«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-2011-ի բյուջեի նախագիծն արդեն քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Եթե համեմատեք 2010-ի և 2011-ի նախագծերը, կա՞ն առանձնահատկություններ:
-Եթե համեմատենք` 2011-ի բյուջեի նախագծի թվերով մոտենում ենք 2008-ի իրավիճակին, այսինքն` կառավարությունը, այնուամենայնիվ, բարձր նշաձող է վերցրել և բարդ խնդիր է դրել` հասնել նախաճգնաժամային ցուցանիշներին: Ճգնաժամային 2009-ը առանձնահատուկ էր` ամբողջ աշխարհում կրճատվում էին սոցիալական ծրագրերը: Եվրոպական որևէ երկիր նույն մակարդակի վրա չպահեց մինչճգնաժամային ծրագրերը: Ի պատիվ կառավարության` պետք է ասել, որ Հայաստանում ո՛չ 2009-ին, ո՛չ էլ 2010-ին որևէ սոցիալական պարտավորություն չկասեցվեց: 2011-ի բյուջեն` նախորդող այս տարիների բյուջեների հետ մի ամբողջության մեջ, կարծում եմ, ճգնաժամային և հետճգնաժամային ժամանակահատվածի ողջ քաղաքականությունն է որոշարկում` առանցքում ունենալով սոցիալական ծրագրերի աներերությունը: Հետքայլ չարվեց` ինչքան էլ դժվար էր: Թեև աշխարհում տնտեսական գործընթացների անորոշությունը դեռ մեծ է, 2011-ի բյուջեի նախագծում եկամուտների ավելացում է նախատեսված, 4,6 տոկոս` ՀՆԱ-ի աճ, որը կառավարությունը հիմնականում տեսնում է արդյունաբերության ոլորտում` 4,6 տոկոս, գյուղատնտեսության` 10, ծառայությունների` 3,9, շինարարության` 2: 2009-ի մասշտաբային հակաճգնաժամային միջոցառումները, 2009-ի երկրորդ կիսամյակում համարյա բոլոր` բացառությամբ գյուղատնտեսության, ոլորտների որոշակի ակտիվացումը նման եզրահանգման հնարավորություն տալիս են: 2010-ի համար կանխատեսվել էր ՀՆԱ-ի 1,2 տոկոս աճ, կարծում եմ` տարին կամփոփենք ոչ պակաս, քան 2,6-2,7 տոկոսով: Այդ աճը հիմնականում գրանցվել է արդյունաբերության, շինարարության, ծառայությունների ոլորտներում: Գյուղատնտեսական տարին, եղանակով պայմանավորված, լավագույններից չէր, և սպասելիքները չարդարացան: Եթե գյուղատնտեսական անբարենպաստ պայմանները չլինեին, մեր տնտեսական ցուցանիշները կարող էին ավելի բարձր լինել, եվրոպական երկրների մակարդակին: 2011-ի նախագծով` մոտ 1 մլրդ դրամ ծախսերի մեծ մասն ուղղված է մարդկային կապիտալին` սոցիալական, կրթական, գիտական, մշակութային, հանգստի կազմակերպմանը: 19 տոկոսը պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգի պահպանությանը հատկացված ծախսերն է: 15,6%-ը` տնտեսական ճյուղերին հատկացված գումարները:
-Բյուջեի նախագծի նման կառուցվածքը 2011 թ. Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի խնդիրը լուծո՞ւմ է:
-Տնտեսական քաղաքականությունը, ընտրվող գերակայությունները և ծախսերը լավատեսություն են ներշնչում, որովհետև կառավարության նպատակների և գործառույթների մեջ ավելի ու ավելի շատ տեղ են գտնում փոքր ու միջին ձեռնարկատիրության, գործարարությանն աջակցման, գործարար միջավայրի բարելավման խնդիրները: Բյուջեի նախագծում նորովի մոտեցում կա արտասահմանյան շուկաներում հայկական ապրանքների առաջխաղացմանն աջակցելու: Տարիներ շարունակ այս թեմայով խոսել ենք, բարձրաձայնել ենք այս խնդրի լուծման անհրաժեշտությունը։ Արդյունքում այս տարի որոշակի տեղաշարժ կա և՛ գործառույթների, և՛ ֆինանսավորման առումով: Բոլորովին վերջերս փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ազգային կենտրոնի ծրագրերի և կանոնակարգերի մեջ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի առաջարկությամբ փոփոխություններ կատարվեցին, առանձնահատուկ կարևորվեց այն ընկերություններին աջակցելը, որոնք դրսի շուկայում մրցակցելու ներուժ և իրացման հնարավորություններ ունեն: Առանց պետական աջակցության դա դժվար է` հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերի համար, խոշոր բիզնեսը կարողանում է այդ հարցերը ներսում ու դրսում իր միջոցներով լուծել: Իսկ փոքր ու միջին ձեռնարկատերերը, ինչքան էլ որակյալ ու մրցունակ ապրանքներ արտադրեն, առանց պետության էական աջակցության, դրսի շուկաներում իրենց ապրանքների ներկայացման ու սպառման հարցերը դժվարությամբ են լուծում: Մեր տնտեսական կառույցների օրակարգում այս տարի այդ խնդիրն ամրագրված է, և որոշակի ֆինանսական հատկացումներ են արվելու: Տնտեսական գերատեսչությունների օրակարգում նոր գիծ է դա` «Made in Armenia» ապրանքատեսակներին աջակցելու ծրագիրը: Այս տարվա բյուջեում դրսի շուկաներում մեր ապրանքների առաջխաղացմանը հատկացված էր 5 միլիոն դրամ: Դա ծիծաղելի էր, մի խոշոր գործարար դրսի շուկաներն ուսումնասիրելու, իր գործընկերներին հանդիպելու համար ծախսում է մի քանի անգամ ավելի գումար: Նոր գերակայություններն ուղղված են լինելու տեղական, ավանդական ապրանքատեսակների ձևավորմանը և զարգացմանը: Արտահանման խթանումը ՓՄՁ-ի համար միս և արյուն կստանա տեղեկատվության, դրսի շուկաների մատչելիության, իրենց արտադրանքները ձևավորելու, մատուցելու իմաստով, եվրոպական ցանցի, զարգացման ազգային կենտրոնի գործընկերների հնարավորությունները կօգտագործվեն հայկական ապրանքարտադրողների տեսականու համար դրսի շուկաների ճանապարհը բացելու նպատակով: Նաև աջակցություն կլինի հին, ֆիզիկապես և բարոյապես մաշված տեխնոլոգիաներից նոր, բարձր արտադրողական տեխնոլոգիաների անցնելու համար: Հիշեցնեմ, որ փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը սկսվեց 2002 թ., համապատասխան օրենքով և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության ազգային կենտրոնի ստեղծումով: Այս ոչ լրիվ տասնամյակի ընթացքում բավականին քայլեր կատարվեցին: Սկսել ենք գաղափարից, որովհետև կար ժամանակ, երբ Հայաստանում շատ պաշտոնյաներ չէին ընդունում, որ պետք է փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցել, մարդիկ մտածում էին, որ կապիտալիզմի ու շուկայական տնտեսության ժամանակ է, ով կենսունակ է շուկայում գոյատևելու համար, թող գոյատևի, ի՞նչ պետական աջակցություն: Աշխարհի փորձը բացարձակապես այլ է: Այսօր կառույցը կայացել է և՛ նյութական, և՛ կադրային հնարավորություններով: Խնդիրը` յուրաքանչյուր մարզում ճշտել ճգնաժամին նախորդող ժամանակահատվածում բարձր արտադրական որակներ ցուցաբերած, ներուժ ունեցող այն ընկերությունների ու ձեռնարկությունների շրջանակը, որոնց պետք է աջակցել: Այսինքն` արդեն այդ աջակցությունը դառնում է ավելի հասցեական և նպատակամետ` նաև այս բյուջեի ծրագրերով ու միջոցներով:
-Այդ քաղաքականությամբ հնարավոր համարո՞ւմ եք արտագաղթի երրորդ ալիքի կանխումը:
-Եթե մարդկանց բարեկեցությունը բարձրանում է, լուծվում են և՛ արտագաղթի, և՛ ներգաղթի խնդիրները: Ես համոզված եմ, որ արտագաղթի պատճառները սոցիալ-տնտեսական են: Ներգաղթելու համար, ինչքան էլ «Արի տուն» ասենք, տուն եկողը պիտի տնտեսական բազա ունենա` տանն իրեն լավ զգալու համար: Հակաճգնաժամային այն միջոցառումները, որոնք անցյալ տարի իրականացվել են, և այն միջոցառումները, որոնք այս տարի այդ ուղղությամբ արվել են ու պիտի արվեն, մեկ տարվա բյուջեի շրջանակներում չեն ավարտվում և մեկ տարվա համար չեն, դրանք քաղաքական և ազգանպաստ նշանակություն ունեն:
-Ձեր կարծիքով` Աստրախանում ստորագրված հռչակագիրը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետագա գործընթացի վրա:
-Հիշենք` մենք ունեցել ենք զինադադար 1994 թ., որից հետո` փոփոխական ինտենսիվությամբ ընթացող բանակցություններ: Նաև հիշենք, որ Ադրբեջանն ընդունել է իր ռազմական դոկտրինը, որտեղ նշված է, որ կոնֆլիկտների լուծման ռազմական ճանապարհն է տեսնում: Ես առիթ եմ ունեցել ԵԽԽՎ-ում ասելու և շարունակելու եմ բարձրաձայնել, որ Ադրբեջանն այսօր ԵԽ անդամ միակ պետությունն է, որն իր ռազմական դոկտրինում սևով սպիտակի վրա անթաքույց ամրագրում է, որ կոնֆլիկտների կարգավորման ռազմական ճանապարհն է ընտրում:
-Դա չի՞ հակասում ԵԽ անդամությանը:
-Հակասում է ԵԽ անդամակցության ժամանակ ստանձնած մոնիտորինգային պարտավորություններին, հակասում է Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներին: Բայց դա փաստ է, որ մինչ օրս համարժեք գնահատական չի ստացել: Տարիներ շարունակ մենք ականատես ենք ռազմական բյուջեի հետևողական ավելացման, միլիտարիզացիայի ոչ միայն հայտարարությունների, այլև ռեալ գործողությունների: Այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն 3 միլիարդ 100 միլիոն դոլար է, բոլորովին վերջերս հրապարակվեցին նաև տվյալներ, որոնք ի ցույց դրեցին, որ Ադրբեջանը գերազանցում է սպառազինությունների թույլատրելի թվաքանակը: Եթե հավելենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել սադրանքներն ու զինված միջադեպերը, որոնց ընթացքում մարդկային զոհեր են լինում, ակնհայտ է դառնում, որ դա որոշակի նպատակամետ քաղաքականություն է: Այդ իմաստով աստրախանյան պայմանավորվածությունները ուժի չկիրառման, խաղաղ կարգավորման, հումանիտար ոլորտում միջազգայնորեն ընդունված նորմերին վերադարձի իմաստով շատ կարևոր էին, որովհետև վերջին տարիներին Ադրբեջանը բացարձակ ու բացահայտ անտեսում էր հումանիտար համագործակցությունը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի աջակցությամբ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնք համահունչ են միջազգայնորեն ընդունված նորմերին և երկու պետությունների` ԵԽԽՎ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին: Կարևոր է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները` Ֆրանսիան և ԱՄՆ-ը, արդեն իրենց գոհունակությունն են արտահայտել աստրախանյան հռչակագրի առիթով: Կա երրորդ կողմ էլ. ես կարծում եմ, որ ռազմագերիների փոխանակմանը ինչ-ինչ ձևով մասնակցություն են ունենալու նաև Արցախի իշխանությունները, ինչը նշանակում է` թեկուզ ոչ ուղղակի, բայց հանգում ենք Արցախի իշխանությունների մասնակցությանը կարգավորման գործընթացին, որը շատ կարևոր է:
-ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասուլիսում նշեց, որ ԵԱՀԿ նախագահների Աստանայի համաժողովում ստորագրվելիք համաձայնագրի նախապատրաստման հանձնարարական է տրվել արտաքին գործերի նախարարներին: Ռեալ համարո՞ւմ եք Աստանայում համաձայնագրի ստորագրումը:
-Քաղաքագետներն ու քաղաքական գործիչները լավատեսություն ու ոգևորություն չապրեցին այդ հայտարարությունից: Ես կարծում եմ` դա ավելի շատ բարի ցանկություն է, որը միջնորդ պետության ղեկավարի պարագայում ինքնին հասկանալի է: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ քայլ կատարվի թեկուզ մեկ դյույմ առաջ գնալու նպատակով, որը նույնպես առաջադիմություն է: Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ նման խնդիրները կարգավորման տասնամյակներ են պահանջում` 50, 100 և ավելի տարիներ: Սկզբունքները և սկզբունքների գործադրումը, յուրաքանչյուր կետն ու ստորակետը նման դեպքերում համաձայնեցման, փոխընդունելի դարձնելու տևական ու տևական ջանքեր են պահանջում: Բանակցությունները, որքան էլ երկար ու անորոշ, նախընտրելի են պատերազմական իրավիճակից:
-Այսինքն` ստատուս քվոյի պահպանումը մնում է գերխնդի՞ր, ինչ արդյունք էլ բանակցություններն ունենան, դրանց շարունակումը նշանակում է ստատուս քվոյի շարունակո՞ւմ:
-Ստատուս քվոն նշանակում է խաղաղություն և տնտեսապես զարգանալու հնարավորություն: Ես շատ կուզեի, որ ժամանակն աշխատեր մեր օգտին: Ստատուս քվոն նաև հոգեբանություն է փոխում, այս տարիներին մեծանում է արցախաբնակ ևս մեկ սերունդ, որն ապրել է անկախության պայմաններում, ում համար բացարձակ անընդունելի ու անհասկանալի են թե՛ Ադրբեջանի, թե՛ այլոց տեսակետները, որ չեն համապատասխանում իրենց տեսակետին: Արցախի հարցը որոշում է Արցախի ժողովուրդը: Ամեն անգամ մենք մեծ սպասելիքներ ենք ունենում աստրախաններից, աստանաներից, այլևայլ քաղաքներից, որը գուցե բնական է ու մարդկային: Ես շատ երախտապարտ եմ միջնորդ երկրներին, շատ կարևոր աշխատանք է կատարվում, դա է հարցի լուծման ճանապարհը, բայց չեմ կարող չասել, որ Արցախի հարցի լուծման բանալիները ոչ Երևանում են, ոչ Բաքվում, ոչ Մոսկվայում կամ Փարիզում ու Վաշինգտոնում, Ստեփանակերտում են, արցախցի երիտասարդների ձեռքում, այն սերնդի, որն այսօր մեծանում է արժանապատիվ, շիփ-շիտակ, իր ազգային երազանքներն իրականացած տեսնելով և իր սահմանին պինդ կանգնած:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ