…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարար ՆԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԼՅԱՆՆ է, ում հետ հանդիպելու և ծանոթանալու առիթ ենք ունեցել Ստեփանակերտում անցկացվող լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովի շրջանակներում: Քանի որ համաժողովի աշխատանքներն ընթանում էին խիստ հագեցած գրաֆիկով, տիկին Աղաբալյանի հետ հարցազրույց անելու հնարավորություն չունեցանք այդ օրերին: «Իրատես de facto»-ի հարցերին ԼՂՀ մշակույթի նախարարը պատասխանում է «օնլայն» տարբերակով: Երբ հայաստանցի և սփյուռքահայ լրագրողներին իրենց բարձր կատարողական արվեստով և նրբաճաշակ ելույթներով պատվում էին արցախցի հյուրընկալ արվեստագետները, ես նկատում էի տիկին Աղաբալյանի դեմքին դրոշմված զուսպ, բայց անթաքույց հպարտության նշաններ: Կարդալով իմ հղած հարցերին տված նրա պատասխանները` համոզվեցի, որ ճիշտ եմ հասկացել արցախցի պետական պաշտոնյայի հոգեկերտվածքին բնորոշ դրսևորումները: Նաև համոզվեցի, որ միանգամայն իրավացի էր «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, երբ օրեր առաջ իր հետ ունեցածս հանդիպման ժամանակ ասաց. «Ի՞նչ տպավորություն է թողել Ձեզ վրա ԼՂՀ մշակույթի նախարարը: Ես նկատեցի, որ արտաքնապես նուրբ ու փխրուն այդ կինը ներքուստ շատ ուժեղ, սկզբունքային մարդ է»: Վստահ եմ, որ այս կարծիքը կկիսեն այն մարդիկ, ովքեր կընթերցեն այս հրապարակումը և կհաղորդակցվեն տիկին նախարարի խորհրդածություններին «…և ոչ միայն մշակույթի մասին»:
«ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱՅՆ ԱՌՈՒՄՈՎ, ՈՐ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՄԱԽՄԲԵՑ ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ»
-Տիկին Աղաբալյան, գրեթե մեկ ամիս է անցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովից: Անցած ժամանակահատվածում ինչ-որ բան փոխվե՞լ է արցախյան մթնոլորտում:
-Համաժողովն իրադարձություն էր այն առումով, որ Արցախում համախմբեց շուրջ երկու հարյուր հայ լրագրողների, ովքեր ներկայացնում էին ինչպես հարյուրամյակների պատմություն ունեցող, այնպես էլ նորընծա հայկական լրատվամիջոցներ: Ասել է` ի ցույց դրվեց այն իրողությունը, որ հայը, ունենալով հզոր լրատվական ներուժ և իբրև 21-րդ դարի մարտահրավեր դիտելով տեղեկատվական պատերազմը, չի օգտագործում կամ այլ նպատակների է ծառայեցնում իր իսկ զենքը: Հետևաբար, փոփոխություն համաժողովից հետո պետք է փնտրել հենց տեղեկատվական դաշտում: Մի բանում վստահ եմ, որ համաժողովը կարևոր էր հենց մասնակիցների համար` Արցախը ճանաչելու, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ պատկերացումները հստակեցնելու, ինչո՞ւ չէ, նաև սեփական դիրքորոշումը սրբագրելու առումով:
-Համաժողովի մասնակիցներին հուզող կարևորագույն խնդիրն ադրբեջանական ապատեղեկատվությունը և դրան տրվելիք համարժեք հակահարվածն էր: Ինչպե՞ս եք վերաբերվում ազերիների անտրամաբանական հայտարարություններին, հայ-ադրբեջանական կոնֆլիկտին առնչվող կեղծ, շատ հաճախ զավեշտալի «մեկնաբանություններին»:
-Քանի դեռ մեր բառապաշարում շրջանառվում է «հակահարված տալ» հասկացությունը, նշանակում է` մենք պաշտպանական դիրքում ենք: Կարծում եմ` վաղուց ժամանակն է, որ մենք դադարենք սպասելուց, թե ինչ կասի մեր հակառակորդը, այնուհետև պատասխանենք համարժեք կամ ոչ համարժեք կերպով: Ընդհակառակը, ինքներս միշտ պիտի լինենք մեր մասին տարածվող տեղեկության առաջին աղբյուրի դերում: Կարծում եմ` այս դեպքում հարկ չի լինի ժամանակը վատնել ուրիշի հայտարարությունների մեկնաբանության վրա:
«ՄԵՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ, ՔԱՆ ԲԱՐԲԱՋԱՆՔՆԵՐԻՆ ԸՆԴԳԾՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ»
-Թերևս, ադրբեջանական բոլոր բարբաջանքների մեջ բացառիկ է այն հայտարարությունը, թե իրենք եղել են առաջին քրիստոնյա ժողովուրդն աշխարհում: Նորահայտ այս զեղծարարությունն ակնհայտորեն միտված է հաստատագրելու թուրք-ադրբեջանական վարչական տարածքներում դեռևս հազվադեպ հանդիպող հայկական հուշարձաններն ու պատմական անժխտելի վկայություններն իբրև իրենցը ներկայացնելու սին երազանքը: Մենք պիտի ասվածին վերաբերվենք հումորո՞վ, ցասումո՞վ, թե՞ լռությամբ և արհամարհանքով:
-Արդեն պատասխանեցի: Կարծում եմ` մենք շատ ավելի լուրջ անելիքներ ունենք, քան բարբաջանքներին ընդգծված վերաբերմունք ցուցաբերելը:
-Ստեփանակերտն իր ուրույն դեմքն ու տրամադրությունն ունեցող քաղաք է: Ո՞վ է ձևավորում այդ դեմքն ու տրամադրությունը, մարդի՞կ, թե՞ հանրապետության, քաղաքի ղեկավարությունը:
-Յուրաքանչյուր քաղաքի դիմագիծը ձևավորողը, նախ և առաջ, այդ քաղաքի բնակիչներն են: Եթե այսօր Մոսկվայի նման քաղաքը կորցրել է իր դիմագիծը, ապա դրանում հաստատ նաև մոսկվացիների մեղքի բաժինը կա: Ստեփանակերտը Մոսկվա չէ, և նույնիսկ չունի այնպիսի կոթողներ, որոնք տեսնելու համար արժե 250 կմ ոլորապտույտ ճանապարհ կտրել: Բայց Ստեփանակերտը քաղաք է, ուր մեկ անգամ լինելով, ուզում ես նորից վերադառնալ: Այս զգացողությունը բնորոշ է ոչ միայն ստեփանակերտցիներիս. հազարավոր հյուրերից նույնն ենք լսում: ՈՒրեմն, Ստեփանակերտի դիմագիծն ու տրամադրությունը նախ և առաջ նրա միջավայրն է, որ ստեղծում են այստեղ ապրող մարդիկ: Պարզապես այդ միջավայրն ավելի տրամադրող է դառնում հենց իշխանության ու ժողովրդի ներդաշնակ համակեցության շնորհիվ:
«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆ ԻՆՔԸ` ԻՐ ԻՍԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄՈՎ»
-Ի՞նչ հարաբերության մեջ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչները և տեղական լրատվամիջոցները:
-Կարծում եմ` այսօր Արցախում լրատվամիջոցների համար իշխանությունների կողմից սահմանափակումներ չկան: Որպես երկար տարիների փորձ ունեցող լրագրող` կարող եմ հաստատել. խոսքի ազատության իր չափը սահմանում է լրագրողն ինքը` իր իսկ պրոֆեսիոնալիզմով:
-Ո՞րն է արցախցի երիտասարդի կողմնորոշիչը, ուղենիշը կյանքում, և ինչպե՞ս է այն ձևավորվում:
-Կարծում եմ` հարցը պետք է ուղղել արցախցի երիտասարդին: Իմ սերունդը 80-ականների երիտասարդությունն էր, ում պատմությամբ ու ճակատագրով վիճակվեց անհավասար պատերազմում դրսևորել իր ձգտումներն ու բնութագիրը: Արցախի այսօրվա երիտասարդության առջև այլ խնդիրներ են. տեր կանգնել հողին, երկիր կառուցել և ճեղքելով երկրի ու աշխարհի միջև դեռևս ծառացած պատնեշը` դուրս գալ մեկուսացումից: Կարծում եմ` այս փորձությունը ևս պատվով պետք է հաղթահարենք:
-Արցախի ղեկավարների հետ ունեցած հանդիպումներից դատելով` կարող եմ ասել, որ ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները որևէ կերպ չեն անդրադառնում նրանց հաղթական ոգու վրա: Ժողովուրդը նո՞ւյնպես այս հոգեվիճակի կրողն է:
-Դա հոգեվիճակ չէ, այլ հոգեկերտվածք, որը չի փոխվում:
«ՏԱՂԱՆԴԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՎ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ»
-Արցախում անցկացրած օրերին լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովի բոլոր պատվիրակները հիացած էին տեղի երաժիշտների պրոֆեսիոնալիզմով, նրբաճաշակ ելույթներով: Ո՞րն է այն դարբնոցը, որում պատրաստվում են այդ արտիստները:
-Նորից` միջավայրը: Շնորհալի և տաղանդավոր երեխաներ կամ անհատներ կան ամենուրեք: Պարզապես այդ տաղանդը բացահայտելու և զարգացնելու համար մեծ ցանկություն և հետևողականություն է պետք: Հեռու եմ այն մտքից, թե բարձունքներ ենք նվաճել, բայց և վստահ եմ, որ մեծ ներուժ ունենք նաև տարբեր արվեստներում: Մեր երեխաները և մեր ստեղծագործողներն արժանի են ուսանելու և աշխատելու ավելի լավ պայմաններում: Հուսով եմ, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող մշակութային քաղաքականությունը կտա ցանկալի արդյունքներ:
-Սովորաբար ես իմ զրուցակիցներին հարցազրույցի վերջում խնդրում եմ պատմել իրենց ստեղծագործական ծրագրերի մասին: Թերևս, Ձեզ պիտի խնդրեմ պատմել Արցախի ստեղծագործական ծրագրերի մասին` ամբողջությամբ վերցրած:
-Ծրագրեր շատ կան: Սկսել ենք գեղարվեստական կրթությունից և փորձում ենք այն մատչելի դարձնել Արցախի բոլոր երեխաների համար: Կառավարության վերջին նիստում որոշում ընդունեցինք Արցախի չորս գյուղերում արվեստի դպրոցներ ստեղծելու մասին, և այս ծրագիրը շարունակվելու է: Միաժամանակ, օրակարգում են կրթության որակի բարձրացման, կադրերի վերապատրաստման խնդիրները: Պիտի փորձենք նաև խուսափել մշակույթի միաբևեռ զարգացումից և հնարավորություն ստեղծենք տարբեր արվեստների և տարբեր ուղղությունների զարգացման համար, իհարկե, ոչ ի հաշիվ մեր ինքնատիպության կամ ազգային ինքնադրսևորման: Կարևորագույններից է նաև մշակույթի կառավարման գործող մոդելի վերանայման խնդիրը: Եթե մեկ նախադասությամբ ընդհանրացնեմ` պիտի հայեցակարգային մոտեցում ձևավորենք մշակույթին: Սրանից էլ բխում են բոլոր ծրագրերն ու միջոցառումները:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ