Օրերս Աղվերանում անցկացվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կրթական ծրագրերի կենտրոնի կազմակերպած սեմինարը` «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակներում: Սեմինարն ընթանում էր «Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումները» խորագրի ներքո:
Երկար տարիներ մեզանում բուհերը ֆինանսավորվում են ուսանողների թվին համապատասխան, հանգամանք, որը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով, չի խթանում մրցակցությունը պետական բուհերի միջև: Պետական բուհերը, պետության կողմից որոշակի ֆինանսավորում ստանալու երաշխիքներ ունենալով, բնականաբար, անտեսում են մրցակցային ֆինանսավորման խնդիրները: Այս հանգամանքը շտկելուն ուղղված քայլ էր Աղվերանում անցկացված սեմինարը, որի ընթացքում քննարկման էին դրված մի շարք փաստաթղթեր: Առաջինը վերաբերում էր բուհական կրթության ֆինանսավորման ընդհանուր բարեփոխումներին: Քննարկվում էր երկու նոր մեխանիզմի ներդրման հնարավորության հարցը: Առաջինը մրցակցային ֆինանսավորման մեխանիզմն է, համաձայն որի` բուհերն իրենց նախագծերով պիտի ներկայանան պետական գերակայությունների շրջանակներում և ստանան պետությունից համապատասխան գումարներ, օգտագործեն դրանք նորարարությունների մեջ: Երկրորդը արդյունքների վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմն է, համաձայն որի` ավելի շատ ֆինանսներ կհատկացվեն այն բուհերին, որոնք ապահովում են կրթության որակը: Մյուս փաստաթուղթը վերաբերում էր ուսանողական վարկերի տրամադրման համակարգին: Մինչ օրս ուսանողական վարկեր տրամադրում էին միայն առևտրական բանկերը, և դրանք հասանելի չէին բոլորին: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով ԿԳ նախարարությունը նախատեսում է ստեղծել ուսանողական վարկերի նոր մեխանիզմ, որն այս տարի արդեն փորձարկման փուլ է մտել` 50 ուսանողի օրինակով: Եթե այն արդարացնի իրեն, ապա առաջիկա մեկ-երկու տարում կունենա ավելի լայն կիրառություն: Այս նախաձեռնության վերջնանպատակը կրթությունը մատչելի, որակյալ, արդյունավետ դարձնելն է: Բուհական կրթության պետական ֆինանսավորումն այսօրվա դրությամբ 7,7 միլիարդ դրամ է` միայն կրթության մասով: Որոշակի ֆինանսավորում էլ իրականացվում է պետության հայտարարած տարատեսակ մրցույթների, բազային, նպատակային ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում` կապված գիտության ոլորտի հետ: Բուհերն իրավունք ունեն նաև դիմելու և ստանալու գիտության համար հատկացված գումարներ, որոնք ընդհանուր առմամբ հասնում են մինչև 9 միլիարդ դրամի: Պետական բյուջեի մասնակցությունն առանձին բուհերի բյուջեների ձևավորման գործում տատանվում է 25-40 տոկոսի, այսինքն` բյուջեի 1/3-ի սահմաններում: Մնացածը բուհերի սեփական միջոցներն են, որոնք գոյանում են ուսանողների վարձավճարների, գիտելիքի առևտրայնացման արդյունքում ձեռք բերված գումարներից և այլ միջոցներով: Իհարկե, հիմնական բեռն ընկած է ուսանողների վրա. նաև այս բեռը թեթևացնելուն էին ուղղված եռօրյա սեմինարի աշխատանքները: Քննարկումները ծավալվում էին մասնավոր և պետական բուհերի միջև հավասար պայմաններ ենթադրող համատեքստում: Պետական ֆինանսավորման համար մոտ ապագայում կկարողանան դիմել նաև վերահավատարմագրման գործընթացը հաղթահարած մասնավոր բուհերը:
Սեմինարի մեկնարկից առաջ լրագրողների հետ օրակարգային անելիքների մասին զրույցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ հավաստիացրեց, որ աղվերանյան հավաքի շոշափելի արդյունքը կզգանք մեկ-երկու տարի անց: «Իրատես de facto»-ի այն հարցին, թե արդյոք կա՞ն սրանից մեկ-երկու տարի առաջ սկսված գործընթացներ, որոնց շոշափելի արդյունքն այսօր արդեն տեսանելի է նախարարի համար, ստացանք հետևյալ պատասխանը. «Այո, իհարկե, կան: Մեր ոլորտում հաճախ են նախարարներ փոխվել, երևի թե, կադրային հոսքի առումով կրթական բնագավառն ամենաակտիվն է եղել: Բայց կրթությունը շարունակականություն պահանջող ոլորտ է: Եվ եթե նկատել եք, տարիներ շարունակ ոչ մի նոր նախարար ոչ միայն չի բեկանել իր նախորդի պաշտոնավարման ընթացքում սկսված բարեփոխումները, այլև իր վրա է վերցրել այդ բարեփոխումները վերջնական արդյունքի հասցնելու խնդիրը: Մասնավորապես, վերջին երկու տարիների ընթացքում մենք լուծում ենք ավագ դպրոցների խնդիրը: Ավագ դպրոցների մասին Հայաստանում առաջին անգամ խոսել են 2006 թվականին, ռազմավարությունն ընդունել են 2008 թվականին, իրականացումը մեկնարկել է 2009-ին: Այսօր արդեն ունենք 91 ավագ դպրոց, կունենանք ևս 15-ը` մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը: Շոշափելիներից են միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները, քոլեջների, ուսումնարանների նյութական, գույքային վերազինման, ուսման պայմանների բարելավման, կրթական բովանդակության շտկման փաստերը: Այս բարեփոխումների մեջ պետք է դիտարկել նաև գիտության բնագավառի ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության խնդիրը, որի մասին նույնպես այս տարիներին շատ է խոսվել, բայց հիմա է, որ մենք անցնում ենք եզրափակիչ փուլին` հղկելով այն մեխանիզմները, որոնք պետք է ժամանակին ներդրված լինեին: Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը քառամյա է: 2009 թվականին է կնքվել երկրորդ կրթական նախագծի վարկային պայմանագիրը: Այս գործընթացը շարունակվելու է մինչև 2013 թվականը ներառյալ: Շարունակական քայլեր պիտի արվեն նաև Բոլոնիայի գործընթացի, եվրոպական կրթական ընդհանուր տարածքին ինտեգրվելու ջանքերի համատեքստում: Ի մի բերելով այս ամենը` պետք է ասեմ հետևյալը. որպես կրթության և գիտության նախարար` քաջ գիտակցում եմ, որ բարեփոխումների ճնշող մեծամասնությունը, գոնե նախնական փուլում, պոպուլյար չէ: Եվ չի էլ կարող պոպուլյար լինել, որովհետև մենք ուզում ենք ոչ միայն ժամանակին համընթաց քայլել, այլև մի քիչ էլ շրջանցել ժամանակը և Հայաստանում իրականացնել փոփոխություններ, որոնք հրամայական են վաղվա օրվա տեսակետից: Հետևաբար, բեկում ենք մարդկանց, այսինքն` շահառուների` աշակերտների, ծնողների, ուսանողների կյանքի սովորական ընթացքը: Օրինակ, եթե ավագ դպրոց են գնում, առնվազն փոխվում է ամեն առավոտ անցնելիք ճանապարհը տվյալ աշակերտի համար, փոխվում է նրա հետ աշխատող կոլեկտիվը, փոխվում են պայմանները: Բայց այս բոլոր փոփոխությունները բնական են: Որքան էլ որոշ բարեփոխումներ սկզբնական փուլում ոչ պոպուլյար լինեն, այնուհանդերձ, դրանք անհրաժեշտություն են, և այլընտրանք ուղղակի չկա: Ես պատրաստ եմ բացասական տեղեկատվական հոսքերի թիրախ դառնալու, քանի որ խորապես հավատում եմ, որ այս փոփոխություններն այլընտրանք չունեն: Գուցե այսօր մեր հասարակության մի հատվածը կդժգոհի այն բանից, որ 12-ամյա կրթությունը կայացել է, որ մեր երկրում պետք է սովորել ոչ թե 10, այլ 12 տարի: Իհարկե, հայ ծնողն ուզում է, որ իր երեխան ավելի շուտ ավարտի դպրոցը, ավելի շուտ գնա բուհ, ավելի շուտ ամուսնանա, ավելի շուտ երեխա ունենա: Մենք ամեն ինչ շուտ ենք ուզում ունենալ: Բայց մեկ-երկու տարի կանցնի, և կտեսնեք, որ 12-ամյա կրթության շնորհիվ է, որ մեր ատեստատը ճանաչվելու է եվրոպական կրթական տարածքում: Եթե մենք դա չանենք, մեր միջնակարդ կրթության վկայականը չի ճանաչվի այդ տարածքում: Հիմա դա դժվար են ընկալում, բայց մեկ-երկու տարի անց, երբ մեր շրջանավարտները կգնան ցանկացած երկիր, կփորձեն որևէ բուհ ընդունվել և կտեսնեն, որ մեր վկայականը համադրելի է այնտեղի կրթական տարածքին, կհամակերպվեն 12-ամյա կրթության հետ: Նման օրինակներ կարող եմ բերել մեր իրականացրած բոլոր բարեփոխումների մասով: Որպեսզի պտուղը տեսնենք, պետք է մի փոքր սպասենք: Վստահ եմ, որ մեր հասարակությունը կհամոզվի մեր իրավացիության մեջ, իսկ դրա համար մի փոքր ժամանակ է պետք` առնվազն երկու-երեք տարի»:
Բարձրագույն և միջնակարգ կրթության ֆինանսավորման գծով միջազգային խորհրդատու ԱՐԹՈՒՐ ՀԱՈՒՓԹՄԱՆԸ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նկատեց, որ Հայաստանում բուհական կրթության ֆինանսավորման համակարգը դեռևս հեռու է կայուն և կատարյալ լինելուց, այն կարիք ունի բարեփոխումների և արդիականացման: «Իրատես de facto»-ն հետաքրքրվեց, թե ինչպիսի ժամանակահատված է կանխատեսում ամերիկացի փորձագետը հայկական բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը արդիականացնելու համար: Հաուփթմանի կանխատեսումները վերաբերում էին առաջիկա մեկ-երկու տարիներին, իսկ որոշ քայլեր արդեն հնարավոր կլինի իրականացնել մինչև հաջորդ ուսումնական տարվա մեկնարկը:
Երբ մեզանում նոր էր սկսվել միջազգային կրթական չափորոշիչների ներդրման գործընթացը, կրթության ոլորտի պատասխանատուները հավաստիացնում էին, որ արվեստի բուհերում (ի մասնավորի` կոնսերվատորիա, գեղարվեստի ակադեմիա, կինոյի և թատրոնի ինստիտուտ) այդ չափորոշիչների կիրառումը ենթադրում է ոչ ստանդարտ, տվյալ բուհի ուղղվածությանն ու նպատակներին հարիր ստեղծագործական մոտեցում: Օգտվելով հանդիպման հնարավորությունից` Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոռեկտոր, պրոֆեսոր ԱՆՆԱ ԵՐԶՆԿՅԱՆԻՆ հարցրինք, թե ինչպես են համատեղվում հայ կինոն և թատրոնը Բոլոնիայի գործընթացի հետ: «Շատերն են ասում, որ Բոլոնիայի գործընթացն այնքան էլ նպատակահարմար չէ կիրառել մեր հանրապետության ուսումնառության մեջ: Ըստ որում, այդ կարծիքը կա նաև շատ եվրոպական երկրներում: Բայց պետք է հասկանալ, որ Բոլոնիան պրոցես է, և այն ինքնըստինքյան զտվում-մաքրվում է: Մեր բուհի օրինակով պիտի վկայեմ, որ շատ դրական փոփոխություններ կատարվեցին Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Աշխատեցինք խուսափել կրճատումներից, վերանայեցինք ուսումնական ծրագրերը, դրանք դարձրինք ավելի հասանելի, մատչելի` դրական իմաստով: Եթե խոսում ենք հայ կինոյի, թատրոնի և Բոլոնիայի գործընթացի համատեղման մասին, ապա պիտի անդրադառնանք ուսումնառության մեխանիզմներին: Իհարկե, ազգայինը չի կարող մղվել երկրորդ պլան: Գիտակցության, ինքնագիտակցության, մենթալիտետի, լեզվի և շատ այլ հարցեր են կարևորվում այս դեպքում: Սակայն ուսումնառության մեխանիզմները, որոնք ուրույն են Բոլոնիայի գործընթացի շրջանակներում, ուսանողին տալիս են որոշակի ինքնուրույնության հնարավորություն: Դասախոս-ուսանող հարաբերությունները դառնում են ավելի անմիջական, դասախոսը կարողանում է լսել-հասկանալ, թե ինչ է պետք ուսանողին, մի բան, որ շատ կարևոր է: Փորձ է արվում ուսուցանելու ոչ թե դիդակտիկ, իմպերատիվ մեթոդներով, այլ համատեղ աշխատանքի սկզբունքով, ուսանողին լսելով, ոչ թե նրան կոնկրետ բաներ սովորեցնելով, այլ սովորեցնելով սովորել»,- ասաց տիկին Երզնկյանը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ