Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հայաստան կորպորա՞ցիա»

«Հայաստան կորպորա՞ցիա»
13.06.2008 | 00:00

ՉԱՓՆ ԱՆՑԱՆ

Գաղտնիք չէ, որ օտարալեզու մամուլը կամ դրսի աշխարհի, այդ թվում` ռուսական, վերլուծական կենտրոնները վերջերս Հայաստանին հիմնականում անդրադառնում են կամ միայն այնպիսի «տխուր առիթներով», ինչպիսին ցեղասպանությունն է, կամ մեր երկրում տեղի ունեցած որևէ «չեպեով»: Ասել կուզի, հատկապես տնտեսական իմաստով որքան էլ ցավալի լինի, Հայաստանի Հանրապետությունը դրսի համար առանձնապես որևէ նշանակություն չունի, և այդ իմաստով մարդիկ չեն էլ անդրադառնում մեր երկրին…

Ռուսական «Ռեգնումը», սակայն, կարծես թե բացառություն էր։ Օրերս այստեղ բավականին ուշագրավ մի տնտեսական վերլուծություն է զետեղվել, որտեղ ոչ միայն քարը քարին չի թողնվում մեր տնտեսական աճի մասին լեգենդից, այլև կասկածի տակ է առնվում անգամ…մեր` հանրապետություն լինելու հանգամանքը: Հոդվածագրի համար, պարզվում է, գոյություն ունի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ «Հայաստան կորպորացիա» և վերջ:

Հոդվածի մի շարք ուշագրավ մտքերին անդրադառնալուց առաջ նշենք նաև, որ վերլուծության համար նկատի են առնվել միանգամից մի քանի աղբյուրներ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ գլխավոր գանձապահի կողմից արված հայտարարություններ և այլն:

ԴՐԱՄՆ ՈՒ ՆՐԱ ԴՐԱՄԱՆ

Հայաստանի ազգային դրամի «միստիկական» ուժեղացումն ամերիկյան ու եվրոպական եվրոյի նկատմամբ, որ շարունակվում է 2004¬ից սկսած, հոդվածագրի համոզմամբ, հիմնականում արդյունք է «տնտեսավարող սուբյեկտների վարչական-օլիգարխիկ բազմամյա ջանքերի»: Եվ այս իմաստով եթե 3 տարվա ընթացքում դոլարի 35,88 տոկոս էժանացումը գոնե որևէ ձևով կարող է տեղավորվել առողջ տրամաբանության շրջանակներում, ապա եվրոյի 29,3 տոկոս էժանացումը ոչ մի բացատրություն չունի կամ գոնե հետևյալ եզրահանգումներին է մեզ բերում:

ՀՀ տնտեսությունը սարսափեցնելու աստիճան կախված է ներկրումներից: Միայն 2007-ին հանրապետություն է ներկրվել 3,818 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը 9,3354 մլրդ ԱՄՆ դոլար կազմող ՀՆԱ-ի ուղիղ 35,08 տոկոսն է կազմում: Համեմատության համար հոդվածագիրը (կամ գուցե փորձագետը) բերում է ռուսական օրինակը, որտեղ այս թիվը 18 տոկոսից մի փոքր ավելի է: Նշելով, որ այս երևույթը հիմնականում բացատրվում է շրջափակմամբ, ռուսները նաև հիշատակում են այն փաստը, որ չնայած հայերն արդեն սովորել են մեկուսացած կյանքին, բայց նաև ի վիճակի չեն ֆինանսական առումով բավարարելու իրենց հայրենակիցների ամենօրյա կարիքները (հավանաբար, ավելի շատ նկատի ունի արտադրության կազմակերպումը) և ահա կանգնում են ներկրումներից կախված լինելու փաստի առաջ…Մի բան, ինչն «ապահովվում» է մեծ մասամբ դրսից եկող տրանսֆերտներով: Միայն 2007-ին առնվազն 1,319 մլրդ դոլար մասնավոր տրանսֆերտ է մտել Հայաստան, նշում է հոդվածագիրը, տեսնելով նաև սրա «վերջնական հանգրվանը», որ է սպառողական շուկան: Ընդամենը…

Փաստ է և այն, որ ներկրումներից այս կախվածությունը որոշակի վտանգավոր տնտեսական հետևանքների է հանգեցրել, այլ խոսքերով` այս կախյալությունը վերածվել է… իսկական ինդուստրիայի, որտեղ կարող են իրենց լավ զգալ ընտրյալները միայն: Ասել կուզի` եթե անգամ մեր երկրում որևէ մրցակցություն էլ կա, ապա միայն ընտրյալների միջև, ինչն իր հերթին իշխանություններին ստիպել է գնալ «գների կոորդինացման»: Բայց, միևնույն է, գործընթացի հաջորդ փուլը եղել է այդ ընտրյալների կողմից գերշահույթներ ստանալու շրջանը, ինչը, բնականաբար, անընդհատ աճող անարդարության և սոցիալական բողոքի զգացողություն է առաջ բերում մարդկանց մեջ…

Եվ որպեսզի ընթերցողը հասկանա, թե խոսքն ինչի մասին է, հիշատակվում է, որ Հայաստանում այսօր ապրում է 3212200 քաղաքացի, որոնց ամենօրյա, ամենամսյա, ամենամյա կարիքները հաշվելն ու ըստ այդմ ընտրյալների գերշահույթները գոնե մոտավոր պատկերացնելը դժվար գործ չէ: Հետաքրքիր է, որ անգամ ներկրումների ոլորտում կան «էլիտարից էլիտար» ոլորտներ, որոնք առավել ընտրյալներին են թողնվում: Օրինակ` վառելիք, հաց, շաքարավազ և այլն…

ՀՆԱ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԵՉ ԲԱՆ Է

Եթե նայելու լինենք ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքը, կտեսնենք, որ այստեղ ամբողջովին երևան է գալիս ոչ միայն վերը նշված ահավոր երևույթը, այլև շատ ավելի տխուր մի բան: ՈՒրեմն, բացի այն բանից, որ 2007¬ին ՀՆԱ-ի 35,08 տոկոսը կազմել է ներկրումը, հաջորդ 42,3 տոկոսն էլ կազմել են ծառայությունները: Իբրև հավելում նշվում է, որ այսպես կոչված «մաքուր հարկերն» այստեղ ընդամենը 9,8 տոկոս են կազմել, և սա այն դեպքում, երբ արտադրությունն էլ կազմել է ՀՆԱ-ի 15,7, իսկ գյուղատնտեսությունը` ընդամենը 17,5 տոկոսը: Այս բոլորը միասին շատ ավելի քիչ են, փաստորեն, քան ներկրումը: Հետևաբար, ի՞նչ տնտեսական աճի ու զարգացման մասին կարող է Հայաստանում խոսք լինել…

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏՃԱՌ ՈՒՆԵՆ

Իշխանությունների կողմից «գների կոորդինացման» արդյունքում, փաստորեն, որոշվեց բարձրացնել ապրանքների գները, այլ խոսքերով` ընտրյալների գերշահույթները, վստահ է «Ռեգնումի» փորձագետը: Բայց քանի որ դա սոցիալական աղետի կհանգեցներ, փաստվում է, որ Հայաստանում տեղի է ունեցել գների գաղտնի բարձրացում` արժևորվող դրամի տեսքով կամ դրա միջոցով, ինչով փաստվում է, որ ժամանակին, ըստ էության, այս «գործին» մասնակից է եղել նաև ԿԲ նախագահ, ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը…

Ինչպես է դա տեղի ունենում` փաստ է. դրսից ներկրվող ապրանքը, որ արտարժույթով է գնվում, ներսում վաճառվում է դրամով, և քանի որ մասնավոր տրանսֆերտներն էլ արտարժույթով են գալիս երկիր, ընտրյալների համար «կրկնակի հաճույքի տեղ է բացվում». նրանք իրենց ապրանքը, անկախ դրսի գնից, ներսում ֆիքսում են թանկ արտարժույթով և սպառողին ստիպում ավելի շատ վճարել հատկապես արտարժույթով..

Արդյունքում` մոլորված հարազատը, որը փող էր ուղարկում Հայաստան կամ սկսում է ավելի շատ ուղարկել, կամ իր հարազատներին տանել իր մոտ` զարկ տալով կամ ընտրյալների ավելի հարստացմանը, կամ երկրի դատարկմանն ու բնակչության արտագաղթին…

Ի դեպ, այս իմաստով ևս կոնկրետ թվեր են բերվում: Եթե, օրինակ, 2005-ին 753,35 մլն ԱՄՆ դոլար է ՀՀ մտել, ապա 2006-ին` 1,060 մլրդ, 2007-ին` 1,319 մլրդ դոլար:

ԲԱ ՎԵ՞ՐՋԸ

Կհարցնի ընթերցողը: «Ռեգնումի» փորձագետը, փաստորեն, չի հավատում երկու Սարգսյանների դարակազմիկ ու տարածաշրջանային ծրագրերին: Հակառակը` մարդիկ համոզված են, որ առաջիկայում վարվող կուրսի հանգրվանը հետևյալն է լինելու` վերացնել հազիվ շնչող արտադրությունն ու գյուղատնտեսությունը, այսինքն` պետությունը որպես այդպիսին և Հայաստանը դարձնել…«Հայաստան կորպորացիա»:

Սարսափելի վախճանաբանական եզրահանգում, ինչի առիթով «Իրավունք de facto»-ն, իհարկե, դեռ առիթ կունենա քննարկում սկսելու տնտեսագետների ու հենց իրենց` ղեկավարների հետ։


Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 17409

Մեկնաբանություններ