Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԽՃՃԱԳՐԵՐ

ԽՃՃԱԳՐԵՐ
18.02.2011 | 00:00

Պյոտր ՄԱՄՈՆՈՎ

Երբեմն այնպիսի զգացողություն է լինում, ասես Տերը կա, և պետք չէ որևէ բան ասել, իսկ Նա շատ մոտ է` ինձ հետ նստած է գրասեղանի մոտ, նայում է` ինչպես եմ գրում։ Նույնը` մեքենայում։ Կնոջս հետ Մոսկվայից գնում էինք գյուղ։ Երեկոյան (արդեն մոտենում էինք մեր տանը) ստիպված էինք կանգնել. հրաշալի մայրամուտ էր։ Կինս մնաց մեքենայում, իսկ ես դուրս եկա ու սկսեցի նայել։
Արևը մտել էր ամպերի տակ, իսկ նրա շողերը տարածվել էին երկնքի բոլոր կողմերը։ Երկար դիմանալ հնարավոր չէր` ուզում ես մի կողմ քաշվել։ Այդպես էլ սրտում է։ Ամեն մեկին գոնե մեկ անգամ կյանքում այցելել է Աստված։ Քրիստոնեական բարձրագույն առաքինությունը հնազանդությունն է։ Դա ոչ ոք, նույնիսկ սուրբ հայրերը չեն կարողացել ստույգ բնորոշել։ Երբ նայում էի արևամուտին, հանկարծ մտածեցի` ահա այսպես պետք է լինի և սրտում. հարկավոր է տեղ տալ Աստծուն` մի կողմ քաշվելով։ Հոյակա՛պ էր երկնակամարն այդ պահին։ Ամբողջությամբ համակել էր ինձ. կանգնած էի պռնկին, քիչ էր մնում ընկնեի, և նայում ու նայում էի...
...Եվ առագաստի մասին էլ է շատ լավ ասված ինչ-որ տեղ. մխիթարող Սուրբ Հոգու ուշադրությունը գրավելու համար պետք է խելագարի պես փափագել, ինչպես կախ ընկած առագաստը մեռյալ անհողմության պահին ամեն մի ծալվածքով սպասում է քամուն։ Հենց դա է, որ «...Նրա զորությունը երևան է գալիս մեր ուժասպառման պահին»։ Ոչ թե երբ հարբած թավալվում ես, այլ երբ ամբողջովին դատարկ ես, շրթունքներդ բոլորովին չորացել են, իսկ քներակներիդ զարկը` հաճախ-հաճախ... Եվ ամբողջովին, առագաստի պես, ամբողջ կրծքով, սպասում ես, սպասում, սպասում...
«Հեզությունը Աստծո պատմուճանն է»։
Սուրբ Իսահակ Ասորի
ՍՐԲԱՆԿԱՐՆԵՐ
Այստեղ նույնիսկ ասելու բան չկա, պարզապես կրկնեմ այն, ինչ լսել եմ ավագներից։ Առաջին` ինչո՞ւ ենք համբուրում դրանք։ Իսկ ինչո՞ւ ենք համբուրում մեր երեխաների, կնոջ կամ սիրած աղջկա լուսանկարը։ Ահա՛ քո բալիկները փայլուն թղթին նայում են իրենց աչիկներով։ Դե, արի՛, պատռիր, ոտքի տակ գցիր ու թքի՛ր։ Տախտակների վրա նկարված են Աստված, Նրա Մայրը Անարատ, տարբեր սրբեր, բարի ու սքանչելի մարդիկ։ Ինձ հաճելի է խոնարհվել նրանց առաջ, համբուրել նրանց նկարները, օրհնություն խնդրել նրանցից։ Վաղուց չէր հաջողվում թեկուզ մեկ օրով թողնել ծխելը։ Մեկ էլ մտածեցի` եթե Տերն ամենուրեք է, ապա ուրեմն ծուխ եմ արձակում Նրա դեմքին։ Դե՛, փորձեմ կանգնել սրբանկարի առջև և Քրիստոսի դեմքին սկսեմ ծուխ արձակել։ Մտածելն արդեն ահավոր էր։ Երկրորդ` հետադարձ հեռապատկերը։ Հին սրբանկարների վրա միշտ հեռապատկերը հետադարձ է` «ռելսերը» չեն փախչում դեպի հեռուն, այլ գալիս են մեզ վրա։ Ստացվում է, որ մարդը հայտնվում է կենտրոնում. իր առջև սրբանկարն է, որն առաջարկում է ուղի դեպի անսահման լայնացող Հավերժություն, իսկ իր հետևում լայն ճանապարհն է դեպի այս աշխարհի հաճույքները։ «Հաճույքներն» էլ միշտ փաթաթված են շատ գրավիչ թղթերի մեջ։ Բաց ես անում, իսկ այնտեղ... կախաղանն է։
ԱՇԽԱՏԱՆՔ
«Աստված ջանք է սիրում»։ Մեկը քայլում է, հայտարարություններ է փակցնում, ուրիշները պոկում են դրանք ու լվանում պատերը։ Ե՛վ նրանք, և՛ մյուսները վարձատրվում են։ Փողը դառնում է թուղթ, իսկ աշխատանքը` ծաղր ու ծանակ։ Երբեմն ամբողջ օրը վազվզում ես, իրար ես անցնում, հեռախոսով ես խոսում, բայց չես անում ոչինչ։ Իսկ լինում է, որ մի քիչ աղոթում ես, բայց սրտանց` ամբողջ սրտով, շփվում ես Աստծու հետ, ուժե՜ղ-ուժեղ։ Մնացած ժամանակ պառկում ես գետակի մոտ, շարունակ ջրին ես նայում, և հանկարծ հասկանում ես` այսօր անտեղի՛ չապրեցի, աշխատեցի՜։
ՄԵՂՔ
Ամենափոքրիկ մեղքը թողնում է իր անջնջելի սպին իմ հոգու վրա։ Կարծես թե ամեն ինչ լավ է` չես խմում, չես ծխում, բայց մեկ է` առավոտյան վեր ես կենում և տաղտկություն զգում։ Ինչո՞ւ։ Որովհետև առողջ տեղ չկա... Ոչինչ համարյա չես թողել քեզ համար` ինչո՞վ ապրել, ինչո՞վ սիրել։ Միայն սպիներ։ ՈՒ լինում է շատ սոսկալի և ինչ-որ տեղ ցավալի, որ քո ձեռքով ես արել ամեն ինչ։ Ինչպե՞ս ես կենդանի մնացել, միայն Աստված գիտի։ Դա Նա է, չգիտեմ ինչու, փրկել և հավատ տվել, ու հիմա էլ ապավինում է ինձ` խեղճուկրակիս։ Նա ուրիշ ոչ ոք չունի։ Պոռնիկ, խաբեբա և ավազակ։
Մի խելոք մարդ ասել է, որ մեղքն այն է, ինչը հեռացնում է մեզ Աստծուց։ Երբ հասցնում եմ մտածել` իսկ հիմա այս արածս հեռացնո՞ւմ է, այդ ժամանակ հաջողվում է, եթե խնդրես։ Եվ հետո` միշտ տառապում է անմեղը։ Իմ պատճառով։ Այն բանի պատճառով, ինչը կա իմ սրտում` չարություն կամ սեր։
ԿՅԱՆՔ ԵՎ ՄԱՀ
ՈՒռենի է գետի ափին` մեծ, կռացած ու ծեր։ Կոշտապատ, ջղուտ բունն ամբողջովին ծածկված է սև փչակներով։ Բունը շրջապատված է ճյուղերի ու ճյուղիկների ցանցանման լուսապսակով։ Նման է կյանքին, որը լի է փութագին, ոչ միշտ պետքական շարժումներով։ Մերթ ընդ մերթ շատ կարևոր մի բան` խոշոր ճյուղ և լավ, փարթամ տերևներ։ Ամեն ինչ կապակցված է մահով։ Դա բունն է։ Նա արդեն մեռել է` սնելով կանաչ կյանքը։ Ներքևի մասն աճում է դեպի հողը։ Ես չեմ տեսնում արմատները, բայց գիտեմ նրանց մասին. նրանք հագեցած են հյութով ու երբեք չեն դադարի, որովհետև նրանց սնում է Աստված։ Նայում եմ ուռենուն ու արդեն ավելի քիչ եմ վախենում մահից. ոչ այնքան ուժեղ եմ գնահատել կյանքը։ Ինչպես ուռենին նայում է հոսող գետին, նույնպես և ինձ սկսում են ավելի շատ հետաքրքրել անվերջությունն ու երկինքը։
Վե՛րջ, և Աստծուն փա՛ռք։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ