Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԻՆՁ ԹՈՂԱԾ, ԲՈԼՈՐԻՆ ԹՈՂԱԾ, ԱՐՋԻՍ ՄԱՍԻՆ ԳՐԵՄ, ԱՐՋԻ՜Ս...

ԻՆՁ ԹՈՂԱԾ, ԲՈԼՈՐԻՆ ԹՈՂԱԾ, ԱՐՋԻՍ ՄԱՍԻՆ ԳՐԵՄ, ԱՐՋԻ՜Ս...
18.02.2011 | 00:00

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Իմ սիրելի որդի Գիքոր ջան։
Մարդ թող մենձանա, շա՜տ մենձանա, համա ծերանա ոչ։ Ծերանալը լավ բան չի։ Մենակ մնացած մարդու ծերանալը աշխարհիս երեսի դժար բաներից է։ Հիմա ես համ մենձացել եմ, համ էլ ծերացել։ Չէ, ո՛չ կոնդացել եմ, ո՛չ էլ հալից ընկել։ Փառք Աստծո, իմ ձեռը կարողանում եմ հասցնել իմ բերանին։ Իմ տարիքի մարդը` իրենից անկախ, անցած-գնացած բաներն է հիշում, ուզում է մի անգամ էլ, գուցե և վերջին անգամ տեսնել նրանց, որոնց, ո՞վ գիտի, էլ կհանդիպի՞։ Մի զարմանալի բան ասեմ, բայց չզարմանաս։ Մի քանի գիշեր, հենց աչքս կպցնում էի, իմ ծանոթ արջի ձենն էի լսում, ապա ինքն էր երևում։ Մեկ ու երկու, երեք ու չորս որ տեսա, ասի` արջիս տեղը վայ թե նեղն է, ամոթ է, վեր կենամ գնամ տեսության։ Ոչ մեկին չասի։ Ասեի, կմտածեն, թե Համբոն խելքը հետ է տվել, այ հա՜յ, գնում է արջի հետ զրից անելու։ Ասի` սուսուփուս գնամ, ճամփին հանդիպող լինի, կասեմ` մեղրատանձը կաթլուկ է ընկել, մոռը հասել է, հանդերի, ծմակի վրա գնում եմ։ Ի՞նչ ասեմ, ծմակի շորերս հագա, մաշված խուրջինիս մեջ մի քիչ հաց-մաց դրի, մի քիչ ջահելացա ու ինձ տվի ծմակովը։ Էլ ի՞նչ ծմակ, ի՞նչ բան։ Ո՛չ ծմակ է մնացել, ո՛չ մթին անտառ։ Քրքրել են անտառը։ Գնա, հա՜ գնա, թե մի եղնիկ է հանդիպելու։ Իսկի նապաստակ չի մնացել։ Աղվեսներն իրենց հարցերը լուծել են` մտել են աղվես մարդկանց մեջ, նրանց ավելի աղվեսացրել։ Էս գիլացած իշխանավորներին եղնի՞կ կդիմանա։ Թռչուն չի մնացել։ Հիմա պիտի անտառային համերգ լիներ։ Գնացի, հա՜ գնացի։ Բա որ արջս էլ չլինի՞։ ՈՒրախացա, ի՞նչ ուրախացա, Գիքոր ջան, ուրախության մեջ մնաս, երբ արջիս իզի վրա ընկա։ Իզը Քոշաքարից իջնում է։ Ասի` էս ինչ լավ արի, որ եկա, արջս հիմա մտել է Չըռչռի ջուրը, իր համար լողանում-հովանում է։ Իզը բռնած իջա։ Ամեն ինչ իմ ասածի նման դուրս եկավ։ Արջս մտել էր ջուրը, լողանում, ո՜նց էր լողանում։ Մտիկ արի, մտիկ, լավ հիացա, ինձնից անկախ ձեն տվի։ Թաթը տարավ ականջին։ Ասի.
-Բարո՜վ, քեռի՛։
Նայեց, ճանաչեց, ուրախությունից գլուխը ջրի մեջ կոխեց, հանեց, ապա նորից սուզվեց ջրի մեջ։ Մտքումս սկսեցի հաշվել` մեկ, երկու, երեք... Հենց հասա քառասունին, գլուխը ջրից հանեց ու բարովիս բարևով պատասխանեց.
-Այ, բարով, բարով, քեռի Համբո ջան, լիսը քեզ տեսնողին, էս ո՞ր քամին քեզ բերեց, էս ո՞ր խաչիցն էր։
Ասի.
-Քեռի ջան, կարոտի խաչը ինձ բերեց, ապրելը որ կա, մեռնելն էլ կա ու կա, ասի` քանի ծունկս բռնում է, գնամ քեռուս իմ աչքով տեսնեմ։
Արջս լավ բան ասաց, ապա բարձրացավ քարափը, մոտեցավ փրփրակալած ջրվեժին, ինձ ձեռքով արեց ու ջրվեժի հետ շուլալվելով` ընկավ գյոլը։ Ես հիացած էի. չէ, լավ է մնացել։ Գլուխը նորից հանեց, թե.
-Ի՞նչ ես նստել, արի ջուրը մտիր, երեխա ժամանակների նման իրար հետ լողանանք։
Ասի.
-Լավ ես ասում, համա փոխնորդ չեմ վերցրել։
Ծիծաղեց.
-Զարգանաս դու, քեռի Համբո, ես որ չեմ վերցրել, պակա՞ս եմ լողանում, ամառ-ձմեռ սա է,- ցույց տվեց հագի քուրքը։
Հավեսը լավ հանեց, դուրս եկավ, թաց-թաց փաթաթվեց, ինձ իր գրկի մեջ կորցրեց, թաց եղա, ոնց որ շորերով ջուրը մտած ու դուրս եկած լինեի։ Հետո նստեցինք իրար կողք կողքի։ Նա իմ որպիսությունից է հարցուփորձում, ես` իր։ Երկուսս էլ մի խելքի էինք` եթե կանք, իրար բաց աչքով հանդիպեցինք, ուրեմն, փառք, ողջ-առողջ ենք, Աստված ցանկանա` նորից կհանդիպենք։
Ապա մեղրատանձենուն մոտեցանք։ Հետո մտանք մոռուտը։ Ես իմ խուրջինը լցրել էի մեղրատանձով։ Հետո նստեցինք տանձենու շվաքում։ ՈՒրիշ մարդ չկար։ Թևավոր ու գազան-վազան չկային։ Սրտներս լավ բաց արինք։ Ես դժգոհեցի կյանքից, ընդհանուրի վատ վիճակից, իշխանությունների անիշխանությունից բողոքեցի։ Արջն էլ հետ չմնաց ինձնից, ապա հարցրեց.
-Գոնե մի տեղ, քեռի Համբո, մի լավ բան չե՞ս տեսնում։ Ասենք` բարեփոխումներ։
Ասի.
-Որ լինի` խի չեմ տեսնի։ Հո աչքերս կապած չեն։ Կտեսնեմ էլ, լեզուս էլ բռնված չի, մի երկու լավ բան էլ կասեմ։ Բայց չելածի մասին լեզուս ո՞նց թրջեմ...
Երևաց, որ արջիս հալն էլ մի հալ չի։ ՈՒրախ կյանքից համ չի մնացել։
-Անտառում նախ անտառ չի մնացել։ Ո՞Ւր են էն լիքը թևավորները, լիքը ոտավորներս։ Ամեն մեկն իր ոտը առել, հեռացել է, թևավորները թևին են տվել, հեռացել։ Համարյա մենակ եմ մնացել։
Ասի.
-Քեռի ջան, քո դրության մեջ մտնում եմ, հասկանում եմ, որովհետև ես էլ եմ մենակ։ Հիմա մտածմունքը, դարդ ու ցավն են մարդու հետ ընկերություն անում։
Ասաց.
-Մարդու մենակ մնալը` ուրիշ, գազանինը` լրիվ ուրիշ։ Էլի գյուղ է, ճրագ, կրակ եք անում, շփլթու կա, մեկ-մեկ էլ ղչրղու եք տալիս, իրար ձենի վրա աչքառ եք դուրս գալիս, իմանում եք, թե ով է ողջ, ով` մեռած, իմը շատ դժվար է։ Անտառում մի զրուցընկեր էլ չունեմ, դիմանալը դժարացել է, դրա համար քեզ եմ ասում, միտքս ծռվել է, ասա` ո՞նց է ծռվել։
-Ո՞նց է ծռվել։
-Շատ եմ գցել-բռնել, ճիշտը ծննդավայրից հեռանալն է։
-Ի՞նչ։ Դու գնաս, բոլորը գնան, իսկ ո՞վ է մնալու մեր աշխարհում։
-Դարդ ու ցավի երկիր է դարձել։ Իմ տունն անտառն էր։ Առանց անտառի ա՞րջ կլինի։ Չէ որ չէ, գնալու եմ։ Գլուխս առնելու և հեռանալու եմ։
-Գնա՜, դու էլ գնա, գնացողների գլուխը յուղ ու մեղրոտ է եղել։
-Գնալու եմ, հեռանալու եմ, էլ ճար չունեմ։ Մենակ մարդու օրը կտրի։
-Ո՞Ւր ես հեռանալու։ Ռուսաստա՞ն, Եվրոպա՞, Ամերիկա՞... Ո՞Ւր... Անտառում ես իմ արջը որ չունենամ, գյուղում իմ ապրելը հեչ բան չարժե։ Իմ մասին էլ մտածի։
-Արժե, թե չարժե։ Անտառում կեր չկա, ձեն ու ձուն չկա, բուրմունք չկա։ Գնալու եմ Երևան։
-Երևա՞ն։ Հրեն Երևանից են վրա տված փախչում։ Էլիտար շենքերը քեզ են սպասում, գնա... Էն օրը բնությամբ մտահոգ Կարինե Դանիելյանին էի լսում։ Ասում էր` Հայաստանը դառնում է կիսաանապատային երկիր։ Երևանը դեմքը կորցրել է։ Անապատին հատուկ ճիճու-միճու են հայտնվել։
Քեռի արջս ծուռ նայեց ինձ, ծուռ ժպտաց, ապա ասաց.
-Էլիտար շենքերում դու ապրես։
Մտերմիկ ասացի.
-Այ զարգանաս դու, հա՜...
Արջս թաթը դրեց ուսիս, ասաց.
-Հյուսիսային պողոտայի էլիտարներում թող ապրեն նրանք, ովքեր նախագծել են, կառուցել, ովքեր վիթխարի գումարներ են ներդրել։ Մոսկվայի նախկին քաղաքապետը պիտի Երևան ասեր, Հյուսիսային պողոտա ասեր ու գար` էն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ թող հարևան-հարևան ապրեն։
-Դու քո գլխին ճար անելու մասին մտածիր։ Նրանց դարդը քեզ չեն տվել։
Արջը երկար մտածեց.
-Կաշխատեմ ընկնել Գագիկ Ծառուկյանի կենդանական աշխարհը։ Ասում են` լավ են կերակրում։ Հորթի միս... Եթե հաջողվի` լավ, եթե չհաջողվի` կենդանաբանական այգի կգնամ, չեմ ասի, թե Մոտկորի ծմակից եմ եկել, կասեմ Չեխիայից եմ եկել։ Գիտեմ` օտարներին, հեռու տեղերից եկածներին մերոնք լավ են ընդունում։
-Սիրելի քեռի, դու սուտ խոսել ե՞րբ ես սովորել։ Հո իշխանավոր չես։
-Սուտ չխոսես, չես կարող գլուխդ պահել։
-Դու գիտես։ Բայց դու ինչ-որ կուսակցության անդա՞մ ես։
-Ես ազատ քաղաքացի եմ։ Իմ անտառը հոշոտելով` ինձ զրկել են ազատությունից։
Սիրելի որդի ջան։ Ես շատ տխրեցի։ Ասացի.
-Քեռի ջան, վեր կաց գնանք, իմ տանը միասին ապրենք։ Ես էլ եմ չորգլուխ մենակ։
Մերժեց, ասաց.
-Մի չորգլուխ դու ես, մի չորգլուխ ես եմ։ Դու մնա անտառում։- Ես մերժեցի։ Արջը ծիծաղեց, ասաց.
-Քեռի ջան, ինչ ասացի ու դու լսեցիր, սուտ է։ Ես իմ անտառից ոչ մի տեղ չեմ գնա։ Սա իմ ծննդավայրն է։- Նայեց երկնքին, նայեց նոսրացած անտառին, խոր շունչ քաշեց ու շարունակեց։- Ես հո մարդ չեմ, որ լքեմ իմ բնակավայրը։ Մարդ էլ իր ծննդավայրը լքի՞... Սովից կմեռնեմ, բայց էստեղից չեմ հեռանա։
Իմ սիրելի որդի Գիքոր ջան, երանի՜ գնացողները մի արջի խելք ունենան։ Հարկավոր է մնալ ու պայքարել հանուն հավասարության, հանուն արդարության, հանուն... Ամեն։
Քո հարգարժան հայր` Համբո

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ