Հետաքրքիր դասավորություն տեղի ունեցավ այս օրերին տարածաշրջանում: Ադրբեջանը հրաժարվեց մեկնելուց Ռուսաստան: Հրաժարվեց մասնակցելուց Իրանում Նովրուզի տոնին:
Գրեթե հրաժարվեց:
«ՄԻԱԿ ՊԱՐԿԵՇՏ ՄԱՐԴԻԿ, ՈՐ ՏԵՍԱ ՁԻԱՐԱՆՈՒՄ, ՁԻԵՐՆ ԷԻՆ»
Ադրբեջանի փոխվարչապետի մակարդակով Իրանում Նովրուզի տոնին «մասնակցության» դեմարշը դիվանագիտական նոտա էր` ուղղված ոչ այնքան Իրանին, որքան մուսուլմանական հանրությանը, որն ամենաբարձր մակարդակով այդ օրն Իրանում նշում էր իր Նովրուզը: Ինչն էլ այս օրերի համար ոչ այնքան կրոնական, որքան քաղաքական նշանակության իրադարձություն էր:
Փաստորեն, Ադրբեջանն այդ և մոսկովյան այցի «հրաժարիմքով» փորձում էր նոր խաղ սկսել (՞), իրականում՝ բազարների նոր դաշտ բացել աշխարհաքաղաքական զարգացումների այս փխրուն փուլում՝ ստանալով միանգամից մի քանի ճակատ:
ՈՒ եթե անգամ ուղեղներիս զոռ տանք ու մի կերպ հասկանանք, թե ինչու Ալիև-պուճուրը մերժեց Ահմադինեժադի հրավերը, Վիկիլիկսի վրա «վառված», Թուրքիայի ապագա տարածաշրջանային բազաներից դուրս մղված, հեղափոխական «պրիցելի» տակ հայտնված Ալիևին այլ ճար չէր մնում, քան ռևերանսներ անել դեպ Արևմուտք, որն էլ ավելի է խորացնելու Իրան-Ադրբեջան, կարծես թե, նոր փուլ տեղափոխվող «հակամարտությունը»:
Իսկ ռուսական ուղղությամբ նրա դեմարշն ընդհանրապես անհասկանալի էր (երեք երկրների ԱԳ նախարարների այդպես էլ չկայացած հանդիպումից երեք օր անց առ այս պահը որևէ ձեն-ձուն չկա, թե ինչու Մամեդյարովը «մոռացավ» գնալ Լավրովի դուռը, երբ հանդիպման մասին հենց ինքն էր բարձրաձայնել, հույս ունենք, որ մինչև օրվա վերջ ինչ-որ բան պարզ կդառնա. հիշենք, որ, բոլոր դեպքերում, հայաստանյան պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա՝ Լավրովի և Մամեդյարովի հետ «հանդիպման»):
Դառնանք «պուճուրին»: Ակնհայտ է՝ «տղան որոնումների մեջ է»: ՈՒ ընտրել է ցայտնոտը հաղթահարելու ամենաանհետաքրքիր ուղին` ցեխից ելել, մտել է ցեխաջուրը, ու ճղճփում է այնտեղ` փաստորեն, տապալելով Սոչիում, այսպես կոչված, «նկատված» ողջ առաջընթացը, «ուխտադրժելով» այնտեղ տված խոստումները, Լավրովին, իսկ որ ամենակարևորն է, Մեդվեդևին դնելով բավականին անհարմար վիճակի մեջ: Հասկացնելով աշխարհին, որ Ռուսաստանն այնքան էլ «առաջանցիկը» չէ ղարաբաղյան հարցում: Դրանով «ղարաբաղյան փաթեթը» հանձնելու ազդանշան ուղարկելով դեպ Արևմուտք: Առավել կոնկրետ՝ տարածաշրջանը «ստարտի» մեջ տեղափոխած (տես՝ հայաստանյան ընդդիմության «շատացումը», տես՝ Ադրբեջանում սկսված ընդդիմադիր շարժերը) ԱՄՆ:
ՈՒ թե դրան էլ ավելացնում ենք Ադրբեջանի՝ «Հարավային միջանցքին» (սա «Նաբուկոյի» բաղկացուցիչներից է) միանալու պատրաստակամությունը՝ Թուրքմենստանի հետ կնքվելիք պայմանագրով հանդերձ, ապա հասկանալի է դառնում, թե ինչ է ուզում գեոխաղարկային «ձիարշավարաններում» հայտնված «պուճուր-իգրոկը»:
Չնայած, «մյուս կողմից» էլ անհարմար բան ստացվեց. թե՛ Բրայզան, թե՛ Յովանովիչն ուղղակի դատափետեցին իրենց այդպիսի ու այդքան ռևերանսներ անող Ադրբեջանին՝ Ստեփանակերտ «ուղևորվող» քաղաքացիական ինքնաթիռների «ռմբակոծության» հաշվով: Մի մոռացեք, դա այն Բրայզան է, որի հետ Ադրբեջանն անչափ մեծ հույսեր է կապում Ղարաբաղի ու նրա թուրք կնոջ «պատճառով»:
Հա, մի բան էլ, էստեղ հետաքրքիր էր նաև դեմարշի ենթարկված Ռուսիո պարագան, որն այդպես էլ մի ձեն չհանեց նույն՝ Ստեփանակերտ «մեկնող» ինքնաթիռների հաշվով: Վասն Ադրբեջան այդ ժեստը, փաստորեն, Ադրբեջանի կողմից չգնահատվեց: «А жаль»:
Ի՞նչ կարող ես անել:
Բայց դե, Նովրուզի, հայի ու պարսիկի չափ հին իմաստությունն ասում է նաև` չկա չարիք առանց բարիքի:
«Պուճուրի» այս և «հարակից» գեոքայլերը Հայաստանին բավականին շահեկան վիճակի մեջ դրեցին՝ հենց նույն երկու այցերի առումով. Հայաստանն այս պարագայում հանդես եկավ որպես կառուցողական, իր գիծն իմացող-առաջ տանող, վստահելի խաղացող:
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՈ՞ՒՄ Է
Այսպիսով, Սերժ Սարգսյանի՝ առաջին հայացքից ոչ այնքան հասկանալի այցը դեպ հարևան Իրան ուներ մի քանի շերտեր: Բնականաբար, տնտեսական: Նաև քաղաքական: Իսկ որ շատ կարևոր է՝ հոգևոր:
Տնտեսականն ու քաղաքականը դիտենք արագ և «մեկ դեմքում»՝ տուրիստական «մոմենտը» թողնելով մի կողմ (այն կդիտարկենք հոգևոր շերտի մեջ):
Տնտեսականի մասով Իրանի նշանակությունը նշենք «չեղած» գազի տեսանկյունից: Այո, այդ «չեղածը» բավականին հետաքրքիր դիրք է ապահովում Հայաստանի համար («в случае чего»)` մեզանում գազային մոնոպոլ դիրք ունեցող Ռուսաստանի հաշվով, որն էլ գազի մահակն առած անվերջ խփում է բոլորի, այո, այդ թվում և մեր գլխին. նույնիսկ այն դեպքում, երբ մենք խիստ հոժարակամ ու կանխատեսելի ձևով (բարև Ձեզ, պարոն վարչապետ, նկատո՞ւմ եք՝ ինչպես Ձեզ չեն ներում ռազմաբազաների մասով Բրյուսելում ասածի համար, չնայած այդ մտքերը «լավիկն» ու մեր սրտովն էին) երկարացրինք իրենց ռազմաբազաների՝ մեզանում գտնվելու «թվերը»:
Հա, ի դեպ, հիշենք. մարտի վերջին կրկին անդրադարձ է լինելու գազի գնին: Վերջնականապես որոշվելու է՝ որտեղ են «ձմեռում» այդ գները Հայաստանում (դա որոշելու համար երևի փորձում էին հասկանալ, թե ինչ է ասելու իրենց մեր Նալբանդյանը Մամեդյարովի հետ հանդիպմանը, բայց թարսի պես Մամեդյարովը («յար» բառի՞ց է առաջացել) յուր «Պուճուրի» հետ խաղաց մեր դաշտում:
Ինչևէ, իրանական գազն ամեն րոպե կարող է Հայաստանի համար դառնալ «ալտեր», այլընտրանքային անհրաժեշտ դեպքում, ու հենց միայն դրա համար արժեր գնալ Իրան՝ Նովրուզ տոնելու:
Ղարաբաղյան հարցում Իրանի դերն այսօր «չենք հաշվելու». չնայած այն մշտապես եղել է հետաքրքիր, եթե չասենք՝ «կառուցողական» (մանավանդ` Հայաստանի տեսանկյունից. դրանով նաև պետք է բացատրել «Պուճուրի ինքնահրկիզումը», չէ, խառնեցինք, ինքնահրաժարումը՝ Իրան մեկնելուց):
Քաղաքականի մասով պետք է ասել, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման այս բավականին հետաքրքիր փուլում Սերժ Սարգսյանի այցն ուղղակի դիվանագիտական էկզոտիկա էր: Մանավանդ, եթե այն դիտարկում ենք Մոսկվա՝ ադրբեջանական այցի դեմարշի ու բոյկոտի ֆոնին: Էլ առավել, երբ նկատում ենք, որ Սերժ Սարգսյանն Իրանում միակ քրիստոնեական երկրի ներկայացուցիչն էր (այս մասին ևս` ներքևում):
Այցը եկավ ևս մեկ անգամ հաստատելու. Հայաստանը չի առաջնորդվում գեոկոնյունկտուրայով: Ընդ որում, սա խաղի ամենանուրբ տարբերակն է այն առումով, որ Հայաստանը կարողանում է ապացուցել՝ ինքնուրույն խաղացող է, մանավանդ, եթե հարցը վերաբերում է իր անմիջական հարևաններին ու դեպ աշխարհ տանող իր եզակի բաց սահմաններին:
Ասենք անկեղծ ու առարկություն չընդունող տոնով. Սերժ Սարգսյանի այցը նույնիսկ ռիսկային էր: Այս փուլի համար: Բայց դե, գիտենք, ով չի դիմում ռիսկի, նա չի խմում շամպայն։ Իրան նրա մեկնումը հիշեցրեց մի քանի տարի առաջվա նույնքան ռիսկային, հարվածն օդում բռնելու պասաժը. «դանդաղ» համարվող Սերժ Սարգսյանի՝ կոմուֆլյաժով թռիչքը ո՛չ ավել, ո՛չ պակաս` դեպ Իրաք. Ռամսֆելդը հրաժարական էր տվել, Պենտագոնի նոր շեֆ Գեյթսն այդ պահին գտնվում էր Իրաքում, ահա և նրա մոտ թռավ ՀՀ պաժտպանության նախարարը… Բա, պուճուր Ալիև ջան (էն Մեհրիբանին աչքաթող մի արա, ձեր մեջ ռիսկովն էն է. մեկ էլ տեսար՝ «տրոնն» առավ ձեռիցդ. բարև Ձեզ, սիրելի և հարգարժան Բատկա, էս ինչքա՜ն ժամանակ Ձեզնից խաբար չունենք, չեք գալիս-չեք գնում Հայաստան, Ադրբեջան, հո բան-ման չի՞ եղել):
Այո, իրականում Սերժ Սարգսյանի Իրան կատարած այցով ունեցանք շատ հետաքրքիր կոնֆիգուրացիա: Բոլոր առումներով: Չմոռանանք նաև՝ իր օրերում Ահմադինեժադն ու Սերժ Սարգսյանն այնքան էլ «տաք» չէին «զմիմյանս». տարիներ առաջ Ահմադինեժադը եկավ Հայաստան, Քոչարյանին «տեսավ», պաչեց-պռոշտեց ու արագ վերադարձավ Իրան, չայցելեց ՀՀԿ-ական խորհրդարան։ Այս անցյալը զուտ նրա համար ենք հիշում, որ «աչքներս դուրս գա», իմա՝ շեշտենք. խաղն այս փուլում տարվում է մաքսիմալ գրագետ ու խոհեմ, և կարիք չկա անգամ Քոչարյանին դեպ Պարսկաստան ղրկելու:
Հասկանալի է նաև, որ բաց սահմաններով հարևանների նկատմամբ Հայաստանի վարած անկախ արտաքին քաղաքականությունն ըմբռնում է գտնելու բոլոր արտաքին խաղացողների, այո, այդ թվում և Միացյալ Նահանգների կողմից, ու դա նույնիսկ այն դեպքում, որ ՀՀ-ում Նահանգների տիկին դեսպանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանատունը վերջերս մեր թերթի տված հարցի առնչությամբ քիչ մը «պոլեմիկա» փոխանակեցին «զմիմյանս» հետ:
Այդպիսի անկախ ու գրագետ քաղաքականություն է դրսևորել Հայաստանը նաև Վրաստանի հանդեպ (տեսնես Լավրովը շա՞տ է նեղացել Մամեդյարովից. «յար» բառի՞ց է «առաջացել» Մամեդյարովը) և հատկապես 2008-ի օգոստոսյան պատերազմի օրերին և հետո. տես՝ Վիկիլիկսը, որում սևով սպիտակի վրա գրված է այդ մասին, տես՝ ռուսաստանյան «նեղացածությունները»` Հայաստանի կողմից Օսիան և Աբխազիան չճանաչելու, Սաակաշվիլուն «մեդալ» տալու հաշվով:
Այո, փաստորեն, իզուր չէր մեր հայրենակից Զբիգնևը՝ Բժեզինսկի, պնդում, որ Հայաստանն անչափ հետաքրքիր «պորտնյոր» կարող է լինել աշխարհի ու ԱՄՆ-ի համար:
Մեր կողմից հավելենք՝ ոչ միայն իր աշխարհագրական դիրքի, քրիստոնեության առաջին օրրան լինելու, այլև քաղաքակրթությունների երկխոսության, քրիստոնեական և մահմեդական աշխարհների միջև կամուրջ դառնալու առումով:
Հետաքրքի՜ր, շատ հետաքրքիր բաներ են այսօր տեղի ունենում աշխարհում: Չմոռանանք՝ Ջրհոսի դարաշրջանը ենթագիտակցության բացման, աստրալի դարաշրջան է, ուր պայքարը գիտակցությունից տեղափոխվում է հոգիների գիտակցության, ներհայեցողության դաշտ:
Նովրուզին մի դեպքում Հայաստանն է դառնում վայր, ուր գալիս են Քրիստոս չպաշտող (հիշենք, ասված է՝ «Ես եմ ճանապարհը, ես եմ դուռը»), քրիստոնեական մթնոլորտը նախընտրող մեր հարևանները: Մյուս կողմից էլ, առաջին դեմքերի մակարդակում՝ Իրանում էր ՀՀ նախագահը՝ միակ քրիստոնեական ներկայացուցիչը, որ Նովրուզին նվիրված իր ճառախոսում անդրադարձավ նաև քրիստոնեական մեծագույն՝ զատկական տոնին (Զատկի ու Պասի հենց այս օրերում), առաջին հայացքից իբր աշխարհին ցույց տալու, որ ղարաբաղյան խնդիրն ամենևին էլ կրոնական «պլաստ» չունի, որ Հայաստանը լավ հարևան է, որ Ադրբեջանը… Իսկ իրականում Հիսուսի «բարի լուրն» էր տարածվում էդ կողմերում:
Հետաքրքիր է, չէ՞:
Էն էլ՝ ինչքան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ