Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՍԵՑՆԵԼՆ Է, ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ»

«ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԿԱՍԵՑՆԵԼՆ Է, ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ»
04.03.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
-Ձեր կուսակցության տեսակետով ի՞նչ էր նշանակում քաղաքական կոալիցիայի վերջին հուշագիրը:
-Իրավական առումով` ժամանակի խախտում է եղել. սովորաբար նման հուշագրերը խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ են լինում` թեկնածուներ առաջադրելու նպատակով: Խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարությունը, թե պահպանվելու է այս համամասնությունը և պահպանվելու է առանց ժողովրդի քվեն հարցնելու, ապա նաև երկու տարի առաջ նախագահի թեկնածու առաջադրելն օրենքի կոպիտ խախտում են: Քաղաքական առումով սա մարտահրավեր էր պետությանը, նրա անբաժանելի մաս հասարակությանը և հասարակության անբաժանելի մաս ընդդիմությանը:
-Մի՞թե հուշագիրն ընդդիմությանն է ուղղված:
-Միանշանակ: Երբ հայտարարում են, որ արվելու է այն ընտրությունը, ինչ ու ինչպես արվել է մինչև այժմ, և իրենք տեղերը ոչ միայն պահելու են, այլև շատացնելու, երբ հայտարարում են, որ ինչպես տնտեսական համակարգը, այնպես էլ քաղաքական համակարգն է մոնոպոլացվելու, որ ինչպես տնտեսության մեջ չի լինելու «փոքր» ու «միջին» բիզնես, այնպես էլ խորհրդարանում չի լինելու «փոքր» ու «միջին» խմբակցություն, այլ լինելու է բացարձակ մեծամասնություն, ուղղված է հենց ընդիմությանը: Այսինքն` այն փոքրաթիվ ներկայությունը, որ ընդդիմությունն այսօր ունի խորհրդարանում, դա էլ չպիտի լինի: Սա մարտահրավեր է, պետության մեջ քաղաքական գործընթացները վերջնականապես սպանելու մտադրության հայտարարություն: Որոշակի տատանումներով, բայց ամեն ընտրությունից հետո մենք ականատես ենք եղել դեգրադացիայի` ամեն խորհրդարան նախորդից ավելի վատն է լինում, թե՛ տեսակետների ազատության ու բազմազանության, թե՛ խորհրդարանի կազմի առումով: Եթե դեգրադացիան շարունակվի, գալու է քաղաքական կյանքի վերջը, երբ ամեն ինչ լինելու է, բայց կրելու է ձևական բնույթ: Քաղաքական կուսակցությունները ոչ թե ապահովելու են քաղաքական կյանքը, այլ քաղաքական կյանքի իմիտացիան, և կառավարումն իրականացվելու է ոչ ֆորմալ հարաբերությունների մակարդակում:
-Մի՞թե կոալիցիոն հուշագրերն այդքան սարսափելի են. և Հայաստանում, և աշխարհում նման մեծ փորձ կա, իսկ քաղաքական կյանքը շարունակվում է:
-Համաձայն եմ, բայց քննեք Հայաստանի կոալիցիոն հուշագրերի անցած ճանապարհը. ամեն մի նոր հուշագրի արդյունքում ունեցել ենք իրավիճակ, երբ նոր ընդվզման սկիզբ է դրվել: Եվ նախկին կոալիցիոն հուշագրերը, երբ «Օրինաց երկիր» կար, հետո դուրս եկավ, հետո նախկին հուշագիրը, որից ՀՅԴ-ն դուրս եկավ, արձանագրում են բացասական միտումներ հասարակության կյանքում: Եթե նախորդ կոալիցիոն հուշագրի ընթացքում` 2008-ից սկսած հանրապետությունից հեռացավ 65-70000 մարդ, իսկ իրականում շատ ավելին, արդեն գնահատական է: Տնտեսության մեջ էլ փոքր ու միջին բիզնեսը, ըստ էության, սպանվեց, այդ բիզնեսի տեսակարար կշիռը տնտեսության մեջ զրոյին է մոտենում, ուրեմն նոր հուշագրից ի՞նչ սպասել: Նոր հուշագրի արդյունքում քաղաքական դաշտի հնարավոր դերակատարների առաջ իսպառ փակվում է դուռը: Խոսքս այն կուսակցությունների մասին է, որոնք մասնակցել են ընտրություններին և որոշակի ձայն ստացել:
-Բայց կոալիցիոն հուշագիրը բաց է:
-Ո՞Ւմ համար, կոալիցիայի անդամ որևէ այլ կուսակցություն չեմ կարծում, որ լինի: Կոալիցիայի անդամ կուսակցություններն ընդամենը կարող են իրենց շարքերը ձևական կուսակցություններ ընդունել, որոնք հասարակության մեջ ազդեցություն չունեն: Ինչպես կոալիցիոն գործիչներից մեկն ասել է` X+0=X: Բայց չէ՞ որ դաշտում կան նաև այլ կուսակցություններ, որոնք ունեցել են որոշակի կշիռ, և եթե ընտրությունները կեղծիքներով տեղի չունենային, այդ կուսակցություններն այսօր խորհրդարանում կլինեին:
-Ցանկացած կուսակցություն ինքն է որոշում իր ռազմավարությունն ու մարտավարությունը, և իրավունք ու պարտականություն ունի հանրությանն իրազեկելու իր ծրագրերի մասին: Այս պարագայում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ընդամենը իրականացրել են իրենց իրավունքը, և ինչպես հուշագրում է նշվում` դա արվել է քաղաքական կայունության և արտաքին մարտահրավերներին ավելի հաստատուն դիմագրավելու համար: Դուք դա ժխտո՞ւմ եք:
-Ժխտելիք չկա, արտաքին մարտահրավերների մասին պատմվող պատմությունները` անհայտ հրեշների ու սարսափների, շատ հեռու են իրականությունից: Հայաստանի Հանրապետությունն է արտաքին մարտահրավերների դեմ հանդիման, ՀՀ ժողովուրդն ու քաղաքացին, ոչ թե կոալիցիոն կամ ընդդիմադիր կուսակցությունները: Ի վերջո, եթե պատերազմի վտանգ կա, իշխանությունը նաև ընդդիմությանը պիտի բերի համաձայնության դաշտ: Ակնհայտ է, որ կուսակցությունը չի դիմակայում արտաքին մարտահրավերին, այլ պետությունը, առավել ևս եթե խոսքը պատերազմի մասին է: Դա ընդամենը քաղաքական պատրվակ է, որ նշանակում է` մենք ունենալու ենք բացարձակ իշխանություն և օգտագործելու ենք իշխանություն մնալու ու գերշահույթներ ստանալու համար: Իհարկե, ցանկացած կուսակցություն ազատ է և իրավունք ունի իր մարտավարությունն ու ռազմավարությունը որոշելու, բայց դա չի նշանակում պայմանավորվածություն կոնկրետ թեկնածուների ու կոնկրետ հարաբերակցության մասին:
-Որքան էլ քննարկվեն հուշագրի քաղաքական, իրավական, տնտեսական ու չգիտեմինչական առումները, հուշագիրն իրադարձային էր նաև. ըստ էության, կանխվեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն` քաղաքական ուժի հետ: Դուք ուզում եք, որ նա վերադառնա՞:
-Որևէ քաղաքացի չեմ կարծում, որ ցանկանա իր երկրում նման ղեկավար ունենալ: Ես համամիտ չեմ, որ հուշագրով կանխվեց նրա վերադարձը: Որևէ նախկին նախագահ երբևէ քաղաքական դաշտից դուրս չի լինում, դա աքսիոմա է: Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ ակտիվ քաղաքականության, ցանկացած պահի կարող է դա անել: Կոալիցիոն հուշագիրը կապ չունի: Դա հուշագրի երկրորդ միֆն է, որ իրական հիմք չունի: Եթե խնդիրը Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականության վերադարձը կասեցնելն է, պետք է բացահայտվեն մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներն ու իրականացնողները, պետք է ազատականացվի տնտեսությունը, պետք է ազատականացվի կառավարման համակարգը: Եթե իշխանությունները նման ազնիվ ցանկություն ունեին, այդ քայլերը պետք է անեին: Դուք հուշագրում այդ մասին որևէ տող կարդացե՞լ եք: Հուշագիրն ընդամենն իշխող փոքր խմբի պահպանման հավաստագիր է, որ չի տարածվում նույնիսկ գործող խորհրդարանի վրա, որի կազմը ցանկացած պահի կարող է փոփոխվել: Եվ ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այդ խմբից դուրս է: Եթե վաղը Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, բնականաբար, միանգամից մեծ ազդեցություն է ունենալու, և հուշագիրը դա չի կասեցնելու: Այլ հարց է, որ հասարակությունը նրան չի ընդունում, բայց քանի որ հուշագիրը հաստատում է, որ հասարակության ձայնը չէ կարևորը, այլ բացառապես նեղ պայմանավորվածությունները և հին աշխատաոճի շարունակությունը, ավելի մեծանում են երկրորդ նախագահի դերակատարության հնարավորությունները:
-2013 թ. փաստորեն Հայաստանի 3 նախագահներն էլ տեսականորեն կարո՞ղ են լինել նախագահի թեկնածու:
-Իհարկե, չի բացառվում: Երրորդ նախագահն արդեն հայտարարել է այդ մասին: Երկրորդ նախագահին էլ, հաշվի առնելով վարչական ու թերևս Հայաստանում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները, ոչինչ չի խանգարի մի շաբաթում քաղաքական նոր ուժ ստեղծելու և այդ ուժով ասպարեզ մտնելու: Իսկ առաջին նախագահն այդ ուժն արդեն ունի:
-«Ժառանգությունն» ինչո՞ւ հեռացավ խորհրդարանի դահլիճից:
-«Ժառանգությունը» շատ պարզ հայտարարեց պատճառները, և չեմ կարծում, որ ավելին ասելու խնդիր կա: Առավել ևս, որ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը շատ սպառիչ էր ու մեկնաբանության կարիք չունեցող: Այս կոալիցիոն հուշագիրը դրա տեղիքը տալիս է, և ավելի հարմար պահ չկար, քան հուշագրից հետո Աժ առաջին քառօրյան:
-Հնարավո՞ր է, որ նաև մանդատները վայր դրվեն:
-Այս պահին նման հարց չի քննարկվում, մարտի 6-ին կուսակցության խորհրդի նիստում հետագա քայլերը կքննարկվեն և ինչ որոշում ընդունվի, այն էլ կկատարվի:
-Ես քանիցս այդ հարցը տվել եմ և՛ Ձեզ, և՛ կուսակցության այլ անդամների, ստացել եմ համարյա համոզիչ պատասխաններ, որ նույնիսկ 6 հոգով «Ժառանգությունը», եթե ոչ ամբողջ հասարակության, գոնե որոշակի խմբերի համար կարող է և լուծել է բազում հարցեր: Այսինքն` բացարձակ փոքրամասնություն լինելով էլ բացարձակ մեծամասնության հետ աշխատանք ստացվել է, չե՞ք կարծում, որ նույնիսկ նոր պայմաններում հեռանալը տղայական քայլ կլինի:
-Դուք վերադառնում եք նույն հարցին: Ձեր առաջին գնահատականի հետ համաձայն եմ, նույնիսկ փոքրաթիվ խմբակցությամբ մենք կարողացել ենք ինչ-որ հարցեր լուծել, ինչը նշանակում է, որ մեր ընտրազանգվածը պետք է մեծանա, դա քաղաքագիտական պարզ օրինաչափություն է:
-Քաղաքագիտական օրինաչափությունները Հայաստանում գործո՞ւմ են:
-Գործում են բոլոր տեղերում: Իշխանությունը հասկանում է, որ եթե «Ժառանգությունը» նման աշխատանք կարողանում է կատարել, որքան էլ տեղեկատվական շրջափակում, ցեխարձակումներ կազմակերպեն, շահառուների մեծ թվի պատճառով «ժառանգության» քվեները շատանալու են, ուստի փորձում է կանխել: «Ժառանգությունը» կարող է խառնել իշխանական խաղաքարտերը:
-Իշխանական դաշտի կոնսոլիդացիան օրինաչափորեն չի՞ ենթադրում ընդդիմության կոնսոլիդացիայի անհրաժեշտություն նոր պայմաններում:
-Համաձայն եմ, բայց ի տարբերություն իշխանական կոնսոլիդացման, ընդդիմությունը պետք է լինի ոչ թե մեկ մարմին, ինչպես իշխանությունն է, այլ համախմբվի համատեղ օրակարգով:
-Ո՞րն է այդ համատեղ օրակարգը:
-Հայաստանի ցանկացած քաղաքացու փողոցում հարցրեք, կպատասխանի: Եթե այդ օրակարգը ընդդիմությանը հաջողվի իրականացնել, մնացածը տասներեքերորդական հարցեր են: Կրկնում եմ` խոսքը մոնոլիտ, մեկը մյուսի մեջ ձուլվող ուժի մասին չէ:
-Բնականաբար, այդ դեպքում ոչ թե համախմբում է ստացվում, այլ մեկ կուսակցություն: Համարյա կոմունիստական:
-Այսինքն` ստացվում է իշխանական կոմունիստական կուսակցություն և ընդդիմադիր կոմունիստական կուսակցություն, դա չէ, որ մեզ պետք է: Հայաստանում այլ օրակարգ կա` իրական բարեփոխումներ, որոնք սկսվում են իշխանափոխությունից, որից հետո ազատ ընտրություններով ձևավորվում են նոր իշխանություններ: Այդ ժամանակ կառավարման համակարգը կսկսի գործել, միայն այդ ժամանակ մենք կունենանք ազատ քաղաքական համակարգ, տնտեսական համակարգ, արդարադատություն, որը հիմա բացարձակ վերացած է: Ես միանշանակ համոզված եմ, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաղթահարել Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները: Այսօր պետության բոլոր արյունատար երակները խցանված են, ինչի՞ կարող է դա հանգեցնել, ինքներդ մտածեք: Մենք պետք է կարողանանք վերացնել այդ խցանումները, բայց մոնոլիտ կառույցները նոր խցաններ են դառնում, դա անթույլատրելի է: Ներկա իշխանություններն ապացուցել են, որ իրենք բարեփոխումների ցանկություն կամ հնարավորություն չունեն, ինչը միևնույնն է, ուստի միակ ճանապարհը մնում է իշխանափոխությունը:
-Բացառո՞ւմ եք, որ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններում շրջադարձային լինի անակնկալը:
-Հայաստանում այսօր ոչինչ չի բացառվում:
-Ինչո՞վ եք բացատրում արաբական աշխարհի հեղափոխականացումը: Սոցիալակա՞ն, քաղաքակա՞ն, կրոնակա՞ն, սերնդափոխությա՞ն ազդակներով:
-Կարծում եմ` նախ սերնդափոխության, որովհետև բոլոր այդ պետություններում բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք չեն կարողանում իրենց ներուժը կիրառել: Ինչպես և Հայաստանում` եթե չեն արտագաղթում, երիտասարդները գիտելիքներն ու հմտությունները գործադրելու ասպարեզ չունեն, եթե որևէ բարձրաստիճան պաշտոնյանի բարեկամը, մտերիմը կամ շքախմբի անդամը չեն: Ավելացրեք, որ յուրաքանչյուր բռնապետ իր ժամանակն ունի, որը լրանալուց հետո միանշանակ որևէ մեկին պետք չէ, նույնիսկ նրանց, ովքեր իրեն բերել են իշխանության կամ ինքն է եկել իշխանության: Իհարկե, կա նաև սոցիալական խնդիրը: Սովորաբար նման գործընթացները մեկ պատճառ չեն ունենում, այլ մի քանի պատճառներ են համադրվում: Բոլոր երկրներում էլ գրեթե նույնական կառավարման համակարգ էր գործում` անվան տարբերությամբ, բնականաբար, երբ ալիք է բարձրանում, նման համակարգերը դոմինոյի էֆեկտով սկսում են քանդվել իրար հետևից: Նկատի ունեցեք, որ հեղափոխական ալիքն անցնում է արաբական աշխարհի առանցքային երկրներով...
-Սուդան, Թունիս, Եգիպտոս, Եմեն, Բահրեյն, Լիբիա, Օման, ո՞րն է հաջորդը:
-Կարծես թե Սաուդյան Արաբիան, որտեղ շեյխերն արդեն խելամտորեն սկսել են ինչ-ինչ քայլեր իրականացնել:
-Քարտեզին որ նայենք, այնքան էլ Աֆրիկայից հեռու չենք, հնարավոր համարո՞ւմ եք դոմինոյի էֆեկտը Հայաստան հասնի:
-Ես կարծում եմ` Հայաստան այդ ալիքը չի հասնելու, մենք մեր ալիքն ունենք, որ «գործում» է 1996-ից ու կարող է նորից բարձրանալ` և սոցիալական, և քաղաքական հիմքով: Իհարկե, նախընտրելի է, որ ընդդիմությունն ինքը տեր կանգնի այդ ալիքին և ղեկավարի, հակառակ պարագայում, եթե ալիքն ինքնաբերաբար բարձրանա, կարող է սրբել և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը` ստեղծելով քաոսային իրավիճակ, որ բացարձակապես անցանկալի է:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ