(սկիզբը` նախորդ համարներում)
Ռազմաճակատային գծում Կովկասյան բանակն ուներ ընդամենը 95,6 հազար զինվոր, որից միայն 52,6 հազարն էր ներգրավված մարտական գործողությունների մեջ. դա Լոռիս-Մելիքովի զորամիավորումն էր (կորպուսը): Թուրքերը կովկասյան ռազմաճակատի համար տրամադրել էին 90-հազարանոց բանակ:
Թուրքական բանակի նոր հրամանատարը, ապավինելով Կարսի բերդի գերժամանակակից ամրությունների անառիկությանը (ինչը, ի դեպ, ապահովել էին եվրոպական պետությունները ժամանակակից ինժեներական լուծումներով) և գերհագեցած զինամթերքի, զենքի և պարենի առկայությանը, կտրականապես հրաժարվում է նախապես մշակված հարձակողական գործողություններից և վստահաբար ապավինում է պաշտպանական մարտավարությանը:
Սակայն մինչև Կարս հասնելը անհրաժեշտ էր ռազմավարական կարևորություն ունեցող Արդահանի և նրա մատույցների բարձունքների գրավումը, որն իրարից կմեկուսացներ թուրքական ուժերին: Թուրքերն Արդահանում ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, սակայն Լոռիս-Մելիքովն այդ բարձունքները գրավում է բառացիորեն մի քանի ժամում:
Սա առաջին խոշոր հաղթանակն էր կովկասյան գծում: Լոռիս-Մելիքովը հեռագիր է ուղարկում ռուսական կայսրին, որի բովանդակությունն ու ոճը, անկեղծորեն ասած, ամեն հայի համար պետք է որ վիրավորական լինեն: Ահա այդ հեռագիրը. «Արդահանն իր ամրություններով, ռազմական տեխնիկայով, հրետանային և պարենային հսկայական պաշարներով, թուրքական 14 վաշտերի ճամբարով Ձերդ կայսերական մեծության ոտքերի տակ է»:
Ո՞Ւմ հողը ո՞ւմ ոտքերի տակ է դնում հայազգի զորավարը:
Արդահանի գրավումը ճանապարհ է բացում դեպի Կարս: Սակայն Լոռիս-Մելիքովի տրամադրության տակ եղած ուժերը բավարար չէին միաժամանակ և՛ Կարսը գրոհելու, և՛ ռազմական գործողություններ վարելու Ալաջայի բարձունքին տիրող Մուխթար փաշայի դեմ: Համալրում ստանալով` Լոռիս-Մելիքովը գրոհում է բարձունքը, իսկ թուրքական ուժերի թիկունքում ռազմական գործողություններ էր ձեռնարկում հայազգի զորավար, գեներալ Բեյբութ Շելկովնիկովը: Ալաջայի բարձունքի գրավումը մեծ արձագանք է ունենում ոչ միայն Ռուսաստանում, այլև եվրոպական ռազմական շրջանակներում:
Ռազմագիտության մեջ հայտնի է բարձունքների ռազմավարական և մարտավարական կարևորությունը: Մինչդեռ մեր ժամանակների արցախյան պատերազմի ժամանակ Շուշիի և Օմարի լեռնանցքի բարձունքների գրավումը, իրավամբ, հայ զորահրամանատարների և զինվորների ռազմական հանճարի դրսևորումն է, որը, սակայն, քաղաքական նկատառումներով անտեսվեց համաշխարհային ռազմական տեսաբանների կողմից: Ավելի վատ նրանց համար, քանի որ հայտնի ճշմարտություն է. եթե չես կարողանում կամ չես ցանկանում ըստ արժանվույն գնահատել ոգու, մտքի և զենքի անօրինակ սխրանքը, ուրեմն կամ հասու չէ քեզ դրա խորհուրդը, կամ նախանձն է փակել հոգուդ աչքերը։
Եվ այսպես, Լոռիս-Մելիքովի ջոկատները հայազգի զորավարներ Լազարևի ու Շելկովնիկովի գլխավորությամբ դաժան մարտերով գրավում են Դևեբոյնա կոչված բերդը, և Կարսն այսպիսով մեկուսանում է Թուրքիայի մյուս տարածքներից:
Շախմատը, որը հայերը ճատրակ են անվանում, լայնածավալ ռազմական գործողությունների մանրակերտն է, որի վրա ճակատամարտից առաջ երկրի թագավորն ու զորահրամանատարը նախապես մշակում էին ռազմավարական և մարտավարական գործողությունների ծրագիր` ոչ միայն չանտեսելով, այլև կանխագուշակելով հակառակորդի հնարավոր բոլոր քայլերը:
Հայ զորահրամանատարները ռազմի դաշտում միշտ էլ եղել են փորձված և գրեթե անպարտելի, «ճատրակ են խաղացել» և երբեք արքային մահվան չեն ենթարկել:
Դրա ապացույցը պատմությունն է տվել: Եվ միևնույն է, թե հայ զորավարը որ երկրի զինվորներին է առաջնորդում մարտի դաշտ, նա ճակատամարտ-ճատրակի դաշտը լավ է տեսնում:
Արտաքին օգնությունից զրկված Կարսի բերդի պաշարումը և գրոհը նշանակվում են 1877 թ. նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը: Գրոհից առաջ Լոռիս-Մելիքովի զորամիավորումից հեռանում է ֆրանսիացի գեներալ Կուրսին, որին ռուսական բանակում սիրում էին բոլորը աննախադեպ քաջության համար: Բանակից հեռանալիս նա ասում է. «Ես այնքան շատ եմ սիրում Կովկասյան բանակը, որ չեմ կարող և չեմ ուզում տեսնել նրա անխուսափելի պարտությունը: Դուք երբեք չեք կարող Կարսը գրավել»: Սա ասում էր մարտերում թրծված մի խիզախ գեներալ։
Սակայն ի՞նչ իմանար ֆրանսիացի գեներալը, թե ինչ արժեք ունեին հայազգի զորավարների` նախնիներից ժառանգած ռազմական քաջությունը և մանավանդ հայրենի հողի տված ուժը:
Գրոհից առաջ Լոռիս-Մելիքովը դիմում է Կարսի բերդի պարետին` հանձնել ամրոցն առանց արյունահեղության: Սակայն թուրք պարետը մերժում է:
Կարսի բերդի գրավման քսանամյակի առթիվ «Ռուսկի ինվալիդ» թերթը գրել է. «Կարսի գրավումն աննախադեպ է ոչ միայն ռուսական ռազմական տարեգրության, այլև բոլոր ազգերի պատմության մեջ: Երբեք և ոչ մի տեղ մինչև այժմ չեն գրոհել գիշերը` իսկապես այնպիսի մի հզոր ամրոց, ինչպիսին Կարսն է, որտեղ բնությունն այնպես սերտ է միահյուսվել ռազմարվեստի հետ. 14 առանձին ամրություններ` 303 թնդանոթներով և քսանհազարանոց կայազորով: Եվ այս բոլոր կառույցները միացած էին խրամատներով ու գայլահորերով, որոնք կառուցել էին անգլիացի և գերմանացի ինժեներները»:
Գրոհի ծրագիրը մշակում էր Լոռիս-Մելիքովը, և այն արժանանում էր ռազմական խորհրդի հավանությանը:
Գլխավոր գրոհը հանձնարարվում է հայազգի գեներալ Լազարևին` իր 13,5-հազարանոց հետևակով, որը պետք է հարձակվեր Խաֆըզ, Քանլի և Սուվայի կարևորագույն ամրությունների վրա: Այստեղ գեներալ Լազարևը դրսևորում է ռազմական արվեստի նուրբ իմացություն. 11,5-հազարանոց ցուցադրական շարասյուները պետք է թողնեին գլխավոր և հիմնական գրոհային ուժի տպավորություն և մոլորեցնեին թուրքերին, որոնք ստիպված կլինեին պահեստային նոր ուժեր հանել դրանց դեմ: Ի դեպ, պահեստային ամրություններից մեկում էր նաև բերդի պարետը:
Գրոհի ընդհանուր ղեկավարումը ստանձնում է Լոռիս-Մելիքովը: Բուն գրոհը սկսվում է երեկոյան մոտ ժամը 8-ին և արդեն ժամը 10-ին լսվում է հանրահայտ ռուսական «ուռան». զորքը ներխուժել էր Խաֆըզ: Ժամը 11-ին հանձնվում են Խաֆըզը, Կարադաղը և Արաբը, որոնք, ըստ էության, բերդի «բանալիներն» էին: Ժամը 12-ին զորամիավորման հրամանատար Միքայել Լոռիս-Մելիքովին զեկուցում են վերոհիշյալ ամրությունների ընկնելու մասին:
Կարսը գրավված էր: Թուրքերը, օգտվելով հարաբերական անդորրից, փորձում են պահուստային ուժերն ուղղել դեպի ամրություններ: Սակայն Լոռիս-Մելիքովը կանխում է նրանց` նախապես ուղարկած լինելով այնտեղ հեծելազորային գնդեր:
Առաջինը բերդը լքում է պարետը` իր մերձավորների շքախմբով: Սկսվում է անասելի խուճապ և փախուստ:
Հայտնի իրողություն է. թուրքն «անվախ է ու քաջ», երբ հակառակորդը թույլ է. երբեք թուրքը մարտի չի գնա հակառակորդի հետ հավասար ուժի պայմաներում: Թուրքը կռվի է գնում առնվազն կրկնակի առավելութուն ունենալիս, հակառակ դեպքում նա կամ չի կռվում, կամ դիմում է խարդավանքի: Եվ, իսկապես, պատերազմների պատմության մեջ հայտնի փաստ է` թուրքերի ամենամեծ թշնամին խուճապն է: Մենք` հայերս, դա չպետք է մոռանանք երբեք:
Առավոտյան հանձնվում են նաև միջնաբերդի պաշտպանները:
Այսպես ավարտվում են պատմության մեջ նախադեպը չունեցած Կարսի փայլուն գրոհը և գրավումը, որը ոչ միայն ճանապարհ բացեց դեպի Էրզրում, այլև, որ շատ կարևոր էր, կոտրեց թուրքերի մարտական ոգին և՛ ասիական, և՛ եվրոպական տարածաշրջաններում:
Գիշերով և ընդամենը 4 ժամում հայազգի տաղանդավոր զորավարների տաղանդը իրենց պապերի երկրում իրենց ազգի թշնամուց գրավում է հայրենական ամրոցը ռուս զինվորների և հայ կամավորականների ուժերով` Ռուսաստանի համար։
Լոռիս-Մելիքովի այն հարցին, թե ինչո՞ւ թուրքերը Կարսի բերդն առանց կռվի և արյունահեղության չհանձնեցին, պարետը պատասխանում է. «Կարսի պես բերդը առանց մարտերի չի կարելի հանձնել»: Մինչդեռ 1918 թ. Կարսի բերդը հանձնեցինք մեր դարավոր թշնամուն առանց որևէ կրակոցի` ոչ բարեկամ վրացի հրամանատարների հրամանով։
Առավոտյան, երբ Նորին գերազանցություն մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը շրջում է գրավված բերդի տարածքում և տեսնում է դրա բնական և ռազմական ամրություններով պայմանավորված հզորությունը, ասում է, որ եթե ինքը տեսած լիներ Կարսի բերդի ամրությունները, ոչ մի դեպքում թույլ չէր տա գրոհել: Մեծ իշխանին ուղեկցողները միանգամայն համամիտ են լինում:
Ըստ էության, Ռուսաստանի կայսրերը չեն զլացել իրենց երկրի զավթողական նկրտումների իրականացմանն օժանդակող հայազգի զորավարների մարտական սխրանքները գնահատելուց: Սակայն հայ զորավարները երբեք չեն փորձել իրենց ռազմական արվեստի շնորհիվ օտարի լծի տակ հեծող հայրենիքի ազատագրված տարածքներն ամեն կերպ պահպանել և թեկուզ Ռուսական կայսրության գերիշխանության տակ դարձնել հայկական նահանգներ` որպես փոխհատուցում ռուսաց կայսրությանը մատուցած անշահախնդիր և անմնացորդ ծառայության համար և դարձնել այդ հողերը նույն այդ Ռուսաստանի համար «ֆորպոստ»:
Մինչդեռ հայազգի զորավարների ռազմական տաղանդի շնորհիվ և ռուս զինվորների ու հայ կամավորականների արյան գնով մի քանի անգամ դժվարությամբ գրավված Կարսը նույնքան հեշտությամբ վերադարձվել է թուրքերին:
Ցանկացած պատերազմ մեծ ծախսեր է պահանջում պետությունից. պատերազմի ավարտից հետո այդ ծախսերը հաղթանակի դեպքում փոխհատուցվում են, իսկ պարտության դեպքում բազմապատկվում են կորուստները:
1877-78 թթ. Արևելյան պատերազմը Ռուսաստանին կանգնեցնում է ֆինանսական սնանկացման եզրին. կտրուկ արժեզրկվում է ռուբլին, երկիրը հայտնվում է դրանից բխող հետևանքների հորձանուտում: Սակայն պատերազմը դադարեցնելը ևս քաղաքական տեսանկյունից շահավետ չէր: Եվ դարձյալ հայազգի պետական գործչի` Լոռիս-Մելիքովի տնտեսագիտական շրջահայացության շնորհիվ ռուսական արքունական գանձարանը մի քանի տասնյակ միլիոն ռուբլու խնայողություն է անում: Հնարամիտ Լոռիս-Մելիքովը ռազմական գործողություններն իրականացնում է վարկերի միջոցով. այդ հարցում մեծ է եղել բնակչության և կապալառուների դերը, որոնցից էլ նա վարկ է վերցրել:
Ո՞վ է այսօր Ռուսաստանում հիշում ու գնահատում, թե նյութական և բարոյական ինչպիսի մեծ օգուտ են տվել հայազգի պետական և ռազմական գործիչները Ռուսաստանին: Ոչ ոք: Եվ ոչ ոք էլ երբեք չի հիշելու։
1879 թ. Ռուսաստանում հեղափոխական մեծ ալիք է բարձրանում։ Առավել վտանգավոր նահանգներում Ալեքսանդր Երկրորդ ցարը նշանակում է գեներալ-նահանգապետներ` օժտելով նրանց լայն լիազորություններով:
Խարկովի նահանգն ամենաանհանգիստներից էր, որտեղ հեղափոխականները սպանել էին նահանգապետին: Լոռիս-Մելիքովին կայսրը նշանակում է Խարկովի գեներալ-նահանգապետ` համոզված լինելով, որ կարճ ժամանակում երկրամասում խաղաղություն կտիրի, և չի սխալվում: Լոռիս-Մելիքովին շնորհվում է Խարկովի պատվավոր քաղաքացու կոչում, և նրա պատվին ժողովրդի անմիջական մասնակցությամբ կառուցվում է Հաղթական կամար` «Կարսը գրավողին, ժանտախտը հաղթահարողին և բոլորի սրտերը գրավող ասպետների ասպետին» ոսկե տառերով գրված մակագրությամբ:
1880 թ. Ալեքսանդր Երկրորդի գահակալության 25-ամյակի առիթով Լոռիս-Մելիքովը նույնպես ժամանում է Պետերբուրգ: Կայսրը, նկատի ունենալով երկրում տիրող հեղափոխական խառնակ իրավիճակը, անհրաժեշտ է համարում ստեղծել հատուկ մարմին` Գերագույն կարգադրիչ հանձնաժողով` արտակարգ լիազորություններով օժտված պետի գլխավորությամբ: Եվ այդ արտակարգ լիազորություններով օժտված պետը կայսրի ընտրությամբ Լոռիս-Մելիքովը պետք է լիներ: Ահա այդ Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի որոշման կետերից մեկից մի հատված. «Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի գլխավոր պետի բոլոր պահանջները պետական կարգուկանոնի և հասարակական հանգստության պահպանման հարցերում ենթակա են անհապաղ կատարման ինչպես տեղական կառավարիչների, գեներալ-նահանգապետների, նահանգապետների և քաղաքագլուխների, այնպես էլ բոլոր գերատեսչությունների կողմից` չբացառելով նաև զինվորական գերատեսչությունը»:
Գլխավոր պետի, տվյալ դեպքում` Լոռիս-Մելիքովի հրամանը կարող էր կասեցնել միայն կայսրը:
Լոռիս-Մելիքովին Ռուսաստանում անվանել են նաև առաջին մարդը ցարից հետո։
Այսպիսի լիազորություններով օժտված մարդն արդյոք չի՞ կարողացել «բարեխոսել» կայսրին օգնելու իր հարազատ ժողովրդին և հայրենիքին, թե՞ չի ցանկացել, անհասկանալի և անըմբռնելի է մեր ժամանակի մարդկանց ընկալումներին: Թեև հայ իրականության մեջ այս երևույթն իր հաճախակի դրսևորումներով որակի արժեք է ստացել: Հիշենք թեկուզ Բյուզանդիայի 20-ից ավելի հայազգի կայսրերին, որոնք այդ երկրի ժողովրդին երդվել էին ծառայել բոլորանվեր: Նրանք, անկախ իրենց ներքին և արտաքին քաղաքական գործունեությունից, հավատարիմ են մնացել այդ երկրի շահերին և ոչ մի բանով չեն օգնել կամ օժանդակել սեփական հայրենիքին և ժողովրդին: Նրանց այս վարքագիծը, բարոյական տեսակետից, ազնիվ է եղել: Այսպիսի բարոյական բարձր առաքինությամբ էր օժտված նաև Լոռիս-Մելիքովը: Սակայն կյանքում լինում են նաև զղջման և մտքի պայծառացման պահեր, որոնք, ցավոք, ոչ միշտ են մարդուն տրվում ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին: Ասում են, որ 1878 թ. Բեռլինի վեհաժողովում հայկական հարցի տապալման լուրն իմանալիս Լոռիս-Մելիքովն ասել է, որ այդ օրն իր կյանքի ամենածանր օրերից մեկն է եղել։
Մեր ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի. «Կյանքդ այնպես ապրիր, որ հայրենիքիդ առաջ պարտք չմնաս»։
Ինչ պաշտոն էլ զբաղեցրել է Լոռիս-Մելիքովը, անդավաճան է մնացել իր սկզբունքին: Խիստ հսկողություն է սահմանել ֆինանսական գործարքների վրա, թույլ չի տվել պետական միջոցների անարդյունավետ վատնում և փորձել է մեղմել կամ կասեցնել կառավարական այն որոշումները, որոնք անմիջականորեն առնչվել են ժողովրդի սոցիալական վիճակին: Նա վճռականորեն դեմ էր հացի գնի բարձրացմանը, և հացի գնի բարձրացումը կասեցնող նրա մշակած ծրագրի շնորհիվ կանխվում են երկրում իրական սովի սպառնալիքը և դրանից բխող «հացի ընդվզումը». երկրում տևականորեն պահպանվում է անդորրը: Մեկ ուրիշ փաստ. Հաշտարխանում գեներալ-նահանգապետ եղած ժամանակ նա դիմում է Ալեքսանդր Երկրորդին` խնդրանքով, որ վերացվի աղի համար գանձվող հարկը: Սակայն ֆինանսների նախարարը մերժում է կտրականապես` հիմնավորելով գանձարանի եկամուտների նվազման վտանգով: Բայց Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի պետի պաշտոնում Լոռիս-Մելիքովը կրկին դիմում է ցարին` վերանայելու հարցը և վերացնելու աղի հարկը: Այս որոշումով, իշխան Լոռիս-Մելիքովի համոզմամբ, ոչ միայն բնակչության մեծ մասի հարկային բեռը կթեթևանար, այլև, որ շատ կարևոր էր, ժողովրդի և ցարի միջև կապը կամրանար: Ռուսաց կայսրը այս անգամ հարգում է Լոռիս-Մելիքովի առաջարկը և 1881 թ. սենատի բարձրագույն որոշումով վերացնում է աղի հարկը:
Որպես առաջադեմ հայացքների տեր` Լոռիս-Մելիքովը ձգտում էր Ռուսական կայսրությունը դուրս բերել ռուսական ավանդական միապետական կառավարման տեղապտույտից: Նա Ալեքսանդր Երկրորդին առաջարկում է պետական կառավարման նոր, առավել առաջադիմական և ազատական սկզբունքներով նախագիծ, որն ընդունում է կայսրը: Այդ նախագիծը, ըստ էության, կդառնար ռուսական պետականության ազատականացման սկիզբը. մինչև սահմանադրության ընդունումը դեռ շատ հեռու էր։
Ալեքսանդր Երկրորդն առանձնահատուկ հարգանք և վստահություն է ունեցել Լոռիս-Մելիքովի հանդեպ: Իր պսակադրությունից հետո կոմս Լոռիս-Մելիքովին նա հրավիրում է պալատ և որդու կամ եղբոր անկեղծությամբ ու ակնկալիքով դիմում է նրան. «Ես գիտեմ, որ հավատարիմ և նվիրված ես ինձ. այսուհետ դու պետք է նվիրված լինես իմ կնոջը և զավակներին: Դու բոլորից լավ գիտես` իմ կյանքը մշտապես վտանգի տակ է: Երբ ես այլևս չեմ լինի, խնդրում եմ, մի լքիր ինձ շատ սիրելի անձանց: Իմ հույսը դու ես, Միխայիլ Տարիելովիչ»:
Թագավորների ճակատագիրը, այն էլ Ռուսաստանում, կանխատեսելիորեն դաժան է եղել։
Ալեքսանդր Երկրորդը ահաբեկության զոհ է դառնում:
Գահ բարձրացած Ալեքսանդր Երրորդը մերժում է բարենորոգումների ծրագիրը: Լոռիս-Մելիքովը հրաժարականի դիմում է ներկայացնում, որն էլ անմիջապես ընդունում է նորաթուխ կայսրը։
Լոռիս-Մելիքովի մասին իշխան Վոլկոնսկին ասել է. «Նա գնաց Ռուսաստանի ապագայի լավագույն հույսով, գնաց մաքուր ձեռքերով և հանգիստ խղճով»:
Ցարական Ռուսաստանը վերադառնում է ի շրջանս յուր. Ալեքսանդր Երրորդը մանիֆեստով հաստատում է ինքնակալության անսասանությունը։
Քաղաքական և ռազմական փոթորիկներով անցած կոմս Լոռիս-Մելիքովի առողջությունն օրեցօր վատանում էր, և 1888-ին Նիցցայում, որտեղ բուժվում էր, նա կնքում է իր մահկանացուն:
Ռուսական կայսրության փոխկայսրը (այդպես նրան ժամանակակիցներն էին անվանում), որն իր կյանքը բոլորանվեր ու անշահախնդիր նվիրել էր կայսրության ռազմական հաղթանակներին և ներքին կյանքի բարենորոգումներին, կյանքի վերջին տարիներին ապրեց մեկուսացած և չգնահատված: Իսկ մահից հետո իր սիրելի Ռուսաստանում հավերժ հանգստի տեղ չտվեցին: Նրա զմռսած դին բերում են Թիֆլիս` իբրև ծննդավայր և ամփոփում հայոց Վանքի եկեղեցու բակում:
Սակայն հայտնի իրողություն է, ուրիշի երկիրը, թեկուզ ծննդավայր, մարդուն հայրենիք չի դառնում:
1938 թ. Թիֆլիսում քանդում են Վանքի եկեղեցին: Իսկ հարակից բակը, որտեղ թաղված էին Լոռիս-Մելիքովը և նշանավոր այլ հայազգիներ, ռուսական բանակի զորավարներ Տեր-Ղուկասովը, Ալխազովը, Շելկովնիկովը, Լազարևը, քանդում են 1958-ին: Նրանց աճյունները վերաթաղվում են Թիֆլիսի սուրբ Գևորգ եկեղեցու բակում:
Հավերժ հանգիստ նրանց հոգիներին և աճյուններին։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ