ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՎԵՐՄԱԿՆ ԻՐԱՐ ՎՐԱՅԻՑ ՔԱՇԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

ՎԵՐՄԱԿՆ ԻՐԱՐ ՎՐԱՅԻՑ ՔԱՇԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
13.10.2009 | 00:00

Ինչպես հայտնի է, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ առաջացան խոչընդոտներ, որոնք, ըստ ԶԼՄ-ների պնդման, հարթվեցին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գործուն միջամտության շնորհիվ։ Այս հանգամանքը, սակայն, արդեն իսկ սկսել է վիճարկել բանակցություններին ներկա գտնված ռուսական կողմը։ Մասնավորապես, երեկ ռուսական «Ռոսիյսկայա գազետա»-ում Վլադիսլավ Վորոբյովի ստորագրությամբ ի հայտ է եկել Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցածը ռուսական տեսանկյունից բացահայտող հոդված և, ըստ հոդվածագրի, փաստաթղթերի ստորագրման գործում գլխավոր դերակատար է եղել ոչ թե Հիլարի Քլինթոնը, այլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսական կառավարական շրջանակների տեսակետն արտահայտող թերթն անում է հետևյալ սենսացիոն բացահայտումը. «Իրադարձության կարևորությունն ընդգծելու համար Ցյուրիխ էին ժամանել ոչ միայն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ովքեր երեքշաբթի օրն արդեն կրկին կհանդիպեն Մոսկվայում, այլև Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները և Սլովենիայի նրա գործընկեր Սամուել Ժբոգարը, ինչպես նաև Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։ Եվ ահա շաբաթ օրը, մոտավորապես ցերեկվա ժամը 3-ին, հյուրերը հավաքվեցին նշանակված վայրում, սակայն ստորագրման արարողությունը հետաձգվում էր։ Մեկ այլ սենյակում սպասում էին շվեյցարացի երաժիշտները, որոնք դասական երաժշտության կատարմամբ պետք է բացեին ու փակեին ստորագրման արարողությունը։ Մեկ այլ սենյակում սառչում էին հրավիրյալ ընթրիքի համար նախատեսված ուտեստները։
Երրորդ սենյակում, որ զբաղեցրել էր ռուսական պատվիրակությունը, տեղադրեցին հեռուստացույց, որովհետև Մոսկվայում տեղի էր ունենալու Ռուսաստանի ու Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը, իսկ ստորագրման արարողությունը ոչ մի կերպ չէր սկսվում։ Զարգացումներին հետևող լրագրողները սկզբում տեղեկացան, թե հայկական կողմը դեմ է հանդես եկել թուրք նախարարի ելույթում նախատեսված «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությանը։ Իրականում, սակայն, ինչպես մեր թերթին տեղեկացրեց ռուսական պատվիրակության հավաստի աղբյուրը, Էդվարդ Նալբանդյանը պնդել է, որ թուրք գործընկերոջ հայտարարության տեքստից դուրս բերվի այն դրույթը, թե Թուրքիայում հայերի ցեղասպանության խնդրով այսուհետ զբաղվելու է հատուկ ստեղծված երկկողմանի աշխատանքային խումբը։ Իսկ ժամանակը գնում էր։
Մոսկվայում Ռուսաստանի ու Գերմանիայի ֆուտբոլի հավաքականներն արդեն դաշտում էին։ Հասկանալով, որ արձանագրությունների ստորագրումը հետաձգվում է անորոշ ժամանակով, Լավրովը հրավիրեց Քուշներին, Սոլանային և Ժբոգարին` միասին դիտելու խաղի սկիզբը ռուսական պատվիրակության սենյակում։ Բոլորն էլ, առանց հապաղելու, ընդունեցին հրավերը։ Ռուս նախարարը, բնականաբար, «ցավում» էր Ռուսաստանի հավաքականի համար, իսկ նրա հյուրերը, ականատեսների պնդմամբ, ոչ թե գերմանացիների հաղթանակն էին ցանկանում, այլ պարզապես լավ ֆուտբոլ դիտել։ Միաժամանակ, իհարկե, չմոռանալով, թե իրականում ինչի համար են ժամանել Շվեյցարիա։ Թե ինչ էր անում այդ ժամանակ Հիլարի Քլինթոնը, ռուսական պատվիրակության աղբյուրները չեն ճշտում։
Գնալով ավելի ակնհայտ էր դառնում, որ Հայաստանն ու Թուրքիան ընդամենը մի քայլ են հեռու խոշոր դիվանագիտական հուսախաբությունից։ Կրքերը բորբոքվել էին ոչ միայն մոսկովյան մարզադաշտում։ Եվ այդ ժամանակ ցյուրիխյան «օթյակում» նստածները որոշեցին օգտագործել իրենց «գաղտնի դիվանագիտական զենքը»։ Լավրովը վերցրեց գրիչ և թուղթ ու ձեռքով գրեց անգլերեն. «Էդվարդ, համաձայնիր արարողությանն առանց հայտարարությունների»։ Այդ փաստաթղթի տակ, ռուսական նախարարից բացի, անմիջապես իրենց ստորագրությունները դրեցին Քուշները, Սոլանան, Ժբոգարը։ Ավելի ներքևում Լավրովը լրացրեց. «10 հոկտեմբերի, 2009 թվական, 19.35»։ Երկտողը հասավ հասցեատիրոջը` Հայաստանի արտգործնախարարին։ Ոչ ուշ, քան մեկ ժամ անց արձանագրությունների ստորագրման արարողությունը, այնուամենայնիվ, սկսվեց։ Ճիշտ է, այլևս չկային ո՛չ երաժշտություն, ո՛չ պատասխան ելույթներ, ո՛չ էլ ընթրիք։ Այնուհանդերձ, դիվանագետները հասան գլխավորին. փաստաթղթերը ստորագրվեցին և այժմ պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից և միայն դրանից հետո իրավական ուժ կունենան։ Բայց դա այլ պատմություն է, որը, ի դեպ, արդեն սկսվել է։ Օրինակ, կիրակի օրն Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով. «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը մինչև օկուպացված ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերումն ուղղակիորեն հակասում է Ադրբեջանի շահերին»։ Սերգեյ Լավրովը, սակայն, այս կապակցությամբ այլ կարծիքի է. «Մենք զգում ենք, որ կա ամուր տրամադրություն Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման, ինչն օբյեկտիվորեն պետք է նպաստի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերին»։ Այսպես է ասված Լավրովի հայտարարության մեջ։ Այլ կերպ ասած, Ցյուրիխում արվել է ընդամենը մեկ քայլ, բայց շատ կարևոր։
Թարգմանաբար ներկայացնելով այս հատվածը` նպատակ չունենք վիճարկելու, թե ով է ավելի շատ բան արել արձանագրությունների ստորագրման համար` Լավրո՞վը, թե՞ Քլինթոնը։ Նրանք երկուսն էլ գործել են իրենց երկրների շահերից ելնելով։ Բայց այն, որ հաղթողի դափնեպսակը կամ վերմակը կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր վրա քաշել, ցույց է տալիս, որ ռուս-ամերիկյան մրցակցությունը տարածաշրջանում բոլորովին էլ ավարտված չէ։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ