«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ է մարտի

ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստ է մարտի
24.07.2009 | 00:00

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է
«Յուրաքանչյուր օր, րոպե, վայրկյան մենք պատրաստվում ենք մարտի։ Ահա և այս պահին էլ բանակում իրականացվում են ինչ-որ միջոցառումներ` կապված պաշտպանական մարտերի հետ։ Բանակն այնպիսի կառուցվածք է, որ կարիք ունի մշտական կատարելագործման ինչպես նախապատրաստության, այնպես էլ ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով։ Այն ռազմական տեխնիկան, որն այսօր գոյություն ունի ԼՂՀ պաշտպանության բանակում, բավարար է, որ մենք կատարենք մեր առջև դրված խնդիրները»,- ըստ «Ռեգնում» գործակալության, երեկ Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ։
Ըստ նրա, ԼՂՀ պաշտպանության բանակին անցած տարի հաջողվել էր առաջ տանել իր դիրքերը հյուսիսային ուղղությամբ։ «Եթե մենք համարենք, որ անհրաժեշտ է բարելավել մեր դիրքերը, ասենք` Աղդամի շրջանում, մենք կբարելավենք դրանք, ելնելով զուտ պաշտպանական խնդիրներից։ Այլ նպատակներ չկան։ Ներկա պահին մենք չենք պատրաստվում հարձակման, որովհետև ԼՂՀ պաշտպանության բանակն առաջին հերթին լուծում է պաշտպանական խնդիրները։ Իհարկե, չի բացառվում, որ իրավիճակը դասավորվի այնպես, որ մենք հարձակման անցնելու անհրաժեշտություն ունենանք»,- նշել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը, հավելելով, թե Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակը կանի ամեն ինչ` հակառակորդին խաղաղություն պարտադրելու համար։ Գեներալը չի ժխտել, որ պատերազմի վերսկսման դեպքում նախատեսված է Ադրբեջանի օկուպացրած Շահումյանի և Մարտակերտի շրջանների մի մասի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ծավալում։
ԼՂՀ պաշտպանության նախարարը չի բացառել, որ պատերազմի վերսկսման մասին լուրերը ԼՂՀ-ում տարածվել են օրերս անցկացված զորավարժություններից հետո, երբ ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերը լիարժեք մարտական պատրաստականության վիճակում էին։ Սակայն, այնուհանդերձ, խորհուրդ է տվել այդ կապակցությամբ վստահել պաշտոնական տեղեկատվությանը։ Բանակի համալրման գործընթացը նա համարել է բավարար, միաժամանակ նշելով որոշ նորամուծությունների մասին։ Մասնավորապես, զինվորական երդումից առաջ զորակոչված զինվորներն այցելում են Արցախի տեսարժան վայրեր` Ամարաս, Գանձասար, Շուշի, Ստեփանակերտում գտնվող արցախյան ազատամարտի զոհերի թանգարան, ինչը Մովսես Հակոբյանը խիստ կարևոր է համարում։ «Օրինակ, Ամարասի վանք այցելելով (իսկ այնտեղ բացվել է առաջին հայկական դպրոցը), յուրաքանչյուր հայ գիտակցում է, որ դա մեր հայրենիքն է»,- նշել է գեներալը։ Նրա փոխանցմամբ` ԼՂՀ պաշտպանության բանակի ֆինանսավորումն ընթանում է սահմանված կարգով, և նույնիսկ առկա է աշխատավարձերի բարձրացում։ Մասնավորապես, մարտական հերթապահության մեջ գտնվող սպաներն իրենց գործընկերներից ավելի բարձր են վարձատրվում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին անդրադառնալով` ԼՂՀ պաշտպանության հրամանատարը մեկ անգամ ևս ընդգծել է. «Բոլորը հասկանում են, որ առանց ԼՂՀ ժողովրդի կամքի հաշվառման այս հարցի լուծումն անհնարին է։ Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի դարձել բանակցությունների կողմ, փոխզիջումների վերաբերյալ ինչ-որ հարցեր քննարկելն անհնարին է»։
Տ. ԼԵՎՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ