(սկիզբը` նախորդ համարում)
ՀԱՅԵՐԻ ՎԵՆԵՏԻԿԸ
Աշխարհը հիացած է Վենետիկի հրաշագեղ պալատներով, սբ. Մարկոսի հրապարակով, կամուրջներով, առեղծվածային ջրանցքներով, գոնդոլներով: Շատ հայ գրողներ ու բանաստեղծներ, նկարիչներ և երաժիշտներ, լինելով Եվրոպայում, իրենց սուրբ պարտքն են համարել անպայման տեսնել հրաշքների կախարդական քաղաք Վենետիկը, որտեղ ամեն մի կալլե (փողոց), ամեն մի պալատ հերոսական կամ քնարական նախապատմություն ունի։ Եվ ոչ մեկի մտքով (առավել ևս հայերիս) չի անցնում, որ Վենետիկի փառահեղ անցյալի և հերոսական պատմության կերտողների և տերերի զգալի մասը հայ է եղել: Այդ մասին վկայում են և՛ պատմական վավերագրերը, և՛ այսօր էլ կանգուն պալատները, և՛ հայատառ արձանագրությունները, և՛ հայկական անվանումներով կալլեները:
Ահա, պատմական հավաստի վավերագրերի հիման վրա 1993 թ. Իտալիայում Ալերամո Հերմետի և Պաոլա Կոնի Ռատտի դի Դեզիոյի հեղինակությամբ լույս է տեսնում «Հայերի Վենետիկը» խորհրդավոր վերնագրով գիրքը: 1995 թ. գիրքը վերահրատարակվում է` նոր փաստերով համալրված, և մեծ հետաքրքրություն է առաջացնում հասարակայնության մեջ ու գրական ոլորտներում. հեղինակները շերտ առ շերտ բացում են պատմության հնագույն էջերը, մոռացության փոշուց մաքրելով` պատկերավոր և գունագեղ լեզվով նկարագրում են դարերի վաղեմություն ունեցող դեպքերը և երախտագիտությամբ պատմում դրանց գլխավոր դերակատարների մասին: Այս գրքի վերնագիրը բնավ էլ պատահական չի ընտրված: Անտեղյակ մարդիկ անմիջապես փորձում են ուղղել վերնագիրը` ենթադրելով, գուցե ճիշտ չի թարգմանված. ասենք, պիտի լիներ` «Հայերը Վենետիկում» կամ «Հայերը և Վենետիկը», բայց ոչ երբեք` «Հայերի Վենետիկը»:
Ի պատիվ հեղինակների, պիտի ասել, որ նրանք կատարել են հետազոտական ահռելի աշխատանք` վեր հանելով եկեղեցական և պետական դիվանների գրառումները, ժողովրդի մեջ պահպանված ավանդությունները, ուսումնասիրել են հայոց պատմությունը։ Իսկ օգտագործած գրականության ցանկը` մատենագիտությունը (330 անուն գիրք), ավելի է մեծացնում գրքի գիտական արժեքը և բերված փաստերի հավաստիությունը: Գիրքն անգամ բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել:
Գրքի հեղինակներից մեկը` Ալերամո Հերմետը, սերում է Հերմեթյանների հայ նշանավոր գերդաստանից: Հերմեթյանները բազմաթիվ հայ մեծատունների նման 18-րդ դարում տարագրվել են Վենետիկ: Մյուս հեղինակը` Պաոլո Կոնի Ռատտի դի Դեզիոն, իտալացի է:
Վենետիկում հայերի ծավալած քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական և առևտրա-արտադրական գործունեության մասին գիրք գրելը Ալերամո Հերմետն այսպես է մեկնաբանում. «Հայերի և վենետիկցիների սերտ հարաբերությունները հետազոտելու միտքը հղացավ Վենետիկի կալլեներում թափառելիս և ամենուր հայկական հետքեր հայտնաբերելիս, ինչպես նաև Հայաստանի և Վենետիկի հանդեպ տածած մեր սիրուց. հենց դա էլ հիմք դարձավ մտովի անցնելու 16-դարյա պատմության ճանապարհը: Հայի համար Վենետիկը պանծալի պատմություն է, որի գլխավոր դերակատար հանդիսացած Հայկ Նահապետի սերունդը դոժերի քաղաքում ազատ ապրելու իրավունք է ունեցել և դրսևորել է քաղաքացիական, քաղաքական, ռազմական, մշակութային և վաճառականական մեծ փորձ: Հայ մեծ մտածող Ղևոնդ Ալիշանի խոսքերով` յուրաքանչյուր հայի համար Վենետիկ կատարած ճամփորդությունը մի վաղեմի երազ է` տեսնելու վենետիկյան ծովակի վրա իրենց նախնիների բազմաթիվ հետքերը»:
Ալերամո Հերմետը գուցե և արյան կանչով է ձեռնամուխ եղել այս շնորհակալ գործին, որպեսզի և՛ իտալացիներին, և՛ աշխարհին, և՛ մանավանդ մեզ` հայերիս, ծանոթացնի հայերի Վենետիկին։
Մի քանի դրվագ «Հայերի Վենետիկը» գրքից.
«Հայկական հետքերն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում նաև Վենետիկի հանրապետության անցած ուղին հենց նրա հիմնադրման արշալույսից: Ըստ Բոլոնիայի համալսարանի հեղինակավոր բյուզանդագետ Անտոնիո Կարիելի` Ռավեննայի հիմնադիրը հայ զորավար Նավենն է եղել: Այդ ժամանակ Ռավեննայում կար մի քանի տասնյակհազարանոց հայկական զորք` իր օժանդակ ծառայություններով, կային վանականներ, վաճառականներ: Եվ ինչպես հավաստիացնում է Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Լևոն Զաքեյանը` «Հայերը եկել և հաստատվել են Վենետիկում քաղաքի հիմնադրման ժամանակներից»:
Մ.թ. 66 թ. Հայոց Տրդատ թագավորը Հռոմում կայսր Ներոնի ձեռամբ թագադրվելու առթիվ նրան նվիրում է հայկական չորս բրոնզաձույլ ձի, որոնք երկար դարեր կանգնած են եղել Սուրբ Մարկոսի հրապարակում, սակայն բնության ավերիչ և քայքայիչ ներգործությունից փրկելու համար դրանք տեղափոխել են թանգարան` փոխարենը տեղը դնելով կրկնօրինակները»:
«Ռավեննայի փոխարքա, զորավար Ներսեսը հայազգի փոխարքա Իսահակից ութսուն տարի առաջ, Վենետիկի հիմնադրման հարյուրամյակի առթիվ որպես պարգև կառուցում է հետագայում աշխարհի ամենահայտնի դարձած Սուրբ Մարկոս հրապարակը` կառուցելով երկու եկեղեցի` Սբ. Թեոդորոս և Սբ. Իեմինեանո»:
«Սբ. Մարկոսի եկեղեցու ներսում` ձախ կողմից չորրորդ աղեղնակամարի տակ, Խաչելության խորանն է, որը շատ բնորոշ է հայկական միջնադարյան եկեղեցիներին»:
«Վենետիկի Կալլե դելլա Կորոնա և Լա Սալիցադա Ձերձիի միջև ընկած հատվածը ջուղայեցիներով խիտ բնակեցված լինելու պատճառով կոչվել է Ռուգա Ջուֆֆա (Ջուղայի պարսկերեն «Ջուլֆա» տառադարձությունից)»:
«Վենետիկում հայտնի պաշտոնական թարգմանիչ Գևորգի որդին` Գևորգյանը, վենետիկցի բժիշկ Նիկոլո Մասսայի հանձնարարությամբ, արաբերենից իտալերեն է թարգմանել արաբ բժիշկ Իբն Սինայի անմահ գործերը»:
«Ասում են` ամենահամբավավոր վենետիկցի սիրուհիների համար գերազանց ապրանքներ էր ապահովում Մելքումի խանութը»:
«Հնուց ի վեր հայերն ամբողջ Իտալիայում տարածել են բուստի (մարջանի) մշակման ձևերը»:
«Հայերը, հարստանալով, հարստացնում էին նաև Վենետիկի պետական գանձարանը` իրենց խանութների, պահեստների, ապրանքներ ներմուծելու և արտահանելու համար վճարված մաքսատուրքերով»:
«Բայց չպետք է մոռանալ, որ հայերի կյանքի միակ նպատակը բնավ էլ առևտուրն ու ոսկին դիզելը չեն եղել: Նրանք, առանց իրենց գործը մոռանալու, ձգտում էին վայելել կյանքը. հաճախ որևէ առիթով հավաքվում էին ամեն անգամ մեկի տանը կամ Հայ տանը կամ մոտակա Սբ. Մարիամ Խորոտիկ եկեղեցու լայնարձակ հրապարակում` կերուխում անելու և պարելու ազգային մեղեդիների ներքո: Երբեմն նաև երգում էին, բայց քանի որ այդ երգերը հագեցած էին իրենց հեռավոր հայրենիքի հանդեպ տածած սիրտ մաշող կորստի զգացումով, գերադասում էին երաժշտություն լսել և պարել»:
«Վենետիկի դատարկ գանձարանը հարստացնելու եկած Սպահանի (Նոր Ջուղայի) հայ վաճառականների մասին Վենետիկի հինգ իմաստունները տարբեր փաստաթղթերում վավերացրել են. «Բազմերախտ և ընտրյալ հայ ժողովուրդը… որ շրջանառության մեջ է դնում խոշոր դրամագլուխներ… վաճառականությամբ շատ նպաստավոր եղավ այս քաղաքի համար»:
«Ադրիականով նավարկում էին բազմաթիվ նավեր, որոնք թեև կրում էին Վենետիկի դրոշը, սակայն պատկանում էին հայ հարուստ գործարարներին: Այդ հարուստ հայերն էին, որ, այսօրվա հավաստագրերից դեռ շատ առաջ, ստեղծել էին միջազգային դրամատների սեփական համակարգ, որի միջոցով կարող էին խոշոր գումարներ փոխանցել մի երկրից մյուսը` հայ գործարարների աջակցությամբ»:
«Նոր Ջուղայի հայերից առաջին անգամ Վենետիկում առևտրական ներկայացուցչություն հիմնեցին Շեհրիմանները (Շահրիմանյանները), որոնք անվիճելի բարձր հեղինակություն վայելող տնտեսագետներ էին: Նրանք ճանաչված վաճառականներ էին ադամանդի շուկայում, առաջատար էին նաև կտորեղենի, մորթեղենի, ծխախոտի, համեմունքների և բազմաթիվ այլ ապրանքների մեծածախ առևտրում: Նրանք ամենուր` Արևմուտքի և Արևելքի գերտերություններում, դեսպաններին վայել ընդունելության էին արժանանում»:
«Պարկեշտության, բարեկրթության և միևնույն ժամանակ զգուշավոր առատաձեռնության շնորհիվ հայերի առջև բացվեցին վենետիկյան հասարակական կյանքի բոլոր դռները»:
«Անտոն Սուրյանը (որոշ հեղինակներ գրում են Սուրեն) կամ, ինչպես նրան Վենետիկում անվանում էին, Անտոն Հայկազունը, 16-րդ դարի կեսին գալիս է Վենետիկ: Լինելով նավերի և ծովի փորձառու գիտակ` դիմում է Վենետիկի դոժին` իր մասնագիտական կարողությունները ծովային հանրապետությանն ի սպաս դնելու առաջարկով: Իր բազմաշնորհ ընդունակությունների և գործնական արժեքավոր ներդրումների համար նրան կոչել են ճարտարապետ: Նա մշակում է մեծ նավերը ջուրն իջեցնելու նոր համակարգ, ստեղծում է մի սարք, որի միջոցով մաքրում են դարերի ընթացքում ծովակի հատակում կուտակված տիղմը: Նրա համբավն է՛լ ավելի է տարածվում, երբ 1571 թ. Լեպանտոյի ճակատամարտում մարտավարական ճշգրտությամբ դասավորում է վենետիկյան նավերի վրա տեղադրված թնդանոթները` ապահովելով դրանց հարվածների դիպուկությունը: Հաշվարկը կատարվել էր անսխալ, և թուրքերը ջախջախվում են ծովամարտում»:
Լեպանտոյի ճակատամարտում թուրքերի պարտությունը որոշում է նաև ողջ Եվրոպայի ճակատագիրը:
«Լեպանտոյի հաղթական ճակատամարտից հետո Եվրոպային սպառնում է ժանտախտի համաճարակը: Վենետիկը նույնպես հայտնվում է ժանտախտի ճիրաններում. հանրապետության լավագույն բժիշկներն անզոր են լինում մահ տարածող հիվանդության դեմ: Այս անգամ էլ քաղաք-հանրապետությանն օգնության է հասնում Անտոն Սուրյան Հայկազունը: Նա միայն իրեն հայտնի դեղամիջոցներով սկսում է բուժել ժողովրդին: Սակայն հիվանդները չափազանց շատ էին, իսկ դեղը` քիչ: Եվ Անտոն Սուրյանը վաճառում է Վենետիկում իր պալատը, այդ փողով դեղամիջոց է պատրաստում և կասեցնում է համաճարակի տարածումը: Իսկ վենետիկյան կառավարությունը, որպես երախտագիտություն, այդ անձնազոհ հայկազունին արժանացնում է «պարգևատրման»` նավաշինարար բանվորների հետ ցմահ օրը մեկ անգամ սնվելու իրավունքի»:
Ասում են` Անտոն Հայկազունի վիրավորանքն այնքան խոր է լինում, որ նա հուսահատությունից հիվանդանում է և մահանում, իսկ նրա ընտանիքն ապրում է վարձով և նյութապես անապահով։
Խորհել է պետք։
Գրքից բերված այս մի քանի դրվագները, կարծում ենք, բավարար են հասկանալու և վերագնահատելու հայրենիքից հեռու ապրելու, ստեղծագործելու, հարստանալու, օտարներին ծառայելու պատմականորեն աններելի մեր սխալը. ամեն մարդ իր տունն ինքն է կառուցում և իր տանը հանգիստ ապրում, ամեն ազգ իր երկիրն ու պետությունն ինքն է հզորացնում: Այլ ճշմարտություն չկա և չի եղել։
Խորհել է պետք։
«Հայերի Վենետիկը» գիրքը, անվերապահորեն, ունի պատմամշակութային և բարոյական արժեք, և, բնականաբար, հարկ է, որ այն ծանոթ լինի նաև հայաստանյան հայ ընթերցողին:
Այո, սրանք սոսկ հետաքրքիր դրվագներ չեն ինչ-որ մի նոր գրքից, այլ դարերի քամիների բերանն ընկած մեր պատմության, մեր ինքնության, մեր կառուցողական և շենացման նկրտումներով օժտված տեսակի վավերագրերն են, որոնք, ավաղ, օտար հողում են մնացել, իսկ մենք ապրում ենք միայն դրանց անունները հիշատակելով։ Եվ ժամանակն է (թերևս վաղուց ուշացած) գրելու «Հայերի Պոլիսը», «Հայերի Թիֆլիսը», «Հայերի Բաքուն», «Հայերի Լվովը»… և այսպես շատ քաղաքներ կարելի է թվարկել: Իսկ ո՞ւր է հայերի Հայաստանը…
Խորհել է պետք։
Խորհել է պետք, որ երբ հայն օտար երկրներում իր նյութական հարստությունն է ներդնում, երբ այդ երկրի լիարժեք քաղաքացին դառնալու համար նա լեզվափոխ, դավանափոխ է լինում, խառն ամուսնություններով և հյուրընկալած երկրի ազգային արժեքներն է «յուրացնում»` մոռանալով իրենը, ապա մեկ-երկու սերունդ հետո անհետ կորչում են և՛ նրա հարստությունը, և՛ նրա գերդաստանի ազգային ինքնությունը:
«Հայերի Վենետիկը» գրքում միտքս ապացուցող բազում օրինակներ կան: Մինչդեռ նույն այդ Վենետիկում, երեք հարյուր տարի առաջ սեբաստացի մի երիտասարդ` Մխիթար անունով, որ հեռացել էր թուրքական ծանր ու դաժան լծի տակ կքած իր հայրենիքից, առանց փողի, հարստության հիմնում է մտավոր մի կենտրոն, որը, այս էլ երեք դար, աշխարհի թոհ ու բոհի մեջ անխաթար և անխափան գործում է` դառնալով հայագիտության կենտրոններից մեկը. դա Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունն է։ Նրանք էլ, իհարկե, ի գին իրենց հայանպաստ գործունեության, զիջումների գնացին, բայց այդ զիջումն ազգային ինքնության մշակութային, բարոյական և նյութական կորուստ չէր, այլ սոսկ դավանաբանական։ Իսկ հայտնի է, որ կրոնն ու դավանանքը ազգություն չեն որոշում։
Խորհել է պետք։
Ամեն ազգանպաստ գործ գտնում է իր խանդավառ նվիրյալին, և այդ նվիրյալը եղավ Երևանի պետհամալսարանի ռոմանագերմանական բաժնի իտալերենի մասնաճյուղի շրջանավարտ Սոնա Հարությունյանը, որն իր կրթությունը շարունակել է Վենետիկի համալսարանում և այժմ էլ աշխատում է այնտեղ։ Թարգմանիչը, ըստ էության, երկրորդ հեղինակ կարող է համարվել, և եթե նյութը հոգեհարազատ է նրան, ապա շահում են և՛ թարգմանվող գիրքը, և՛ հեղինակը, և՛ ընթերցողը։
Սոնա Հարությունյանի թարգմանությունը շահեկանորեն լուծել է այդ երեք խնդիրները։
Հայաստանում կգտնվե՞ն, արդյոք, հովանավորներ` գիրքը վերահրատարակելու պատրաստակամությամբ: Համոզված եմ` մեր պատմության այս հատվածը շատերիս համար դաս կլինի։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ