ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՄԱՀՃԱԿԱԼՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ Է, ԲԱՐՁԸ` ՈՉ»

«ՄԱՀՃԱԿԱԼՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ Է, ԲԱՐՁԸ` ՈՉ»
07.09.2010 | 00:00

Հայտնի պայմանագրով վավերացված հայ-ռուսական անմեղրամիս ու հավերժական ամուսնությունը` «երկուսը մեկ անկողնում», «два в одном» ստացվեց: Լուծեց հայաստանյան արտաքաղաքական-ներքաղաքական բոլոր դիլեմաները: Մեկ փաթեթով:
Պայմանագրի ու 49 տարով երկարացման առնչությամբ (հիշենք` տարիուկես առաջ հենց մեր թերթն առաջինն այդ ինֆորմացիան «արտաբերեց»)` «արժանանալով» հայոց իշխանությունների, անչափ բարձրաստիճան պաշտոնյաների դաստիարակչական-կեղեքիչ «հորդորին»` չգրել, երբեք չգրել այդ մասին («Գրելը երկրի համար օգուտ չէ, մի գրեք, մի վնասեք երկրին»: Բայց գրեցինք):
Երևում էր` ինչ-որ բան, բոլոր դեպքերում, այն չէր: Ըստ ամենայնի, պայմանագիրն այնքան էլ մերոնց սրտով չէր: ՈՒնեինք նաև ինֆորմացիա, որ Սերժ Սարգսյանի նախագահության առաջին իսկ օրվանից (դեռ դրանից էլ շատ առաջ), մեր մայրը` Ռուսիան, առավոտ զարթնում, իր զավակ Հայաստանին սպառնում էր` «ստորագրի իդ բարաթը, յավրիս, թե չէ` տեսա՞ր ոնց մարտի մեկ սարքեցի գլխիդ», գիշերն ինտրիգվում էր` ասինք` ստորագրի, չէ՞: Զի վախենում էր, որ Սերժ Սարգսյանը կվերցնի ու իր սերը Սահակաշվիլու նման կտա արևմուտքներին` «յոթմղոնանոց» ՆԱՏՕ-ներին:
Մի խոսքով. պայմանագիրը վաղուց էր պատրաստ` բոլոր դրույթներով ու «հմայքներով» հանդերձ: Սակայն հայոց իշխանությունը ձգում էր պաուզան` ապահովելով արտաքին քաղաքական մանևրի շատ մեծ դաշտ ու գրագետ խաղ: Սերժ Սարգսյանն էլ իր ռուս «նապարնիկին» (լավ, եթե ուզում եք քաղաքակիրթ` մեր շատ ռազմավարական գործընկերոջը) ասում էր. դեռ ստորագրելու ժամանակը չէ: Այդ իսկ պատճառով էլ «փարդի քամակից» անվերջ նայում ու փորձում էին սոլո մտնել Քոչարյան Ռոբերտ Սեդրակիչը, նաև Հովհաննես Արգամիչը (...բարև ձեզ, պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք, մենք վերադարձել ենք- հեղ.), նրանք «ռազմավարական բարձր նշանակության» այդ փաստաթուղթը նաղդ ստորագրողներն էին: Բայց դե, եղավ այն, ինչ եղավ, համ էլ` ով անցյալը հիշի, աչքը դուրս գա:
Պայմանագրի արտաքին քաղաքական «հմայքներին» դեռ կանդրադառնանք: Իսկ ներքաղաքականի մասով մեկընդմիշտ ֆիքսենք. այն փակեց բոլոր ներքին խաղացողների դռները` վերից վար, սկսած ներհանրապտական, ներկոալիցիոն (ԲՀԿ, ՀՅԴ ներձուլվածքով հանդերձ), ներառյալ մնացած բոլոր քաղաքական ուժերը: Ահավոր երկիմաստ, եթե չասենք` անելանելի, վիճակի մեջ հայտնվեց ընդդիմությունը (չնայած կարելի էր կարծել, որ ՀՀՇ վերջին համագումարում Տեր-Պետրոսյանը, խոսելով Ռուսիո անփոխարինելիության` «դու մեր միակը ճակատագրով»-ականության մասին, գիտակցաբար (՞) օգնեց Սերժ Սարգսյանին` վերջինիս դարձնելով ոչ միայն հայաստանյան, այլև Ռուսիո համար «մեր միակը»` ճակատագրականը): Պայմանագիրը մեկընդմիշտ անկյուն քշեց Ռոբերտ Քոչարյանին` յուր բոլոր արբանյակիստներով հանդերձ:
Ի դեպ, հավաստի տեղեկություններ ունենք, որ պայմանագիրը կնքելու օրերին խիստ մեծ աշխուժություն է տիրել հայաստանյան ռուսոֆիլիայի ակունքներում. բոլորը խիստ աշխուժացած են եղել, կարծել` պայմանագրի կնքմամբ մեզանում կվերջակետվեն բոլոր արևմտամետները` վարչապետով, մնացածով հանդերձ:
Ըստ հայոց «որոշների»` ռուսներն ավելի շատ են ուզել Սերժ Սարգսյանից` թե պայմանագրով, թե «բեզ», քան ստացել են: «ՈՒզումն» առաջին հերթին վերաբերել է գործադրի և ուժային կառույցների, մասնավորապես բանակի և ազգային անվտանգության ծառայության անվերապահ վերահսկողությանը` յուրյանց կադրերով հանդերձ:
Ավելորդ չէ ասել, որ այդ նույն օրերին սեփական լոբբինգով է զբաղված եղել ոչ անհայտ Կառլոս Պետրոսյանը (որը երբեք էլ խաղից դուրս չի եղել, նա մեր մշտական ստվերային խաղացողն է` վասն մայր Ռուս). նա հրովարտակել էր, որ «без пяти минут» ինքն ԱԱ ղեկավարն է (իսկ գիտենք, որ ԱԱ ծառայության ղեկավարի պաշտոնը, ամենայն հավանակությամբ, կզբաղեցնի Արզուման Հարությունյանը):
Փաստորեն, թե այս, թե վարչապետի, թե մնացյալ հարցերում «հսկիչ փաթեթը» մնաց Սերժ Սարգսյանի ձեռքում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ