«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Վրաստանի իրադարձությունների ինքնաբավության մասին

Վրաստանի իրադարձությունների ինքնաբավության մասին
26.05.2009 | 00:00

ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ
Վրացական հասարակությունը բազմիցս արտահայտել է իր բողոքական տրամադրություններն իշխանության նկատմամբ, ինչը մշտապես հանգեցրել է էական փոփոխությունների երկրի քաղաքական և հասարակական կյանքում։ Վրացիներն ունեն որոշակի հեղափոխական ներուժ, որն ավելի շուտ բնակչության լայն զանգվածների սոցիալական արդարության ձգտման և արտաքին քաղաքական հաջողության ակնկալիքների արտահայտությունն է։ Անկախ Վրաստանի ողջ պատմությունը փոքր և մեծ հեղափոխությունների պատմություն է։ Ընդ որում, երկրի քաղաքական զարգացման բոլոր փուլերում այդ իրադարձությունները տեղի են ունեցել արտաքին ուժերի գրավիչ մասնակցության պայմաններում, որոնք էլ ծրագրավորել և ձևավորել են հեղափոխական իրադարձությունների գաղափարախոսությունն ու տեխնոլոգիան։
Վրաստանը դարձել է սոցիալական և քաղաքական էքսպերիմենտների դաշտ, որի փորձը տարածվում է նաև այլ երկրների վրա, ու դա շարունակական բնույթ ունի։ Պետք է գիտակցել, որ Վրաստանը շատ հարմար է այդպիսի քաղաքականություն իրականացնելու համար, այդ թվում` ընդդիմադիր բունտերի փորձի առումով։ Վրացական հասարակությունն ամեն կերպ ձգտում է ընդօրինակել եվրոպական քաղաքական կեցվածքի մոդելներն ու ավանդույթները։ Նույնիսկ վրացական քաղաքական կուսակցություններն իրենց անվանումներով ու հռչակած գաղափարախոսությամբ` ձախերից մինչև աջերը, շատ մոտ են եվրոպական ավանդական քաղաքական մշակույթին։ Այլ հարց է, թե իրականում որքան են եվրոպական այդ կուսակցությունների արժեհամակարգն ու առաջնահերթությունները, սակայն հարկ է ընդգծել, որ վրացական հասարակությունն իրականում ձգտում է դառնալ եվրոպական քաղաքական ու սոցիալական տարածության մի մասը։
Առանձին քաղաքական խմբավորումներ, որոնք ներկայացնում են իրական վրացական հոգեկերտվածքը և արտահայտում հասարակության իրական և ոչ թե վիրտուալ շերտերի շահերը, այսպես թե այնպես, հարկադրված են ենթարկվել այս ինքնատիպ երկրի քաղաքական խաղի կանոններին։ Կարելի է ենթադրել, որ արևմտյան հանրության կողմից այդքան հեշտությամբ Վրաստանի վրա ազդելու հանգամանքը բացատրվում է ոչ թե վրացական էլիտայի` դեպի Ռուսաստանն ունեցած բացասական վերաբերմունքով, այլ վրացական քաղաքական դասակարգի և լայն հասարակական խավերի` իրականում բացառապես միակողմանի գաղափարաքաղաքական կողմնորոշմամբ։ Հայաստանում քիչ թե շատ ակտիվ քաղաքական խմբավորումների համար Եվրամիության և առհասարակ Արևմուտքի հետ ինտեգրացիան, իհարկե, դիտարկվում է դրական և պրագմատիկ։ Սակայն հայերի եվրոպական ազգ լինելու մասին տեսակետը հենց հայերի մոտ էլ առաջացնում է հեգնանք ու բացասական վերաբերմունք, ինչը հայկական գիտակցության մեջ համարժեք է իրենց ազգը սեռական փոքրամասնության կամ ոչ ավանդական պահվածք ունեցող այլ խմբերի հետ համեմատելուն։
Արդի վրացական էլիտան երկիրը ներքաշել է որոշակի առաջնահերթ կողմնորոշման դաշտ, որի արդյունքում Վրաստանը հայտնվել է ոչ այնքան Արևմուտքից, որքան որոշակի ամերիկյան և եվրոպական կառավարող քաղաքական խմբավորումներից ծայրահեղ կախվածության մեջ։ 2008-ի ռուս-վրացական պատերազմը, ինչպես ոչ մի այլ բան, ցույց տվեց, թե ինչպես այդ իրադարձություններով մանիպուլյացիա էին իրականացնում առանձին խմբավորումներ ԱՄՆ-ում, և ինչպես օգտվեցին դրանից եվրոպական քաղաքական խմբավորումները։ Դա հնարավոր դարձավ ոչ նրա հետևանքով, որ վրացական հասարակությունը կամ նրա քաղաքական դասակարգն իսկապես սերտ ինտեգրացված է արևմտյան հանրությանը, այլ ընդամենը կառավարող ռեժիմը ներկայացնող ոչ մեծ խմբավորման` արևմտյան կողմնորոշման պատճառով։ Արևմուտքի հետ Վրաստանի դաշինքի իրական սահմանափակվածությունը, և ամենից առաջ ԱՄՆ-ի պարագայում, հանգեցրեց անհրաժեշտ պատասխանատվության բացակայության Վաշինգտոնի կողմից` Վրաստանի անվտանգությունը երաշխավորելու առումով, այդ թվում նաև անջատված տարածաշրջանների` Աբխազիայի և Հարավային Օսիայի մասով։ Վրացական կառավարող ռեժիմի չափազանց կախվածությունն ԱՄՆ-ից սահմանափակեց նրա հնարավորությունները` կառուցելու ավելի լայն ու վստահելի հարաբերություններ Եվրամիության, ինչպես նաև առաջատար եվրոպական պետությունների հետ։ Նույնիսկ Գերմանիայի հետ հարաբերությունները, որը ձգտում էր իր վրա վերցնել Վրաստանի «հովանավորությունը», էապես տուժեցին։ Այսպիսով պարզվեց, որ Վրաստանի հարաբերություններն արևմտյան հանրության հետ, առհասարակ, հեռու են լիարժեք ու քաղաքակիրթ լինելուց։ Որոշակի իմաստով այդ հարաբերությունները կարելի է համարել գաղութային կամ նեոգաղութային, բայց ոչ մի դեպքում` գործընկերային։ Առավել խորամիտ ռուսական քաղաքագետները, որոնք միշտ չէ, որ շտապում են իրենց կարծիքն արտահայտել կամ փորձագիտական եզրակացություններ տրամադրել Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը, բավական լավ հասկացել էին այս իրավիճակի առանձնահատկությունը և զարմանալիորեն ճշգրիտ կանխատեսել 2008-ի օգոստոսի ընթացիկ և «ավարտական» իրադարձությունները։
Արդեն երկրորդ ամիսն է` Վրաստանում զարգանում են բուռն իրադարձություններ. ընդդիմությունը փորձում է ճշտել, թե ինչ ներքին ռեսուրսների ու արտաքին աջակցության է տիրապետում Մ. Սաակաշվիլուն և նրա թիմին իշխանությունից հեռացնելու համար։ Ընդդիմության ղեկավարները կարողացան ճիշտ բաշխել ուժերն ու հնարավորությունները, որպեսզի իրենց բողոքը չսահմանափակվի մեկանգամյա ելույթներով, այլ ունենա երկարատև ու բազմանշանակ բնույթ։ Այդ իսկ պատճառով հնարավորություն ստեղծվեց դիտարկելու այդ իրադարձությունները և արևմտյան հանրության արձագանքը դրանց։ Վրաստանի ներկայիս զարգացումներից շատ առաջ ամերիկացիները, ավելի քիչ չափով եվրոպացիները, փորձեցին պարզել, թե ինչպիսին է երկրի ներսում ուժերի իրական հարաբերակցությունը, նրանց արտաքին կողմնորոշումը, ովքեր են հնարավոր առաջնորդները և նախագահական պաշտոնի հիմնական հավակնորդները, ինչպես նաև կառավարող ռեժիմի արձագանքը բողոքի միջոցառումներին։ Եվրոպացիները, ինչպես միշտ, ամերիկացիներին հնարավորություն տվեցին ավելի խոր մտնելու այդ ինտրիգի մեջ և դրանով էլ պայմանավորելու ամերիկյան քաղաքականության տապալումը։ Սակայն ամերիկացիներն այս անգամ նախընտրեցին մրցակցող կողմերին տալ ազատության ավելի մեծ աստիճան` հասկանալով, որ իրադարձությունները վերահսկելու բոլոր հնարավորությունները կան։ Ըստ ամերիկյան փորձագետների, Վաշինգտոնում համոզված են, որ ամերիկյան քաղաքականությունն այնքան բազմակողմանի է ու էշելոնացված, որ վրացական ցանկացած կառավարող ռեժիմ միանգամայն լոյալ է լինելու ԱՄՆ-ի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, վերջին ամիսներին վրացական իրավիճակի ամերիկյան մեկնաբանությունները բավական ձանձրալի և քիչ բովանդակային էին։ Միաժամանակ, սակայն, ամերիկյան դիվանագետները չէին կարող չհասկանալ ընդդիմության մտադրությունների լրջությունը և սպասում էին ավելի դրամատիկ ու ոչ միանշանակ իրադարձությունների զարգացում, քան դա կանխատեսում էին փորձագիտական շրջանակները` Կովկասի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտից, «Կարնեգի» և «Ստրետֆոր» կենտրոններից։ Բրիտանական փորձագետները` Եվրոպական բարեփոխումների կենտրոնից և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտից, ավելի զգուշավոր էին վրացական իրադարձությունների իրենց կանխատեսման մեջ։
Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ նկատելի է որոշակի ժառանգականություն, երբ Բարաք Օբամայի վարչակազմը չի ցանկանում, որ իր նախորդների քաղաքականությունը համարվի տապալված կամ անհաջող։ Բացի այդ, ԱՄՆ-ն այնքան ֆինանսական, ռազմական ու քաղաքական ռեսուրսներ է ներդրել Վրաստանում, որ նույնիսկ փոքր անհաջողությունը կնշանակեր տարածաշրջանային քաղաքականության տապալում։ Սակայն նույնիսկ դա այնքան կարևոր չէ այն արդիական խնդիրների համեմատ, երբ Վրաստանի հետ է կապված ամերիկյան քաղաքականության զարգացումը դեպի Կենտրոնական ու Հարավային Ասիա։ Այդ իսկ պատճառով Վրաստանում ամեն ինչ պետք է լինի բացարձակապես կանխատեսելի ու կասկածների տեղիք չտա։ Բացառված չէ, որ ամերիկացիները խորհուրդներ են տվել ընդդիմությանը ոչ միայն պայքարի մեթոդների, այլև ընդդիմադիր ուժերի կազմի վերաբերյալ։ ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ վրացական ներկայիս ընդդիմության կազմը բավականին սահմանափակ է և չի ներառում մի շարք գործունակ կուսակցությունների ու խմբավորումների, որոնց արտաքին քաղաքական նախապատվությունները կասկածելի են համարվում։ Օրինակ, լեյբորիստական կուսակցությունը կարող է էականորեն աջակցել ընդդիմության պայքարին, բայց չի աջակցում։ Ընդհանուր առմամբ, ամերիկացիների հայացքներն ու ծրագրերը հանգում են հետևյալին. ԱՄՆ-ի համար անթույլատրելի է Սաակաշվիլու ռեժիմի տապալումը ուժային ճանապարհով, և Վաշինգտոնը նախընտրում է փոխզիջումային լուծումներ։ Ասենք` արտահերթ խորհրդարանական կամ նույնիսկ նախագահական ընտրություններ, բայց ավելի նպատակահարմար է համարվում ընդդիմության մասնակցությամբ կոալիցիոն կառավարության ձևավորումը։ Սա առավելագույն փոխզիջումն է, որին ԱՄՆ-ը կարող է հավանություն տալ։ Ցանկացած պարագայում ամերիկացիներն անթույլատրելի էին համարում կառավարող ռեժիմի ուժային լուծումները։
Այս բավական պարզ սխեման, սակայն, պահանջում էր իրադարձությունների վերահսկողություն և պարտավորեցնող շփումներ ընդդիմության հետ։ Ամերիկացիները լավ են հասկանում, որ Վրաստանում իշխանությունն իրենից ներկայացնում է տիպիկ դիկտատուրա, և Մ. Սաակաշվիլին երբեք չի համաձայնի «արժանապատիվ» հեռանալ պաշտոնից։ Թեպետ կան նաև այլ պատկերացումներ կառավարող ռեժիմի մասին։ Սակայն նույնիսկ ենթադրելով, որ լինելով հոգեկան առումով «շարժիչային» անձնավորություն, Սաակաշվիլին կարող է չդիմանալ «փողոցի» ճնշմանը և հրաժարվել իշխանությունից, ապա նրա շրջապատը, ամենից առաջ ուժայինները և կառավարող կուսակցության առաջնորդները, երբևէ չեն համաձայնի դրան։ Մ Սաակաշվիլու շրջապատը հասկանում է, որ եթե իրենց շեֆը կարող է ունենալ քաղաքական ապագա, ապա իրենք այդ ապագան չունեն։ Սաակաշվիլու հիպոթետիկ հրաժարականի դեպքում միայն մի մարդ կա, որն ընդունակ է ապահովելու վերահսկողությունը երկրում և նախկին արտաքին քաղաքական կուրսը. դա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին է։ Սակայն, ընդդիմության պնդմամբ, այս գործիչը բողոքական ընտրազանգվածի ամենամեծ ատելության թիրախն է։ Բացի այդ, բոլորը հասկանում են, որ Մերաբիշվիլին սկզբունքորեն չի կարող ընտրվել նախագահի պաշտոնում` քիչ թե շատ թույլատրելի մեթոդների կիրառումով։ Այսպիսով, պարզվում է, որ Մ. Սաակաշվիլու անփոխարինելիությունը չէ, որ ստիպում է ամերիկացիներին պահել նրան իշխանության գլուխ։ ԱՄՆ-ն արդեն ազդակներ է հաղորդել Վրաստանի քաղաքական ղեկավարությանն ու ընդդիմությանն ամերիկյան փորձագետների միջոցով, որոնք համարում են, թե նույնիսկ ամենաբազմամարդ բողոքի ակցիաներն իշխանության փոփոխության կամ օրինական ընտրված նախագահին հեռացնելու փաստարկ չէ։
Մինչև վերջերս, մոտավորապես 2009-ի մայիսի առաջին տասնօրյակը ներառյալ, ամերիկացիները միանշանակ հնարավոր էին համարում փոխզիջումային լուծումները Վրաստանում։ Սակայն մայիսի կեսերից նրանց դիրքորոշումն ակնհայտորեն սրբագրվեց։ ՈՒշադրության է արժանի նաև այն, որ ընդդիմությունն էլ իրականում չկարողացավ համազգային մասշտաբով հասնել քաղաքացիական անհնազանդության, այլ քիչ թե շատ տանելի տեխնոլոգիաների միջոցով ուղղակի ձգեց գործողությունների ժամանակացույցը` խնայելով միտինգավորների և պիկետների մասնակիցների ուժերը։ Առայսօր պարզ չէ, թե արդյոք վրաց ժողովուրդն իր մեծամասնությամբ աջակցե՞ց ընդդիմությանը, թե՞ այս իրադարձությունները, այնուհանդերձ, լոկալ բնույթ ունեն։ Սակայն ամերիկացիների համար դա չէ գլխավորը։ Անկախ ընդդիմության հաջողությունից կամ բողոքի գործողությունների արդյունավետությունից, Վրաստանում քաղաքական բանավեճի առարկա է դառնում միակողմանի ամերիկյան կողմնորոշումից հրաժարվելու և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն որդեգրելու խնդիրը։ Սա շատ տագնապալի ազդանշան է ԱՄՆ-ի համար, մանավանդ որ այդ գաղափարի կրողն ընդդիմությունն է։ Ընդ որում, ոչ միայն նրա առավել ակտիվ մասը, այլև ամբողջ ընդդիմությունը և միգուցե կառավարող ռեժիմի որոշ հատվածները։ Այլ իրավիճակում, երբ նախատեսված աշխարհաքաղաքական խնդիրների մի մասը լուծված կլիներ, վրացական քաղաքական դասակարգի այդպիսի ազատամտությունը միգուցե և թույլատրելի համարվեր։ Սակայն ԱՄՆ-ը հիմա պատրաստվում է Եվրասիայի մի շարք ուժային կենտրոնների միանգամից ի ցույց դնել իր մտադրությունները, սկսել իր ռազմավարության իրագործման նոր փուլը, և ցանկացած երկիմաստ իրավիճակ Վրաստանում բացարձակապես անընդունելի է։
Ռուսաստանի հետ որոշակի հարաբերություններ հաստատելու վրացական քաղաքական գործիչների հնարավոր փորձերը ամերիկացիներին առանձնապես չեն մտահոգում։ Եթե անգամ ռուս-վրացական շփումներն ակտիվանան, վրացական հասարակությունը, միևնույն է, դեռ շատ հեռու է Ռուսաստանի հետ հարաբերությունների թեկուզ մասնակի կարգավորման անհրաժեշտության գիտակցումից։ Ռուսաստանն ինքն է փորձում «մեկուսանալ» Վրաստանից, և ռուսական քաղաքական շրջանակներում գնալով ուժեղանում են վրացական իրադարձություններից հեռու մնալու տրամադրությունները, քանի որ դա խնդիրներ է ստեղծում եվրոպացիների հետ հարաբերություններում, ինչը Մոսկվայի համար առավելապես տհաճ է ու ոչ ցանկալի արտաքին քաղաքականության դաշտում։ Մոսկվան մեծ առումով և հիմնավորապես «խաղագումարը» դրել է Եվրոպայի վրա և պատրաստ է շատ բանի` հանուն եվրոպական բեմահարթակներում իր դիրքերի ամրապնդման։
Հետևապես, ինչպես և նախորդ տասնամյակներում, ամերիկացիներին մտահոգում է Եվրամիության ինքնուրույնության ու ամենից առաջ` ֆրանս-գերմանական տանդեմի մեծացումը։ Բացի այդ, նկատելի են միտումներ, որ այս «մեծ եվրոպական տանդեմի» հետ կհամախմբվեն Իսպանիան ու Իտալիան, Բենիլյուքսի երկրները և, ամենատհաճը` Մեծ Բրիտանիան։ Թեպետ միայն եվրոպական քաղաքականության ու անվտանգության այն հարցերի շուրջ, որոնց հետ կապված բրիտանացիներն իրենց պահանջներն ունեն։ Վրացական քաղաքական դասակարգի կողմից արտաքին քաղաքական նախապատվությունների վերանայումը և եվրոպական վեկտորի ուժեղացումը կարող են հանգեցնել բազմաթիվ տհաճությունների ԱՄՆ-ի համար։ Վերջին տարիներին Վրաստանը ճշտել է միջազգային քաղաքականության բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում` իր հեռանկարները Եվրատլանտյան կառույցներ ինտեգրացվելու առումով։ Հասկանալի էր և այն, որ եվրոպացիներին, Արևմտյան Եվրոպային խիստ անհանգստացնում էր Վրաստանի ծայրահեղ ենթակայությունն ամերիկյան շահերին, քանի որ Կենտրոնական Եվրոպայում կան հակաեվրոպական միավորում ստեղծելու ցավալի օրինակներ ՆԱՏՕ-ի և Եվրամիության նոր անդամ դարձած երկրների կազմից։ Պարադոքս է, բայց փաստ, որ Վրաստանի եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը դարձան երկրի` ԱՄՆ-ի քաղաքականության ուղեծրում գտնվելը և Ռուսաստանի հետ հակամարտ հարաբերությունների ստեղծումը։
Արդի վրացական ընդդիմությունը, անկասկած, բարձրակարգ ինտելեկտուալների համախումբ է, որը խիստ ենթակա է լիբերալ, հնարավոր է` ձախ-լիբերալ հայացքների ու համոզմունքների։ «Նոր աջերի» հռչակած աջ գաղափարները, հանրապետական կուսակցության հանրապետականությունը, ընդդիմադիր այլ կուսակցությունների ոչ այնքան հստակ գաղափարական նախապատվությունները նրանց կեցվածքի արտաքին կողմն են միայն։ Իրականում Վրաստանի արդի ընդդիմությունը ծայրահեղ լիբերալ է, նախընտրում է եվրոպական արժեքները, ինչն ինքնաբերաբար հանգեցնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու գաղափարին։ Սակայն դեպի Եվրոպա չափազանց թեքումը կարող է կասկածի տակ դնել Վրաստանում ռազմաբազաներ տեղակայելու և իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու ամերիկյան ծրագրերը, ինչը, անկասկած, ազդեցություն կունենա ողջ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական հեռանկարի վրա։ Վրաստանը կարող է մանրադրամ դառնալ ռուս-եվրոպական խաղում, երբ Եվրամիությունը կսկսի որպես խաղաքարտ օգտագործել Վրաստանի վրա ունեցած իր ազդեցությունը։ «Արևելյան գործընկերության ծրագիրը», որ նախաձեռնվել է ԱՄՆ-ի կողմից, կարող է կորցնել իր նախնական նշանակությունը և շուտով վերածվել եվրոպական, ավելի շուտ ֆրանս-գերմանական քաղաքականության գործիքի։ Այդ կապակցությամբ էլ ԱՄՆ-ը փորձում է սրբագրել իր վերաբերմունքը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և պահպանել Մ. Սաակաշվիլուն նախագահի պաշտոնում` բոլոր հնարավոր փոխզիջումներով հանդերձ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ