Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղղությունների նշանակալիությունը պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան նրա նպատակներով ու խնդիրներով, որքան ուժի համաշխարհային և տարածաշրջանային կենտրոնների շահերով։ Ազդեցությունն այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է, իհարկե, մեծ կշիռ կշնորհեր Թուրքիային, սակայն նախ` կովկասյան ուղղությամբ էքսպանսիան ամենահեշտ խնդիրներից չէ, և երկրորդ` անգամ ավելի ուժեղ ներկայությունը Կովկասում չէր հանգեցնի աշխարհում Թուրքիայի հեղինակության սկզբունքային աճին։ Կովկասը, չնայած իր աշխարհաքաղաքական նշանակալիությանն ու ածխաջրածինների պաշարներին, եղել և մնում է աշխարհաքաղաքական իմաստով «լուսանցքային» տարածաշրջան։ ԱՄՆ-ը հնարավորություն ուներ այդ բանն զգալու լիովին, երբ, ծախսելով բավականաչափ քաղաքական և նյութական ռեսուրսներ, ձեռք բերեց տարանցման ընդամենը մի «շարքային» միջանցք, էլ չենք խոսում այն մասին, որ այդպես էլ չհաջողվեց «վերցնել» Կովկասի պետություններն ու հանրությունները։ Կենտրոնական Ասիան ավելի կարևոր է աշխարհաքաղաքական քարտեզի վրա, բայց Թուրքիայի համար հեշտ չէ իր դիրքերը հաստատել այդ շրջանում, որը աշխարհագրական, ռազմավարական, քաղաքական ու մշակութային առումով շատ հեռու է Անատոլիայից։ Վերջին քսան տարիներին Թուրքիան առիթներ ունեցել է գնահատելու իր հնարավորությունները Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Կովկասում ու Բալկաններում, և հասկացել, որ իրեն սպասում են միջոցների ու ժամանակի նշանակալի ծախսումներ` փոխարենը չունենալով նոր դիրքեր ձեռք բերելու և ոչ մի երաշխիք։ Բավականաչափ նշաններ կան, որ Թուրքիան, բաց թողնելով Բալկանների, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի էքսպանսիայի ծրագիրը, նախընտրում է «նեոօսմանիզմի» առաջին փուլում նոր դիրքեր ձեռք բերել Մերձավոր Արևելքում, այսինքն` այն տարածաշրջանում, ուր որոշվում է թուրքական մեծապետականության ճակատագիրը։ Արևմտյան ընկերակցության առաջատար պետությունները կնախընտրեին թուրքական էքսպանսիան տեսնել ոչ թե մերձավորարևելյան, այլ եվրասիական ուղղությամբ, երբ Անկարայի ուշադրությունը կշեղվեր Արևմուտքի համար ռազմավարական առումով ավելի կարևոր Մերձավոր Արևելքից։ Բայց երբ Թուրքիան բացահայտորեն մատնանշում է, թե որն է իր առաջնային ուղղությունը և բազում կոնկրետ ծրագրեր է առաջադրում այդ տարածաշրջանի հետ կապված, Արևմուտքն սկսում է գործել, ընդ որում, շատ արագ ու գրեթե հրահրիչ։
Որևէ պետության կամ շարժման նվաճողական նկրտումների «զսպման» ռազմավարությունն ու մարտավարությունը ենթադրում են բազմապիսի, հաճախ հակասական գործողություններ, ճնշում, հակակշիռներ, զիջումներ ու նորից ճնշում, և բազմաթիվ այլ «հնարքներ»։ Պետք է նշել, որ արևմտյան տերությունները դեռևս չեն ծավալել Թուրքիայի զսպման իրենց քաղաքականությունը, նրանց միջև ջանքերի լիակատար համակցում չկա։ Ավելին, արևմտյան պետությունները հնարավոր են համարում Թուրքիայի ներկա քաղաքականությունն ու հավակնություններն օգտագործել միմյանց դեմ։ Բայց ջանքերի որոշ համակցում, այնուամենայնիվ, գոյություն ունի, և տարածաշրջանային քաղաքականության «կտրուկ շրջադարձերում» ջանքերի այդ համակցումն ակնհայտ է դառնում։
Դեպի Մերձավոր Արևելք Թուրքիայի նկրտումները զսպելու կարևոր եղանակներից մեկը Թուրքիայի ներգրավումն է տարածաշրջանի խնդիրների մեջ, սակայն բացառապես բացասական իմաստով։ Ենթադրվում է նրան որպես ՆԱՏՕ-ի անդամի և Արևմուտքի գործընկերոջ ներգրավել հարկադրանքի զանազան գործողությունների մեջ, հենց այնպիսի բանի, ինչ հիմա տեղի է ունենում Լիբիայում։ Ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները թույլ չեն տա Թուրքիայի ավելի ակտիվ դեր նման գործողություններում։ Թուրքիան չպետք է հնարավորություն ունենա ավելի նախընտրելի` իրավարարի կամ ակտիվ մասնակցի դիրք գրավելու այդ գործողությունների շրջանակներում։ Թուրքիայի մասնակցությունը մերձավորարևելյան իրադարձություններին (ոչ գործընթացներին), որպես համաստորադաս գործընկերոջ, առավել հարմար տարբերակն է արևմտյան պետությունների համար։ Միանգամայն հնարավոր են այնպիսի սցենարներ և իրադարձությունների այնպիսի զարգացում Մերձավոր Արևելքի այս կամ այն երկրում, երբ Թուրքիայի անգամ նվազագույն մասնակցությունն անթույլատրելի կլինի, բայց այնտեղ, ուր ասպարեզում լինում է ՆԱՏՕ-ն, Թուրքիայի մասնակցությունը որոշ չափով ընդունելի պայման է նրա հետ Արևմուտքի հարաբերություններում։ Մինչև հիմա Արևմուտքը կողմնակի հայեցող էր մերձավորարևելյան իրադարձություններում և հարմար պահի էր սպասում նախաձեռնելու Թուրքիայի ներգրավումը։ Ընդ որում, միանգամայն ակնհայտ է, որ թեև Մեծ Բրիտանիան ամեն կերպ ձգտում է Թուրքիայի հետ հաստատելու ինչ-որ «առանձնակի» հարաբերություններ ու միջնորդ լինելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ երկխոսելու համար, հենց Լոնդոնը դարձավ այնպիսի հարաբերությունների սխեմայի Անկարային «հաղորդակցելու» նախաձեռնողներից մեկը, երբ Թուրքիային վերապահվում է «հարկադրանքի» համաստորադաս դերը։ Այդ հնարքը լիովին համապատասխանում է Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը, քանի որ նա երկար ժամանակ Թուրքիայի նկատմամբ բռնել է այնպիսի կեցվածք, որը նպաստավոր լինի անգլոսաքսոնական բլոկից Անկարայի կտրվածությունը հաղթահարելու համար։ Բայց Ֆրանսիայի արտաքին քաղաքականության համար որոշակի առումով շատ օգտակար կլինի, եթե Փարիզի և Լոնդոնի միջև գործողությունների որոշակի համաձայնեցում լինի։ Նրանք վերջերս են ռազմական պայմանագիր կնքել, և ֆրանսիացիները կարող են ավելի սերտ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական համագործակցություն ակնկալել։ Հնարավոր է, որ Լիբիայի առնչությամբ ֆրանս-բրիտանական հարաբերություններում կան հարցերի առաջադրման այլ մոտեցումներ, բայց Թուրքիայի ներգրավումը ՆԱՏՕ-ի այդ գործողության մեջ չի կարող նախաձեռնված չլինել հենց այդ երկու եվրոպական պետության կողմից, անշուշտ` ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Այսպես թե այնպես, եվրոպական նախաձեռնությունները Թուրքիայի վերաբերմամբ ներկայումս ավելի ակտիվ ու ավելի բովանդակալից են, քան ԱՄՆ-ի փորձերը, և դա հասկանալի է, քանի որ Թուրքիայի կողմից Եվրոպային ուղղվող սպառնալիքներն ավելի առարկայական ու անմիջական են, քան ԱՄՆ-ին ուղղվող սպառնալիքները։ Փարիզը վերջին ամիսներին նկատում է, որ Գերմանիան շահագրգռությամբ չի վերաբերվում եվրոպական ու տարածաշրջանային մի շարք խնդիրների, և այդ կապակցությամբ փորձում է կիրառել եվրոպական առաջատար տերությունների միջև հավասարակշռություն հաստատելու հին ու փորձված մեթոդները. որոշել է Գերմանիային ցուցադրել Եվրոպայի շրջանակներում այլընտրանքային գործընկերության հնարավորությունը։ Իհարկե, Գերմանիան կսկսի ուղիներ որոնել իր քաղաքականությունը ֆրանսիականից ավելի անկախ դարձնելու համար։ Բայց Թուրքիայի առնչությամբ մեծ տարաձայնություններ չեն լինի, քանի որ թուրքական գործոնը Գերմանիայի համար, ինչպես Ֆրանսիայի, դուրեկան չէ ու արդեն վտանգավոր է դառնում։ Թուրքիան հնարավոր է համարել քաղաքական պահանջներ ներկայացնել անմիջականորեն թե՛ Գերմանիային, թե՛ Ֆրանսիային, ընդ որում, միաժամանակ, ինչը, անտարակույս, արձագանք կգտնի Փարիզի և Բեռլինի քաղաքականության մեջ և նրանց կխթանի համաձայնեցնելու իրենց ջանքերը թուրքական ուղղությամբ։ Թուրքիայի նկատմամբ եվրոպացիների այս և այլ նախաձեռնությանը ԱՄՆ-ի արձագանքը ևս լիովին հասկանալի է։ Ամերիկացիները հիանալի հասկանում են, որ լիարժեք ձևաչափով Թուրքիայի զսպման քաղաքականությունը կարող է իրականացվել միայն եվրոպացիների հետ համաձայնեցված։
Լիբիայի պարագայում Թուրքիան ներգրավվել էր հենց համաստորադաս գործընկերոջ պայմանով և միարժեքորեն հասկացավ իր տեղն ու դերը անդրատլանտյան հարաբերություններում։ Թուրքիայի ղեկավարությունը, իհարկե, գլուխը կորցրել էր։ Անկարայում հասկացան, որ իրեն շատ անփառունակ դեր են հատկացրել լիբիական գործողություններում, նման դերից հրաժարվելը հաստատ կնշանակեր զգալիորեն անջրպետվել ՆԱՏՕ-ից, և այն, ինչ իրենց կարող են թույլ տալ Գերմանիան և Լեհաստանը, չի կարող Թուրքիան, քանի որ չափազանց շատ բան էր մինչ այդ ասվել Մերձավոր Արևելքում Թուրքիայի պատասխանատվության և անգամ առաքելության մասին։ Թուրքիային առաջարկվել է, և դիտմամբ խիստ պատկառելիորեն է առաջարկվել, մասնակիցը դառնալ գործողությունների բավական տևական մի պլանի, որը վերաբերելու է ոչ միայն Լիբիային, այլև առնչվելու է բազում խնդիրների, որոնք կարող են մոտ ժամանակներս առաջանալ Մերձավոր Արևելքում։ Մի քանի տարի է, ինչ Թուրքիան ջանում է ամեն կերպ ուշադրություն հրավիրել այդ տարածաշրջանում իր վարած քաղաքականության վրա` որպես միանգամայն անկախ գործելակերպի, փորձում է ստանձնել Մերձավոր Արևելքի «խնամակալի», մի շարք արաբական պետությունների որոշակի շարժումների և քաղաքականության քաշող ուժի դերը։ Հիմա արաբական պետություններն առիթ ունեն ականատես լինելու իրենց նորահայտ «հովանավորի» «անկախ» հնարավորություններին։
Եվրոպայի համար ամենևին ցանկալի չէ Թուրքիային մի այնպիսի տարածաշրջանի որոշակի գժտությունների մեջ ներքաշել, ինչպիսիք են, օրինակ, Բալկանները։ Եվրոպացիները բավականին երկյուղածությամբ են վերաբերվում Բալկաններին և եվրոպական քաղաքական տարածության մեջ անմիջականորեն ներառված ցանկացած տարածաշրջանի։ Թուրքիայի փորձերը` իր ռազմավարական ծրագրերին «կապելու» այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բոսնիան, Ալբանիան կամ Կոսովոն, եվրոպացիների ուշադրության կենտրոնում են, թեև ո՛չ առաջատար եվրոպական պետությունները, ո՛չ Եվրամիությունն առայժմ չունեն փոքրիշատե համարժեք քաղաքականություն, որը պատշաճորեն արձագանքեր Հարավային Եվրոպայի տարածաշրջանում Թուրքիայի նվաճողական նկրտումներին։ Որևէ խառնակ վիճակ Բալկաններում անցանկալի է, իսկ ահա Մեձավոր Արևելքն առավել հարմար ասպարեզն է Թուրքիային տևականորեն «կապելու» համար։ Բայց Մերձավոր Արևելքն էլ ոչ միշտ կարող է հարմար լինել Թուրքիան տարբեր խնդիրների ու ճգնաժամի մեջ գցելու քաղաքականության վարման համար։ Օրինակ, Ֆրանսիայի համար պրոբլեմները, ներառյալ Սիրիայի ու Լիբանանի հեղափոխական իրադարձությունները, միանգամայն անընդունելի են։ Սիրիան ու Լիբանանը Ֆրանսիայի համար կարևոր գործընկերներ են, և չնայած Սիրիայի ղեկավարության հետ եղած որոշ խնդիրներին, Ֆրանսիան շարունակում է նրանց համարել «ազդեցության գոտի»։ ԱՄՆ-ի համար Սիրիան և Լիբանանը, ընդհակառակը, շատ հարմար երկրներ են բազում սուր խնդիրների լուծման համար, ինչը ներգործում է ամբողջ Մերձավոր Արևելքի վրա։ Եվրոպացիներն այդպես էլ չյուրացրին տարածաշրջանի վրա ներգործելու «տրամաբանական տեխնոլոգիաները», իսկ Մեծ Բրիտանիան անշեղորեն հանդես է գալիս միայն ԱՄՆ-ի գործընկերությամբ։ Թուրքիան Պարսից ծոցի կամ Սուդանի նման ենթատարածաշրջաններին «կապել» հնարավոր չէ, քանի որ դա հղի է ավելի քան խոշոր աղմուկով, ինչն առհասարակ պետք չէ ո՛չ Արևմուտքին, ո՛չ արաբական երկրներին, ո՛չ Իրանին։ Ներկայումս կա ընդամենը երկու երկիր, ուր Թուրքիան կարող էր խրվել մնալ և հայտնվել տարածաշրջանային «ճահճի» տևական իրավիճակում։ Դրանք են Լիբիան և Իրաքը։ Լիբիան ամենահարմար երկիրը չէ, ուր կարելի է օգտագործել Թուրքիային և ամուր «կապել» նրան` գոնե այն պատճառով, որ Լիբիան շատ հեռու է այն ասպարեզներից, ուր Թուրքիան կարող էր գործի դնել իր քաղաքական և ռազմական ռեսուրսները։ Անգամ եթե արևմտյան գործընկերներն սպառեն իրենց խնդիրներն ու Թուրքիային թույլ տան հաստատելու այդ երկրում իր ներկայությունը, այդ բանը թույլ չի տա Եգիպտոսը` արաբական աշխարհի առաջատարը, որը միշտ չափազանց խանդով է վերաբերվել Լիբիայի անցուդարձին և Քադաֆիի քաղաքականությանը։ Հիմա Եգիպտոսը թույլ է, ինչը երկար չի տևի, և նա անպայման կվերադառնա արաբական երկրների գործերին։ Այլ բան է Իրաքը, որը տասնամյակների խնդիր է, և այս տարածքում, ամերիկյան զորքերի հեռանալուց հետո, տեղի կունենան իրադարձություններ, որոնք կազդեն ամբողջ տարածաշրջանի վրա, այդ թվում նաև` Թուրքիայի և Իրանի։ Ավելի քան մեկ տարի առաջ ամերիկյան քաղաքական գրականության մեջ ի հայտ եկավ մի այսպիսի բառակապակցություն. «քուրդ-իրաքյան ուղղություն», ինչը նշանակում է ոչ միայն Իրաքում արաբների ու քրդերի փոխհարաբերություններ, այլև թուրքերի, քրդերի ու արաբների փոխհարաբերությունների համալիր։ Արդի աշխարհում ոչինչ չի կարող լինել այնքան վայրագ ու սպառնալից, որքան Իրաքում տիրող իրավիճակը։ Հնարավոր է, ուշադրության է առնվել այն, որ խոշոր նավթային ընկերությունները և Արևմուտքի առաջատար տերությունները` նավթի ու գազի խոշորագույն սպառողները, բնավ շահագրգռված չեն համաշխարհային էներգետիկ շուկայում իրաքյան «մեծ» նավթի ի հայտ գալով, եթե նկատի ունենանք, որ իրաքյան նավթի արդյունահանման և արտահանման ներկա ծավալները դեռևս այնքան մեծ չեն։ Համաշխարհային տնտեսությունը լիովին հարմարվել է «յոլա գնալուն» նաև առանց իրանական նավթի, և ուղիներ է որոնում չեզոքացնելու մերձավորարևելյան նավթի ազդեցությունը։ Որպես քաղաքական «փորձադաշտ» Իրաքը շատ ավելի արժեքավոր է թվում, քան որպես նավթի «տակառ», թեև սկզբից ի վեր իրաքյան խնդիրը, երևի, հղացել է հենց որպես «տակառ», որտեղ կուտակված են 21-րդ դարի երկրորդ կեսի նավթի պաշարները։ Պատահական չէ, որ և՛ Իրանն ու Թուրքիան, և՛ Սաուդյան Արաբիան բավական վախենում են Իրաքում տիրող իրադրությունից, և ամեն պարագայում ջանում են հնարավորինս հեռու մնալ նրանից։ Առավել ակտիվը Թուրքիան էր, բայց շուտով հասկացավ, որ իրեն ներքաշում են շատ տհաճ սյուժեների մեջ։ Ընդ որում, եթե Իրանն Իրաքում ունի այդպիսի որոշիչ դիրքեր, շիա բնակչություն, ու չնայած քրդերի հետ ծայրաստիճան խաթարված հարաբերություններին, այնուամենայնիվ, հանդես է գալիս որպես իրանական աշխարհի գլխավոր երկիր, ապա Թուրքիայի կողմից թուրքասերների վկայակոչումները խիստ կասկածելի են, և Թուրքիային ավելի շուտ դուր են գալիս արաբա-սուննիական քաղաքական խմբերը, որոնց դիրքերն էապես թուլացած են և երկար ժամանակով։ Բացի այդ, Իրանը հեռու է որևէ կայսրապետական մտադրությունից և աշխատում է միայն զսպել արտաքին թշնամական «գրոհները», մինչդեռ նեոօսմանականությունը շատ ագրեսիվ քաղաքական դոկտրին է, ինչը միանգամայն անընդունելի է արաբական և իրանա-շիական աշխարհների համար։
Լիբիան սյուժետային շատ թեմաների «դիդակտիկ նյութ» էր, բայց Թուրքիայի խնդիրների առումով լիբիական գործողությունը լուրջ փորձություն եղավ թուրք պարագլուխների համար, որոնք ընտրության առջև են կանգնած, թե այսուհետ ևս Անկարան որքան կարող է շարունակել իր «նոր» արտքաղաքական կուրսը։ Եթե Անկարան չսրբագրի իր քաղաքականությունը, ինչը տվյալ հեռանկարում շատ խելամիտ կլիներ` հաշվի առնելով նրա արտաքին քաղաքականության մյուս ձախողումները, ապա կառաջանա ՆԱՏՕ-ից և առհասարակ Արևմուտքից Թուրքիայի հետագա տարանջատման իրոք նոր և շատ սկզբունքային իրավիճակ։ Այդ հեռանկարը ենթադրում է նույն «իրաքա-քրդական» ուղղությունում նրան ներքաշել ավելի ծավալուն մարտական գործողությունների մեջ, ինչը Թուրքիայի համար կդառնա մերձավորարևելյան «Վիետնամ», որ ամերիկացիներն ու եվրոպացիները պարզապես նրա վրա կգցեն որպես անհագ հավակնությունների «գլխավոր մրցանակ»։ Նման լայնընդգրկուն տարածաշրջանային պատերազմը կարող է ներառել Թուրքիայի, Իրաքի, հնարավոր է նաև Սիրիայի տարածքները։ Այդ դեպքում Իրաքյան Քրդստանի ո՛չ կառավարությունը, ո՛չ քաղաքական ղեկավարությունը, ո՛չ էլ բուն Իրաքի կառավարությունը չեն կարող կողմնակի հայեցող լինել, և դա, փաստորեն, կնշանակի արաբների ու քրդերի պատերազմ ընդդեմ Թուրքիայի։ Հիմա արդեն ոչ մի կասկած չի կարող լինել, որ քրդական քաղաքական կազմակերպություններն ու մարտական խմբերը պատրաստված են միանգամայն այլ մակարդակով և ի վիճակի են մարտական լայն գործողություններ իրականացնելու Թուրքիայի ամբողջ տարածքում։ Թուրքիայի ներկա քաղաքական ղեկավարները, ինչպես նաև թուրքական զինվորական շրջանակները հասկանում են նման սցենարի ամբողջ վտանգավորությունը և գտնվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական խնդիրների առթիվ լուրջ որոշումներ ընդունելու շեմին։ Իհարկե, Թուրքիան վիթխարի ռազմատնտեսական կարողություն ունի «քուրդ-իրաքյան ուղղությամբ քրդական մեծ գրոհը» հետ մղելու համար, բայց եթե Թուրքիան այդ պայքարում մնա առանց ՆԱՏՕ-ի և Արևմուտքի պատշաճ աջակցության, ապա «տարածաշրջանային մեծ պատերազմի» նպաստավոր ելքերի դեպքում անգամ երկիրը կկանգնի արտաքին քաղաքական և տնտեսական մեկուսացվածության շատ վատ հեռանկարի դեմ հանդիման։ Նոր գաղափարներն ու սցենարներն առաջանում են հանկարծակի, և եթե հիմա կանխարգելիչ քայլեր չարվեն, ապա առջևում մեծ անախորժություններ կարող են լինել։ Շատ հավանական է, որ Թուրքիան հրաժարվի իր արտքաղաքական հրատապ ծրագրերից հանուն այն բանի, որ բացառվեն այնպիսի վտանգավոր հեռանկարները, ինչպիսիք են մեկուսացումն ու շրջափակումը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ