Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՍԵՐՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼՈՒՅՍ Է, ՈՐ ՄԱՔՐՈՒՄ Է ՀՈԳԻՆԵՐԸ, ԹՈՂ ԼՈՒՅՍ ԼԻՆԻ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐՈՒՄ և ՄՏՔԵՐՈՒՄ

ՍԵՐՆ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼՈՒՅՍ Է, ՈՐ ՄԱՔՐՈՒՄ Է ՀՈԳԻՆԵՐԸ, ԹՈՂ ԼՈՒՅՍ ԼԻՆԻ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐՈՒՄ և ՄՏՔԵՐՈՒՄ
11.03.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ
Պատմության այսպիսի խեղաթյուրումների ժամանակ ազգը կորցնում է ոչ միայն իր ինքնության անվտանգությունն ապահովող տարածք-հայրենիքը, այլև մշակույթը` իր նյութական և հոգևոր դրսևորումներով, որոնք ազգի ինքնության շարունակականությունն ապահովող հիմնական կռվաններն են:
Մշակութային կորուստն ածանցյալ է քաղաքական կրավորականությունից և պատմության թյուր ըմբռնումից:
Մշակույթը քաղաքակրթությունից բարձր է մի քանի աստիճանով. նյութական և հոգևոր մշակույթը ազգի ինքնությունն ապացուցող արժեքների համակարգն է, որը սահուն և անխափան է գործում պետության եռանդուն քաղաքականության և սեփական պատմությունն օտարների ոտնձգություններից պաշտպանելու և ըստ արժանվույն գնահատելու դեպքում: Մենք` հայերս, հաճախ ենք մեղանչել մեր պատմության դեմ: Մենք կորցրել ենք պատմության շարունակականության կապը և անփութորեն մոռացության ենք մատնել վաղնջական ժամանակների մեր լինելության վկաները` թույլ տալով օտարներին սրբագրելու և խմբագրելու մեր պատմությունը:
Քաղաքական եռանդը կորցրած ազգն ինքն իրեն աստիճանաբար դուրս է մղում աշխարհաքաղաքական գործընթացներից:
Քաղաքական կրավորականությունը (պասիվությունը) հանգեցնում է պետականության փլուզման, տարածքների կորստի, մշակութային անկման, ազգի հոգեբանության խաթարման, լեզվամտածողության աղճատման, լեզվական կորուստների։ Հոգեկերտվածքն առավել խոր արմատներ ունի, և այստեղ խաթարումներն առավել դանդաղ են ընթանում: Մշակութային կորստից ածանցյալ են հոգեբանական ավերածությունները, որ ազգը ստանում է որպես հատուցում պատմական, քաղաքական և հոգևոր արժեքների հանդեպ դրսևորած անտարբերության:
Երբ ազգը կորցնում է իր տեսակը որոշակի սահմաններում պարփակող և պաշտպանող տարածք-հայրենիքը և այդ հայրենիքը պետություն դարձնող քաղաքական մտածողությունն ու եռանդը, ինչպես նաև սեփական պատմությունը որպես իրեն կյանք տված ծնող ընկալելը, նա աստիճանաբար ընկնում է հոգեկան թմբիրի մեջ` դառնալով հայեցողական, միայն պատմական մեծ ցնցումները կարող են նրան սթափեցնել մահագին նինջից:
Այսպիսի թմբիրի վտանգավորությունը գիտակցել են նաև մեր ժողովրդի լուսավոր հոգիները և ելք են փնտրել ազգիս քնատ աչքը բացելու և նրան մղել են հոգևոր դարձի:
Պետականության կորուստը նպաստում է նաև այն բանին, որ ազգն իր ներսում դառնում է ինքնամփոփ և անհաղորդ իր հանճարների ստեղծած մտավոր և հոգևոր գանձերին: Հայոց հազարամյա գոյության դարերում (մասնավորապես վերջին 1700 տարիներին) փիլիսոփայությունն ու քերականությունը, ճարտասանությունն ու բնագիտությունը բանտարկված են եղել վանքերի և անապատների մութ պատերի ներսում: Մինչդեռ ժողովուրդը համընդհանուր լուսավորության քաղց է ունեցել: Դարերով հայ ազգն անմասն է մնացել իր հոգևոր ընդերքից բխող մտքի լույսից: Գիտությունը եղել է եկեղեցու մենաշնորհը: Գուցե ինչ-որ չափով արդարացված է եղել դա, քանի որ պետականության կորստի պայմաններում, երբ չկար երկիրն արտաքին ասպատակություններից պաշտպանող բանակը, եկեղեցին ազգի մտավոր և հոգևոր հարստությունը հարկադրված մեկուսացրել է, ամբարել և փրկել բարբարոս թշնամիների թալանից և ավերից:
Պարբերաբար պետականության կորստի պայմաններում ազգի համապարփակ գերխնդիրը գոյատևումն է լինում, իսկ հոգևոր և մտավոր մշակութային արժեքները` որպես հետագա գոյությունն ապահովող ինքնապաշտպանական բնազդ, ստեղծվում են ցեղի ընդերքում, որպեսզի արդարացվի նրա քաղաքական կրավորականությունը:
Պատմական անցքերի ոչ պատմաբանի այս վերլուծությունը մեզ` հայերիս (և ոչ միայն) խորհելու տեղիք պիտի տա: Հայ ժողովուրդը թերևս եզակի ազգերից է աշխարհում իր կրած կորուստներով` հայրենիք, մարդկային զոհեր, դրանով պայմանավորված գենետիկ ժառանգականության խաթարում, հոգևոր և մշակութային ավերածություններ, բարոյա-հոգեբանական անկում, սեփական արմատներից օտարացում և խորթացում, խառն ամուսնությունների պատճառով գենետիկ ամբողջականության աղճատում և էլի շատ մեծ ու փոքր կորուստներ։
Կորուստներն առկա են, և մենք այսօր, այդ բոլորը փաստելուց բացի, պետք է փնտրենք և գտնենք դրանք ծնող պատճառները, բացահայտենք մեր մեջ եղած բարոյական, հոգևոր, մտավոր և ֆիզիկական ուժը` աստիճանաբար վերականգնելու կորցրածը և կանխելու հետագա կորուստները:
Հայ ժողովուրդն առավել արժանապատվորեն ապրելու, իր պատմական հայրենիքի սահմանները վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու (ցավոք, հայ տղամարդը պարբերաբար մոռանում է, որ քաջերի սահմանը նրանց զենքն է գծում) և դրանից ածանցվող քաղաքական, իրավական, տնտեսական, ռազմական, մշակութային, լեզվական, բարոյահոգեբանական անկախությունը չկորցնելու շատ զորեղ կռվաններ է ունեցել և ունի։ Ահա այդ կռվանները.
ա) Հայաստանը եղել է օրենքների երկիր. այդ մասին վկայում են Հին աշխարհի ազգերը` բաբելոնցիները, ասորիները, խեթերը, եգիպտացիները: Հայն իր կյանքը և կենցաղն օրենքներով կառավարելու մշտական ձգտում է ունեցել, և դա են փաստում հայ իրավական մտքի գլուխգործոցները: Երբ Հայաստանը կորցրել էր անկախ պետականությունը, հայ իրավական միտքը շարունակում էր գործել` անգամ օտար տիրապետության տակ` երկրի ներսում, որպեսզի առաջնորդվի սեփական օրենքներով: Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» և Սմբատ Սպարապետի օրենքների գիրքը (վերջինս` Կիլիկիայում) կիրառվել են նաև հարևան պետություններում: Անգամ Լեհաստանում օրենքներ մշակելիս օգտվել են Մխիթար Գոշի «Դատաստանագրքից», որը հայերն իրենց հետ տարել են Լեհաստան` համայնքի ներսում այն կիրառելու համար:
Այսօր հայը Հայաստանում խուսափում է, չի ուզում ապրել սեփական երկրի օրենքներով, որովհետև իր հայրենիքում, սակայն ուրիշի պետության մեջ դարերով ստորացած ապրելուց ձեռք բերած հոգեկան ճնշվածության և անբավարարվածության, թաքուն ատելության և անհանդուրժողականության, ներքին անհնազանդության և գաղտնի վնասարարության բարդույթը դեռ չի թոթափել: Թաքուն է եղել այդ անհնազանդությունը, որովհետև օտար պետության մեջ դաժանորեն պատժվելու վախ կար, և այդ վախը բերում էր հնազանդության: Այսօր հայը, բարեբախտաբար, ապրում է իր հայրենիքում և իր պետության մեջ, որտեղ չկա օտար ձեռքով դաժանորեն պատժվելու սարսափը, սակայն նրա մեջ մնացել է անհնազանդության բարդույթը, որը դրսևորվում է սեփական երկրի օրենքների հանդեպ:
բ) Մեծ Հայքի աշխարհագրական դիրքը նրա աշխարհաքաղաքական մեծագույն առավելությունն է, իսկ երկրի ներքին, բուն աշխարհագրությունը կարծես Աստծո կողմից հատուկ այնպես է ստեղծվել, որ հայն այնտեղ ապրի հանգիստ, ապահով, բարեկեցիկ: Երկրի բնական սահմաններն այնպես են տեղակայված, որ առավելագույն ձևով ապահովում են պետական անվտանգությունը: Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք խաչմերուկն ասես բնական մի սանձ է, որ եթե հայերն իրենց ձեռքում պահեին, ապա իրենց բնատուր խաղաղասիրությամբ, աշխատասիրությամբ և ապրելու անկոտրում կամքով պիտի կարողանային ուղղորդել աշխարհի խաղաղ գոյատևումը: Ցավոք, մենք չենք հասկացել մեր երկրի, մեր հայրենիքի այդ աստվածատուր առավելությունը: Մինչդեռ հեռվից դա լավ է երևում և՛ մեր հարևաններին, և՛ ոչ հարևաններին: Եվ աշխարհի կառավարման սանձը մի բռնակալից մյուսի ձեռքն է անցնում շարունակաբար:
Սթափվել է պետք…
Այս փոքրիկ աշխարհագրական վերլուծությունն ապացուցում է, որ հայոց պետականության պահպանման, նրա տնտեսական և քաղաքական հզորացման համար ծով չունենալը բնավ էլ ճակատագրական չի եղել Հայաստանի համար: Դա ապացուցել է Տիգրան Մեծը, դա ապացուցել են մեր հայրենիքը զավթողներն ու մասնատողները:
գ) Հաջորդ կռվանը միաբան և միակամ լինելն է. մենք ներքուստ միշտ միաբան ենք եղել, անգամ մեր պարերը կոչվում են շուրջպար կամ քովնտ` այսինքն քով քովի, կողք կողքի, մենք խմբով երգելիս անգամ միաձայն ենք երգում: Դա խաղաղ օրերին, իսկ վտանգի ժամին հայերը հոգու կանչով են հավաքվում. ապացույց` բոլոր ժամանակներում օրհասական ճակատամարտերում հայերը եղել են միաբան և միակամ: Վերջին տասնամյակում աղետալի երկրաշարժը և արցախյան ազատամարտը աշխարհասփյուռ հայերին ոգեկոչեցին, և դա եղավ տարերայնորեն: Իսկ մտածե՞լ ենք, թե որքան արդյունավետ կլիներ այդ միաբանությունը, եթե մենք ամեն օր, նորածին երեխայից մինչև զառամյալ ծերունի, հորդորեինք, որ հայը հային եղբայր է ու բարեկամ: Միաբան և միակամ լինելը մեզ ի վերուստ է տրված, եթե կուզեք` նույնիսկ պարտադրված է: Մեր անմիաբանության մասին շինծու առասպելներ են հյուսում մեր մեջ սողոսկած «հայացած» օտար տարրերը և մեր իսկ աչքում վարկաբեկում են մեզ: Նրանք ամենաանհավանական ստոր արարքներով` հայրենադավությամբ, դավաճանությամբ, մատնությամբ, ընչաքաղցությամբ, օտարամոլությամբ ատելի են դարձնում հային այն ամենը, ինչ կապված է հայության հետ: Մինչդեռ մեր պատմությունը հակառակն ապացուցող բազմաթիվ փաստեր ունի…
Այս հզոր կռվաններից զատ, մենք մեր սերունդների կրթության և դաստիարակության տաճարը պիտի կառուցենք հոգևոր և բարոյական բարձրակարգ շինանյութով, որը հազարամյակների աղետների ու փորձանքների պայմաններում անխորտակ կպահի այն:
Թվարկենք այդ «շինանյութերը», որոնց շաղախը պիտի լինի մեր ոգու թռիչքը, հոգու կորովը, մտքի լույսը և բազկի ուժը.
ա) Հա՛յ, սիրի՛ր, հարգի՛ր, օգնի՛ր և երբեք մի՛ վնասիր հային,
բ) ազգի և հայրենիքի ծառան ու տերը լինենք,
գ) հայրենիքի և պետության շահը գերադասենք անձնական շահերից,
դ) մեր պետության և հայրենիքի շահերը երբեք չստորադասենք թեկուզ և բարեկամ հորջորջվող պետության շահերին,
ե) պատմությունից դասեր քաղենք և չկրկնենք հին սխալները,
զ) չափավոր հիշաչարություն ունենանք մեր թշնամիների հանդեպ,
է) լինենք ժուժկալ, ապրենք չափավոր և մարդավայել կենցաղով,
ը) բացառենք օտարների հետ ամուսնությունը. հայ երեխային հայ կինը պիտի ծնի, հայ կինը հայ երեխա պիտի ծնի,
թ) ազգի ապագան այսօր է կերտվում. կրթենք ու դաստիարակենք մեր երեխաներին ազգային ոգով և հայրենիքի հանդեպ հարգանքի և պատասխանատվության զգացումով,
ժ) հիշենք` գաղափարախոսությունները գալիս ու գնում են, մնայունը ազգն է. իսկ օտար դավանանքներն ու գաղափարախոսությունները ավերածություններ են անում մեր մտքերում, հոգիներում և հայրենիքում. պետք է ազգովին մերժենք դրանք,
ի) հիշենք` հարգում են ոչ թե այն ազգին, ումից վերցնում են, այլ նրան, ում տալիս են,
լ) հարգենք և սիրենք ինքներս մեզ` մեր ազգը, լեզուն, հայրենիքը. զավակը չի կարող չսիրել իր ծնողներին, որոնք նրան կյանք են տվել, սնել ու կրթել և ժառանգել են հոգևոր հարստություն ու նյութական կարողություն։
Սերն աստվածային լույս է, որ մաքրում է հոգիները, թող Լույս լինի մեր հոգիներում և մտքերում:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ