ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՎՐԱՑԱԿԱՆ «ՄԱՏՆԻՔԸ»` ՌՈՒՍԱԿԱՆ «ՎԱՐՏԻՔՈՎ»

ՎՐԱՑԱԿԱՆ «ՄԱՏՆԻՔԸ»` ՌՈՒՍԱԿԱՆ «ՎԱՐՏԻՔՈՎ»
05.10.2010 | 00:00

Աբխազական ժողովրդական իմաստությունն ասում է` «Կրակը բամբակի մեջ չես պահի»։ Եվ հիմա արդեն, «հոգեհարազատ երկրից» դիտարկելով տեղեկատվական «բամբակն» այդ, ինչպես անվանում են իրենք` բնակիչները, շատ հետաքրքիր միտումներ ես նկատում։ Ի դեպ, դրանց մասին, մասնավորապես` Աբխազիայի վրա Թուրքիայի ազդեցության, մենք առիթ ունեցել ենք գրելու դեռ «ազատագրական պատերազմի» և հյուսիսից «եղբայրական օգնության» արշալույսին։ Բայց անցնենք վերջին միտումներին։
Վերջերս թե՛ Աբխազիայում, թե՛ Հարավային Օսիայում մեծ ճոխությամբ, կովկասյան շռայլությամբ և հարավային աղմուկով նշվեցին անկախության օրերը. տեղի ունեցան զորահանդեսներ, հրավառություն, փողփողացին դրոշները (ճիշտ է, ռուս լրագրողները աբխազական դրոշների մեջ նկատեցին միայն մեկ ռուսական պաստառ, և այն էլ` կառավարության առջևի հրապարակում)։ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես և ակնկալվում էր, շնորհավորական հեռագրեր էր ուղարկել և, «Օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագրին» համապատասխան, հերթական միլիարդ ռուբլիները հանձնեց իր խնամարկյալների գանձարանին։ Ցնծացին նաև հերթական «ճանաչման» առթիվ` տոնակատարության օրերին Հարավային Օսիան ճանաչեց ինքն էլ չճանաչված և պատերազմող Հյուսիսային Սահարան։ Իսկ դրանից փոքր-ինչ առաջ ոչ պակաս ճոխությամբ, Աբխազիայում նշել էին «Ռուսական կայսրությանն Աբխազիայի միանալու 200-ամյակը»։ Ճիշտ է, այստեղ էլ ամեն ինչ հարթ չընթացավ` «Աբխազիայի պատմական ընտրությունը» գիտաժողովում 1810-ին Ռուսական կայսրությանն Աբխազիայի միանալու կամավորության թեզը պաշտպանություն չէր գտել աբխազ գիտնականների կողմից։ Սակայն, ընդհանուր առմամբ, լրագրողական խրոխտ հաշվետվությունների մեջ նկատվում էին զգաստացնող և որոշակի մտորումների հանգեցնող հաղորդագրություններ։ Այսպես, ռուսական մամուլում ավելի ու ավելի շատ է գրվում այն մասին, որ Հարավային Օսիան այդպես էլ չի կազմավորվել որպես ինքնուրույն պետություն (ի տարբերություն Աբխազիայի), որ այն ոչ մի հեռանկար չունի, փաստական անկախության ամբողջ ընթացքում դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում, դարձել է «մաֆիոզների որջ», որտեղ շարքային քաղաքացիներն ապրում են անհույս աղքատության մեջ։ Իսկ Սուխումից փոքր-ինչ այլ կարգի հաղորդումներ են ստացվում, և հենց այդ նոր միտումների վրա էլ կցանկանայի սևեռել ընթերցողների ուշադրությունը։ Այսպես, բառացիորեն անկախության տոնի նախօրեին Սուխումի առափնյակում, որը քաղաքի ամենահրապուրիչ վայրն է, ղեկավարության ու բնակչության լայն մասնակցությամբ բացվեց աբխազ «մահաջիրների»` 19-րդ դարի կովկասյան պատերազմի զոհերի, պատկառազդու հուշարձանը։ Շատ հետաքրքրական է, որ այն կերտել է աբխազ հայտնի նկարիչ ու քանդակագործ Գենադի Լակոբան, որն ապրում և աշխատում է Մինսկում (Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերությունների սրման պայմաններում անգամ այսպիսի զուգադիպությունն է զգաստացնում)։ Հուշարձանի սպիտակ շղարշն իջեցրին Թուրքիայում աբխազական սփյուռքի ներկայացուցիչները, իսկ Սերգեյ Բաղապշը հաղորդեց, որ ինքը մոտ ժամանակներս մեկնելու է Թուրքիա` հանդիպում ունենալու աբխազական սփյուռքի ներկայացուցիչների հետ (հարկ է նշել, որ նախագահն առաջ էլ էր մտադիր կատարելու այդ ուղևորությունը, սակայն թուրքական իշխանությունները մերժում էին նրան)։ Շատ բազմանշանակ հնչեցին նաև ազգի նշանավոր ներկայացուցիչների ելույթները, որոնք հայտարարեցին, որ թեև ոմանք փորձում են «մահաջիրությունը» ներկայացնել որպես «կրոնական նկատառումներով կամավոր վերաբնակեցում», այնուամենայնիվ, իրականում, դա «արտաքսում է եղել»։
Հիշեցնենք, որ 19-րդ դարի սկզբին Կովկասի արևմտյան մասում բնորոշ էր հակամարտությունը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Համեմատաբար ուժեղ և արդիական ռուսական կայսրությունն աստիճանաբար սկսել է իր նվաճողականությունն իրականացնել Կովկասում, իսկ բազմամյա պատերազմի արդյունքում, որոշ տվյալների համաձայն, երկու-երեք միլիոն կովկասցի լեռնական տեղահանվեց պապենական հողերից։ Ավելին, աբխազների և ռուսների պաշտոնապես հռչակած «բարեկամական ու եղբայրական» հարաբերությունները վաղուց մռայլում է մի սև բիծ` ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 1877 թ. մայիսին Աբխազիայում տեղի ունեցած ապստամբությունը։ Այն ժամանակ ռուսների կառավարումից դժգոհ աբխազներն էլ հենց պաշտպանում էին թուրքական տորմիղի դեսանտը Սուխումում, իսկ այն բանից հետո, երբ ռուսական ուժեղացված զորամասերը գրոհի անցան, հարյուր հազարավոր աբխազներ փախան երկրից։ Այն ժամանակ Անատոլիայի Քեֆկեն վայրում ափ իջավ սուխումցի աբխազների մի ստվար խումբ։ Հաղորդվում է, որ առաջին իսկ օրը սովամահ եղավ 400 մարդ։ Այդ «մեծ վերաբնակեցման» շուրջ մինչև հիմա ահավոր լեգենդներ են պտտվում։ Այսպես, ասում են, թե լեռնականները մինչ օրս էլ Սև ծովի ձուկ չեն ուտում։ Պատճառն այն ժամանակ սովից ու վշտից մեռած մարդկանց դիակներն են։ Մինչև օրս էլ այն վայրը, որտեղ թաղված են հարյուրավոր վերաբնակիչներ, կրում է «աբխազական գերեզման» անվանումը, և այն սրբազան վայր է բոլոր աբխազների համար։
Շատ է խոսվել այն մասին, որ կովկասցիների նկարագիրը հավատարիմ է նախնիների հիշատակին, և որ նրանց այսօրվա շատ գործողություններ պայմանավորված են հենց տոհմացեղային լեգենդներով։ Այնուամենայնիվ, այս հանգամանքն ինչպես անցյալում հաշվի չի առնվել, այնպես էլ այսօր հաշվի չի առնվում Մոսկվայում։ Իսկ աբխազների շրջանում հարաճուն ազգայնականության բոլոր դրսևորումները, սովորության համաձայն, դիտարկվում են միայն կենցաղային դժվարությունների պրիզմայի միջով։ Այսպես, վերջերս ԱՄՆ-ի համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական ու ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինն անգամ (մարդ, որին դժվար է կասկածել կայսերապետական հավակնությունների մեջ) հայտարարեց. «Մատնիքը վարտիքով փոխանակելը դեռ չի նշանակում, թե դա լավ փոխանակություն է, բայց դա աբխազների գործն է»։ Իսկ աբխազները գո՞հ են արդյոք, որ փոխանակել են վրացական «մատնիքը» ռուսական «վարտիքով», և արդյոք ամե՞ն ինչ է կենցաղային վեճերի այդ պարզ հարթության վրա։ Ակնհայտ է, որ նման մոտեցումը և՛ մակերեսային է, և՛ չի արտացոլում իրական միտումները, թեև հանուն ճշմարտության նշենք, որ առաջին հայացքից «աղմուկը» սնունդ է առնում և աճում է հենց այդ հարթությունում։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին լրատվամիջոցներում տեղեկություն երևաց Աբխազիայում ռուս քաղաքացիների բնակարանների զանգվածային օտարման փաստերի մասին։ Ինչպես պնդել են լրագրողները, ռուսներին իրենց պատկանող անշարժ գույքից զրկել են կոռումպացված չինովնիկների ձեռքով, պաշտոնական վարկածով` աբխազական օրենսդրությանը լիովին համապատասխան։ Այն ժամանակ «Կոմսոմոլսկայա պրավդան» տպագրել էր Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորևի ոչ դիվանագիտական ոճի նամակը և այն ռուսների «հոգու ճիչը», ովքեր ուզում էին վերադառնալ Աբխազիա։ Բերենք մի հատված այդ նամակից. «Ինչո՞ւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող աբխազներին թույլատրված է անպատիժ թալանել, զավթել ուրիշի ունեցվածքը, սպանել, զբաղվել կեղծարարությամբ, խարդախությամբ։ Աբխազիայի քաղաքացիները, որոնք զավթել են մեր բնակարաններն ու սեփականությունը, պատասխանատվություն չեն կրում ո՛չ որպես Աբխազիայի քաղաքացիներ, ո՛չ էլ որպես Ռուսաստանի քաղաքացիներ»։ Այնուհետև, Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան հայտարարել է, թե Աբխազիան չի հրաժարվում ռուս քաղաքացիների սեփականության հետ կապված հարցերը քննարկելուց, բայց դրա համար ժամանակ է պետք։ Սակայն Մոսկվան համառել է և «թախանձագին խորհուրդ տվել» թույլ տալ Ռուսաստանի քաղաքացիներին (անգամ նրանց, ովքեր չեն ապրել Աբխազիայում, մասնավորապես` զինծառայողներին) ազատորեն անշարժ գույք գնել հանրապետությունում։ ՌԴ արտգործնախարարությունը Սուխումին առաջարկել է ռուս-աբխազական համատեղ հանձնաժողովի հայեցակարգի նախագիծ։ Առաջարկվում է խնդիրը լուծել շատ պարզ ձևով` երկու կողմերի փորձագետները որոշում կընդունեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար, «թույլ չտալով խտրականություն ըստ սեռի, ռասայի, ազգության, լեզվի, ծագման և այլն»։ Հնարավոր է, որ հենց այս միտքն էլ ճակատագրական է եղել։ Ինչ-որ մեկը նախագիծը հասցրել է աբխազական մամուլին, և հասարակությունը «պայթել է»։ Ճիշտ է, ռուսներին հանգստացնելու համար հայտարարվել է, թե հանձնաժողովը «լեգալ հնարավորություն է ռուսական անձնագրեր ունեցող վրացի փախստականների վերադարձի համար», և շատ շուտով Աբխազիայի վարչապետ Շամբան կոշտ պատասխան է հղել Մոսկվային։ Աբխազական լրատվական գործակալությունը տարածել է նրա հայտարարությունն այն մասին, թե հանրապետության իշխանությունները մերժել են ռուսական առաջարկությունը Ռուսաստանի` այնտեղ ապրող քաղաքացիների գույքային իրավունքների վերաբերյալ։ Կառնեգիի մոսկովյան կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով` «կատարվել է այն, ինչ և պետք էր սպասել. մերոնք Աբխազիայում, հաճախ միջնորդների միջոցով, գնել են այն ամենը, ինչ կարելի է գնել` բնակարաններ, տներ, որոշ պատգամավորներ անգամ լողափեր են ձեռք բերել, իսկ Աբխազիայում հասկացել են, որ այդ դեպքում հանրապետությանը, բացի անկախությունից, ոչինչ չի մնում, ամեն ինչ գնել են ռուսները»։ Կրակին յուղ է ավելացրել նաև Աբխազիայի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբի նկատմամբ հերթական, արդեն հինգերորդ մահափորձը։ Տեղական մամուլում մինչև հիմա ակտիվորեն քննարկվում է դրանց ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության վարկածը, այն պաշտպանում են նաև Թբիլիսիում։ Համարվում է, որ Անկվաբն Աբխազիայում ոչ միայն ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է, այլև մի անհատականություն, որը լավագույնս է կարողանում պաշտպանել Աբխազիայի շահերը։ Այսպիսով, թվում է, թե կողմերի հարաբերություններում սկսվում է «տորֆահանքերի հրդեհի» նման մի բան։ Ընդ որում, նկատենք, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը շատ նրբին իրավիճակում է հայտնվել։ Նա, փաստորեն, չգիտե ինչպես իրեն դրսևորել. բավական է Աբխազիայի արտգործնախարարությունը հանդես գա համապատասխան հայտարարությամբ, անմիջապես ակտիվանում է Թուրքիան, արձագանքում են Վրաստանը, Եվրամիությունը։ Եվ նրանք բոլորը ջանում են Մոսկվային մեղադրել իր կոռուպցիոն սխեմաները նոր, իր իսկ ստեղծած անկախ հանրապետության վրա տեղափոխելու մեջ։ Այնպես որ, փորձագետների կարծիքով, «ներկա աղմուկը սկիզբն է միայն»։
Հասկանալի է, որ բոլոր կենցաղային, առավել ևս բնակարանային վեճերն այն ճահիճն են, որն ընդունակ է ներծծելու և հատակ տանելու բոլոր բարի մտադրությունները։ Սակայն թվում է` բնակարային վեճը միայն տեսանելի մասն է։ Այս հակամարտությունում հիմնական դերը խաղում է աբխազական իշխանությունների ցանկությունը` ամեն գնով պահպանելու (գոնե ներկա մակարդակով) ժողովրդագրական հաշվեկշիռը Աբխազիայում, ինչն աբխազների համար պատմականորեն եղել է «աքիլլեսյան գարշապար»։ Եվ, համապատասխանաբար, այդ խնդրի լուծման համար աբխազական իշխանություններն ավելի ու ավելի են իրենց հայացքներն ուղղում միլիոնանոց սփյուռքի կողմը և զգալի միջոցներ հատկացնում վերամիավորման համար։ Մյուս կողմից, Թուրքիայում բնակվող աբխազները նույնպես մեծ շահագրգռություն են հանդես բերում իրենց պատմական հայրենիքում ներդրումներ կատարելու և սեփականություն գնելու նկատմամբ։ Այնպես որ, բոլոր վերջին իրադարձությունները լիովին տեղավորվում են «եղբայրական Ռուսաստանի» հետ հարաբերությունների, թվում է, անսպասելի սրացման սխեմայում։
Արդյո՞ք Մոսկվայում մտածել են, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի պատճառով հակամարտության մեջ մտնելով Վրաստանի հետ` Սուխումում իրավիճակը նման շրջադարձ կունենա։ Ինչպես ասում են այստեղ գործուղված զինվորականները, «թող նրանք այնտեղ` Սուխումում, ուզում է ականջների վրա ման գան, մեզ հետաքրքրում են միայն բազաներն ու հավերժ հակամարտությունը ՆԱՏՕ-ի հետ»։ Բայց երևի միայն սվիններով, առանց բնակչության աջակցության երկար մնալը ծայրաստիճան դժվար է։ Եվ դա այն դեպքում, երբ արդեն ակնհայտ է` արևակեզ ծովափին բախվել են խոշոր խաղացողների շահերը, և եթե վերջիններս առայժմ իրենց ծառայությունները չեն առաջարկում, ապա պատրաստվում են դրան։ Իսկ Մոսկվան, պարզվում է, բացի բանակից, առայժմ ոչ մի ծանրակշիռ փաստարկ չունի։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ