԸ, ԵՎ ԱՆՉԱՓԵԼԻ Է ՆՐԱ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
08.02.2011 | 00:00

Բանսարկու սատանան զինվորներից ոմանց դրդեց, որոնք դեռևս մնացել էին պարսկական մոլար աղանդի մեջ, մատնելու սրբին: Նրանք, գնալով Շապուհ թագավորի մոտ, ասացին.
(սկիզբը` նախորդ համարում)

«Արքա՛, Սարգիսը ապստամբեց ձեր աստվածների և ձեր դեմ: Նա Հիսուս Նազովրեցու մասին քարոզեց և համայն զորքը ապստամբեցրեց, տանելով իր մոլորության հետևից: ՈՒ նաև համաձայնություն է կնքել հռոմեացիների հետ»:
Թագավորն այս ամենը լսելով, շատ խռովվեց և իր ավագանու հետ խորհում էր, թե ինչ պետք է անել, որպեսզի աղմուկ չելնի և երկպառակություն չծագի զինվորների մեջ: Եվ, ատյանի խորհրդով, կեղծավորաբար թանկարժեք նվերներ ուղարկեց, ինչպես նաև հետևյալ նամակը գրեց.
«Քո մասին շատ գովասանքներ լսեցինք, պատվավոր հրամանատարդ Սարգիս, և թե դու հավատարիմ ես մեր թագավորությանը: Շատ ուրախացանք, և մեր սերը քո հանդեպ բազմապատկվեց՝ որպես հավատարիմ ու իմաստուն ծառայի: Այս նամակի հետ միասին մեր թագավորությունը քեզ՝ քո մեծությանդ վայել արժանավոր նվերներ ենք ուղարկում: Ո՛ղջ լինես»:
Մի քանի օր անց թագավորը երանելի Սարգսին որպես պատվիրակ ուղարկեց նրա որդուն՝ Մարտիրոսին, որը պալատում էր գտնվում ուրիշ երևելի անձնավորությունների հետ, որպեսզի առանց կասկած առաջացնելու, շուտափույթ արքունիք վերադառնա:
Երբ պատանի Մարտիրոսը ճանապարհ ելած գալիս էր իր ուղեկիցներով և մոտեցել էր այն սահմաններին, ուր գտնվում էր իր հոր բանակը, հանկարծ ճանապարհին պաշարվեց, և իր ուղեկիցների հետ ձերբակալվեց և հակառակորդի բանակը տարվեց:
Երբ երանելի սուրբը լսեց այս պատահարի մասին, տխրությունը պատեց իրեն և իր զորքին: Սակայն անտեսելով մարդկային օգնությունը՝ Աստծուն ապավինեց: Ծնկի եկած՝ արտասուքով աղաչում էր Աստծուն, հիշելով իր աղոթքի մեջ այն բոլոր հրաշագործությունները, որոնք կատարվել էին դարերի ընթացքում` Նոյի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի և բոլոր նահապետների և սուրբ առաքյալների ժամանակ։
«Ինչպես որ նրանց աղոթքը լսեցիր, Տեր, լսիր նաև մեղավորիս աղոթքը,- խնդրում էր նա։- Եվ ինչպես որ արդար Հակոբին ողորմություն արեցիր, որ Հովսեփին տեսնի, ինձ էլ վերստին որդուս շնորհիր: Որպեսզի այս ժողովուրդը, որ քո ծառայի քարոզությամբ Քեզ դարձավ, գայթակղվելով դարձյալ չկորչի: Այնպես արա, որ նա տեսնի Քո զորությունն ու ողորմությունն իմ հանդեպ, որ կրկին փառավորվի քո սուրբ Անունը»:
Եվ անցնելով խիստ պահեցողության, երեք օր անդադար աղոթում էր՝ գիշեր ու ցերեկ, Աստծուն ասելով.
«Չպիտի ուտեմ ու չպիտի չխմեմ: Ահա քո ծառան քո առջևդ է. արդ ո՞ւր է իմ որդին: Ինչո՞ւ ինձ մատնեցիր իմ թշնամիների ձեռքը, որ նախատեն, և որդուս՝ նույն թշնամիների ձեռքը, նույնպես նախատվելու համար: Դու չէի՞ր ասողդ՝ Ղազարոսի համար, թե ժողովրդի համար եմ անում, որ հավատան ինձ: Ինչո՞ւ իմ որդուն մատնեցիր նրանց ձեռքը և ինձ թշնամիներիս առջև նախատինքի առարկա դարձրիր: Որովհետև Խաչի թշնամիները պիտի հոխորտան և պիտի ասեն. «Ահա Սարգսի պաշտած Աստվածը թող հիմա իրեն վերադարձնի իր որդուն»: Բայց ես ասում եմ` Դու ես իմ Աստվածը, և Քո մոտ չկա անհնարին ոչինչ, Տեր իմ Հիսուս Քրիստոս: Դու կարող ես ինձ փրկել իմ թշնամիների ձեռքից և ինձ վերադարձնել իմ որդուն»։
Նա երեք օր անընդհատ չէր դադարում մեծ հավատքով Աստծուց խնդրել, ինչպես զավակն իր հորից է խնդրում՝ սիրով ու համոզումով։ Եվ ահա, չորրորդ օրվա ժամը երեքին հանկարծ տեսավ, որ թշնամու բանակից մի հեծյալ է գալիս: Նա իր հետ բերել էր գերված պատանուն, և նրա հետ եղողները Սարգսի զորքերի առջև ասացին.
«Մեր բանակից յոթ հոգի գերի բռնեցին ու բերեցին այս պատանուն: Երբ բերեցին, նույն օրը յոթն էլ մեռան: Հետո ամենատարբեր փորձություններ ու հարվածներ տեղացին մեր բանակի վրա, ու մեր զորքերի մեջ խռովությունն անպակաս դարձավ, մինչև իսկ սկսեցին իրար սպանել:
Դրանից հետո մեր զորավարը տեսիլք տեսավ և ասաց իր զորապետերին.
«Մեզ վրա եկած հարվածների պատճառն այս պատանին է: Շո՛ւտ առեք և տարեք: Որովհետև եթե այս պատանուն իր հորը չվերադարձնենք, մեր ամբողջ զորքը կբնաջնջվի»:
Ահա այդ պատճառով նրան այստեղ բերեցինք, ու չգիտեմ, թե ո՞ւմ զավակն է: Ցո՛ւյց տվեք ինձ իր հորը, որ պատանուն վերադարձնեմ: Թերևս այս ձևով Աստծո բարկությունը դադարի մեր բանակի վրա»:
Երբ Սարգսի զինվորները լսեցին այս ամենը, աղաղակեցին և ասացին.
«Իրապես մեծ է Սարգսի Աստվածը, և չկա ուրիշ աստված, որ այսպիսի հրաշքներ գործի»:
Իսկ երանելի Սարգիսը գոհություն մատուցելով ասում էր.
«Աստծո բոլոր ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջը»:
Եվ զորքը ձայնակցում էր սրբի սաղմոսերգությանը:
Իսկ Սարգիսն իր տղայի ձեռքը բռնած, փառք տվեց Աստծուն և ասաց.
«Շնորհակալ եմ քեզանից, Հա՛յր, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ այս ամենը ծածկեցիր իմաստուններից և գիտուններից և հայտնեցիր տղաներին և մեղավորներին»:
Եվ սուրբն աղոթք արեց նաև թշնամու բանակի համար, որպեսզի Աստծո բարկությունը դադարի նրանց վրա: Եվ երեք օր հետո լուր եկավ թշնամու բանակից, թե արդարև մեծ է զորավար Սարգսի Աստվածը, որովհետև նրա աղոթքներով դադարեցին հարվածները մեր բանակի վրա։ Այժմ մենք էլ ենք հավատում Սարգսի Աստծուն:
Եվ երանելին ասում էր.
«Գոհություն քեզ, Տեր իմ, Հիսուս Քրիստոս, որովհետև Դու հայտնեցիր Քեզ նրանց, որոնք Քեզ չէին ճանաչում»:
Սուրբ Սարգիսն իր որդու՝ Մարտիրոսի ազատության օրն իր ամբողջ բանակում ուրախության տոնի վերածեց: Եվ բոլորն էլ Տիրոջ կատարած հրաշքներով ուրախանում էին հոգով ու մարմնով` փառաբանելով ճշմարիտ Աստծուն:
Տիրոջ կատարած այս սքանչելիքների համբավն արագ տարածվեց ամբողջ աշխարհում: Լուրը շուտով հասավ նաև պարսից արքունիք: Այս դեպքի մասին ոխակալ իշխաններն ասում էին.
«Մենք կարծում էինք, թե դավադրությամբ կկարողանանք կործանել Սարգսին, բայց նա դեռ ողջ է ու ամբողջ երկիրը մոլորեցրեց, և ամենքը հավատում են նրա կախարդություններին»:
Իսկ երբ սուրբ Սարգիսը տեղեկացավ, որ իրեն ու իր որդուն թագավորը հապճեպ պալատ է կանչում, հոգով հասկացավ թագավորի ու նրա իշխանների չար մտադրության մասին և, իր մոտ կանչելով իր բոլոր զինվորներին, որոնք հավատացին Քրիստոսին, ասաց նրանց.
«Եղբայրներ, ահա հասել է ժամանակը, երբ պետք է ի հայտ գա մեր հավատքի բարեպաշտությունը, և մեր Տեր Հիսուս Քրիստոսին դավանենք մարդկանց առջև, որպեսզի Նա էլ մեզ դավանի իր Հոր առջև»:
Իսկ զինվորները միաբերան ասացին.
«Քեզ հետ ենք, ո՛վ պատվական հայր՝ ապրելու թե մեռնելու համար»:
Եվ սուրբն ասաց.
«Աստծուց մեզ հրամայված է չծածկել մեր հավատքի լույսը, այլ դնել աշտանակի վրա և քարոզել տանիքների վրայից: ՈՒ չվախենալ նրանցից, որ մարմինը կարող են սպանել, բայց ոչ հոգին: Բայց ես՝ անպիտանս, ամեն բանի մեջ անպատրաստ գտնվեցի մեր Տիրոջ հրամանին, քանզի մինչև հիմա գաղտնի պահեցի թագավորից և նրա մեծավորներից իմ հավատքի լույսը` իբրև ճրագ կողովի տակ պահած, մարդկանցից ծածկելով: Իսկ հիմա, եղբայրնե՛ր, աղաչեք Տիրոջը, որ ինձ քաջություն տա, համարձակաբար քարոզելու Աստծո անունը՝ թագավորների ու իշխանավորների առջև. թող Տերն ամրացնի իմ ոտքերը հավատքի վեմի վրա, որպեսզի չսասանվեմ մարդկանցից, որոնց առջև պիտի ելնեմ»:
Այն ժամանակ զինվորները պատասխանեցին սուրբին և ասացին.
«Աղաչում ենք, Տե՛ր, ականջ դիր Քո ծառաների խոսքին: Մենք խորհուրդ ենք տալիս մեր տիրոջը չգնալ թագավորի մոտ և չտեսնել բռնավորի երեսը: Բայց եթե այդ պատճառով նրա ցասմանը հանդիպես, մի՛ վախեցիր, մենք բոլորս պատրաստ ենք մեռնելու այն բոլոր պատերազմների մեջ, որոնք քո դեմ կպատրաստվեն: Եվ մանավանդ, եթե մեր դեմ պատերազմեն, մենք կհաղթենք նրանց մեր Տիրոջ զորությամբ, Որին հավատացինք»:
Երբ Շապուհը տեսավ, շատ ուրախացավ և իր խորհրդատու ավագանուն ասաց.
«Կարծում եմ` սրա դեմ կատարված ամբաստանությունն անիրավությամբ է եղել, և չարախոսները նախանձից դրդված են խոսել, ոչ թե ուղղամտությամբ»:
ՈՒ ասաց Սարգսին.
«Բարի է գալդ, ո՛վ հավատարիմ և իմաստունդ իմ զորագլուխների մեջ: Մեծամեծ պարգևներ պետք է ստանաս մեզանից մեր հանդեպ ցուցաբերած անբասիր ծառայությանդ համար: Այդ պատճառով մեր թագավորությունը քեզ պիտի բարձրացնի և բոլոր զորքերի վրա զորագլուխ դարձնի՝ քո խոհեմության ու իմաստության համար»:
Նույն ժամանակ նրան շնորհվեցին բազմաթիվ նվերներ:
Իսկ սուրբ Սարգիսն այս խոսքերից չխաբվեց, ոչ էլ ճշմարտությունից խոտորվեց՝ մեծ խոստումների պատճառով, այլ նրան պատասխանեց այս խոհուն խոսքերով.
«Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն, որ ինձ ազատեց իմ թշնամիների ձեռքից, որոնք պարտվեցին ոչ թե իմ իմաստությամբ կամ զորությամբ, այլ ամենազոր Աստծո կարողությամբ: Նրանից են նաև ինձ շնորհված պարգևները, որովհետև Նա է, որ ձեզ իմաստություն տվեց ճշմարտությունը ճանաչելու»:
Այս ասելուց հետո սուրբը հեռացավ թագավորի մոտից: Իսկ թագավորը կողքիններին ասաց.
«Ես այս մարդու ասածները ճիշտ եմ համարում»:
Իսկ չարախոսները ասացին թագավորին.
«Քաջ թագավոր, այդ Սարգիսը նազովրեցիների ուսմունքի աղանդին է հարում և, Աստված ասելով՝ ոչ թե մերինները նկատի ունի, այլ Նազովրեցի Հիսուսին: Եվ եթե Ձերդ թագավորությունն ուզում է, թող հարցնի նրան, և կհամոզվի մեր խոսքերի ճշմարտացիության մեջ»:
Լսելով այս բաները, թագավորը շատ տրտմեց, որովհետև չէր ուզում կորցնել այսպիսի քաջ զինվորին: ՈՒստի խորհում էր սրտի մեջ, թե տրամաբանական ի՞նչ ելք գտնի:
Եվ այդ օրերին եկավ իրենց աստվածների տոնը: Թագավորից հրաման եղավ, որ բոլոր բազմությունները հավաքվեն ատրուշանների մոտ, որտեղ կրակ պետք է վառեին՝ ըստ պարսկական օրենքի: Այնտեղ էին նաև տասներկու կուռքերի արձանները:
Նույն հանդեսին կանչվեց և Սարգիսն իր պատվական զորականների ու որդու հետ:
Հասկանալով, որ ժամանակը մոտեցել է երանելի Աստծո համար պատերազմելու, աղոթքի կանգնեց ու ասաց.
«Տեր Աստված, Քեզ հուսացողների Փրկիչ, որ խոստացար ծառաներիդ և ասացիր. «Երբ ձեզ դատավորների առջև հանեն, հոգ մի արեք, թե ինչ պետք է պատասխանեք, որովհետև Ե՛ս պիտի տամ ձեզ խոսք և իմաստություն, որին չպիտի կարողանան ընդդիմանալ ձեր հակառակորդները»: Արդ, երբ այս հանդեսի մեջ բերանս բացեմ, ինձ խոսելու շնորհ տուր և զորացրու ինձ, որ համբերեմ չարչարանքներին ու մահվանը, որոնք պիտի կրեմ հանուն Քո սուրբ Անվան: Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից, ամեն»:
Նույն աղոթքը անում էր պատանի Մարտիրոսը, միանալով իր հորը: Եվ նույն հոգով սպառազինված` պատրաստվում մտնելու նահատակության ասպարեզ:
Աղոթելուց հետո երկուսն էլ ընդառաջ գնացին արքայի կանչին ապարանքի մեջ, մեհյանի մոտ հանդիպելու արքային:
Թագավորը տեսնելով նրան, բարձրաձայն աղաղակեց.
«Սարգի՛ս, իմ պատվական զորապետ, արի մեզ հետ տաճար մտիր և բոլորիս նման կրակին զոհ մատուցիր և, որպես աստվածասեր, խունկ ծխիր աստվածների առջև: Այսպիսով քո հանդեպ չարախոսողները ամոթապարտ կլռեն, ու դու առավել ևս փառքով կպայծառանաս:
Սուրբ Սարգիսը պատասխան տվեց և ասաց.
«Ես ճշմարիտ Աստծուն եմ իմ անձը ամբողջովին զոհ մատուցում, նույնը և Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, Որն ինձ սիրելու համար խաչվեց: Քո կուռքերը ես գիտեմ և կրակին աստված ասել չսովորեցի: Ես պաշտում եմ կրակի և արևի Արարչին ու երկրպագություն եմ անում Նրան, որ երկինքն ու երկիրը ստեղծեց ու միջի բոլոր արարածներին: Որը կենդանի ու հավիտենական թագավորն է: Որին և դու, ով թագավոր, պարտավոր էիր երկրպագություն անել և Նրան փառավորել, եթե իմաստություն ունենայիր, և ոչ թե նյութեղեն արարածներին, որոնք Նրա ձեռքով են ստեղծված, կամ անշունչ արձաններ, որոնք մարդկանց կողմից են շինված, իբրև աստվածներ»:
Թագավորը այս լսելով` ասաց.
«Հիմա հայտնի դարձավ քո մոլորությունը, ո՛վ հիմարությամբդ լցված: Դու ինքդ քեզ զրկում ես այն բոլոր բարիքներից, որ մտադրված էինք անել քեզ համար: Դու քո սերը կապեցիր մի հրեայի, որն իր մեղքերի համար խաչվեց»:
Եվ ուրիշ շատ այլ բառերով հայհոյում էր Քրիստոսին և ասում.
«Մի՛ շատախոսիր, այլ վախեցի՛ր աստվածներից և զոհ մատուցիր նրանց»:
Իսկ երանելին, չկարողանալով համբերել, լիքը բերանով թքեց ամբարիշտի դիմաց՝ նախատելու համար նրա անօրեն կռապաշտությունը: Եվ, Սուրբ Հոգուց զորություն առնելով, ասաց.
«Չեմ վախենում ո՛չ քեզանից, ո՛չ էլ քո կուռքերից, ո՛չ էլ պետք է պաշտեմ այդ գարշելիներին, այլ սուրբ և ճշմարիտ Աստծուն, Որի դեմ անզոր են հայհոյողների շրթունքները»:
Սաստիկ բարկանալով, Շապուհը հրամայեց քարով խփել նրա բերանին ու կապել երկաթե կապանքներով և քարշ տալ փողոցներով, մինչև որ սրբի կողերի կաշին քերթվի:
Եվ քաշողներն ասում էին սրբին.
«Սարգիս, իրապե՞ս լքեցիր մեր աստվածներին ու պաշտամունքները և հետևեցիր օտար Աստծուն, որին կոչում եք Հիսուս Քրիստոս: Ի՞նչ է քո մտքինը, Սարգիս, ասա՛ մեզ»:
Առաքինի նահատակն ասաց նրանց.
«Լա՜վ, ցույց տվեք ինձ ձեր կուռքերը, որպեսզի տեսնեմ նրանց զորությունը, ես ձեզ պիտի ցույց տամ իմ Աստծո զորությունը»:
Երբ մարդիկ այս լսեցին, շատ ուրախացան և թագավորին լուր տվեցին:
«Հրամայիր, ասացին, որ գա և մեր աստվածներին երկրպագություն անի»:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ