Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՈՉ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼԵՎ ՈՉԻՆՉ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅՈՒՆԸ»

«ՈՉ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼԵՎ ՈՉԻՆՉ Ի ԶՈՐՈՒ ՉԷ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅՈՒՆԸ»
11.03.2011 | 00:00

Մեր այսօրվա հյուրը քաղաքական շրջանակում առավել հայտնի է իր կոռեկտությամբ ու զուսպ պահվածքով: Լինելով իշխանական ուժի ներկայացուցիչ՝ նա աչքի չի ընկնում ընդդիմադիր դաշտին ուղղված սուր քննադատությամբ, հասցեական վիրավորանքներով: Ինչպե՞ս է հաջողվում պահպանել հավասարակշռություն վայրիվերումներով լի իրականությունում, պարզաբանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ:
-Աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին ներկայացրիք,- անկեղծացավ պարոն Դավթյանը:- Փորձում եմ ներկայացնել իմ մտքերը, դատողությունները՝ տուրք չտալով որոշակի կոնյունկտուրայի: Իհարկե, սա ոչ միշտ է հաջողվում: Սենեկան ասում է. «Հաճախ, երբ հիշում ենք, թե ինչ ենք ասել, պիտի նախանձենք խուլ ու համրերին»: Երբեմն այսպիսի զգացողություն ես էլ եմ ունենում: Քաղաքական պայքարն իր չգրված ու գրված օրենքներն ունի, ու հաճախ այդ պայքարի բովում մոռանում ես այն մտքերը, որոնք արտահայտել ես: Դրանք չէին ասվի, եթե շատ ավելի հավասարակշիռ, հանգիստ մթնոլորտում լինեիր:
-Քաղաքականությամբ զբաղվելիս մարդու բնավորության մեջ որոշակի հատկանիշներ են «ներմուծվում»: Եթե համեմատելու լինեք այն տարիները, երբ քաղաքականությունում չէիք ու հիմա, տարբերությունը, փոփոխությունը շա՞տ է:
-Ամբողջ կյանքում սովորելը մարդու ինքնազարգացման կարևորագույն բաղկացուցիչն է: Յուրաքանչյուր ապրած ժամը ինչ-որ չափով հարստացնում, բայց ամենևին չի փոխում մարդուն: Համոզված եմ՝ ոչ միայն քաղաքականությունը, այլև ոչինչ ի զորու չէ փոխելու մարդու էությունը: Պարզապես որոշակի իրավիճակում, երբ դու բիզնես կամ քաղաքական միջավայրում ես, հնարավոր է լինում բացահայտել մարդու և՛ դրական, և՛ բացասական հատկանիշները: Սա կարելի է որակել «պրովոկացիա» անձի հանդեպ, երբ մարդն ինքնաբացահայտվում է:
-Ինքնաբացահայտման ճանապարհին հաճա՞խ են վեճեր լինում Ձեր ներքին մարդու հետ:
-Ես հանգիստ, ներդաշնակ եմ ապրում, երկփեղկված վիճակում չեմ: Մարդու հոգեվիճակը լավագույնս ներկայացրել է Գրիգոր Նարեկացին, այդպես դեռ չի հաջողվել համաշխարհային և ոչ մի մեծության: Մշտապես հիշում եմ նրա խոսքերը՝ տարակուսելի երկու ապավեն, մեկը՝ թերևս, մյուսը՝ գոնե: Ոչ թե անցյալը, ներկան, ապագան իրար հետ խռովքի մեջ են, այլ որոշակի հարցի շուրջ իրարամերժ տեսակետները մշտապես պայքարում են: Քանի որ քաղաքական կյանքն այնպիսին է, որ այս կամ այն ժամանակահատվածում որևէ հարց ավելի է կարևորվում, ապա որոշակի հակադրություն, ներքուստ կռիվ լինում է՝ ո՞րն է ավելի ճիշտը:
-Դուք նաև դասախոսում եք: Ինչպիսի՞ն է հայ երիտասարդը Ձեր աչքերով:
-Շատ ավելի լավը, քան մենք էինք: Մենք դատապարտված կլինեինք, եթե այդպես չլիներ: Այսօրվա երիտասարդության առջև լիովին այլ խնդիր է դրված, քան քսան տարի առաջվա երիտասարդի: Հիմա, երբ որոշակի քննադատում ենք մեր երիտասարդությանը, կարծում եմ, ճիշտ է: Քննադատությունը ճիշտ է, երբ հարցին մոտենում ես սրտամոտ և ազնվորեն: Սակայն քննադատությունն էլ պիտի լինի չափավոր, ոչ թե ոչնչացնող: Մեր երիտասարդները ոչ պակաս հայրենասեր են: Եթե մեզ նման ժամանակի կեսը գրադարանում չեն անցկացնում, չի նշանակում, որ հաղորդակից չեն համաշխարհային քաղաքակրթության նվաճումներին, մեր մշակույթին: Եթե հաշվի առնենք նաև, որ տեղեկատվական իրողությունների մեջ ենք ապրում, ապա մեր երիտասարդությունն ավելի շատ է տեղեկացված ու հաղորդակից ժամանակակից տեխնոլոգիաներին:
-Կա՞ մի բան նրանց մտածելակերպում, որ կցանկանայիք փոխել:
-Կցանկանայի հարցերին մոտենային ավելի ստեղծագործաբար, քան ընդունեին որպես դոգմատիկ ճշմարտություն: Թեև երիտասարդներին հատուկ է որոշակի ռոմանտիզմը:
-Ասել է՝ մեր երիտասարդներն ավելի պրագմատի՞կ են:
-Կարծում եմ՝ այո: Իմ ուսանողությունն անցել է խորհրդային տարիներին, բոլորովին այլ հասարակական-տնտեսական համակարգ էր, կային որոշակի կարծրատիպեր, որոնցից ինչքան էլ փորձում էինք հեռու մնալ, ամբողջովին չէր ստացվում: Տեղեկատվական արդի հոսքերը մեր երիտասարդությանը պարզապես հեռու են պահում նմանատիպ խնդիրներից: Սրանով էլ նրանք մեզնից տարբերվում են: Յուրաքանչյուր ժամանակ շատ կարևոր է ապրել ներկայով, սխալ է ապրել անցյալով կամ սավառնել ապագայի տեսիլքների ու երազանքների մեջ: Եթե մեզ հաջողվի անցյալը գնահատելով ու ապագային միտված հայացքներով լինել ներկայում, կարծում եմ, հաջողությունը միշտ կուղեկցի մեզ:
-Եթե ընտրության առջև կանգնեիք՝ քաղաքականությա՞մբ զբաղվել, թե՞ դասախոսել, ո՞րը կընտրեիք:
-Միշտ աշխատում եմ հեռու լինել կամ-կամ հարցերի պատասխանից: Կարծում եմ՝ մեկը մյուսին չի խանգարում, փոխադարձաբար լրացնում է: Այն, ինչ ձեռք է բերվում գործնականում, ի վերջո, այդ փորձը փոխանցվում է երիտասարդներին: Շատ կարևոր է ուսանողներին հաղորդակից դարձնել այն ամենին, ինչի միջով անցնում ենք: Այսինքն՝ ոչ միայն տեսական գիտելիքի փոխանցում, այլև փորձ, պրակտիկա, ինչն էլ պակաս կարևոր չէ երիտասարդի ճիշտ ինքնադրսևորման համար: Կամքի ազատության խնդիրն ինձ համար ոչ մի արժեքի հետ համեմատելի չէ:
-Ազատությունն ի՞նչ է Ձեզ համար:
-Գործողությունների ազատություն, երբ դրանք չեն հակասում այլոց իրավունքներին և ամբողջովին տեղավորվում են բարոյական վարվելաձևի, առաջին հերթին, չգրված կանոնների մեջ: Ազատությունը սահմանափակվում է, երբ դու քո գործողություններով այլոց իրավունքներն ես խախտում և նրանց անհանգստացնում: Բայց ազատությունն առանց օգտակարության որոշակի հատկանիշների ինձ համար անընդունելի է: Ազատության օգտագործման ամենաճիշտ եղանակն այլոց օգտակարության մեջ է: Այսինքն, քեզ տրված շնորհը հնարավորինս ի նպաստ բերես, պետքական լինես մարդկանց:
-Մարդիկ առավել ազատ են զգում նաև իրենց ընտանիքում: Ի՞նչ եք կարծում, ավանդական հայկական ընտանիքի մոդելն այսօր որոշակի փոփոխություն կրե՞լ է:
-Ես չափավորության կողմնակից եմ: Ոչ ծայրահեղ ավանդականություն և ոչ էլ ծայրահեղ ազատականություն: Լիովին համամիտ եմ Մուրացանի այն տեսակետին, որ ընտանիքը համարում էր և՛ հասարակության, և՛ պետականության հենք և մեր զարգացման, ապագայի տեսլականի գրավական: Ժամանակը, սակայն, իր ճշգրտումները մտցնում է նաև ընտանիքի մոդելի մեջ, բայց ինձ համար անընդունելի է, երբ ամուսին-կին հարաբերությունները երկրորդում են երեխաներին: Շատ ենք հանդիպում այսպիսի արտահայտությունների՝ կինս երեխաներիս մայրն է կամ` ամուսինս երեխաներիս հայրն է: Կարծես ամենակարևորն այս հարաբերություններում սա է, որն առաջնայինը երկրորդ պլան է մղում: Սա ինձ համար անընդունելի է, քանի որ, կարծում եմ, ընտանիքի հիմքն ամուսին-կին հարաբերությունն է: Այդ կապն Աստծո կամոք է լինում: Ավելին, եթե առաջնայնությունը հենց այդ կապը տեսնենք, ոչ մի ժամանակ չի կարող խաթարել ամուր ընտանիքի հիմքերը:
-Հաշվի առնելով ամուսնալուծությունների թվի աճը, այդ կապի ո՞ր օղակը լավ չի աշխատում:
-Գլխավոր պատճառը սոցիալական վիճակն է: Երբ բարեկեցությունն ապահոված լինի, այդ ցուցանիշը ոչ միայն կնվազի ու կհասնի խորհրդային տարիների վիճակագրությանը, երբ հայկական ընտանիքն ամենաամուրն էր, այլև ավելի լավ արդյունք կունենանք: Բոլոր դժվարություններն ու փորձությունները նախ և առաջ հաղթահարվում են կին-ամուսին ամուր կապով: Ցանկացած փորձություն ընտանիքը կապում է ամուր թելերով:
-Որպես ընտանիքի հայր` ի՞նչն եք կարևորում երեխաների դաստիարակության գործում:
-Ես ու կինս աշխատում ենք նրանց ազատ հայ մարդ դաստիարակել, ամեն ինչ անում ենք, որ հասկանան, թե իրենք պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն ու պատասխանատվություն կրեն դրանց համար: Իսկ այդպիսին դառնալու համար աշխատում ենք մեր երեխաներին ապահովել գիտելիքներով, փոխանցել հայ ընտանիքներին հատուկ արժեքային համակարգը:
-Տասը տարի անց ինչպիսի՞ Հայաստանում կուզենայիք ապրել:
-Առաջընթացը լիներ այնպիսին, ինչպիսին 2008-ին էր 1998-ի համեմատ: Խոսքը վերաբերում է զուտ տնտեսական աճին, սոցիալական խնդիրների լուծմանը: Եթե սոցիալական արդարությունը բարձր մակարդակի վրա լինի, կոռուպցիան հաղթահարված, տասը տարի հետո կունենանք ավելի ամուր ընտանիքներ: Եթե այս ճանապարհով ընթանանք, ապա ապագայի տասը տարիները Հայաստանի Հանրապետությանն են լինելու:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ