Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
29.03.2011 | 00:00

Թեև ընդհանուր առմամբ Հայաստանը միջազգային զեկույցներում դասվում է ազատական տնտեսություն ունեցող երկրների շարքին, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մի շարք ապրանքների շուկաներում ստեղծված են արտաքուստ անտեսանելի արգելքներ, որոնք փակում են պոտենցիալ մրցակիցների մուտքը հիշյալ շուկա: Տարբեր ապրանքների շուկաների սահմանափակվածությունը կամ դրանց գրեթե փակ կարգավիճակը գնաճի բարձր մակարդակին նպաստող ներքին-ենթակայական գործոններից են: ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը տարբեր առիթներով արձանագրել են, որ ներքին շուկայում կան գերիշխող դիրք ունեցողներ, ովքեր գնային մանիպուլյացիաներ են կատարում:
Հայկական դրամի արժևորումը և գների բարձր մակարդակը, այդ թվում` ներմուծվող ապրանքների գերակշիռ մասով, մի կողմից պայմանավորված է ներկրողների ձգտումով` ապահովել գերշահույթներ ոչ միայն արտարժույթով, այլ նաև հայկական դրամով, մյուս կողմից վկայում է ՀՀ տնտեսությունում բարձր կենտրոնացվածության մասին, ինչն էլ կարևոր նախապայման է գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտների կողմից հակամրցակցային համաձայնությամբ կամ այլ մեթոդներով ներքին շուկայում զբաղեցրած իրենց դիրքի չարաշահման համար: Այդ մասին են վկայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները: 2010 թ. 12 պարենային ապրանքների շուկաներում այս մարմնի կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցից 7-ը բարձր կենտրոնացված են, 5-ը` միջին կենտրոնացված: Ցածր կենտրոնացվածության ապրանքային շուկա չի գրանցվել: Հատկանշական է, օրինակ, ներքին շուկայում պանրի գնի տատանումների դիտարկումը: ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի տվյալներով` երկրում կան 78 գրանցված սուբյեկտներ, չհաշված պանիր արտադրող բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ: Թվում է, միասնական գներ թելադրելն այս պարագայում գրեթե անհնար է, այնուամենայնիվ, նկատվեցին անբարեխիղճ մրցակցության կազմակերպված երևույթներ: Տարբեր պանիր արտադրողներ գրեթե միաժամանակ, գրեթե նույն չափով բարձրացրին իրենց արտադրանքի գինը: Այն պետք է թանկանար մի քանի ամիս անց և առավելագույնը` 150-200 դրամով, որը պայմանավորված էր կաթի գնի աճով: Ձրի պանիր, ինչպես ասում են, միայն թակարդում է լինում: Ձրի կամ շատ էժան ձու` նույնպես: Երբ 2010 թ. ամռան ամիսներին ձվի վաճառքի գները դրա ինքնարժեքից ցածր էին, ակնհայտորեն խոշոր արտադրողների կողմից փոքրերին շուկայից դուրս մղելու նպատակով, ակնկալվում էր, որ այդ վնասը շուկան մենաշնորհելուց հետո պետք է «փոխհատուցվեր»: Այն իրեն շատ երկար սպասել չտվեց, և տարեմուտին տարբեր հիվանդություններ վկայակոչելով ձու մատակարարողներն ամառվա համեմատ տասնապատիկ բարձրացրին գները: Նման գնաճ իրականում քիչ կարելի է հանդիպել համաշխարհային շուկայում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգի արդյունավետության ցածր մակարդակի և կոռուպցիայի տարածվածության պայմաններում Հայաստանի տնտեսության զգալի հատվածը, տեղական և միջազգային փորձագետների գնահատմամբ, վերածվել է կիսամենաշնորհային համակարգի, որն անխուսափելիորեն խոչընդոտում է սոցիալական ուղղվածություն ունեցող մրցունակ ազգային տնտեսության կայացմանը:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի հատկապես Երևան քաղաքում գործող գյուղմթերքների կենտրոնացված առևտրային շուկաներում տիրող վիճակի վերլուծությունը: Այսպես կոչված «գիշերային» մեծածախ շուկաներում առաջարկվող մրգերի և բանջարեղենի գները զգալիորեն զիջում են ընդամենը 3-4 ժամ հետո սպառողներին պարտադրվող միասնական-մենաշնորհված գներին: Խոսքը, իհարկե, շահույթի նորմայի դասական պատկերացումների մասին չէ: Այստեղ ևս առկա է «ագահության ֆենոմենը»: Դրանց տարբերությունը սովորաբար կազմում է 75-100, իսկ առանձին դեպքերում մինչև 200 տոկոս և ավելի: Ակներև է, որ այս պայմաններում անտեղի է շոշափել առողջ մրցակցության գաղափարը կամ փնտրել առարկայական որևէ պատճառ: Իրականում ընդամենը մի քանի ֆիզիկական անձանց` խմբիշխանների կողմից գյուղմթերք արտադրողներից գրեթե բռնի կերպով «գնվում է» ապրանքների ողջ խմբաքանակը, վարչահրամայական կարգով նշանակվում և սպառողին թելադրվում են ոչնչով չարդարացված բարձր գներ: Ընդունված է ասել, որ աղջամուղջին նրանց կողմից թելադրվող գներն են որոշում ողջ առևտուրը, և այդ օրը լույսը կարծես բացվում է ոչ թե գյուղացու, այլ խմբիշխանի համար: Նման երևույթն անհամադրելի է անգամ սոցիալիզմի օրոք գործող տնտեսական վարչարարության հետ: Այն ավելի ճշգրիտ կարելի է գնահատել որպես ֆեոդալիզմի օրոք գործող առևտրա-վաշխառուական վերնախավի կամայական վարքագիծ, իսկ այսօրվա լեզվով` տնտեսական հանցագործություն, որն ակնհայտորեն ոտնահարում է պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները և թուլացնում պետականության տնտեսական ու սոցիալական հիմքերը:
Հաճախ գնաճ ասելով մարդիկ հասկանում են միայն մեկ երևույթ, մինչդեռ իրականում այն տարբեր երևույթների հետևանք է: Այսպես օրինակ, կարելի է գնաճ արձանագրել ինչպես այն դեպքում, երբ առաջանում է ապրանքների դեֆիցիտ (այսինքն` արտադրության իրական ծավալների համեմատ համախառն պահանջարկի ավելցուկի դեպքում), այնպես էլ այն դեպքում, երբ արտադրական մի շարք ռեսուրսների թերօգտագործման պայմաններում ավելանում են արտադրության ծախսերը, և գների գոյություն ունեցող մակարդակի պայմաններում միավոր արտադրանքի համար պահանջվող ծախսերի ավելացումը կրճատում է դրա առաջարկն արտադրողի կողմից: Բնական է, որ երկու դեպքում էլ փոխվում են սպառողների սպասումները, նրանց հոգեբանությունը, բնականաբար նաև` վարքագիծը: Մեր երկրում այս երևույթն ամենևին էլ եզակի բնույթ չի կրում: Երբեմն բավարար է անգամ ոչնչով չհիմնավորված տեղեկություն կամ ասեկոսեներ տարածել այս կամ այն ապրանքի գնի հնարավոր բարձրացման մասին, և կարող է առաջանալ նույն ապրանքի հանդեպ անհամեմատ ավելի մեծ պահանջարկ, որը լավ առիթ է որոշ ձեռնարկատերերի և առևտրականների համար կտրուկ բարձրացնելու գները: Ըստ որում, մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանում սպառման համար նախատեսված ապրանքների ընդամենը 6-7 տոկոսի անհետացումը շրջանառությունից կարող է առաջ բերել ոչ միայն սովորական գնաճ, այլև խուճապ: Սպառողները փորձում են ավելի մեծ քանակներով նման ապրանքների պաշարներ կուտակել, որն էլ ավելի է կրճատում շրջանառության մեջ գտնվող ապրանքների քանակությունն ու ահագնացնում գների թռիչքը:
Վերադառնալով պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներին` հարկ է անդրադառնալ տնտեսության մրցունակության միջոցով գնաճի վրա ներազդելու այնպիսի կարևոր գործիքների, ինչպիսիք են մաքսային, հարկային և դրամավարկային լծակները:
Չնայած այն հանգամանքին, որ տարեցտարի փորձեր են արվում կատարելագործելու երկրի հարկային համակարգը և կիրառվող մեխանիզմները, այնուամենայնիվ, դրանք արդյունավետ բնութագրելն առայժմ վաղաժամ է: «Կոշտ» վարչարարությունը մի կողմից նպատակ ունի կրճատելու ստվերային տնտեսությունը, մյուս կողմից, նման քաղաքականությունը վարվում է որոշ վերապահումներով` «արտոնություններ» տալով առանց այն էլ բարվոք վիճակում գտնվող որոշ տնտեսավարողներին: Ինչ վերաբերում է իրական հարկային արտոնություններին, դրանք օրենսդրաիրավական առումով առայժմ մերժելի են: Այլ խոսքով` չկա այս կամ այն ոլորտը կամ տարածքը զարգացնելուն ուղղված նպատակային և տարբերակված հարկային քաղաքականություն: Արդյունքում փակվում են փոքր և միջին ձեռնարկություններ, աճում է ստվերային տնտեսության տեսակարար կշիռը, որի պատճառով նվազում է պետական եկամուտների ծավալը, իսկ որպեսզի այն բավարար լինի պետբյուջեի ծախսերն ապահովելու համար, անվերջ կարող է աճել հարկային բեռը, որը գնալով կենտրոնանում է ավելի քիչ քանակությամբ տնտեսավարողների ուսերին: Լրացուցիչ հարկերն էլ իրենց հերթին ավելանում են ապրանքների և ծառայությունների ինքնարժեքին և նպաստում գնաճի բարձր տեմպերին:
Գնաճային ճնշումների իրական պատճառների թվում կարելի է նշել նաև մաքսանենգությունը, մաքսային անարդյունավետ քաղաքականությունը, ինչպես նաև եկամուտների հավաքագրմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության ցածր մակարդակը: Մեր համոզմամբ, գնաճային ռիսկեր է պարունակում իր մեջ նաև ավելացված արժեքի ձևը, դրա հաշվարկը, փաստաթղթաշրջանառության գործող մեխանիզմը: Վերջինս, մասնավորապես, թույլ չի տալիս միջին և խոշոր բիզնեսներից մատակարարվող ապրանքների համար ձեռք բերել իրական արժեքներին համապատասխան փաստաթղթեր, ինչն ավելի է դժվարացնում ապրանքների հաշվառումը և դրանց շրջանառության պատշաճ վերահսկողությունը: Արդյունքում աճում է ստվերային տնտեսությունը, նվազում է հարկվող տնտեսությունից հօգուտ պետական բյուջեի ծախսային մասի գանձվող եկամուտների ընդհանուր ծավալը: Հետևաբար, պետական բյուջեի սոցիալական ծախսերի համար չբավականացնող գումարները հավաքագրելու նպատակով կառավարությունը ստիպված է լինում հաճախ նոր հարկատեսակներ մտցնել, ինչն էլ ավելացնում է պարկեշտ հարկատուների հարկային բեռը: Բնականաբար, ավելացված հարկերի հաշվին աճում են նաև ապրանքների ու ծառայությունների գները, ինչն էլ իր հերթին գնաճի բարձր տեմպերի նոր պատճառ է դառնում:

Դիտվել է՝ 2632

Մեկնաբանություններ