«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Քաղաքական դաշտում սեփական գոյությունն արժևորելու ակնկալիքով

Քաղաքական դաշտում սեփական գոյությունն արժևորելու ակնկալիքով
24.07.2009 | 00:00

ՊԵ՞ՏՔ Է ՄԵԶ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ
Ի սկզբանե ենթադրվում է երկու պատասխան` այո կամ ոչ, երրորդը` «չգիտեմ»-ը, անլուրջ է քննարկման համար:
ՈՒրեմն` պե՞տք է մեզ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Միանշանակ` ոչ: Որովհետև նա պաշտոնի բերումով երկար տարիներ ապրել ու աշխատել է Հայաստանից դուրս` Եգիպտոսում, Ֆրանսիայում, միայն հեռվից հեռու գիտի հայ իրականությունը, քաղաքականությունը` ըստ էության, ու քաղաքական գործիչներին: Նալբանդյանը նաև վատ է պատկերացնում արտաքին գործերի նախարարության կառույցն իր գործառնություններով ու կադրերով: Վերջին տարիներին լինելով դեսպան Ֆրանսիայում` նա արտաքին քաղաքական միայն մի ուղղությունն է հստակ պատկերացնում` եվրոպական, իսկ Արևմուտքի ու Արևելքի խաչմերուկում գտնվող Հայաստանի համար դա քիչ է: Բացի այդ, Նալբանդյանը բնավորությամբ բավականին պրագմատիկ, ուղղամիտ ու կոշտ մարդ է, ինչը հաստատ նրան խանգարելու է հայ քաղաքական էլիտայի հետ շփումներում, որտեղ ուղղակի հակացուցված են ուղղամտությունը, իրերն ու անձանց իրենց անուններով կոչելու «եվրոպական» սովորությունները: Այսինքն` հնարավոր են անհիմն ու անպատրվակ տարակարծություններ երկրում գործող քաղաքական ուժերի հետ, որոնք այդ պաշտոնում ոչ թե տեսնում են ինչ-որ կոնկրետ մեկին, այլ չեն տեսնում կոնկրետ Նալբանդյանին: Դա սուբյեկտիվ գործոն է, բայց կյանքում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններն ուժեղ ու թույլ են դառնում ըստ հանգամանքների ու իրադարձությունների զարգացման: Այդպիսի արտաքին գործերի նախարար կերազեր ունենալ այն պետությունը, որը չունի հարևանների հետ խնդիրներ, գտնվում է ծովափին, լավ զարգացած տնտեսություն ու մշակույթ ունի, և արտաքին հարաբերություններն էլ ներքինի հետ հակասության մեջ չեն ի սկզբանե: Հայ իրականությանը Նալբանդյանի պես նախարար վաղ է ունենալ, քանի դեռ արտաքին քաղաքականության պրոբլեմները և ներքին քաղաքականության պրոբլեմները քանակով միմյանց չեն զիջում ու նվազելու հակումներ չեն դրսևորում: Միջազգային ասպարեզում էլ նա լավ հայտնի է իր գործունեությամբ և կարող է գործընկերների համար բավականաչափ կանխատեսելի լինել իր քայլերի մեջ, ինչը ևս այնքան էլ ցանկալի չէ:
Այնուհանդերձ, Էդվարդ Նալբանդյանը 2008-ին առաջինը նշանակված նախարարներից մեկը եղավ և արդեն տարուց ավելի պաշտոնավարում է, այնպես որ նաև գործունեությանը գնահատականներ հնարավոր է տալ:
ՈՒրեմն` պե՞տք է մեզ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Միանշանակ` այո: Որովհետև նա պաշտոնի բերումով երկար տարիներ ապրել ու աշխատել է Հայաստանից դուրս` Եգիպտոսում, Ֆրանսիայում, միայն հեռվից հեռու գիտի հայ իրականությունը, քաղաքականությունը` ըստ էության, ու քաղաքական գործիչներին, և դա բերում է հայացքի թարմություն ու նոր լուծումների հնարավորություն: Նաև` բացառում է անցանկալի կապերի ու գործարքների հնարավորությունը: Նալբանդյանը նաև վատ է պատկերացնում արտաքին գործերի նախարարության կառույցն իր գործառնություններով ու կադրերով, ինչը հիանալի է, որովհետև այդ կառույցը վաղուց փոփոխությունների ու բարենորոգումների անհրաժեշտություն ունի:
Վերջին տարիներին լինելով դեսպան Ֆրանսիայում` նա արտաքին քաղաքական միայն մի ուղղությունն է հստակ պատկերացնում` եվրոպական, իսկ Արևմուտքի ու Արևելքի խաչմերուկում գտնվող Հայաստանի համար դա քիչ չէ, որովհետև եվրաինտեգրումը Հայաստանը համարում է արտաքին քաղաքական գերակայություն: Բացի այդ, Նալբանդյանը բնավորությամբ բավականին պրագմատիկ, ուղղամիտ ու կոշտ մարդ է, ինչն աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար իսկապես կարևոր է: Հայ իրականությանը Նալբանդյանի պես նախարար վաղ է ունենալ, քանի դեռ արտաքին քաղաքականության պրոբլեմները և ներքին քաղաքականության պրոբլեմները քանակով միմյանց չեն զիջում ու նվազելու հակումներ չեն դրսևորում: Իհարկե, այդպես է, բայց եթե նստես-սպասես` երբ են գալու այդ ժամանակները, նրանք կարող են ընդհանրապես չգալ: Միջազգային ասպարեզում էլ նա լավ հայտնի է իր գործունեությամբ և կարող է գործընկերների համար բավականաչափ կանխատեսելի լինել իր քայլերի մեջ, ինչը նշանակում է կայուն, հաստատուն քաղաքականություն, որն այնքան գնահատվում է:
Ի՞նչ փոխվեց Էդվարդ Նալբանդյանի նախարարության ընթացքում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծման որոնումներն ակտիվացան: Դժվար է դա կապել Նալբանդյանի անձի հետ: Դա ուղղակի համընկնում էր, բայց, ի պատիվ նրա դիվանագիտական հմտությունների ու բանակցության նյութի բովանդակությանը լավ տիրապետելուն, ճկուն քաղաքականության, նա կարողացավ միանգամից միանալ գործընթացին և իրեն զգալ ինչպես ձուկը ջրում: Առավել ևս, որ իբրև դեսպան պաշտոնավարելիս արդեն իսկ ծանոթ էր խնդրին, քանի որ Փարիզը հարցի լուծման կենտրոններից է, և գործող անձանց էլ լավ ճանաչում էր:
Նոր բովանդակություն ստացավ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը: Նոր նախագահ և նոր նախարար` սա կարևոր փոփոխություն էր, որպեսզի նաև արտաքին աշխարհն ակտիվանար երկու հարևաններին հաշտեցնելու գործընթացներում: Հենց այստեղ էլ սկսվում են Էդվարդ Նալբանդյանի պրոբլեմները: Ինչո՞ւ: Նախ` անկախության հաստատումից հետո անցած տարիներին, հակառակ հարյուրավոր հրապարակումների ու հազարավոր ելույթների Հայաստանում ու սփյուռքում, պաշտոնապես չձևավորվեց Թուրքիայի հետ հարաբերությունների պայմանների հստակ պատկերացում` ի՞նչ ենք ուզում մենք, ի՞նչ են ուզում նրանք, ինչի՞ն ենք պատրաստ համաձայնելու և ինչի՞ դիմաց: Ընդունենք, որ այս հարցում Էդվարդ Նալբանդյանի մեղքը մահացու չէ, եթե ընդհանրապես կա: Այսինքն` անգամ այդ հարցին դեռ տրվում է իրադարձային պատասխան: Հարաբերությունների ամբողջ բովանդակությունը հանգեցվում է օրախնդիր դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միակողմանի փակ սահմանի բացման, որից հետո միայն նախատեսվում են այլ հարցերի քննարկումներ: Բայց այդպես չի լինում. մեկական դեսպան մայրաքաղաքում, կամ էլ` «Սեզամ, բացվիր» ու վերջ` անլուրջ է: Երկու երկրների միջև կան պատմական ու ժամանակակից քաղաքական խնդիրներ: Հայոց ցեղասպանության ճանաչում և Լեռնային Ղարաբաղի հարց: Ցեղասպանության ճանաչման գործընթացի տարատեսակ ընկալումներ` մեր վերջնականապես չձևակերպված, Թուրքիայի` մեզ համար անընդունելի ձևակերպումներով: Լեռնային Ղարաբաղի հարցում աներկբա պաշտպանություն Ադրբեջանին և հակահայկական քաղաքականություն: Պատմական ու ժամանակակից խնդիրների այս ոլորաններում սատանան էլ ոտքը կկոտրեր: Արտաքին քաղաքական խնդիրներում երկու երկրների հարաբերությունների շրջագծում գերտերությունների շահերի հաշվառում, որ որոշիչ ու կարևոր է դառնում, երբ հանգուցալուծման պահն է գալիս: Այս ամենն արտաքին քաղաքական խնդիրներ են, բայց կան ներքին, ոչ պակաս որոշիչ ու կարևոր խնդիրներ` քաղաքական, կուսակցական, տնտեսական, անձնական... Եվ այդ ներքին խնդիրներն առավել վտանգավոր են, որովհետև այս դեպքում հարվածի ուղղությունը միշտ չես կարող իմանալ, գործում են ինտրիգների ու զրպարտությունների կանոնները, որոնք ոչ մի տրամաբանական կանոնի չեն ենթարկվում: Օրինակ` տնտեսական. հայ-թուրքական սահմանի բացումը բոլորովին ձեռնտու չէ բավականին ազդեցիկ այն օլիգարխներին, ովքեր Փոթիում նավահանգիստներ են գնել կամ մեծ գումարներ են աշխատում վրացական ճանապարհով բեռների փոխադրման հաշվին: Այստեղ նրանք Նալբանդյանին չէ, իրենց հարազատին էլ չեն խնայի: Կամ` կուսակցական. այդ պաշտոնում շատ ավելի ցանկալի է համարվում իրենց կուսակիցը կամ այն անձը, ով կիսում է իրենց կուսակցական պատկերացումներն արտաքին քաղաքականության առանցքային խնդիրների շուրջ և կգործի իրենց կամքի համաձայն:
Կա նաև մեկ այլ ոչ պակաս կարևոր կողմ` կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր: Այն ամենը, ինչ չի ասվում Սերժ Սարգսյանին, ուղղվում է Էդվարդ Նալբանդյանին: Սրտանց և առավել համարձակ: Բայց` առավել անվտանգ: Անհետևանք:
Սովորաբար երկրի արտաքին քաղաքականությունը փոխվում է իշխանափոխությունից, պատերազմներից հետո:
Երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը փոխվեց, Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխություն չեղավ: Բնականաբար: Բայց երբ Թուրքիան որոշի փոխել իր քաղաքականությունը կամ խմբագրումներ անել, Բաբաջանը լինի, Դավուդօղլուն, թե ինչ-որ այլ մեկը, այդ քաղաքականությունը վարվելու է:
Ակնհայտ է, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության շատ հարցեր միայն Հայաստանում չեն լուծվում, ավելի ստույգ` ընդհանրապես Հայաստանում չեն լուծվում: Մենք միայն համապատասխան դիրք ենք ընդունում ու տպավորություն ենք ստեղծում:
Նրանք, ովքեր արտաքին գործերի նախարարի հրաժարականն են պահանջում, փորձում են երկրի շահերով մտահոգվածության տպավորություն ստեղծել, այլապես ոչ թե անձի դեմ կլինեին, այլ սկզբունքի ու համակարգի, որովհետև Նալբանդյանը լինի, թե մեկ ուրիշը, պետությունը վարելու է այս ու այսպիսի քաղաքականություն` այս նախագահով ու այսպես ստեղծված իշխանությամբ: Իսկ կիսամիջոցների օգտագործման օգտակարությունն այնքան կասկածելի է, որքան արդյունքը:
Հայ-թուրքական հարաբերությունների կայացումն աշխատանք է, որը հանձնարարված է կատարել, բայց եթե չեն ստեղծվում համապատասխան պայմաններ, աշխատանքի ձախողման համար պատասխանատու է ոչ թե կատարողը, այլ հանձնարարություն տվողը, որ չի ապահովել աշխատանքային պայմանները:
Իսկ Էդվարդ Նալբանդյանն ակնհայտորեն կշարունակի պաշտոնավարել. նախ, ըստ Սահմանադրության, արտաքին գերատեսչության ղեկավարին նշանակում և ազատում է նախագահը, իսկ Սերժ Սարգսյանը նրանից դժգոհ լինելու միայն մտացածին առիթներ ու պատճառներ կարող է ունենալ, ապա` Վարդան Օսկանյանի գործած ու չգործած մեղքերի համար պատասխանատու կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, բայց ո՛չ Էդվարդ Նալբանդյանը, նույնիսկ, եթե այդ ամենին համաձայն է եղել Սերժ Սարգսյանը:
Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն Հայաստանի նախագահն է, քաղաքականության փոփոխության պահանջ դնել միայն արտաքին գործերի նախարարի մակարդակով, նշանակում է միայն հիշեցնել ու արժեքավորել սեփական գոյությունն ու ներկայությունը քաղաքական դաշտում: Քաղաքականության փոփոխություն դնել նախագահի հրաժարականի մակարդակով` նախ նշանակում է երկրում ստեղծել համապատասխան մթնոլորտ ու վիճակ, ունենալ հաջողության եթե ոչ 100, գոնե 50-տոկոսանոց նախադրյալներ, վերջապես նաև` ոչ միայն ներսի աջակցություն:
Իսկ մնացածը ընթացիկ հարցեր են:
ՈՒրեմն` պե՞տք է մեզ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Եթե նույնիսկ խորհրդային տարիներին մենք կարողացանք ունենալ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյան, մի՞թե դա հարց է մեզ համար հիմա` անկախության տարիներին:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ