Դեռ մի քանի տարի առաջ առավել առաջադեմ մտածողները, այդ թվում մեզանում, կանխատեսում էին, թե Արևմուտքում ծայրահեղ ազատականությանն անվիճելիորեն փոխարինելու կգա նեոպահպանողականությունը, այսինքն, ընտանիքի, կրոնի, եվրոպական քաղաքակրթության հին արժեհամակարգը։ Եվ ահա տեսնում ենք, որ այնպիսի անքակտելի հասկացություններ, ինչպիսիք են բազմամշակութայնությունը, քաղկոռեկտությունը, հանդուրժողականությունը, եվրոպացի շատ գործիչների շուրթերին կորցնում են իրենց երբեմնի գրավչությունը։
Շարքային մարդկանց մասին արդեն խոսելն ավելորդ է. նրանք ավելի շուտ են կողմնորոշվել նման մոտեցումների, մասնավորապես, մահմեդական ներգաղթի «Իններորդ ալիքի» ահագնացման հարցում։ ՈՒ թեև եվրոպական միջազգային կառույցներում ձախերը (իսկ նրանք այնտեղ մեծամասնություն են, և եթե բանն այդպես շարունակվի, ապա ոչ երկար ժամանակով) դեռ զոմբիի համառությամբ կրկնում են «նվիրական խոսքերը», Հին աշխարհի ղեկավարները, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում են իրենց երկրներում բազմամշակութային կառույցների լիակատար ձախողման մասին։ Ազգային արժեքների գիտակցության և չդադարող ներգաղթի հոսանքների սպառնալիքի այս «շքերթը» մի երկու ամիս առաջ բացեց Անգելա Մերկելը։ Եվ դա հասկանալի է. ներգաղթյալների, մասնավորապես միլիոնանոց թուրքական համայնքի խնդիրը, գերմանական մշակութային տարածքին ինտեգրվելուց նրա համառ հրաժարումն ամենասուր ու ցավագին հարցերից մեկն են դարձել Գերմանիայում։ Հոլոքոստի սարսափներ տեսած գերմանացի հայտնի հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն գրում է. «Գերմանիայի համար այսօր գլխավոր ներքին խնդիրը մահմեդական ադաթներն ու այդ մարդկանց ապրելակերպն է։ Չէ՞ որ նրանք պատկերացում անգամ չունեն ժողովրդավարական սկզբունքների մասին։ Գերմանիայում մոտ չորս միլիոն մարդ է ապրում թուրք-արաբական աշխարհից։ Եվ նրանց շրջանում կրթված մարդկանց տոկոսը շատ ցածր է։ Նրանց համար գլխավոր դասագիրքը Ղուրանն է, իսկ ապրելով, հոգում ունենալով Ալլահը, դժվար է լինել ժամանակակից զարգացած պետության քաղաքացի»։ Ավելին, գերմանական հասարակության մեջ ծայրաստիճան վրդովմունք են առաջացրել Թուրքիայի վարչապետի «հրեշավոր խոսքերը», որ նա ասել է Քյոլնում (ուշադրություն դարձնենք` գերմանական խոշորագույն մշակութային և քրիստոնեական կենտրոններից մեկում)` հազարավոր մահմեդականների առջև. «Ոչ ոք չի կարող ձեզնից սպասել, որ դուք կձուլվեք Գերմանիայում, որովհետև ձուլումը հանցագործություն է մարդկության առջև»։ Եվ ահա երկար տատանումներից ու մի շարք քաղաքական ուժերի հակազդեցությունից հետո տիկին կանցլերն իր մեջ խիզախություն գտավ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարելու, որ «երազանքները բազմամշակույթ հասարակության մասին շատ իդեալական են»։ Հանուն արդարության պետք է նկատել, որ գերմանացիների համար, որոնք մինչ օրս իրենց ճնշված են զգում ամբողջ մարդկության հանդեպ պատմական պատերազմի մեղքի զգացումից, բավականին դժվար էր այդ բանն անելը։ Բայց, ինչպես ասում են, բոլորի համբերությունը հատել է, և քաղաքական գործիչներին այլ բան չի մնում անելու, քան ընտրողների կամքին տեղի տալը։
Այնուհետև նրա օրինակին հետևեցին ֆրանսիացի Սարկոզին, բրիտանացի Քեմերոնը և ուրիշներ` տարբեր բարձր ամբիոններից բառացիորեն միաբերան խոսելով «բազմամշակութայնության» քաղաքականության լիակատար ձախողման, ինչպես նաև այն մասին, որ «քաղաքական ու ռազմաշունչ իսլամն առհասարակ չի կարելի որևէ տեղ ինտեգրել»։ «Իհարկե, մենք բոլորս պետք է հարգենք տարբերությունները, բայց մենք չենք ուզում մի հասարակություն, որը բաղկացած է կողք կողքի գոյություն ունեցող առանձին համայնքներից,- առանց այլևայլության հայտարարել է Սարկոզին։- Եթե դու գալիս ես ապրելու Ֆրանսիայում, ապա պետք է համաձայնես միաձուլվելու հասարակությանը` ինչպես ձուլման հնոցում, մեկ ընդհանուր հանրության մեջ, այսինքն` հենց ազգային հանրության մեջ։ Իսկ եթե չես ուզում ընդունել դա, ապա չես կարող ցանկալի հյուր լինել Ֆրանսիայում»։ Այս հարցերը ծայրաստիճան սուր են բարձրացվել նաև Բրիտանիայում։ Հիշենք, թե ինչպես Լոնդոնում տեղի ունեցած հայտնի ահաբեկչական գործողություններից հետո, որոնց հետևում կանգնած էին այդ երկրում ծնված, կրթություն ստացած, բայց այդպես էլ արևմտյան քաղաքականության մաս չդարձած երիտասարդները, անգլիական ազատական հասարակական խավը չկարողացավ թաքցնել զարմանքը. «Ինչո՞ւ, ինչի՞ համար»։ Անգլիայի, Շոտլանդիայի, ՈՒելսի փոքր քաղաքների շարքային բնակիչները չէին տառապում նման բարդույթներով և հոգու տվայտանքներով. վերջին ժամանակներս երկրում աջ ուժերի ժողովրդականությունը զգալիորեն աճել է, իսկ ազգայնականների զանգվածային ցույցերը դարձել են քաղաքական կյանքի սովորական երևույթներ։ Այնպես որ, այն փորձագետները, որոնք վարչապետ Քեմերոնին հանդիմանում են «ամբոխահաճության» համար, պետք է գիտակցեն, որ ամբոխահաճությունը, ըստ էության, հասարակության հավաքական տրամադրության արձագանքն է։
Իտալիայում և այլ երկրներում թեև ղեկավարության «սուր հայտարարությունները» քիչ են, բայց այնտեղ առանց ավելորդ աղմուկի նախընտրում են կոնկրետ միջոցներ ձեռնարկել։ Այսպես, Շվեյցարիայում հաղորդումներ են երևացել այն մասին, որ համապատասխան օրենքի ընդունումից հետո երկրից տարեկան կարտաքսվի մոտավորապես 1200-1600 մարդ։ Ավելին, թեև հանցագործների ընտանիքները կարող են ինքնուրույն որոշել, թե ինչ անեն հետայսու, բայց նշվում է, որ ընտանիքի բարօրության համար տրամաբանական կլիներ, եթե այն լրիվ կազմով վերադառնար հայրենիք։ Ընդ որում, շվեյցարական իշխանությունները համոզված են, որ երկիրը չի խախտել միջազգային իրավունքի և ոչ մի նորմ։ Շատ հետաքրքրական են նաև այդ ոլորտի փորձագիտական վերլուծությունները։ Ստորին Սաքսոնիայի քրեագիտության ինստիտուտը նշում է, որ մահմեդական դեռահասները, օրինակ, Գերմանիայում ավելի են հակված բռնության, քան այլ դավանանք ունեցող ներգաղթյալները, որ որոշ պատանի քաղաքացիներ արդեն 40-60 մանր հանցագործություն են կատարել։ Ընդ որում, որքան մահմեդական դեռահասները կրոնամոլ են, այնքան ավելի են ագրեսիվ։ Եվ հիմա, ինչպես հայտարարում են փորձագետները, գերմանացիներն անկեղծորեն չեն հասկանում, թե ինչո՞ւ են հանցագործները, շարունակ օրենքի խախտումներ թույլ տալով, մնում ազատության մեջ։ Թեկուզ նրանք երեխաներ են։ Ավելին, պարզվում է, որ շատ ուսումնական հաստատություններում, մասնավորապես դպրոցներում, երեխաներն անընդհատ ենթարկվում են «փոքրամասնության ճնշումներին»։ Բանն այնքան է խորացել, որ Գերմանիայի գիտության և կրթության աշխատողների արհմիությունն անցկացրել է հատուկ խորհրդակցություն` «Թշնամությունը գերմանացիների նկատմամբ դպրոցներում» օրակարգով։ Մի շարք երկրների համար խիստ սուր խնդիր են դարձել Լիբիայից ներգաղթած մահմեդականների կազմակերպված հանցախմբերը, որոնք թմրամիջոցների վաճառքով են զբաղվում։ Այնպես որ, ստիպված ենք արձանագրել, որ մահմեդական ներգաղթյալների մեծ հոսքը Եվրոպա արդեն պատճառ է դարձել «արգելված գոտիների» առաջացման, ուր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մյուս բնակիչներն ավելի լավ է «քթները չխոթեն»։
Որպես «ներգաղթի չարիքի» դեմ առաջին և գործուն միջոցառում շատ երկրներում սկսել են քննարկել ներգաղթի քաղաքականության խիստ կոշտացման անհրաժեշտությունը։ Բացի այդ, այսուհետև, անձնագրի ժամկետը երկարացնելու համար ներգաղթյալը պետք է հաստատի, որ ինքը «ինտեգրման դասընթացների» է հաճախում, հակառակ դեպքում նրան կստիպեն հեռանալ երկրից։ ԳԴՀ-ի կառավարող կուսակցություններից մեկի` քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Հորստ Զեեհոֆերը հայտարարել է ներգաղթի քաղաքականության խիստ կոշտացման անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, նրա կուսակցությունը պահանջում է սահմանափակել ոչ միայն սովորական ներգաղթյալների, այլև անգամ որակավորված աշխատուժի ներհոսքը Գերմանիա։ «Չէ՞ որ շատ ակնհայտ է, որ մշակութային այլ շրջանակների ներգաղթյալները, ինչպես, օրինակ, Թուրքիայից և արաբական երկրներից եկածները, որոշ խնդիրներ են առաջացնում մեզանում,- ասել է Զեեհոֆերը։- ՈՒստի մենք մշակութային այլ շրջանակներից ոչ մի լրացուցիչ ներգաղթի կարիք չունենք, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է որակավորված աշխատուժին»։ Սակայն առայժմ, չնայած բոլոր արգելքներին ու նախաձեռնություններին, ներգաղթյալները, որոնք ցանկացած ճանապարհով սողոսկում են Եվրոպա, շարունակում են մնալ ամենացավագին ու առայժմ անլուծելի թեման։ Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ հեղափոխական Թունիսից ճողոպրած հազարավոր գաղթականներ պաշարել են Իտալիան։ Առայժմ չեն օգնում ո՛չ ջրային տարածքը, ո՛չ էլ «բաժանարար պարիսպները»։ Այդուամենայնիվ, ակնհայտ է, որ Եվրոպայում տնտեսական ու սոցիալական իրավիճակները կթելադրեն իրենց կոշտ կանոնները, և ներգաղթի քաղաքականությունն ամենուր փոփոխության կենթարկվի։
Խիստ սրվել են նաև միջդավանական հարաբերությունները։ Առանձնապես սուր է ծառացել մզկիթների կառուցման հարցը։ Անցած տարի Շվեյցարիայում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանդես եկավ դրանց շինարարության դեմ։ Այն ժամանակ ազատական աշխարհը մահմեդական արմատականների հետ մեկտեղ համերաշխորեն դատապարտեց կամքի այդ ընդհանուր արտահայտումը, բայց կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ գերմանացիների 80 տոկոսը չի ցանկանա իրենց քաղաքներում մզկիթներ տեսնել։ Առանձնապես ակտիվ կամպանիա ծավալվեց Քյոլնում հսկայական մզկիթի կառուցման ծրագրի դեմ։ Այդ շենքը, ըստ մտահղացման, պետք է տպավորիչ լիներ` 55 մետր բարձրությամբ մինարեներ և հսկայական գմբեթ, և դա մի քաղաքում, որտեղ վեր է խոյանում Գերմանիայի ամենավեհակերտ կաթոլիկ տաճարը։ Քաղաքում և ամբողջ երկրում ծավալվել է տարբեր տարիքի և սոցիալական տարբեր խմբերի մարդկանց նախաձեռնությունը` «Չենք ուզում մեր պատուհաններից մզկիթներ տեսնել» կարգախոսով, որը պաշտպանել են քաղաքական շատ գործիչներ, հրապարակախոսներ և մշակույթի գործիչներ։ Նկատենք, որ եվրոպական այս նոր հովերն արդեն ունեն իրենց գաղափարախոսները` Թիլո Սարակինոսը Գերմանիայում, «Ազատության կուսակցության» առաջնորդ Գիրտ Վիլդերը Հոլանդիայում։ Իսկ նրանք պնդում են, որ «Արևմտյան Եվրոպան, որն աշխարհին ազատականություն է պարգևել ու հաղթահարել եկեղեցու ճնշումը, կարող է կործանվել իր իսկ արժեքների փլատակների տակ, որ նրան խեղդամահ են անում հենց սեփական նվաճումները»։ Եվ հարց են տալիս` «ի՞նչը զոհաբերենք` արժեքները հանուն գոյատևմա՞ն, թե՞ գոյությունը հանուն արժեքների», կարո՞ղ ենք, արդյոք, ժողովրդավարական կանոններով խաղալ նրանց հետ, ովքեր ունեն իրենց տարօրինակ պատկերացումները «ժողովրդավարության» մասին, իսկ արևմտյան ժողովրդավարությունը նրանց համար սոսկ գործիք է, իրենց նպատակին հասնելու միջոց։ Դատելով այն բանից, որ դրանց հետևորդների թիվը, չնայած քննադատությանը, ծաղրին ու անգամ հետապնդումներին ու սպառնալիքներին, ընդլայնվում է, իսկ եվրոպացի քաղաքական գործիչները խոսում են նախկին արժեհամակարգի ձախողման մասին, այդ հարցերի պատասխանները Եվրպայում արդեն ստացել են։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ