Չնայած բոլորս ենք լսել այս բառը, բայց քչերը գիտեն դրա իմաստն ու արմատը։ Փորձենք մի փոքր բացել այդ բառի արմատական իմաստը։
Ըստ Աստծո խոսքի՝ Աստվածաշնչի, Զատիկ բառն առաջին անգամ գործածվել է այն ժամանակ, երբ Տերը Իսրայելի ժողովրդին դուրս էր հանում մահաբեր Եգիպտոսից. «Տերը եգիպտացիների երկրում խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի: Դու խոսի՛ր իսրայելացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամեն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամեն մի տան համար մեկ ոչխար: Եթե մի ընտանիքի անդամներն այնքան քիչ են, որ չեն կարող մեկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թվի, թող միանա իր հարևանի կամ ընկերոջ հետ, և յուրաքանչուրը թող ստանա ոչխարի համապատասխան բաժինը: Ձեր այդ ոչխարը որևէ պակասություն թող չունենա, լինի արու, մեկ տարեկան ու անարատ: Այն կարող է գառ կամ ուլ լինել: Այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և իսրայելացիները այն թող մորթեն երեկոյան: Թող վերցնեն նրա արյունից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերևը այն տան, ուր այն ուտելու են: Այդ գիշեր թող ուտեն կրակի վրա խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով: Դրանք հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով: Կուտեք նաև ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը: Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա: Ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, այլ, ինչ ավելանա դրանից, կրակով կայրեք: Եվ կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է: Այդ գիշեր Ես պիտի անցնեմ եգիպտացիների ամբողջ երկրով և պիտի պատուհասեմ եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թե՛ մարդկանց, թե՛ անասուններին: Եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև Ե՛ս եմ Տերը: Եվ նշված արյունը այն տների վրա, ուր ուտելու եք, թող ձեզ նշան լինի: Ես, տեսնելով այդ արյունը, պիտի խնայեմ ձեզ, և ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարվածները, որոնցով պիտի պատուհասեմ եգիպտացիների երկիրը: Այդ օրը ձեզ համար հիշարժան թող լինի, և դուք, իբրև Տիրոջ տոն, այդ օրը տոնե՛ք սերնդեսերունդ: Դա, իբրև կարգ, հավիտյան կտոնեք» (Ելք 1.1-14)։
Ինչպես կարդացիք, ստրկացնող Եգիպտոսի գերությունից դուրս գալու համար երկու պայման էր պետք. զոհաբերված գառան արյունը դռան սեմերին քսել, և երկրորդը՝ այն ուտել. դա Հին ուխտի ժամանակներում։
Հիմա գանք մեր օրերը, ավելի շուտ քրիստոնեական ակունքներին։ Երբ սուրբ Կույս Մարիամից ծնվեց աշխարհի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, բացի Տիրամորից ու Հովհաննես Մկրտչից, ոչ ոք չգիտեր այդ ծածկված խորհուրդը, որ Նա հենց այն զատկական Գառը պետք է լիներ, Որի զոհաբերությամբ ու Նրա թափած Արյան միջոցով յուրաքանչյուր մարդ կարող էր ազատվել այս աշխարհի իշխանի՝ սատանայի (որ փարավոնի խորհուրդը ունի) գերությունից։ Այդպես էլ ասաց Հովհաննես Մկրտիչը, երբ տեսավ Հիսուսին. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1.29)։
Երբ մեր Տերը հոժարեց Խաչը բարձրանալ կամավոր զոհաբերությամբ, դրանով իսկ կատարվեց մարդկության ազատագրումը մեղքի ու մահվան իշխանությունից, քանի որ մեղքի վարձքը մահ է, իսկ Հիսուսի զոհաբերությունը և Նրա թափած Արյունը հատուցումն էին մարդկության բոլոր մեղքերի։
Փրկագործությունը կատարվեց։ Եվ արդեն 2011 տարի է ադամորդիներին համաներում է քարոզվում։ Ով հավատում է այդ լուրին, մահվանից դեպի կյանք է անցնում, ինչպես գրված է. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի: Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու Միածին Որդու անվանը չհավատաց» (Հովհ. 3.16-18)։ Եվ այսպես՝ առաջին պայմանն այդ գերությունից ազատվելու համար հավատն է այդ խոստման հանդեպ։
Իսկ Եգիպտոսի գերությունից ազատվելու երկրորդ պայմանը, ինչպես կարդացինք՝ դա զատկական գառան խորոված միսն ուտելն էր։ Իսկ ինչպես կարող ենք դա հիմա իրագործել, որպեսզի մենք էլ այս մահաբեր աշխարհից, որ Եգիպտոսի խորհուրդն ունի, ազատվենք։ Դա էլ նույնպես Հիսուսի խաչելությամբ կատարվեց, երբ Տերը վերջին ընթրիքն էր անում Իր առաքյալների հետ. «Եվ բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն և ասաց. «Առե՛ք այս և բաժանեցե՛ք ձեր մեջ. ասում եմ ձեզ, թե այսուհետև որթատունկի բերքից չեմ խմելու, մինչև որ գա Աստծո արքայությունը»:
Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է Իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արեք Իմ Հիշատակի համար»: Նույնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր ՈՒխտ է Իմ արյունով՝ ձեզ համար թափված» (Ղուկաս 22.15-20)։ Եվ դարձյալ մի այլ տեղում ասաց. «Ա՛յս է երկնքից իջած Հացը, որպեսզի ով որ սրանից ուտի, չմեռնի։ Ես եմ կենդանի Հացը, որը երկնքից է իջած. թե մեկն այս Հացից ուտի՝ հավիտյան կապրի։ Եվ այն Հացը, որ Ես կտամ, Իմ մարմինն է, որը Ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհ. 6.50-52)։
Այսինքն` զատկական օրհնություններից մեր հոգիներին փրկություն և հավիտենականություն է լինում Աստծո և Հիսուսի հանդեպ հավատքի և Տիրոջ Մարմինը և Արյունը ճաշակելով, որ կոչվում է սուրբ Հաղորդություն։
Եվ այդ օրվա խորհրդաբանությունը եկեղեցիներում կատարվում է Ավագ շաբաթվա հինգշաբթի օրը՝ այս տարի ապրիլի 21-ին։
Որպես վերջաբան գրվածքի, մի որոշ տեղեկություն էլ կարդանք Զատկի օրվա վերաբերյալ։
Ըստ Ավետարանի, Հիսուսի խաչելությունը կատարվեց Նիսան (ապրիլ) ամսին, երբ հրեական բաղարջակերաց տաղավարահաց օրերն էին, այսինքն` զատկական Պասեքի գառը ուտելու ժամանակ, որը, ըստ ավանդության, տեղի էր ունենում Նիսան ամսվա 14-ին։ Հնում, երբ Քրիստոսի հիմնած Եկեղեցին դեռևս հրեական սովորություններով էր առաջնորդվում, Զատիկը տոնում էին հենց այդ օրը՝ Նիսանի 14-ին։ Բայց հետագայում, երբ Եկեղեցին կազմավորվեց ու զորացավ, նախնի եկեղեցու առաջնորդները՝ եպիսկոպոսները, որոշեցին, քանի որ Հիսուսը հարություն առավ մեկշաբթի օրը, որը հետագայում կոչվեց տերունական օր կամ կիրակի, ապա Զատիկը պետք է տոնեն հենց այդ օրը, այսինքն` Նիսան ամսվա առաջին լիալուսնի օրվա հաջորդ կիրակի օրը։
Մեր առաքելական եկեղեցին այդպես էլ առաջնորդվում է հնուց և անփոփոխ է պահում առաքելական այդ հաստատված կանոնը։
Իսկ այս տարվա Զատիկի օրը մեծախորհուրդ նշանակություն ունի, քանի որ Եղեռնի զոհերի հիշատակի օրը համընկնում է զատկական հարության օրվա հետ։
Թող Տերը ողորմի բոլորիս և սուրբ Հաղորդությամբ բաժին հանի սուրբ Զատիկի օրհնություններից Հիսուս Քրիստոսի մեծ ու սուրբ Անվանը դավանողներիս, նաև հայոց ազգիս համրորեն ննջեցյալներին ու եղեռնի ժամանակ զոհված բոլոր հոգիներին. ամեն։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ