Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստվում է ավարտական քննություններին

Գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստվում է ավարտական քննություններին
07.04.2009 | 00:00

ԿՐԹԱԿԱՆ
Ավարտվեց միասնական և ավարտական քննությունների համար հայտերի ընդունման ժամկետը: Ինչպե՞ս է կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստվում առաջիկա քննություններին. այս հարցով դիմեցինք ԳԹԿ փոխտնօրեն ԱՐՄԵՆ ՓԱՇԱՅԱՆԻՆ։
«Մարտի 16-ին ավարտվել է պետական ավարտական և միասնական քննությունների հայտագրման գործընթացի առաջին փուլը,-
նշեց պարոն Փաշայանը:- Այժմ ԳԹԿ-ում դիմում-հայտերը բազավորվում են: Ստացված տվյալների համաձայն` կազմվում են ցուցակներ, որոնք ուղարկվում են դպրոցներ՝ ճշգրտման: Մինչև ապրիլի 16-ը շրջանավարտները հնարավորություն կունենան հաստատելու նախապես իրենց ներկայացրած հայտերը կամ դրանցում կատարել փոփոխություններ. այն է՝ փոխել ընտրված առարկան կամ քննության տեսակը՝ միասնական կամ ավարտական: Հիշեցնեմ, որ միասնականից ավարտականին անցնելու դեպքում վերադարձվում է քննության համար վճարված գումարը: Դրա համար շրջանավարտը պետք է դիմում գրի ԳԹԿ տնօրենի անունով»:
Ունենալով յուրաքանչյուր առարկայից քննություն հանձնողների նախնական թիվը՝ այժմ սկսվել են աշխատանքներ քննական կենտրոններ ձևավորելու ուղղությամբ, որոշելու համար, թե որ առարկայից քանի կենտրոն պետք է ձևավորել: Ըստ փոխտնօրենի, որոշվել է նվազեցնել քննական կենտրոնների թիվը՝ մեծացնելով մեկ կենտրոնում տեղակայված աշակերտների թիվը: Եթե նախորդ տարիներին 150-180 շրջանավարտով քննական կենտրոններ կային, այժմ միտում կա մեկ քննական կենտրոնում նրանց թիվը հասցնելու 250-300-ի, այսինքն՝ քննությունները դպրոցների փոխարեն կկազմակերպվեն առավել մեծ դահլիճներում: Սա հնարավորինս կնվազեցնի քննական գործընթացները կազմակերպող մարդկանց թիվը՝ քննական կենտրոնի ղեկավարներ, ԳԹԿ, ԿԳ ներկայացուցիչներ, կազմակերպիչներ, լիազորներ և այլն: «Քննասենյակները ձևավորելիս անպայման հաշվի ենք առնելու յուրաքանչյուր աշակերտի համար առնվազն երկու քմ տարածք ապահովելու չափանիշը: Այս պարագայում հնարավոր կլինի պահպանել նաև սեղանների հեռավորությունը` բացառելու համար արտագրելու, հուշելու հնարավորությունը: Այս տարի առավել բծախնդրորեն ենք վերապատրաստելու կազմակերպիչներին ու ղեկավարներին, իսկ մարզերում վերահսկողությունն ուժեղացնելու խնդիր ունենք և աշխատում ենք այդ ուղղությամբ, քանի որ նկատելի է մի միտում. նախկինում եթե մարզի այս կամ այն բնակիչը գալիս, մայրաքաղաքում էր ավարտում դպրոցը, միաժամանակ կրկնուսույցի մոտ պարապում, այսօր կան այնպիսի շրջանավարտներ, ովքեր մայրաքաղաքի դպրոցներից դուրս գալով՝ գնում են մարզերում ավարտելու դպրոցը, հուսալով, որ այնտեղ անցկացվող քննությունների վերահսկողությունն ավելի թույլ կլինի: Այդ միտումը նկատի ունենալով՝ այս տարի կենտրոնների ղեկավարների առումով ավելի խիստ մոտեցում ենք ցուցաբերելու, և ԳԹԿ ներկայացուցիչներ լինելու են բոլոր կենտրոններում»,- նշեց Ա. Փաշայանը:
Պետական ավարտական և միասնական քննությունների մեկնարկը հունիսի 2-ին է: Որևէ փոփոխություն ընթացակարգում, արդյունքների հրապարակման ժամկետներում չկա: Նորամուծություններ չկան ո՛չ բողոքարկումների, ո՛չ էլ ընթացակարգային բողոքարկումների հարցում:
Քննությունների առաջին հիմնական փուլից հետո սկսվելու է լրացուցիչ փուլի հայտերի ընդունումը` այս անգամ գնահատման և թեստավորման կենտրոնում, որին կարող են մասնակցել առաջին փուլից հարգելի պատճառով բացակայածները, բանակից զորացրվածները, արտասահմանում կրթական տարբեր ծրագրերով սովորողները, ինչպես նաև սփյուռքի մեր հայրենակիցները: Նշենք, որ լրացուցիչ քննություններն անցկացվելու են Երևանում:
Հավելենք, որ միասնական քննություններին մասնակցելու համար հայոց լեզու և գրականություն առարկայից ստացվել է 12 հազար 744 հայտ, հայոց պատմությունից՝ 3534, պարսկերենից՝ 5, անգլերենից՝ 8249, ֆրանսերենից՝ 441, կենսաբանությունից՝ 1825, աշխարհագրությունից՝ 409, քիմիայից՝ 1320, ֆիզիկայից՝ 4631, գերմաներենից՝ 531, մաթեմատիկայից՝ 9803, իտալերենից՝ 12, ընդհանուր պատմությունից՝ 529, իսպաներենից՝ 19, ռուսաց լեզվից՝ 1290։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4747

Մեկնաբանություններ