Երևանի քաղաքապետարանը սկսել է հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոնների և թանգարանների անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը: Ներկայացումներն ընտրելու են ուսուցչական կոլեկտիվներն ու ծնողները: Յուրաքանչյուր թատրոնից ընտրվելու է երեք ներկայացում: Նախատեսված են նաև դպրոցականնների անվճար այցելություններ Երևան քաղաքի պատմության թանգարան և դպրոցականի ֆիլհարմոնիա: Հարկ է նշել, որ մշակութային կյանքի անտեսվածությունից, ընթերցանության պակասից դժգոհող մեր արվեստագետները հաճախ են նշում, որ համեմատաբար լավ է թատրոնների վիճակը. դեռևս պահպանվել է թատրոն գնալու ավանդույթը: «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, դրական գնահատելով նման միջոցառումները, նշում է, որ կարևոր է նաև ներկայացումների ճիշտ ընտրությունը. դրանք պետք է բավարարեն երեխաների հետաքրքրությունները, վերամբարձ չլինեն, սովորեցնեն սիրել թատրոնը։ «Կենդանի շփումն իրականության հետ ավելի կարևոր է, քան հեռուստատեսային, համակարգչային վիրտուալ աշխարհը, որտեղ երեխաները կորցնում են իրականության զգացողությունը»,- ասում է նա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ