…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրը գրող, թարգմանիչ ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ է
«ՄԵՆՔ ԱՀՌԵԼԻ ՇԱՐԺՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՋԻ ՔՈՒՆ ՄՏԱՆՔ ՈՒ, ԿԱՐԾԵՍ, ԱՐԹՆԱՆԱԼՈՒ ՄԻՏՔ ԷԼ ՉՈՒՆԵՆՔ»
-Պարոն Կիրակոսյան, հայտնի ճշմարտություն է, որ արտակարգ իրավիճակները բացասական հետք են թողնում թե՛ առանձին անհատների, թե՛ ողջ հասարակության բարոյական նկարագրի վրա: Բնական է, որ այս ճշմարտության դրսևորումներից զերծ չմնաց նաև հայ մարդը` վերջին տասնամյակներում ենթարկվելով սոցիալական, հասարակական-քաղաքական, բարոյահոգեբանական ճգնաժամերի: Ըստ Ձեզ` մեզ պատուհասած փորձությունների և մեր բարոյազրկման «չափաբաժինների» միջև պահպանվե՞լ է համարժեքության գործոնը, թե՞ մենք կարող էինք փոքր-ինչ ավելի դիմակայող և տոկուն լինել մեր բարոյական արժեքները անխաթար պահելու հարցում:
-Կարող էինք, եթե մնայինք այն ժողովուրդը, ինչ 1988 թվին, օպերայի հրապարակում. մենք միասին էինք, միասնական, չար (վերջապե՞ս չար), և մեր դեմ անզոր էին բոլոր իշխանական ու ոչ իշխանական ուժերը։ Եվ ինչ էլ արել են մեր գլխին անցած քսան տարում, մենք ենք մեղավոր։ Մենք այդ ահռելի շարժումից հետո արջի քուն մտանք ու, կարծես, արթնանալու միտք էլ չունենք։ Ո՛չ պայքարը մինչև վերջ տարանք («Պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ»), ո՛չ էլ միացանք իրար («Մի՛-ա-ցում»)։ Ընդհակառակը, հիմա մեզնից ամեն մեկն առանձին իր անտանելի բեռն է տանում ու էլ չի մտածում երկրի, նրա ապագայի, նրա ճակատագրի մասին։ Պիտի լինի՞ մի ուժ, մեկը, որ արթնացնի նրան։
-Ցավոք, արտակարգ իրավիճակներից պաշտպանված չէ աշխարհում ոչ ոք: Ասվածի վկայություններն են խաղաղ բնակչության դեմ վերջին տարիներին իրականացված ահաբեկչական գործողությունները, որոնցից առավել խոշորները կատարվել են Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում: Ըստ Ձեզ` քաղաքական և տնտեսական խոշոր խաղադրույքներից բխող այս գործողություններին անմեղ մարդկանց զոհ գնալու փաստերը կարո՞ղ են հետ պահել աշխարհն իրար մեջ բաժանելու մոլուցքով համակված ուժերին:
-Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ ամեն ահաբեկչությունից հետո մեծ տերությունների ղեկավարները խոսում են միայն ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին` առանց երբեք հարցնելու իրենց, թե ինչից է, որ սկսվում են այդ ահաբեկչությունները։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվելու, դժբախտաբար, և ահաբեկչությունները շարունակվելու են, քանի դեռ այս աշխարհի տերերը չեն հարցրել իրենք իրենց, թե ինչու են մարդիկ ստիպված եղել բռնելու ահաբեկչության ուղին, որ ուղիներից ամենավատթարն է։
«ՄԵՆՔ, ԱՎԱ՜Ղ, ԶԻՆՎՈՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»
-Մենք ունենք իր կենսագրության քսանամյակը թևակոխած բանակ, որի հաջողությունների մասին ոգևորությամբ ու լավատեսությամբ են արտահայտվում մասնագետներն ու ոչ մասնագետները: Օրեր առաջ նախագահական նստավայրում Բանակի 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունից հետո ՀՀ նախագահն անձամբ մոտեցավ նստավայրի մոտ հավաքված մի խումբ մարդկանց` զինծառայության ընթացքում զոհվածների հարազատներին, և լսելով նրանց գանգատները` խոստացավ, որ այդ գործերն անաչառորեն կքննեն պատկան մարմինները: Ինչպե՞ս կբնութագրեք նախագահի այս քայլը:
-ՈՒշացած է, ուշ է։ Արցախյան պատերազմում հաշմված մի զինվոր, Սայաթ-Նովա փողոցում նստած, մուրում էր։ Ո՞Ւր էր իշխանությունը, ինչո՞ւ չէր գնահատել նրա անձնազոհությունը, ինչո՞ւ էր ստեղծել այնպիսի պայմաններ, որ նա մուրացիկ դառնար։ Հետո՝ բանակում տիրող բարքերը, զինվորների նկատմամբ պատահականորեն նշանակված սպաների` թուրքին վայել այդ վերաբերմունքը, այդ բոլորի դեմ նո՞ր են քայլ անելու։ Նո՞ր են իմանում, էլ ի՞նչ իշխանություն է, եթե այդքան անտարբեր է իր երկրի պաշտպանների նկատմամբ, բայց չէ՞ որ մեզ մոտ ընդամենը զինադադար է այսօր Ադրբեջանի հետ։ Իսկ եթե վաղը Ադրբեջանը վերսկսի իր կռիվը, մեր զինվորներն այդքան անձնազոհ կկռվե՞ն։ Կասկածում եմ։ Զինվորին մենք պիտի հոգատարությամբ, պաշտամունքով ու սիրով շրջապատենք, գնահատենք նրա անձնազոհությունը, ոչ թե անտեսենք այնպես, որ նա մուրացիկ դառնա և զգա իր անօգնականությունը խաղաղ օրերին։ Բանակն իր բարձր բարոյականությամբ է հաղթում, իր զինվորների անձնվիրությամբ, իսկ մենք այդ անձնվիրությունն ենք անտեսում։ Չէ՞ որ, վերջին հաշվով, ինչքան էլ հզոր ռազմական տեխնիկա ունենաս, միևնույն է, պատերազմում զինվորն է հաղթում, իսկ մենք, ավա՜ղ, զինվորի պաշտամունք չունենք։
«ԱՅՆՔԱ՜Ն ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՆ, ՈՐ ՊԻՏԻ ՔՈՂԱԶԵՐԾԵՆՔ»
-Ֆրանսիայի խորհրդարանը ստորագրահավաք է կազմակերպել հօգուտ Արցախի խաղաղության` անհանգստացած Ադրբեջան-Արցախ շփման գծում զինադադարի հաճախակի խախտումներից: Ստորագրահավաքին մասնակցել է խորհրդարանի 140 պատգամավոր, այսինքն` Ֆրանսիայի Ազգային ժողովի շուրջ 25 տոկոսը: Ի՞նչ եք կարծում, սա վկայում է ֆրանսահայ համայնքի հետևողական ակտիվ գործունեությա՞ն, թե՞ ֆրանսիացի քաղաքական գործիչների լայնախոհության և մարդասիրության մասին:
-Ֆրանսիան` լայնախոհ-մարդասե՞ր (նույնը և՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Անգլիան)։ Կարդացե՛ք վերստին այդ երկրների պատմությունը, և կտեսնեք, որ այդ երկրներից ավելի մարդատյացը չկա (իր ժողովրդի նկատմամբ` թեկուզ)։ Եվ հօգուտ Արցախի ստորագրեն, թե չէ, իրենց համար մեկ է։ Պարզապես այս և համանման այլ դեպքերում մեր համայնքներն են հետևողականորեն աշխատում։ Եվ դրա վկայությունն է թեկուզ այն, որ պատգամավորների միայն 25 տոկոսն է մասնակցել ստորագրահավաքին։ Նույնը՝ նաև ցեղասպանության ճանաչման գործում։ Ամբողջ աշխարհը գիտի հայերի ցեղասպանության մասին։ Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն հազարավոր գրքեր, փաստաթղթեր կան (կան, վերջապես, ականատես-վկաներ՝ Լեփսիուս, Մորգենթաու, հարյուրավոր ուրիշներ)։ Պարզապես իրենց ձեռնտու չէ ցեղասպանությունն ընդունելը։ Կա՛մ այդպես է, կա՛մ «լավություն» են անում Թուրքիային։ Սա բարոյականության հակառակ երեսն է, բայց մեծ տերություններից ավելին սպասել պետք էլ չէ։ Նրանք իրենց հաշիվներն ունեն, և մենք չպետք է մոռանանք այս մասին ու ինչ-որ բաներ ակնկալենք նրանցից։ Նրանք մեզնից ավելի լուսավոր չեն։
-Հայաստանում սկսվել է հասարակական-քաղաքական մի շարժում, որի նպատակն է քողազերծել Ադրբեջանի հորինած միֆը «Շահիդների ծառուղու» վերաբերյալ: Կհաջողե՞նք այս գործում, կկարողանա՞նք հասնել այն բանին, որ Ադրբեջանում հյուրընկալված պաշտոնական անձինք ծաղկեպսակներով չգնան «Շահիդների ծառուղի»` խոնարհվելու բարբարոս մարդասպանների գերեզմանների առջև այնպես, ինչպես դա անում են մեզանում` այցելելով Ցեղասպանության զոհերի հուշարձանին:
-«Շահիդների ծառուղին» ադրբեջանցիների հերթական աչքակապությունն է։ Թուրքիան էլ, ի հակակշիռ ապրիլի 24-ի, նշում է իր զոհերի հիշատակը՝ ցույց տալու համար, որ հայերն են իրենց կոտորել, ոչ թե հակառակը: Բայց մինչ դա քողազերծելը այնքա՜ն թուրքական «ճշմարտություններ» կան, որ պիտի քողազերծենք։ Ադրբեջանն այսօր էլ մեզ ագրեսոր է ներկայացնում աշխարհով մեկ, երբ ինքն էր սկսել պատերազմը Արցախի ու Հայաստանի դեմ։ Այս գործում հաջողելու համար մի բան կա միայն, որ պիտի անենք, մի բան, որ չենք անում արդեն 20 տարուց ավելի. ցույց տալ աշխարհին մահմեդական Թուրքիայի և Ադրբեջանի իսկական դեմքը, նրանց կեղծ լրատվության, խեղաթյուրումների, ստոր բանսարկությունների դեմ դնել պատմական ճշմարտությունը։ Իսկ ի՞նչ ենք արել մենք մինչև հիմա, երբևէ օգտագործե՞լ ենք Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերի փաստը, որն աշխարհին ցույց կտար, որ ագրեսոր լինելու համար ոչ թե հայ է պետք լինել, այլ ադրբեջանցի։
«ԱՅՆՔԱ՜Ն ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»
-Մեր ազգի համար իր գոյատևման խութաշատ ճանապարհին մեզ զորավիգ են եղել հոգևոր արժեքները, որոնց թվում առանձնապես կարևորվել են գիրն ու գրականությունը, ինչպես և թարգմանչական գործունեությունը: Վերջինը համարվել է զարգացման, առաջընթացի կարևորագույն նախապայման, հոգևոր զարթոնքի համար ամուր անկյունաքար, և պատահական չէ, որ մենք ազգովին ամեն տարի նշում ենք «Թարգմանչաց տոնն» ու խնկարկում օտարալեզու գրական գանձերը հայերեն թարգմանած մեր նախնիների հիշատակը, արժևորում մերօրյա թարգմանիչների վաստակը, որոնցից մեկն եք նաև Դուք: Բայց և միաժամանակ մենք այսօր անհանգստացած ենք, որ մեր կյանք են ներխուժում մեզ համար խորթ, անծանոթ այլևայլ երևույթներ, համակարգիչը, հեռուստացույցը, տեխնիկայի այլ միջոցները հնարավորություն են ընձեռում ակնթարթային կապի մեջ լինելու աշխարհի տարբեր անկյունների հետ, յուրացնելու ու տեղայնացնելու մեզանում դրսի փորձը: Մի՞թե այս անհանգստություններն անտեղի չեն, մի՞թե նույն այդ ինտերնետը թարգմանչաց բարձր առաքելության մերօրյա դրսևորումը չէ ընդամենը, որից ոչ թե պետք է զգուշանալ, այլ օգտվել խելացիորեն ու վայելել դրա արգասիքը:
-Թարգմանչաց տոնը պետք է տոն լինի և ոչ թե հերթական միջոցառում, և պետք է ոչ թե գրողների միությունը տոնի այն` ըստ հավուր պատշաճի, այլ ողջ ժողովուրդը։ Բայց այսօր ժողովուրդը դուրս է և՛ գրականության, և՛ թարգմանության սահմաններից։ Քանի որ գրականությունն այսօր պետության ուշադրությունից դուրս է, մեր իշխանավորներին ձեռնտու է։ Ինչքան անտեսված ու ստորացված լինի մտավորականը, այնքան լավ կոռումպացված մեր միջավայրի համար։ Այդ պատճառով է, որ մեր բազմաքանակ թերթերի ավելի քան 99 տոկոսը, մեր հեռուստաալիքները մի բանաստեղծություն չեն տպագրում կամ հաղորդում գոնե ամիսը մեկ անգամ։ Գալով համակարգչային մտահոգությանը` ես կասեմ, որ դա հրաշալի՜ է։ Դա մի աշխարհ է, որ օդի պես անհրաժեշտ է մեզ։ Վախը, թերևս, գալիս է նրանից, որ մեր շատ երեխաներ կպած են համակարգչին՝ առավոտից երեկո խաղեր խաղալով։ Իսկ համակարգիչն անփոխարինելի է և՛ գիտնականի, և՛ գրողի, և՛ թարգմանչի համար։
-Վերջին, ավանդական հարցը վերաբերում է ստեղծագործական ծրագրերին: Ի՞նչ որոնումների մեջ է բանաստեղծ և թարգմանիչ Ֆրունզիկ Կիրակոսյանը:
-Ծրագրերը, ինչպես միշտ, շատ են։ Այնքա՜ն գաղտնիքներ կան, որ փնտրում ենք մեր ամբողջ ստեղծագործական ճանապարհին։ Այսօրվա վիճակով ես կարող եմ իմ ընթերցողին ներկայացնել ամենաքիչը 12 հատոր։ Բանաստեղծություններիս եռահատորյակը, իսպաներենից և ռուսերենից կատարած բանաստեղծական թարգմանություններիս քառահատորյակը, իսպաներենից թարգմանած երկու վիպակ, իմ երկու վեպերը, վիպակը, հրապարակախոսական գործերի ժողովածուն… Բայց ինչ գրված է՝ գրված է։ Հետաքրքիր հղացումներ կան։ ՈՒրախ եմ, որ վերջապես կկարողանամ ինտերնետ մտնել՝ իսպանական պոեզիայի իմ կուռքերին բնագրով կարդալու և թարգմանելու համար։ Չէ՞ որ վերջին քսանհինգ տարում մեր ո՛չ մի գրախանութում չի վաճառվել իսպաներեն և ո՛չ մի գիրք։ Գալով իմ ստեղծագործությանը` կասեմ միայն, որ անցյալ տարեվերջին տպագրվեց «Կարոտի ուրվականը» բանաստեղծություններիս գիրքը։ Սա արդեն իմ սեփական ստեղծագործությունների իններորդ գիրքն է։ ՈՒզում եմ, որ բանաստեղծություններիս նոր և, երևի, վերջին գիրքը, որ գրվում է այս օրերին, արժանի լինի տարիքիս։ Չէ՞ որ ես արդեն փոքր չեմ, 68 տարեկան եմ։
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ