«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ոչ այնքան մեծ ջանք` նվազագույն հիմարության պայմաններում

Ոչ այնքան մեծ ջանք` նվազագույն հիմարության պայմաններում
11.09.2009 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակակից Հայաստանը ծնունդ առավ ազգային ազատագրական պայքարի արդյունքում, որ հայ ժողովուրդը վարում էր մի քանի տասնամյակ` 1918-ից առաջ։ Ե՛վ Թուրքիայի, և՛ նրա արբանյակների` քրդերի ու կովկասյան թուրքերի հետ ուժերի աննկարագրելի լարված պայքարում ծնունդ առավ հայկական պետականությունը։ Երկրորդ հայկական պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ձևավորվեց երկարատև հոգևոր զարգացման, ձեռքբերումների ու ողբերգական սխալների, հակառակորդի հետ զինյալ պայքարի արդյունքում, որը, ի դեպ, ուներ քանակական ու նյութական գերակշռություն։ Հայերը կարիք չունեն որևէ մեկից շնորհակալ լինելու` տարածք ու այնտեղ հաստատված պետականություն ունենալու համար, հայերին պատկանում է այն, ինչը կարողացել են պաշտպանել ի հեճուկս թշնամիների ու գործընկերների։ Այս կարևոր հանգամանքով է պայմանավորված լինելու հայկական պետականության հետագա զարգացումը։
Ադրբեջանը, իբրև պետություն, էթնոս և հասարակություն, առաջացավ Թուրքիայի ուժեղ հովանավորության պայմաններում և ոչ հրապարակային քաղաքական ծրագրավորման հետևանքով։ Ադրբեջանը չի ստեղծվել մարտի դաշտերում, երկարատև ազգային ազատագրական պայքարի արդյունքում։ Չլինեին նախորդ դարասկզբին Թուրքիայի աջակցությունը և մի շարք ուժային կենտրոնների շահագրգռվածությունը, հայկական ուժերը կոչնչացնեին Կովկասում այդպիսի պետություն ստեղծելու ցանկացած փորձ։ ԽՍՀՄ-ի գոյության ողջ ժամանակահատվածում ազերիների էթնոսը պարազիտական հանրություն էր` հակված հասարակության կառուցման մարգինալ ձևերին։ Ադրբեջանի զգալի ֆինանսական եկամուտները` ածխաջրածինների արդյունահանման և արտահանման արդյունքում, բացարձակապես կեղծ տպավորություն են ստեղծում, թե այդ երկրում առկա է առաջընթաց քաղաքական, տնտեսական ու հասարակական առումով։ Ադրբեջանը, իսկապես, էական նյութական արժեքներ է կուտակում, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի կարելի գնահատել իբրև սկզբունքային զարգացման ցուցանիշ։ «Զարգացման» այդպիսի մոդելը լավ հայտնի է և երբեք չի կարող դառնալ այդ էթնոսի մոդեռնացման նախապայման և վերածել նրան ժամանակակից, քաղաքակիրթ ազգի։
Ադրբեջանը մնում է կոնգլոմերատիվ էթնոս ու հասարակություն, որտեղ չկան իրական համախմբում և պատմական ճակատագրի իմաստավորում։ Ազերիների էթնիկական գիտակցության մեջ Թուրքիան մնում է իրենց գոյության բացառիկ նախապայման ու երաշխավոր։ Վերջին տասնամյակներին ազերիները համազգային խնդիրներից տարանջատվելու «դասական» օրինակներ ցույց տվեցին` նախընտրելով իրենց նյութական գոյությունը պայմանավորել բազմամիլիոն տնտեսական միգրացիայով։ Ընդ որում, այդ դաշտում էլ չցուցաբերեցին սոցիալական ճկունություն և շարունակեցին կապված մնալ աշխատանքի ու կենսագործունեության իրենց ավանդական ձևերին։ Հասարակական պրակտիկան ցույց տվեց, որ խոսք անգամ լինել չի կարող ինչ-որ կայուն և ավանդական պահվածքի մասին ազերիների հասարակության մեջ։ Ավելի շուտ գերակայում են սպառողական և ոչ թե հայրենասիրական տրամադրությունները, իսկ հասարակական-քաղաքական գիտակցության մեջ առկա է շփոթվածություն, միջազգային իրավիճակի բացարձակ չգիտակցում, ինչպես նաև պատրանքներ կապված արտաքին աջակցության հետ։ Ընդհանուր առմամբ ազերիները ցույց տվեցին, որ իրենց մոտ գերակայում է ընդօրինակման մոդելն այն էթնո-հասարակական տիպերի օրինակով, որոնք վաղուց կորցրել են իդեալիստական արժեքները և վերածվել սպառողական հասարակության։ Դրանք ամենից առաջ անատոլիական թուրքերն են և ռուսները, որոնք մեծ մասամբ համադրելի են արժեքային համակարգերի առումով և դարձել են կեղծ եվրոպական զարգացման մոդելի տիպիկ օրինակ, որին բնորոշ են հասարակական գիտակցության ոչ լիարժեք, անավարտ ձևերը, ինչն արտահայտվում է նրանց կրոնական կյանքի դժվար ընկալումներով։
Ազերիների գիտակցությունը տարբերվում է քաղաքակրթական ապակողմնորոշվածության ծայրահեղ ձևերով, ավելին` ֆունդամենտալ մարգինալությամբ։ Ընդ որում, այդ մարգինալությունը բնութագրվում է բոլորովին էլ ոչ բարձր ստեղծագործական լարվածությամբ կամ հերոսական իդեալներով ու ինքնազոհությամբ, այլ «հանգիստ կյանքի» ձգտումով։ Ազերիների էլիտայի առջև բացված են նյութական, ծառայողական ու սոցիալական հաջողության ոգևորիչ հեռանկարներ, ինչը միանգամայն տեղավորվում է նավթային եկամուտների բաժանման համար մղվող մրցակցային պայքարի շրջանակներում։ Ազերիների էլիտան փորձում է ինտեգրացվել և դառնալ համաշխարհային էլիտայի մի մասը, ինչն առանձին դեպքերում հաջողությամբ իրագործվում է։ Սակայն, միաժամանակ, ակնհայտ է դառնում, որ համաշխարհային էլիտաների դարաշրջանը դառնում է անցյալ, և բուն այդ հասկացությունը սկսել է կորցնել իր ավանդական նշանակությունը։ Ըստ այդմ, ազերիները փորձում են թռիչքով հայտնվել արդեն խորտակվող նավի տախտակամածին, չհասկանալով, որ ֆինանսական բազան երբևէ բավարար նախապայման չի եղել համաշխարհային էլիտար ակումբներում մասնակցություն ունենալու համար։ Վրացական էլիտան երկու թե երեք անգամ պատմության ընթացքում ունեցել է համաշխարհային էլիտայի մեջ ինտեգրացվելու շանս, բայց դա ակնհայտորեն նրա ուժերից վեր է։ Առայժմ ոչ մի հիմք չկա պնդելու, թե ազերիների էլիտան կարող է դառնալ Արևմուտքի կամ Արևելքի էլիտաների մի մասը, և նրան առայժմ նախատեսված է սպասարկու բաղադրիչի դեր ռուսական ու թուրքական էլիտաների շրջանակում։ Այս իմաստով, թերևս, կարելի է զուգահեռ տանել հայկական օլիգարխների հետ։
2005-ի աշնանից մինչև 2006-ի աշուն և 2008-ի աշնանից մինչև 2009-ի գարուն տեղի ունեցած իրադարձությունները կառուցվածքային առումով դիտարկելու և, այսպես կոչված, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի բնութագրական գծերը հասկանալու դեպքում, կարելի է տեսնել ազերիների քաղաքական էլիտայի էությունն ու համաշխարհային ուժային կենտրոնների շահերից և դիրքորոշումներից հետևություններ անելու նրա բացարձակ անընդունակությունը։ Ոչ մի հիմք չկա հայկական քաղաքական ղեկավարությանը որևէ առավելություն վերապահելու քաղաքականության իրականացման և միջազգային հարաբերություններում նրա մասնակցության առումով, սակայն միաժամանակ երկու կողմերի միջև մշտական համեմատությունները բոլորովին էլ ճիշտ մեթոդ չեն` պարզելու նրանցից մեկի կառուցվածքային բնութագիրը։ Հայկական ղեկավարության և հայկական քաղաքական դասակարգի ճակատագրական քաղաքական սխալներից մեկն Ադրբեջանի ընդունակությունների և ներուժի ակնհայտ գերագնահատումն է իբրև մի պետության, որն ընդունակ է պահպանելու իր տարածքն ու դիրքերը աշխարհում։ Միանգամայն պարզ է, թե ինչու հայկական առաջնորդների օլիգարխիական և խիստ գավառական մտածողությունն ու արձագանքման ձևերը նախապայման հանդիսացան Ադրբեջանի ֆինանսական հաջողությունների գերագնահատման համար, ինչը շատ կողմերով պայմանավորում է հեռանկարի սպասումները։ Միայն վնասակար մտածողությունը կարող է հանգեցնել նրան, որ հակառակ կողմի ֆինանսական հնարավորություններն ընկալվեն իբրև ինչ-որ էական բան։ Բուրժուական հասարակությունը չի կարող անտեսել ֆինանսական գործոնը, սթափ գնահատել միջազգային քաղաքական խաղերում հիմնական նշանակություն ունեցող գործոնների ամբողջությունը։ «Խաղային հոգեբանությունը», իսկ ավելի ճիշտ, քաղաքական գործընթացները, իբրև խաղ դիտարկելը քաղաքական գնահատականների մշակման լավագույն ձևը չէ, այլ ավելի շուտ բուրժուական հասարակության գոյությամբ պայմանավորված պարտադրված մեթոդ։ Եթե բազմագործոն քաղաքական գործընթացը նույնիսկ խաղի ձև է, դա բոլորովին չի նշանակում, որ այդ խաղի օրենքներն ու օրինաչափությունները ճակատագրական բնույթ ունեն և հանգեցնելու են միայն մեկ սահմանափակ տարբերակի իրագործման։ Միևնույն ժամանակ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ազերիների ղեկավարության գործունեության մեջ բոլոր հաջողությունները, տապալումները և այլն ընկալվում են` ելնելով բացառապես հակառակորդի ֆինանսական հնարավորություններից։ Այդ դեպքում` ի՞նչ նշանակություն ունեն ղարաբաղյան պատերազմի փորձը և, առհասարակ, Ղարաբաղում իրական քաղաքական գործընթացը։ Եվ արդյոք ներկայիս հայկական ղեկավարությունն ունի՞ այդ ամենի վերաբերյալ որևէ պատկերացում։ Մի՞թե այդ փորձը չունի որևէ գործնական նշանակություն և անվերադարձ կորսված է իշխանության համար պայքարի խառնաշփոթում։
Ադրբեջանը շատ ավելի խոցելի պետություն է, քան թվում է։ Նավթագազային ռեսուրսները դարձել են պատճառ լուրջ և մշտական արտաքին միջամտության և միաժամանակ ղարաբաղյան հակամարտության «սառեցման» գործոններից մեկը։ Ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, թե որքան խոցելի է Ադրբեջանի տնտեսությունը։ Արևմտյան հանրությունը, ի դեմս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության, շահագրգռված է, որ պահպանվեն արդեն մշակված խաղի կանոնները, որոնք թույլ են տալիս անարգել ստանալ նավթն ու գազը, ինչպես նաև օգտագործել Ադրբեջանի տրանզիտային հնարավորություններն ամենից առաջ ռազմական տրանզիտի առումով։ Արևմուտքը շահագրգռված է Հարավային Կովկասում իրավիճակի ռազմավարական կոնսերվացմամբ։ Հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո, որի արդյունքում Ռուսաստանը տարածաշրջանում շատ կողմերով հայտնվեց շրջափակման մեջ, և ԱՄՆ-ը հնարավորություն ունի այժմ միանգամայն «լեգիտիմ» ձևով վերահսկելու հարավկովկասյան «միջանցքը» և էներգետիկ ռեսուրսները։ ԱՄՆ-ը մշտապես ներշնչում է ադրբեջանական ղեկավարությանը և ողջ հասարակությանը, որ ոչ թե Թուրքիան, այլ ԱՄՆ-ն ու նրա ՆԱՏՕ-ի գործընկերներն են Ադրբեջանի անկախության ու անվտանգության իրական երաշխավորները։ Սա բոլորովին էլ քարոզչական հնարք չէ, մեծ հաշվով, իրականում այդպես է, եթե նկատի ունենանք Թուրքիայի ինքնուրույն և անկախ պահվածքը տարածաշրջանում, ինչը չի բացառում տարածաշրջանային մեծ պատերազմի հնարավորությունը։ Եվրոպական Միությունը, չնայած ԱՄՆ-ի հետ ունեցած հակասություններին, այս դեպքում միանգամայն աջակցում է նրան և փորձում Ադրբեջանը դուրս բերել Թուրքիայի հովանավորությունից, կապել նրան առաջնահերթ հարաբերություններով արևմտյան հանրության հետ։ Այս պայմաններում Ադրբեջանը ներառված է գլոբալ անվտանգության համակարգի մեջ, ինչը ենթադրում է նաև պարտավորություններ և շատ կողմերով բացառում Թուրքիայի հետ համատեղ լայնածավալ պատերազմ վարելու համակարգային որոշումների կայացումը։
Որքան էլ տարօրինակ է, այդ իրավիճակը ձեռնտու է նաև Ռուսաստանին, որն ամենևին էլ չէր ցանկանա իրական սպառնալիքի դեպքում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև առկա «գաղտնի պայմանավորվածությունների» իրագործումը։ Այս համակարգային մոտեցումն առայժմ գործում է, թեկուզ տարածաշրջանում կարելի է սպասել վոլյունտարիստական ու կամային որոշումների։ Ըստ էության, Ադրբեջանի անվտանգությունը երկու հենարան ունի` Թուրքիայի և Արևմուտքի հետ պայմանավորվածությունները։ Չնայած Ռուսաստանի` Ադրբեջանի նկատմամբ շահագրգռվածությանը, Մոսկվան սկսել է վերջինիս նկատմամբ ճնշում կիրառել բազմաթիվ լծակներով` օգտագործելով հնարավոր հակամարտությունն ադրբեջանա-դաղստանյան սահմանում։ Ռուսաստանը միաժամանակ փորձում է մանիպուլյացիա իրականացնել Ռուսաստանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների կապիտալներով և կառուցում է ադրբեջանական գազն ու նավթը ստանալու բավական բացահայտ քաղաքականություն, ընդ որում, արդեն առանց պայմանների ու զիջումների։ Ադրբեջանը շատ կողմերով կորցրեց Ռուսաստանի հետ վստահելի հարաբերություններ ձևավորելու շանսը և չի կարող հույսեր ունենալ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելու առումով։ Մոսկվայում հասկացել են, որ Բաքվում զիջումներն ընկալում են իբրև ռուսական դիրքերի թուլության նշան և շարունակում վարել երկու կամ երեք «բևեռների» հետ հարաբերություններ կառուցելու անիմաստ ու վատ հաշվարկված քաղաքականություն։ Երկար ժամանակ ադրբեջանական հատուկ ծառայությունները Ռուսաստանի նկատմամբ և բուն Ռուսաստանում լայն քայքայիչ գործունեություն էին իրականացնում, և դա անհետևանք անցնել չէր կարող։ Որոշ պայմանավորվածություններից և Ռուսաստանում հակահետախուզական և հատուկ աշխատանքների նկատելի ամրապնդումից հետո Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի այդպիսի գործունեությունը զգալիորեն սահմանափակվեց։ Այնուհանդերձ, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ նպատակ ունի Ռուսաստանում ստեղծել ոչ թե գործունակ և արդյունավետ լոբբինգ, այլ ներթափանցել պետական և քաղաքական կառույցներ մի քանի ուղղությամբ, էթնիկ ազերիների ու նրանց դրածոների օգնությամբ և լուրջ ազդեցություն ձեռք բերել Ռուսաստանի քաղաքականության վրա` օգտագործելով ֆինանսական հնարավորություններն ու այստեղ ապրող 3 մլն ազերիների առկայությունը։
Բացառված չէ, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Ռուսաստանում Ադրբեջանի այդպիսի գործունեությամբ, բայց միաժամանակ ամերիկացիները չեն կարող բացառել այդ քաղաքականության արդյունքում ռուս և ազերի էլիտաների ինտեգրացիան և ռազմավարական հեռանկարում պետք է զգուշանան Ադրբեջանի հատուկ գործունեությունից ռուսական ուղղությամբ։ Այս գործունեությունը չի կարող չառնչվել Թուրքիայի շահերին, և հենց այդ հանգամանքն է դարձել Ռուսաստանի հակաքայլերի հիմնական շարժառիթը։ Չնայած Ադրբեջանի շահերի լոբբինգն իրականացնող որոշ ռուսական քաղաքական ծրագրավորողների և շահագրգիռ խմբերի ջանքերի, Ռուսաստանը չի կարող ժամանակակից Ադրբեջանն ընդգրկել հուսալի գործընկերների շարքում։ Թշնամությունը Ռուսաստանի և թուրք-ադրբեջանական դաշինքի միջև այնքան խոր է ու հիմնավոր, որ սերտ համագործակցության սպասումները բացարձակապես անհիմն են։ Մոսկվայում չեն կարող չհասկանալ, որ Ադրբեջանի հավակնությունները պայմանավորված են նրա ֆինանսական հնարավորություններով և Թուրքիայի հետ պարտավորեցնող գործընկերությամբ, ինչը շատ վտանգավոր է Ռուսաստանի շահերի համար։ Բավական երկար ժամանակ Ռուսաստանը զգուշանում էր Հարավային Կովկասի ապակայունացման հնարավորությունից, հատկապես տարածաշրջանային հակամարտությունների առումով։ Այժմ Ռուսաստանը հասկանում է և պատրաստ է ավելի մեծ ռիսկերի, որոնք կարող են առաջանալ ինչպես իր քաղաքականության, այնպես էլ այլ պետությունների գործունեության արդյունքում և կարող են հանգեցնել նրա դիրքերի ուժեղացման և հակառակորդների հնարավորությունների թուլացման։
Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններն անհաշտ թշնամական են, և Իրանն Ադրբեջանը դիտարկում է որպես իր հիմնարար շահերին սպառնացող գործոն։ Իրանն իր մասնակցությունն ունի ադրբեջանական հասարակության և պետության ապակազմավորման բազմաշերտ գործունեության առումով, այդ պետությունը մի շարք մանր, իր կողմից վերահսկվող կամ չեզոք պետությունների տրոհելու նպատակով։ Սա բոլորովին էլ էպիզոդիկ կամ իրավիճակային քաղաքականություն չէ, այլ Իրանի քաղաքական ռազմավարությունը։ Իրանում հիանալի են հասկանում Ադրբեջանի խոցելիությունը և, անկախ իրանական քաղաքական գործիչների ու ղեկավարների քաղաքական նախապատվություններից, այնտեղ չի ենթադրվում ադրբեջանական պետության երկարատև գոյությունը առնվազն իր ներկայիս տեսքով։ Այս փուլում Իրանը խնդիր ունի Ադրբեջանում ստեղծելու հաստատուն անկայունության գործոններ` օգտագործելով էթնոկրոնական հանգամանքները։ Ադրբեջանը դարձել է միջկրոնական պայքարի բեմահարթակ, և իսլամական ազդեցության տարբեր կենտրոններ դիտարկում են իբրև նախաձեռնությունների առաջքաշման ու պայքարի ծավալման հարմար հրապարակ։ Այսինքն` Իրանը միայնակ չէ իր գործունեության մեջ։
Հայերի հիմնարար սխալն այն է, որ, փորձելով լուծել ղարաբաղյան խնդիրը, նրանք թույլ տվեցին իրենց ներքաշել արտաքին քաղաքական նախաձեռնությունների բացարձակ ապուշ սխեմաների մեջ, որտեղ Հայաստանի դրությունը դարձավ ավելի քան խոցելի։ Մոռացված են գլխավոր նպատակն ու խնդիրը, ինչը, մեղմ ասած, ադրբեջանական պետության ներկայիս ձևաչափի, նրա սահմանների «սրբագրումն» է։ Հայաստանի վզին են փաթաթված օտար նպատակներ ու շահեր, որոնք ի վերջո կարող են հանգեցնել աղետի, Ղարաբաղի և այլ տարածքների կորստի։ Հարկավոր է հասկանալ, որ Հայաստանի համար պատմական գերխնդիր են ազերիների ներկայիս ագրեսիվ պետությունը վերացնելը և Հարավային Կովկասում նոր, երկարաժամկետ աշխարհաքաղաքական իրադրություն ստեղծելը։ 21-րդ դարի սկզբին հայկական ազգային գաղափարը պետք է դառնա տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերակառուցումը։ Շատ խելացի հայերից մեկը, որ գիտեր գաղափարների ու ծրագրերի արժեքը, ասել է. «Եթե իմ առջև լուրջ քաղաքական գործիչները խնդիր դնեին, ես այն կիրագործեի մինչև որոշակի փուլը, երբ կարիք կլիներ գործադրել ոչ մեծ ջանքեր` նվազագույն հիմարության պայմաններում»։ Միաժամանակ հասկանալի է, որ հայկական քաղաքական գործիչների ներկայիս սերունդը դուրս է մնալու և ընդունակ չէ ստեղծագործական նախաձեռնությունների։ Իշխանությունների և ընդդիմության միջև մրցավազքը` հանգիստ կյանքի երազի հետևից, շարունակվելու է։ Թանկարժեք ժամանակը կորցնելու արդյունքում վերոնշյալ խնդիրների լուծումը կդրվի նոր սերունդների ուսերին։ Եվ դա կլինի իսկապես ճեղքում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ