ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է, ԻՍԿ ՆԱՏՕ-Ն` ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈՐՈՎԱԾԱՆՈՑՆԵՐԻ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՐԱԶԱ՞ՆՔ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է, ԻՍԿ ՆԱՏՕ-Ն` ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՈՐՈՎԱԾԱՆՈՑՆԵՐԻ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՐԱԶԱ՞ՆՔ
19.10.2010 | 00:00

Անկախության հռչակման հենց սկզբից Հայաստանը հայտնվեց մի ընդարձակ գոտում, ուր ԱՄՆ-ն ու նրա գործընկերները գաղափարախոսական ներթափանցման ծրագրային քաղաքականություն էին իրականացնում։ Այդ ժամանակ Հայաստանում կառավարում էր դեռևս բավականաչափ փորձ չունեցող քաղաքական երիտասարդ գործիչների մի խումբ, որոնք ջանում էին իրենց քաղաքական դիրքն ամրապնդելու ուղիներ գտնել։ Հայաստանում տիրող այդ վիճակը միանգամայն ձեռնտու էր ԱՄՆ-ին ու արևմտյան ընկերակցությանը, բայց անմիջապես էլ ամերիկացիներն ու նրանց գործընկերները` բրիտանացիները, գերմանացիները և անգամ ֆրանսիացիները, նախընտրեցին Հայաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը կառուցել` ելնելով բացառապես երկու` տարածաշրջանից Ռուսաստանի առավելագույն դուրսմղման և Թուրքիայի շահերի ու նկրտումների համակողմանի խրախուսման գործոններից։ Այս կարգով անցան ամբողջ 90-ական թվականները և 2000-ականների սկիզբը։ Հայաստանին պարտադրվում էին քաղաքական-գաղափարախոսական բնույթի հետևյալ պահանջները. հրաժարվել 1915-ի ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությունից, լիովին հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` լիովին ընդունելով նրա պայմաններն ու, փաստորեն, ենթարկվելով նրան, սահմանափակել հարաբերություններն Իրանի հետ, հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմական ու տնտեսական հարաբերությունների զարգացումից, երկրից հանել ռուսական ռազմական բազան, լուծարել «Դաշնակցություն» կուսակցությունը (որն այն ժամանակ դեռ հայրենասիրական էր համարվում), վերացնել Հայաստանի կենսագործունեության նախկին կառուցվածքային համակարգը, որը շաղկապված էր Ռուսաստանի և տնտեսական նպատակահարմարության նախկին պատկերացումների հետ։ Արևմտյան ընկերակցությունը զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Հայաստանին, ինչը մեծ մասամբ օտագործվում էր ի շահ կառավարող վարչակազմի, ինչպես նաև նպաստում էր կոռուպցիայի տարածմանը, քրեական բնույթի նոր տնտեսական խմբավորումների ստեղծմանը։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շոշափելի ոչինչ չարեցին Հայաստանի պաշտպանունակության ու անվտանգության ապահովման ոլորտում։ Դա հանգեցրեց այն բանին, որ «վակուումի» մեջ հայտնված Հայաստանը, գտնվելով թշնամական շրջապատում, ստիպված եղավ դառնալ Ռուսաստանի գործընկերը` առանց «անվտանգության այլընտրանքային հարաբերության իրավունքի»։ Ամբողջ 90-ականների ընթացքում ԱՄՆ-ը միայն մեկ անգամ` 1992-ին դժգոհություն արտահայտեց և Թուրքիային նախազգուշացրեց Հայաստանի դեմ ագրեսիա կատարելու նրա մտադրության առիթով, ինչը հենց այդ պահին արեց նաև Ռուսաստանը։
2000-ականներին բնորոշ էին շատ իրադարձություններ ու գործընթացներ, որոնք հանգեցրին Արևելյան Եվրոպայի պետությունների հետ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի պաշտպանական հարաբերությունների զարգացման գործի սահմանափակմանը։ Պատերազմներ եղան Հարավսլավիայում, Իրաքում, Աֆղանստանում, ինչը քիչ նշանակություն չունեցավ միջազգային համապարփակ իրավիճակում սկզբունքային ճշգրտում կատարելու համար, ինչին բավարար ուշադրություն չի դարձվում Հարավային Կովկասում արևմտյան ընկերակցության քաղաքականության վերաբերյալ դատողություններ անելիս։ Այդ իրադարձությունները հանգեցրին էական փոփոխությունների ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ և հավանաբար կազդեն միջնաժամկետ հեռանկարում ամերիկյան քաղաքականության վրա։ Եթե դրան հավելենք համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու Չինաստանին զսպելու ուղղությամբ ԱՄՆ-ի նոր խնդիրները, ապա կարելի է պատկերացնել, թե որքան կարող են փոխվել Վաշինգտոնի նախընտրություններն արտաքին քաղաքականության մեջ։ Հարկ է նշել, որ իրավիճակն Արևելյան Եվրոպայում, նախ և առաջ ՈՒկրաինայում ու Վրաստանում, նույնպես նպաստել է ՆԱՏՕ-ին տարածաշրջանի պետությունների ինտեգրման ծրագրերի ձախողմանը։ ՈՒկրաինան ու Վրաստանը, որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու առավել հավանական հավակնորդներ, միանգամայն ակնհայտորեն ցուցադրեցին իրենց պետական ու քաղաքական սնանկությունը և համակարգային քաղաքականություն վարելու անընդունակությունը։ Համակարգային քաղաքականության փոխարեն կատարվել են դեկորատիվ քայլեր, որոնք հանգեցրել են ոչ միայն այդ երկրների ձգտումների, այլև ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության լուրջ ձախողման։ Այս և ուրիշ շատ գործոններով է պայմանավորված ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմի ընդլայնման գործում եվրոպական պետությունների բացասական դիրքորոշումը, դրանք հանգեցրել են այն բանին, որ եվրոպացիների համար անընդունելի են արևելաեվրոպական քաղաքականության առաջնայնությունները։
Հայաստանում, հակառակ շատ հեղինակների մեկնաբանությունների, միշտ էլ հետաքրքրություն է եղել պաշտպանության և անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ գործակցության հնարավորության նկատմամբ, և Հայաստանի ղեկավարությունը, պարտավորություններով կապված լինելով Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, աշխատել է ապահովել երկրի ներկայությունը Արևմուտքի շահերի ոլորտում։ 90-ականներին միանգամայն հասկանալի էր, որ քանի դեռ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում առանձին խնդիրներ չկան, հուսալ, թե ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության ուղղությամբ որևէ շարժ կլինի առանց նրա շահերին վնասելու, անհնար է։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման առաջին նշաններն ի հայտ եկան արդեն 90-ականների կեսերին, դրանք հետզհետե խորանում էին և էլ ավելի նկատելի դարձան Թուրքիայում 1998-2000 թթ. տնտեսական խոր ճգնաժամի ժամանակ, ինչը բացահայտ ճգնաժամի վերաճեց Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում` 2003-ին Իրաքում ծայր առած պատերազմի ժամանակ։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման պատճառն ամենևին էլ Թուրքիայում կառավարող վարչակազմի պարագլուխների քմահաճույքներն ու սուբյեկտիվ նախընտրությունները չեն, այլ Թուրքիայի անվտանգության տարածաշրջաններում նրա քաղաքական ու տնտեսական ազդեցության խնդիրների հետ կապված շատ լուրջ հարցերը, հարցեր, որոնց լուծմանը ԱՄՆ-ը մտադիր չէր նպաստել, ընդհակառակը, իր ավանդական դաշնակցին ամեն կերպ խոչընդոտում էր դրանց լուծման ճանապարհին։ Թուրքիայի նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հավակնությունները, ինչ-որ նորօսմանյան տարածության ստեղծման փորձերը ոչ մի կերպ չեն կարող բավարարել ԱՄՆ-ին, և ո՛չ նա, ո՛չ նրա եվրոպական դաշնակիցները չեն կարող հավանություն տալ այդ հեռանկարին և համաձայնել դրան։ Հայկական գործոնը հայտնվեց բառացիորեն ամերիկա-թուրքական, ավելի ճիշտ` ամերիկա-եվրոպա-թուրքական լուրջ հակամարտության ուշադրության կենտրոնում, ինչը հանգեցրեց այն բանին, որ Հայաստանի համար օբյեկտիվորեն ավելի նպաստավոր պայմաններ առաջանան։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, իհարկե, չկարողացավ օգտվել այդ նոր արտաքին քաղաքական հանգամանքներից, ինչպես չէր կարողանա օգտվել ցանկացած հայկական քաղաքական խմբավորում։ Այդուամենայնիվ, չնայած բազմաթիվ թշնամիների` ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքական դասի և փորձագիտական ընկերակցության ներկայացուցիչների ակտիվ գործունեությանը, որոնց դիրքորոշումը վարձահատուցվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, ԱՄՆ-ի վարչակազմը շատ հմտորեն է Հայաստանը առաջնորդում քաղաքական վտանգավոր խութերի միջով` ձգտելով Հայաստանին նոր կշիռ ու նշանակություն հաղորդել Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքական գործողություններում։
Այնինչ առաջ են եկել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի որոշ փոխպայմանավորվածությունների հետ կապված նոր հանգամանքներ, որոնք ռուսներն ակտիվորեն պրոպագանդում են, ձգտելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մարտավարական քայլերը ներկայացնել որպես ինչ-որ ռազմավարական մտադրություններ։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մարտավարական առումով հանգել են իրենց գործակցության որոշ սահմանի։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ավելի սկզբունքային հարաբերություններ կարող են հաստատվել միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը լիովին պաշտպանի ԱՄՆ-ի քաղաքականությունն իսլամական աշխարհի և, հատկապես, Չինաստանի հանդեպ։ Եթե Ռուսաստանը չգնա այդպիսի ռազմավարական գործարքի, ապա նրա հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կվերադառնան կրտսեր Բուշի ժամանակների իրադարձությունների տիրույթ։ Չի կարելի բացառել նաև այդ հեռանկարը, թեև առաջիկա տասը տարում այդ բանը հազիվ թե տեղի ունենա։ Չինաստանը դեռևս գտնվում է արդիականացման ճանապարհին և իրական սպառնալիք կարող է ներկայացնել միայն 10-15 տարի հետո։ Ռուսները գրեթե հաղթականորեն պնդում են, թե, իբր, ԱՄՆ-ը իրենց է «զիջել» Հարավային Կովկասը և ուրիշ տարածաշրջաններ, ինչին իրենք էլ չեն հավատում։ Ռուսաստանը դադարել է խոր պաշտպանությունում գտնվել և աշխատում է պոկվել առաջ, նվաճելով նոր դիրքեր, բայց պարզվում է, որ իր ավանդական ազդեցության տարածաշրջաններում իրեն ոչ ոք չի սպասում` ո՛չ Հարավային Կովկասում, ո՛չ Կենտրոնական Ասիայում, իսկ ՈՒկրաինան ու Բելառուսն այդպես էլ միանգամայն որոշակիորեն չեն արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարների առնչությամբ։
2010-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան, որն անցավ մեծ շուքով, իրականում դարձավ ռուս-հայկական գործակցության բարձրակետը, բայց այդ պահն արդեն անցել է և «հիմա մենք պիտի գագաթից ցած գանք»։ Իրականում և՛ Հայաստանի նախագահը, և՛ նրա շրջապատը, և, փաստորեն, բոլոր քաղաքականապես ակտիվ խմբերը հասկացան, որ պաշտպանության ու անվտանգության ոլորտում միարժեք ու անայլընտրանքային կողմնորոշումը դեպի Ռուսաստան Հայաստանի համար մահ է։ Այդ գործակցության հետևանքով Հայաստանը ոչ միայն կմնա առանց պատշաճ պաշտպանության ու անվտանգության համակարգի, այլև կկորցնի Ղարաբաղը։ Միայն անուղղելի վարձու «քաղաքական գործիչներն» ու «փորձագետները» հիմա կարող են հակառակը պնդել։ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Ադրբեջանին մատակարարել արդիական սպառազինություն, ընդ որում, անհիմն հայտարարելով, թե ինքը դրանով իսկ երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը։ Եթե հնարավոր լիներ վերծանել Հայաստանի գործող նախագահի գիտակցությունն ու մտքերը, կարելի կլիներ միարժեքորեն համոզվել, թե ինչ մղձավանջում է նա հայտնվել և ինչ սոսկումով է այդ մասին մտածում։ Ինչ վերաբերում է հայոց բանակի գեներալներին, ապա նրանք շատ ավելի հստակորեն են հասարակությանն ու արտաքին աշխարհին ահազանգում, որ հիանալի հասկանում են իրենց դրության անելանելի ծանրությունը` դառնալով Հայաստանի գոյության համար այնքան վտանգավոր ռուսական ռազմավարության իրականացնողներ։ Այժմ կասկած չկա, որ, առանց Ռուսաստանից կտրվելու, հայկական վերնախավը փորձելու է զարգացնել հարաբերությունները եվրատլանտյան կառույցների հետ։
Դեռ 90-ականների վերջին հասկանալի դարձավ, որ Արևելյան Եվրոպայի պետությունները, որոնք աշխատում էին իրենց անվտանգության հարցերը կապել Արևմուտքի հետ, կարող են հույսները դնել ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի վրա` անվտանգության արտաքին գոտի ստեղծելու Եվրամիության շահերի որոշ զարգացման պայմաններում։ Այդ թեման ընկավ մոռացության մշուշի մեջ, անցավ նատոյամետ թմբիրի տատասկոտ ճամփաներով, այնպիսի իրողությունների միջով, որ կոչվում են լուսանցքային վերլուծաբանների փորձեր։ Ի՞նչ է դուրս գալիս. Ռուսաստանն անհուսալի գործընկեր է, իսկ ՆԱՏՕ-ն կովկասյան խորովածանոցների անհասանելի երազա՞նք։
Իրականում Հայաստանի համար ավելի քան նպաստավոր իրավիճակ է ստեղծվել։ Նախ, Հայաստանի քաղաքական վերնախավը հասկացել է, որ անհրաժեշտ է արագորեն փոխել քաղաքական ու մարդկային հարաբերությունների ոճը և վերջ տալ «ղարաբաղյան հաղթանակի» փափուկ բարձի վրա ննջելուն։ Երկրորդ, ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, առայժմ ամեն ինչ կարգին է. նա արել է, ինչ կարող էր, ու հիմա, հետևելով բազմադարյա ավանդույթին, դաշնակիցներին զոհաբերում է հանուն «մեկօրյա քաղաքականության»։ Թե ինչ կարելի է սպասել Ռուսաստանից, միանգամայն պարզ է արդեն, և ավելին սպասել պետք էլ չէ։ Երրորդ, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններն ինչ-որ չափով կարգավորված են, և երկու «բևեռներն» էլ հիմքեր չունեն չափազանց մեծ պահանջներ ներկայացնելու մի փոքր երկրի, որը ձգտում է ապահովել իր անվտանգությունը։ Նախկինում նման իրավիճակ չկար, գոյություն չուներ այնպիսի ենթատեքստ, որը հիմնավորված համարվեր տարածաշրջանային և համընդհանուր անվտանգության առումով։ ԱՄՆ-ը շատ լավ է հասկանում, որ Վրաստանն ու Ադրբեջանը կարող են ԱՄՆ-ին տրամադրել միայն իրենց օդանավակայաններն ու հաղորդակցության ուղիները, բայց շատ կասկածելի է, թե նրանք երբևէ կարող են մարտունակ զինված ուժեր ունենալ։ Հարավային Կովկասում միայն Հայաստանն ունի մարտունակ զինված ուժեր, որոնք կարող էին որպես ԱՄՆ-ի բանակի զինակից մասնակցել տարբեր մարտական գործողությունների։ Ինչ վերաբերում է Իրանին, որը, անշուշտ, ուզում է նոր դիրքեր գրավել Հարավային Կովկասում, ապա նա միշտ դժգոհություն է արտահայտել Հայաստանի և Ռուսաստանի չափազանց սերտ հարաբերությունների առնչությամբ և, շահագրգիռ լինելով այդ երկրների տարազատմամբ, հասկանում է, որ Հայաստանը, որպես ԱՄՆ-ի գործընկեր, սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար, այլ, ընդհակառակը, կարող է պաշտպանել Իրանի շահերը տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծում հետապնդող ենթադրյալ ինչ-որ կոալիցիայում։ ԱՄՆ-ի և Իրանի ներկա հարաբերությունները, չնայած ամեն կարգի «սուր անկյուններին» ու անակնկալներին, այդուամենայնիվ, միանգամայն այլ են, քան նախկինում։ ԱՄՆ-ը և Իրանը մոտենում են որոշ համաձայնության հասնելու հանգրվանին։ Համենայն դեպս, ամերիկյան հանրությունը հասկանում է, որ Իրանի վրա ուժային ներգործությունը պետք է բացառվի, անգամ եթե նրա կողմից ատոմային զենք ստեղծելու սպառնալիք կա, հեռանկար, որը, համաձայն ԱՄՆ-ի առաջատար փորձագետների, ինչ-որ չափով թույլատրելի է։ Իրանին հետաքրքրում է ամերիկյան և առհասարակ որևէ այլ ռազմական ներկայություն (այդ թվում` ռուսական) իր հյուսիսային սահմանագլխին և Հայաստանի տարածքի օգտագործումն իրանական շահերի դեմ։ Որքան էլ իրանական քաղաքական գործիչներն ու դիվանագետները փորձեն Ադրբեջանը և Թուրքիան ներկայացնել որպես իրենց երկրի բարեկամների, Իրանը երբեք թույլ չի տա այդ երկրների դիրքերի ուժեղացում, անգամ նրանց կողմից շատ մեծ ծառայությունների դիմաց։ Այսպիսով, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքում ոչ մի նոր ու անսպասելի բան ի հայտ չի եկել, միայն պետք է ճիշտ բաշխել շեշտադրումներն արտաքին քաղաքականության մեջ։ Տարածաշրջանում (և ոչ միայն) ուժերի ավելի նպաստավոր հաշվեկշիռ է ձևավորվել Հայաստանի համար, և դրանից պետք է օգտվել։
Իհարկե, աշխարհաքաղաքականությունը շատ կարևոր է և կանխորոշում է երկրի ոչ միայն արտաքին, այլև ներքին հանգամանքները։ Բայց ամեն ինչ որոշում է անգամ ոչ թե աշխարհաքաղաքականությունը, այլ կառավարող վարչակազմի ունակությունը` իր երկրի պաշտպանունակության վրա ծախսելու այնքան, որքան պետք է, և ճիշտ վարելու ժողովրդի քաղաքական ու սոցիալական համախմբման քաղաքականությունը` իրական սպառնալիքներին դեմ հանդիման։ Հայաստանից են մեծապես կախված Հարավային Կովկասի անվտանգությունն ու կայունությունը, և շահագրգիռ տերությունները հասկանում են, որ տարածաշրջանի անվտանգության կարևոր գործոնը մարտունակ հայկական բանակն է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ