Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԹԻՎ 13 ԲԱՆՏԱ-ԽՈՒՑԸ

ԹԻՎ 13 ԲԱՆՏԱ-ԽՈՒՑԸ
20.11.2009 | 00:00

Ավարտվում էր 1948 թիվը։
Առավոտյան Վլադիմիրյան բանտի թիվ 13 խուց բերեցին Դանիիլ Անդրեևին։ Նա հայտնի Լեոնիդ Անդրեևի որդին էր, որը մեղադրվում էր հակասովետական վեպ գրելու համար, որտեղ մի էպիզոդ կար Ստալինի հետ կապված` գրքի հերոսները պատրաստվում են մահափորձ կատարել նրա դեմ։ Այդ միամիտ ու պարզունակ պատմության համար Անդրեևն ու իր կինը` Ալլա Ալեքսանդրովնան, 19 ամիս հարցաքննվելուց հետո դատապարտվում են 25 տարվա ազատազրկման. Դանիիլ Անդրեևը` Վլադիմիր քաղաքի բանտում, իսկ իր «դավադրակից» Ալլա Անդրեևան` Մորդովիայի խիստ ռեժիմի ճամբարներում։
Թող ընթերցողս զինվի համբերությամբ, քանզի Վլադիմիրի բանտում օգոստոս ամսից նստած էր հայտնի զորավար Գարեգին Նժդեհը, որը նույնպես դատապարտված էր 25 տարվա ազատազրկման։ Մոռացա ասել, որ այդ բանտը «քնքշորեն» կոչում էին «Ցենտրալկա»։ Այստեղ էին բերում հազարավոր կալանավորների, որոնց հետո «էտապով» ուղարկում էին ուրիշ բանտեր, որոնք ցրված էին Ռուսաստանի անծայրածիր տարածքներում։ Բանտային գրականության մեջ կա մի երջանիկ օրվա նկարագրություն, որտեղ շատ հետաքրքիր ձևով ընդգրկված է այդ անծայրածիր լինելը. 1953-ի մարտի 5-ին Գուլագի ճամբարներից լսվում էր զարմանալի խնդության ճիչը. «Людоед умер! Людоед умер!» («մարդակերը մեռա՜վ»- Պ.Ա.)։ Այդ ճիչը, որ լսվում էր տասնյակ կիլոմետրերի վրա, արձակում էին ճամբարների կիսամեռ մարդիկ, ովքեր վեր էին շպրտում իրենց «ուշանկաները» (ականջակալներով գլխարկ- Պ.Ա.) և գոռո՛ւմ, գոռո՜ւմ, մոռանալով վախը, որովհետև մեռավ հրեշը, որը ծնունդ էր առել թշվառների նախանձից ու ատելությունից։ Ինչո՞ւ եմ այսքան մանրամասն նկարագրում այդքան անտանելի, տհաճ ու ծանր բաները։ Ճիշտն ասած, սա անում եմ նրանց համար, ովքեր մինչև հիմա ախ են քաշում` հիշելով Ստալին պապիկի «դրախտային» ռեժիմը։ «Իմաստուն» հայերը խուսափում են այս հիվանդագին թեմաներից (բայց, չգիտես ինչու, 15 թվի ողբերգությունից` ոչ), մենք չունենք «բանտային» գրականություն, բացի Մահարու շատ վիճելի վեպից։ Ըստ իս` այն պատճառով, որ 15 թվականի 100-տոկոսանոց մեղավորը թուրքն է, իսկ Ստալինի ժամանակաշրջանը սարսափելի է նրանով, որ մեղավոր էին բոլորը։ Ալլա Անդրեևան հուշերում խոստովանում է. «Այնտեղ հերոս լինելը համարյա բացառված էր»։ Ինձ թվում է, որ հնարավոր չէ գտնել համաշխարհային գրականության մեջ ավելի անկեղծ տողեր մի մարդու մասին, որը հայտնվել է ստալինյան բանտում։ Անհնարին, անպատմելի ազնվությամբ Ալլա Անդրեևան գրում է իր սեփական թուլության, անզորության մասին այդ դիվային մեքենայի առաջ, որը ստեղծվել էր դեռևս 1918-ին` Ձերժինսկու նման հրեշների հանճարով։ Ցարական բանտը դրանց կողքին կուրորտ էր, որտեղ պարոն Ջուղաշվիլին (ապագա «պողպատե» Ստալինը) իր նեղ ճակատի տակ կառուցում էր իր «դրախտը», որտեղ նա պետք է լիներ հավերժ ու անմահ (նա լուրջ հավատում էր, որ իրեն նվիրված բժիշկները կապահովեն իր ֆիզիկական անմահությունը) բոլոր ժողովուրդների հայրը։
Վառլամ Շալամովն իր «Կոլիմայի պատմվածքներում» գրում էր. «Բանտն ազատություն է։ Դա միակ տեղն է, որտեղ մարդիկ, առանց վախենալու, ասում էին այն ամենը, ինչ մտածում էին։ Որտեղ նրանք հոգեպես հանգստանում էին»։ Շալամովին լավ հասկանալու համար նորից վերադառնանք Անդրեևայի հուշերին. «Չգիտեմ ինչպես նկարագրել ուժասպառ անող, նողկալի վախի այդ մթնոլորտը, որի մեջ մենք բոլորս ապրում էինք այդ տարիներին։ Կարծում եմ, որ այդպիսի վախ այդքան երկարատև չի կրել ոչ մեկն ամբողջ քաղաքակիրթ մարդկության պատմության ընթացքում»։ Դանիիլ Անդրեևը, արդեն ազատության մեջ, իր հայտնի ստեղծագործությունում, որը կոչեց «Роза мира» (բառացի` «Աշխարհի վարդը»), գրում է. «Ինչպես կարող եմ ես չխոնարհվել ճակատագրի առջև, որն ինձ դրեց այն պայմանների մեջ, որոնք անիծվում են համարյա թե բոլորի կողմից, ովքեր կրել են դա, և որոնք ծանր էին նաև ինձ համար, բայց որոնք, դրա հետ մեկտեղ, դարձան հզոր մի միջոց իմ էության հոգևոր օրգանները բանալու համար։ Հենց բանտում, արտաքին աշխարհից մեկուսացումով, անսահմանափակ ազատ ժամանակով և հազարավոր գիշերներով, որոնց ընթացքում ես մնում էի արթուն, պառկած մահճակալի վրա, իմ քնած ընկերների կողքին, ինձ համար սկսվեց նոր էտապը»։ Բ. Ռոմանովը (Դ. Անդրեևի ստեղծագործությունն ուսումնասիրող) գրում է. «Առհասարակ, բանտային պայմանների ազդեցությունը միստիկ տրամադրությունների և հոգետեսական վիճակների վրա բավականին ստույգ է»։ Ե՛վ Դոստոևսկին, և՛ Սոլժենիցինը խոստովանել են, որ առանց բանտում անցկացրած տարիների իրենք չէին լինի այնպիսին, ինչպիսին դարձան հետագայում։ Կնոջը գրած նամակում (1955 թ. հունվար) Դ. Անդրեևը փաստում է. «Այստեղ ես կարող եմ չստել ոչ մի բառով, ոչ մի շարժումով։ Այստեղ ես կարող եմ չարհամարհել ինքս ինձ։ Ես կարող եմ գոնե մասամբ անել այն, ինչի համար առհասարակ ապրում եմ»։ Տյուտչևի մի բանաստեղծությունում կա մի տող, որը գրված է, կարծես, մեր այսօրվա «հետազոտվող» հերոսների` Նժդեհի և Անդրեևի մասին. «Աստված հավատարիմ է Իր ընտրյալներին»։ Հիրավի, և՛ Նժդեհին, և՛ Անդրեևին կարող էին գնդակահարել, բայց դա չեղավ, իհարկե, Աստծո կամքով։ Ալլա Անդրեևան գրում է այդ զարմանալի փաստի մասին. «Կարճ ժամանակով Միությունում մահապատիժը փոխարինվել էր 25 տարվա կալանքով։ Միայն այդ պատճառով մենք ողջ մնացինք։ Մի քիչ շուտ կամ մի քիչ ուշ մեզ պիտի գնդակահարեին»։ Բանտում շատ խցեր կային, բայց նախախնամությունը բերեց նրանց հենց թիվ 13 խուցը, որտեղ պետք է կայանար այդ հանդիպումը, որն անհրաժեշտ էր երկրային և երկնային խորհրդավոր ուժերի համար։ Առաջին հայացքից երկուսն էլ շատ ռոմանտիկ էին, չափից դուրս միամիտ։ Դանիիլ Անդրեևը գրել էր մի վեպ, որն այդ թվերին նշանակում էր անխուսափելի կործանում։ Բավական չէ գրել էր, հավաքել էր տասնյակ ընկերների և բարձրաձայն ընթերցել այն։ Դա կամ միամտություն էր, կամ խելագարություն։ Իսկ Գարեգին Նժդեհի դեպքում` կարմիր բանակը մտնում է Բուլղարիա, և Նժդեհը, փաստորեն, անում է ամեն ինչ, որ իրեն ձերբակալեն։ Հիշենք գեներալ Խլուդովին Բուլգակովի «Վազքում», որ կամավոր վերադառնում է հայրենիք, որտեղ իրեն սպասում է կախաղանը։ Իհարկե, Նժդեհը Խլուդով չէ, նա մինչև մահ պայքարի մեջ է, նա միշտ հավատում է Իր Աստծուն, «Ով հավատարիմ է Իր ընտրյալներին»։ Նժդեհն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, բայց 1953-ի մայիսի 30-ին, երբ Խորհրդային Միության արտաքին գործերի նախարար Վ. Մոլոտովը Թուրքիային հղած ուղերձում հայտարարեց, որ Խորհրդային Միությունը տերիտորիալ որևէ պահանջ չունի Թուրքիայից, այդ պահից սկսած Նժդեհը միայն մի բան էր ցանկանում` վերադառնալ Հայաստան և մեռնել` հայացքը հառած իր սիրելի Մասիսին։ Այսօր մենք արդեն գիտենք, որ Գ. Նժդեհի հետ բանակցություններ էին վարում Միության ղեկավարները, ովքեր ցանկանում էին օգտագործել զորավարի հանճարը Թուրքիայի դեմ պատրաստվող ռազմական գործողություններում։ Բացի դրանից, Նժդեհը պետք էր այն բանի համար, որ նա միշտ մեծ հարգանք էր վայելում պարսիկների և եզդիների շրջանում։
Չնայած Նժդեհի երազանքը` մեր հայրենիքի կողոպտված տարածքները վերադարձնելու, չիրականացավ, բայց այդ ծերացած առյուծը (միայն մարմնով և ոչ թե հոգով), հայ հեղափոխության այդ ասպետը հաղթեց, քանզի մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը կռվեց ու հաղթած գնաց Աստծո մոտ, որպես նահատակ, որպես մարգարե ու հերոս, և վերջապես Դանիիլ Անդրեևի օգտագործած տերմինով` որպես ռոդոմիսլ (բառացի նշանակում է` մարդ, որը մտածում, խորհում, խորհրդածում է իր ազգի, իր ցեղի անցածի, ներկայի և ապագայի մասին, մի խոսքով, Նժդեհի ստեղծած տերմինով ասած, ցեղակրոն)։ «Ցեղակրոն» բառն ավելի ճիշտ ու շատ ավելի լավ տերմին է, որը ծնունդ էր առել և՛ մեր արքայական լեզվի շնորհիվ, և՛ Նժդեհի աստվածատուր հանճարեղ բառապաշարի ու պերճախոսության շնորհիվ։ Եվ զարմանալի չէ, որ «շնորհիվ»-ը շնորհն է` Աստծո շնորհը։ Այսքան երկար նախաբանից հետո վերջապես հասանք այս ակնարկի բուն նպատակին, պարզել` ինչո՞ւ Նժդեհի և Անդրեևի հարաբերությունների մասին չկա ոչ մի տող ո՛չ Անդրեևի նամակներում, գրքերում, ո՛չ Ալլա Անդրեևայի հուշերում, ո՛չ Հովհաննես Դևեջյանի (կեղծանունը` Արմեն Սևան) «Տառապանքի տարիները Գ. Նժդեհի հետ» գրքում։
Հովհաննես Դևեջյանը հայ հասարակական-քաղաքական գործիչ էր, բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, մանկավարժ, խմբագիր։ Նա Գ. Նժդեհի գաղափարական ու մարտական ընկերն է եղել, ճակատագրի բերումով` նաև խորհրդային բանտերում կրած տառապանքների։ Գրքի առաջին հրատարակությունում (1970 թ., Բուենոս Այրես) միակ լուսանկարը Գ. Նժդեհի գերեզմանի լուսանկարն էր Վլադիմիր քաղաքում, որով առաջնորդվել են նրա աճյունը Հայաստան փոխադրողները։ Այս առումով այսօր, ինչպես ասում է Սեդա Հրանտի Դևեջյանը, որը պատրաստել, կազմել, խմբագրել և ծանոթագրել է գրքի երկրորդ հրատարակությունը, «մարգարեական են հնչում Հ. Դևեջյանի այն խոսքերը, թե` «Կու գայ օրը, երբ պատմության դատարանով, իր ոսկերոտիքը կերթան իրենց հարազատ հանգստարանը գտնելու այնքան սիրած ու պաշտած իր Սիւնիքի ծաղկուն հովիտներուն մեջ, հայրենի լեռներու բուք ու բորանին կողմե շեփորուած հերոսական քայլերգին ունկնդիր...»։
Այսօր ամեն մի հայ գիտի, որ Գարեգին Նժդեհի աճյունը հանգիստ է գտել հայրենի հողում` նրա աղերսը լսեց իր պաշտելի Աստված։ Ի՞նչ աղերս։ Բանն այն է, որ Նժդեհն իր նամակների մեջ հարազատներին միշտ գրել է հետևյալը. «Իմ աճյունն ու իմ ձեռագրերը կտաք իմ ժողովրդին»։ Իր հավատարիմ Աստվածը կատարեց խնդրանքը։
Ամենազարմանալին այն փաստն է, որ Արմեն Սևանի գրքում կա մի առանձին գլուխ, որը կոչվում է «Լէոնիտ Անտրէեւի տղուն հետ», որտեղ մենք չենք գտնում ոչ մի բառ Նժդեհի մասին։ Դևեջյանը երկար նկարագրում է իր հարաբերություններն Անդրեևի հետ և` ոչ մի խոսք Նժդեհի մասին։ Կարծում եմ, որ պարոն Դևեջյանը շատ ճիշտ է վարվել, որպես հին հեղափոխական և կոնսպիրատոր, մտածելով Դ. Անդրեևի ապագայի մասին։ Դրա ապացույցը կարող են լինել Ալլա Անդրեևայի հուշերի հետևյալ տողերը. «Դանիելը պահանջում էր, որ ոչ մեկը, բացի ինձնից, չիմանա «Роза мира»-ի վրա իր աշխատանքի մասին։ Պահանջում էր, որ ես ոչնչացնեմ բոլոր նամակները, որոնք գալիս էին իր անունով, այն բանի համար, որ եթե մի անգամ էլ ձերբակալեն, ոչ մի մարդ կապված չլինի իր հետ։ Նա կարծում էր, որ մեզ վրա հսկողությունը շարունակվում էր։ Ես, ենթարկվելով նրա պահանջներին, համարում էի իր վիճակը բանտային ցնցման հետևանք, իմանալով, որ ոչ ոք չի վերադառնում բանտարկությունից առանց հոգեկան խանգարման։ Պարզվեց, որ հոգեկան վիճակը խախտվել է ինձ մոտ` հավիտյան անբուժելի դյուրահավատ և թեթևամիտ լինելով։ Իսկ ինքը ճիշտ էր»։ Ալլա Ալեքսանդրովնան, ով մեծ և հերոս կին էր (90 տարեկան հասակում, լինելով արդեն կույր, մահանում է հրդեհից, փորձելով փրկել սիրելի ամուսնու արխիվը. այդ պահին բնակարանում նա եղել է մենակ), ըստ իմ հավաքած տեղեկությունների, որոնք քաղված են գրքերից, ամսագրերից և ինտերնետային նյութերից, եղել է շատ խանդոտ իր ամուսնու ստեղծագործությունների նկատմամբ և, ցավոք, մի քիչ սնափառ (ինչը բնորոշ է բոլորիս)։ Այդ պատճառով նա Դ. Անդրեևի կյանքից դուրս է «թողել» բոլոր նրանց, ովքեր կարող էին մի փոքր ստվեր գցել նրա փառքի, նրա առաջնայնության վրա։ Օրինակ, իր հուշերում նա գրում է, թե Դ. Անդրեևի հետ բանտում եղել են Շուլգինը, ակադեմիկոս Պարինը, պատմաբան Ռակովը, գեներալ Կուտեպովի որդին, վրացի մենշևիկ Սիմոն Գոգիբերիձեն, ճապոնացի Տանակա-սանը, արվեստագետ Ալեքսանդրովը։ Հետո ավելացնում է. «Իհարկե, իր հետ տարբեր խցերում այդ տարիների ընթացքում նստած կալանավորների անունները ես չեմ հիշում»։
Անդրեևան (շա՜տ ցավալի փաստ է) մինչև իսկ իր հրատարակված հուշերում չի հիշել իր բարերարին, իր «պահապան-հրեշտակին»` Տատյանա Անտոնյանին, որն իր կյանքը նվիրել է Դ. Անդրեևի ժառանգությունը փրկելուն, և ավելին` կուրացող Անդրեևայի հուշերը խմբագրելուն, ինքը լինելով մահամերձ հիվանդ (կյանքի մնացած 20 ամսից կես տարին նվիրելով այդ ահավոր ծանր աշխատանքին)։ Մի կողմ դնելով այդ ամենը, կարծում եմ (սա միայն ենթադրություն է), որ Գարեգին Նժդեհի անունը չէին էլ կարող նշել իմ թված մարդիկ։ Եթե Դևեջյանը նկատել էլ է, դա տևել է շատ կարճ ու աննկատ ուրիշների` չկոչվածների համար։ Անդրեևն ինքը միայն մի երևացող հետք է թողել նյութական աշխարհում։ «Ռոդոմիսլի» բանաստեղծությունն է, որը, հուսով եմ, մի օր մեր նորահայտ չարենցները կթարգմանեն։ Այդ բանաստեղծությունը թվագրված է 1955 թվով` Նժդեհի մահվան տարեթվով։ Եվ ուրիշ ոչինչ։
Դանիիլ Անդրեևը, ըստ Դևեջյանի հուշերի, շատ մարդամոտ էր և դյուրահույզ։ Բացի դրանից, շփվելով Դևեջյանի հետ, պոետը խոստովանել է, որ հայ լեզուն «խիստ ներդաշնակ, առույգ և հարուստ է»։ Այդ «խառնվածքով բանաստեղծը, միամիտ և ազնիվ մարդը» ինչպե՞ս կարող էր «չնկատել» Նժդեհի նման պայծառ անձնավորությանը, որն իր խելքով, իր պերճախոսությամբ զարմացրել է նույնիսկ իր դահիճներին։ Ինչպե՞ս կարող էին նրանք չշփվել։ Ի՞նչ առեղծված է սա։ Կարծում եմ, նրանք միանգամից` առաջին իսկ հայացքից, ճանաչել են իրար, այդ երկու կոչվածները, ովքեր կապ ունեին այլ աշխարհների հետ (հիմա արդեն գիտնականներն էլ են ընդունում այդ աշխարհների իրական լինելը), բայց դա պետք է մնար գաղտնիք իրենց շրջապատի համար, որտեղ «քրեականների» դիմակի տակ վխտում էին լրտեսները։ Նժդեհի մահից անցել է 55 տարի. 20 տարի է, ինչ մենք ապրում ենք ազատության և անկախության մեջ, մոտավորապես հենց այդքան ժամանակ էլ մեզ համար կամաց-կամաց բացվում է Նժդեհի աշխարհը։ Բայց մենք դեռ պատրաստ չենք նրան հասկանալու։ Նրա մասին գրվում են բազմաթիվ գրքեր, պաշտպանվում են դիսերտացիաներ, տա Աստված, ստեղծվեն ֆիլմեր (ինչը շատ է կարևոր այսօրվա «չկարդացող» սերնդի համար), բայց մենք շարունակ դեռ պատրաստ չենք։
Դանիիլ Անդրեևը պատրաստ էր` Աստծուց տված, հորից ժառանգած... Այդ երկու խորհրդավոր մարդիկ, ովքեր ամբողջ օրը շփվում էին ուրիշների հետ, շատ քիչ ու կարճ են խոսել իրար հետ, համարյա թե աննկատ ուրիշների համար։ Նժդեհը վատ համբավ ուներ` չափազանց ազնիվ էր, ուղղամիտ և կռվարար։ Նույնիսկ Դևեջյանը, որ գրում է այդ մասին, հավանաբար, կարծել է, թե Նժդեհը չի վստահում Անդրեևին, ինչպես և շատերին։ Մեկ-մեկ նրանք գաղտնի փոխանցում էին իրար թղթեր, և դա նորմալ էր ընկալվում, որովհետև կալանավորներին թույլ էր տրված կարդալ գրադարանի գրքերը և գրանցումներ անել. իհարկե, շատ հաճախ խուզարկությունների ժամանակ նրանց գրածը խլում էին, հետո կամ ոչնչացնում, կամ էլ վերադարձնում։
Իմ ենթադրությամբ` Անդրեևը Նժդեհից կարող էր ստանալ իր համար ամենակարևորը.
ա) չարաբաստիկ այդ վեպի առնչությամբ Ստալինի նմաններին սպանելը սխալ է, կգա նորը և շատ ավելի դաժանը։ Իսկ որպես ապացույց հենց Նժդեհի կենդանի (ոչ գրքային) օրինակը. նա անձամբ, 1926 թվականին, հրաժարվել էր օգնել «Ռովսին» (Ռուսական ռազմական դաշինք)` վերացնելու Ստալինին, որովհետև դրա հետևանքը կարող էր լինել հայ ժողովրդի համար երկրորդ 1915 թիվ (աղբյուրը` Նժդեհի նամակը Ստալինին, բանտից 1945 թ., ՊԱԿ-ի արխիվ)։
բ) Անհրաժեշտ է մտածել ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի ճակատագրի մասին։ Դրա համար հարկավոր է կատարելագործել նրա ցեղակրոն ուսմունքը և տարածել այն բոլոր երկրներում (տեղեկություններ կան, որ այսօրվա Սերբիայում պաշտում են և՛ Նժդեհին, և՛ Իլյինին` այդ երկու մեծ մտածողներին և հայրենասերներին)։
Շատ կարևոր մի փաստ էլ կա Անդրեևի կնոջ չտպագրված (ինտերնետային տարբերակ) հուշերում. նա խոստովանում է, որ Դանիիլը 1948-ին (հենց այն պահին, երբ Անդրեևը և Նժդեհը պիտի հանդիպեին) ենթարկվում է մի շատ տարօրինակ` կայծակնային հեղաշրջման` կատակլիզմի։ Նա 1948-ից սկսած դառնում է, ասես, ուրիշ մի մարդ` փոխվում են նրա մոտեցումները, փոխվում է նրա ստեղծագործական ողջ ընթացքը։
Իմ ժամանակների վկայություններն ասում են նույնը. ով ծանոթացել է Նժդեհի որևէ, թեկուզ մի փոքրիկ գրության հետ, դարձել է ուրիշ մարդ։ Կարող եմ ասել հենց իմ մասին. 1980 թվին ես կարդացի հայտնի մի գիրք` Ավոյի փառավոր հատորը Նժդեհի մասին, որը լույս էր տեսել Բեյրութում 1967-ին։ Այդ «հանդիպումից» հետո իմ կյանքը մինչ այսօր ենթարկվում է անհասկանալի` իմ կամքից դուրս, կատակլիզմների։ Ես դարձա բոլորովին ուրիշ մարդ (թող ինձ ճանաչողները վկայեն այդ մասին)։
Ավարտելով իմ ակնարկը, որը շատ երկարեց, հայտարարում եմ, որ Դանիիլ Անդրեևի համաշխարհային համբավ ունեցող «Роза мира»-ն ծնունդ է առել 1948 թվին, թիվ 13 բանտախցում։
Պավել ԱՆԱՆՅԱՆ
Հ. Գ. -Իսկ մնացածը` մեր հաջորդ հանդիպումների ժամանակ։

Դիտվել է՝ 3150

Մեկնաբանություններ