Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԵԹԵ ՈՒԺՈՎ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ, ԱՊԱ ԿՍՏԱՑՎԻ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒԺՈՎ»

«ԵԹԵ ՈՒԺՈՎ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ, ԱՊԱ ԿՍՏԱՑՎԻ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒԺՈՎ»
15.03.2011 | 00:00

Մեր ինտեգրալ դարում բոլոր իրադարձությունները, անգամ առաջին հայացքից իրարից զատ, ոչ միայն փոխկապակցված են, այլև տեղի են ունենում բնավ էլ ոչ պատահաբար։ Այսպես, մինչ ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում էր Կահիրեի փողոցներում տեղի ունեցող գործողություններին, իրար հետևից համաշխարհային լրատվամիջոցներում սկսեցին շատ հետաքրքիր հրապարակումներ երևալ տարածաշրջանից։ Ընդ որում, այդ, թվում է, զատ-զատ և չփոխկապակցված լուրերը, եթե ուշադրությամբ նայելու լինենք, շատ հետաքրքիր տրամաբանական շղթա են կազմում։ Իսկ այն, իր հերթին, տանում է դեպի ոչ պակաս հետաքրքիր հեռանկար։ Եվ այսպես, Թուրքիայի վարչապետն իրեն բնորոշ անառարկելի տոնով հայտարարեց, թե Իսրայելը և որ ինքն այդ մասին արդեն նախազգուշացրել է ԱՄՆ-ի նախագահին և Հունաստանի վարչապետին։ Հատկանշական է, որ Էրդողանն այդ բանը հայտարարեց Թուրքիայի և Սիրիայի` Իսրայելի ևս մեկ անհաշտ թշնամու, միջև «բարեկամության կամրջի» բացման ժամանակ։ Այնուհետև տեղի ունեցավ Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսային խոսակցությունը։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Սալեհը կոչ է արել շարունակել խորհրդակցությունները երկու կողմերի հետ, ինչպես նաև ընդգծել է Իսրայելի կողմից ցանկացած «հնարավոր սպառնալիքի» հանդեպ զգոնության անհրաժեշտությունը։ Այդ հաղորդագրություններից անմիջապես հետո բրիտանական հետախուզությունն «արտահոսք» ապահովեց այն մասին, թե Թուրքիայում գործնականում ավարտվել է բանակի անցումը իսլամականների լիակատար վերահսկողության ներքո։ Միաժամանակ, Ստամբուլի դատարանը որոշեց, որ թուրքական բանակի մոտ 170 բարձրաստիճան սպա ենթակա է ձերբակալման։ Իսկ որքան հայտնի է, եթե Եվրոպայում բանակը գոյություն ունի պետության համար, ապա իսլամական երկրներում պետություններն են գոյություն ունենում բանակի համար, ինչը շատ ակնբախորեն ցույց տվեցին Եգիպտոսի իրադարձությունները։ Այսինքն, Թուրքիայի իսլամական կառավարությունը, փաստորեն, ավարտել է երկրի շեղումը Աթաթուրքի աշխարհիկ գաղափարներից և դա, ամենայն հավանականությամբ, անշրջելի գործընթաց կդառնա։ Բոլոր փորձագետները նշում են, որ Անկարայի և անձամբ Էրդողանի վարկը մի գլուխ բարձրացել է արաբական աշխարհում, ինչին, առաջին հերթին, նպաստեցին հարձակումներն Իսրայելի հասցեին և այն, որ երկու երկրների հարաբերությունները փաստացի նվազագույնի են հասցվել։ Ինչպես հայտնի է, Անկարայի համար, որը սկսել է նորօսմանականության գաղափարներին հետևել, դա ծայրաստիճան կարևոր և, ինչպես այնտեղ համարում են, հեռանկարային գործոն է։ Հետևաբար, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Էրդողանը ոչ միայն կշարունակի իր «հակահրեական արշավը», այլև հակասիոնիստական գաղափարախոսությունը կբարձրացնի էլ ավելի բարձր, անգամ պետական մակարդակի։ Առավել ևս, որ թուրք բնակչության շրջանում արդեն շատ բարեբեր հող է ստեղծվել։ Հասկանալի է, որ Թել Ավիվում խիստ անհանգստացած են իրադարձությունների նման զարգացումից. չէ որ ժամանակներ առաջ Թուրքիան համարվում էր Իսրայելի միակ պատվարը Մերձավոր Արևելքում ու նրա ռազմավարական գործընկերը, իսկ Թել Ավիվի հետ Անկարայի հարաբերությունները` «առանձնահատուկ, քան աշխարհի մյուս երկրների հետ»։
Հիշեցնենք մի քանի փաստ, որոնք դեռ վերջերս համարվում էին անկապտելի։ Նախ, Թուրքիան իսլամական առաջին երկիրն էր, որ 1949 թ. ճանաչեց Իսրայելի անկախությունը։ Ընդ որում, իսրայելցիները միշտ համոզված են եղել, որ թուրքերի հետ հարաբերությունների ցանկացած վատացում կհանգեցնի մահմեդական աշխարհում հրեական պետության էլ ավելի մեծ մեկուսացման, իսկ դա լուրջ սպառնալիք է։ Երկրորդ, Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները գլխավորապես հենվում են ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Ընդ որում, Անկարան միշտ է դրանք որպես հաղթաթուղթ օգտագործել քաղաքական, տնտեսական ու ռազմական արտոնություններ ստանալու համար։ Ավելին, անցած դարի վերջին, երբ Թուրքիան լարված էր իր գրեթե բոլոր հարևանների հետ, հարաբերությունները վերաճեցին «ռազմավարական դաշինքի»։ Առևտրական շրջանառության ծավալը 2008 թ. հասավ 5 մլրդ դոլարի և ուներ աճի միտում (և դա բացի ռազմական մատակարարումներից)։ Նկատենք, որ այդ երկրները ռազմական գործակցության 60-ամյա պատմություն ունեն։ Այսպես, 1958 թ. տեղի ունեցավ մի գաղտնի հանդիպում (դա հայտնի դարձավ միայն տարիներ անց), որի ժամանակ համաձայնագիր ստորագրվեց այն մասին, որ Թուրքիան, Իրանը, Եթովպիան և Իսրայելը պայմանավորվում են ռազմական գործակցության շուրջ։ Տարիներ անցան, Իրանը գլխավորեց «հակաիսրայելական ճակատը», իսկ այդ ժամանակ ավանդական դարձած թուրք-իսրայելական դաշինքը բացահայտ թշնամաբար ընդունվեց իրանական իշխանությունների կողմից։
Այդ ժամանակ թուրքական բանակը սկսեց նախապատվությունը տալ իսրայելական սպառազինությանը, որը փորձություն էր անցել իրական մարտական գործողություններում։ Բայց, դատելով ըստ ամենայնի, համատեղ պայմանագրերի ամբողջ ճակատը ոչ միայն սկսեց ճաքեր տալ, այլև արագորեն փուլ գալ։ Եվ, անտարակույս, այնպիսի մի իրատես ազգ, ինչպիսին հրեաներն են, եթե անգամ փորձի էլ ինչ-որ բան վերականգնել, ապա առանձնապես չի թևավորվի, ապագայի համար միարժեք հետևություններ կանի և համարժեք քայլեր կմշակի։
Իսկ հիմա անցնենք վերջին իրադարձություններին, որոնք, կարծես, ուղղակիորեն կապված չեն վերը շարադրվածի հետ։ Թուրքիայում, Բիթլիսի նահանգում, հայտնաբերվել է քրդերի ևս մեկ զանգվածային գերեզման։ Ինչպես հայտնի է, զանգվածային գերեզմանների հայտնաբերումն ու ցուցակագրումը, մարդասպանների հայտնաբերումն ու նրանց դատակոչումը քրդական կողմի հիմնական պահանջներն են, ընդ որում, ոչ միայն Թուրքիայում։ Քրդերի առաջին զանգվածային գերեզմանը Թուրքիայում հայտնաբերվել է 2003 թ., և այսօրվա դրությամբ արդեն կազմվել է Անատոլիայում այդպիսի զանգվածային գերեզմանների քարտեզը։ «Մենք կշարունակենք փորձերը ստիպելու Թուրքիային պահպանել միջազգային իրավունքի նորմերը»,- հայտարարում են քրդական կազմակերպությունները, որոնք «Գտնել կորածներին, դատել մեղավորներին» կարգախոսով առայժմ խաղաղ նստացույցերի ալիք են բարձրացրել։ Խաղաղ չէ նաև Իրաքյան Քրդստանի շուրջ տիրող իրավիճակը, որտեղ միայն վերջին օրերին մի քանի ահաբեկչական պայթեցում է կատարվել։
Ինչ հետևության կարելի է հանգել այդ իրադարձությունները վերլուծելուց հետո։ Նախ, քաղաքականության մեջ, ինչպես բնության մեջ, յուրաքանչյուր գործողություն հակազդեցություն է ծնում։ Ելնելով դրանից, պետք է սպասել թե՛ քրդական կողմի, թե՛ իսրայելցիների արձագանքին։ Երկրորդ, հին սկզբունքները` «ո՞ւմ դեմ ենք բարեկամանում» և «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է», արդի աշխարհում ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Հետևաբար, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, երևի, իսրայելցիներին ու քրդերին կդրդեն մերձեցման։ Առավել ևս, որ վերջին տարիներին դրա համար լավ հիմքեր են ստեղծվել։ Այն պայմաններում, երբ Թուրքիայում կանոնավորապես մոլեգնում է ահաբեկչական գործողությունների ու զինծառայողների վրա հարձակումների ալիքը, իսկ ոստիկանությունն ու ժանդարմերիան շարունակում են լայնածավալ գործողությունը քրդական աշխատավորական կուսակցության անդամների դեմ, շատ արագ փոխվեց Իսրայելի վերաբերմունքը քրդերի նկատմամբ։ Ավելին, իսրայելցիների կողմից քիչ բան չի արվել, որ Իրաքյան Քրդստանում քրդերը, ի դեմս իսրայելցիների, սկսեն զինակիցներ փնտրել։ Փորձագետները նշում են, որ այսօր քրդերը «ոչ միայն համակրանք են զգում Իսրայելի նկատմամբ, այլև խոսում են հրեաներին իրենց նմանության մասին» և Քրդստանը բացահայտորեն կոչում են «երկրորդ Իսրայել»։ Քրդերն ընդգծում են, որ հրեաները Քրդստանի տարածքում ապրել են երկու հազարամյակից ի վեր, իսկ գիտնականները ենթադրում են, որ քրդական վերնախավը նախաիսլամական շրջանում հուդդայականության է անցել։ Բացի այդ, այնտեղ շատ տարածված է այն թեզը, որ աշխարհը նախընտրում է աչք փակել «էթնիկ զտումների և հնամյա կրոնական և ազգային փոքրամասնությունների ոչնչացմանն ուղղված վիթխարածավալ կամպանիայի վրա»։ Այդ ակնարկները, հատկապես Անկարայի հետ փոխհարաբերությունների վատացման մթնոլորտում, արձագանք են գտել իսրայելցիների շրջանում։ Այսպես, հայտնի է դարձել, որ Իսրայելի զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերի և հետախուզության սպաները Քրդստանում անցկացնում են ցամաքային ներխուժման երթուղիների նախապատրաստություն և հետախուզում են Իրանի սահմանամերձ շրջանները։ Ավելին, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը խոսել է Էրդողանի և Ահմադինեժադի նմանության մասին։ Այսինքն, լուրջ հիմքեր կան համարելու, որ, ինչպես ասում է հրեական ասացվածքը, որն ազգային կարգախոս է դարձել` «Եթե ուժով չի ստացվում, ապա կստացվի ավելի մեծ ուժով», իսկ ուժի մեծացումը հրեաները տեսել են քրդերի մեջ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ