Ոչխարի վիթխարի հոտն ալիքվում էր անսկիզբ-անվերջ տափաստանում։ Հոտը հորդում էր արևածագից մայրամուտ` առանց պահապան գամփռների ու վերահսկիչ հովիվների։
ՈՒշ երեկոյան լիացած ոչխարները հանդարտ մակաղում էին, առավոտ կանուխ կաթի դեղնաճերմակ շիթերի շաչյունից արթնանում էր տափաստանը։
Նեղաչք ու դեղնամորթ տիրակալները հնագույն իմաստության ժառանգորդն էին, իմաստությունը վաչկատունների դարակազմիկ գյուտն էր, թանձրամիտ դեղնամորթների դիվային հնարամտությունը։
Ասպատակված ցեղի ու երկրի մանչերին գերեվարելով, նախ ածիլում էին գլուխը հայելու մաքրությամբ, նոր-նոր մորթված գառան գոլորշապատ կաշին ագուցում էին մատաղացու գլխին, հետո մի քանի օր արբունք ապրող օտարալեզու պարմանին գամվում էր ցցին` բորբ արևի տակ։ Այնուհետև թաղանթն օտարվում էր, և մանկուրտն անցնում էր ծառայության։ Հայրենիք, լեզու, մայր ու բնաշխարհ պատված էին անթափանց մշուշով։ Մանկուրտն այլևս մեկ աշխարհ ուներ` տափաստանը, շեղաչք տիրակալի անշարժ ու շարժուն ինչքը և բյուրագլուխ հոտի ռունգեր գրգռող բուրմունքը։
Մանկուրտը եզակի բարիք էր տափաստանում, առավել հավատարիմ, քան տանու գամփռը, ասպետորեն սակավապետ և ռանչպարավարի գործուն։ Լուսաբացից արևամուտ նա անընդգրկելի տափաստանն էր յուրացնում և լիասիրտ կերակրում հոտը։ Օրվա պաշարը թեփախառն բաղարջն էր ու հոտած ջուրը։ Այսպես կիսաքաղց, կիսամերկ ու բոկոտն այս առասպելական աշխատավորը ծառայում էր տասը-տասնհինգ տարի, մոլեգին տոկունությամբ։
ՈՒ մի օր անմռունչ նահատակը տապալվում էր։
Հոտը գիշերը տուն էր դառնում, մանկուրտը դառնում էր շնագայլերի կերակուր։
Պատմությունը փաստում է, որ նրանց մեջ հանդիպում էին Միջագետքից ու ավելի հյուսիսային մարզերից գերեվարված տղեկներ։ Հաճախ նրանք թուխ ու սևաչ էին, հաճախ նաև` ցորնամորթ-կապուտաչյա։ Սակայն մշտապես կենսախինդ և ուշիմ։
Հատկապես բարձր էին գնահատվում հայ տղեկները։ Արտասովոր դիմացկունության, ժրաջանության և հավատարմության համար։
Տերդ մեռնի, գիտություն... Մեր թոնրանշխարքային պապ-տատերի զարմացախառն բերկրանքն էր, երբ առաջին շոգեքարշը սուլեց-դղրդաց Լոռվա կուսական բնաշխարհում։ Հետո, երբ առաջին տրամվայը «ժողովուրդների հոր» պատկերով մուտք գործեց քաղաքամայր Երևանի լյումպեն-պրոլետարական թաղամաս (պատմում են մեր պապ-տատերը, որ թաղի խեղկատակները թարմ խոտ են հրամցնում «էլեկտրական ավանակին»)։ Նաև` երբ առաջին սփյուռքահայ-ախպարը եվրակրթված նստուկը ի պահ հանձնեց «Արմենիա» հյուրատան առջև կոշիկներ փայլեցնող աճպարարի սովետական անշուք աթոռակին ու բերանն առնելով նորածիլ վարունգի հաստության «սևամորթ» սիգարը, լուցկու փոխարեն կրակայրիչը հանեց գրպանից։
Տերդ մեռնի, գիտություն... Գերիչ-դյութիչ, գրավիչ-դյուրընկալ արկղիկը, անշառ և անկաշառ համազգային-համապետական, նաև համայնքային-խոհանոցային թնջուկներ է բաղդատում։ Բաղդատում-դատում-դատափետում` Երևան-Էրեբունուց` Լոս, Ապարան-Նիգից` Ելիսեյան դաշտեր, Բանգլադեշ-հարավարևմտյանից էլ Բեյրութ, Բոտսվանա, Բրեստ։
ՈՒ բաժնետեր ենք ազգովին, ծեր ու մանուկ, նախրապան և նախարար, զրպարտիչ ու զորավար, քաղաքական բոմժ և հայրենակցական ակտիվիստ, պորտապարի ծագող աստղ ու երիտկուսակցական վոժդ։
Բաժնետեր ենք ու շահում ենք։ (Արդի Թուր-կեծակին ազատական հովերով տարված Ղազլուխն է, մեր ժամանակի պատիվը, խիղճը, առաջընթացը)։
Շահում ենք ազգովին, գերշահույթներ ապահովելով։ Պանդորայի նորօրյա հրաշքը յուրաքանչյուր հայի տանն է, բազմաբնույթ տարբերակներով հարիր գրպանիդ ու քիմքիդ, խոհանոցում է, ավտոտնակում, շոգեբաղնիքում...
Շահում ենք աննշան մեկ հպմամբ։ Զի օրվա, տարվա, դարի դարդ ու խոհ լուծարքի են ենթարկված, հլու հեռակառավարման սկսնակ պոռնկուհու պես դյուրազգաց վահանակին։ Պանդորայի նորօրյա հրաշքը բուժիչ բալասաններով է ամոքում` բուժակին` Բանգլադեշ-ՀԱԹ-ում, ազգային ջոջին էլ` Բեյրութ-Բոտսվանայում։
Հանրային եթերի դեմքը հանրահայտ Հումորասպառն է, որը համազգային-համերկրային հումորասպանդ է հեղինակում, հետո քիչ շունչ առնում ու հաշվում ստակը ու նոր գրոհ ձեռնարկում, բորբոքում ընդարմացող հույզ ու հույս, կիրք ու կարոտ։
Մարզվում ենք հանրույթով հանդերձ` բազկաթոռին գամված։ Գեներալը ծառայողական ոսկեփայլ սուր նվիրեց նախարարին։ Նախարարը փոխադարձեց գերատեսչական պղնձակուռ վահանով։ Մայրաքաղաքում չի վերանում բրոնզե ու պղնձե արձանների, հուշակոթողների, գերեզմանաքարերի թալանը։
Համապետական-համահանրային խնդիր է զոհասեղան, հայե՛ր երկիր-մոլորակի, փարվեք հանրային էկրանին, ըմբոշխնեք հումորասպանդը, և այլևս չի՛ք սոցիալական տվայտանքներ, բարոյական պահանջատիրություն և նախընտրական երազախաբկանք։
Եվ ո՞վ ես դու, անկախական-ազատական գործազուրկ, կենսաթոշակի անհույս հույսին ապավինած երբեմնի գիտնական այր, թե հաշմված ազատամարտիկ, անկարևոր է, գնահատիր պահի լրջությունը, փնտրիր ու գտիր տոնավաճառային առաջամարտիկ և ցեղակրոն գաղափարակրիչ սեփականատիրոջ հեռուստաալիքը և լուծարքի ենթարկիր կսկիծդ` հոգևոր-մարմնավոր-նյութավոր։ Էկրանին ուլտրազատական դիցուհին է` Ջյուսը, պչրոտ ու թունոտ, սեռամոլոր և գալարուն։ Ցեղակրոն ուսմունքը վերաիմաստավորվել-գերարդիականացել է։ Ցեղի, հավատի, ավանդույթի կորստյան կարոտախտով դարդախորով լինելը պետականորեն չի խրախուսվում։
Երկրի մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո Հանրապետության հրապարակում ազգային մշակույթն ու նրա երևելիներին փառաբանող հսկա պաստառներ են, լրամշակված ուշագրավ դաջվածքներով` պաստառի, երևելու, Մշնախի հովանավորն է այսինչ բանկը։
Եվ ահա տիկին Մշնախի բարձր հովանու ներքո օպերայի և Մայր թատրոնի բեմահարթակներում, անշուշտ, համապատասխան վարձավճարի դիմաց, կարելի է նշել զորօրինակ հարսանքասեղաններից վաղուց վռնդված «ժողերգչի» հիսնամյակը, ամսվա խաշկերույթի, եռամսյակի քյաբաբի, տարվա բոզբաշի դափնեկիրներին։
Հայոց աշխարհի ամենա-ամենա «ռեյծինգային» հեռուստաընկերության գլխավոր դեմքն էլ Նա է` Մարդուկը։ ՈՒ ահա Մարդուկը «գերռեյծինգային» հաղորդաշարում մարմնավորում է Կարմիր Վարդանին` Ավարայրի թեմայով արդիական-ազատական-պահանջարկային թատերախաղում։ Կարմիր Վարդանը` այստեղ տռփախեղդ արու է, Ավարայրը` հասարակաց տան նախասրահ։ Եվ հեռուստաընկերության անդրօվկիանոսյան և տեղական տիրակալների փարիսեցիական առհավատչյաներն առ հանդիսատես, ու գիտեք որտեղ, ալամ-աշխարհ Հայաստանում` Բանգլադեշից Բոստոն։
Կալիգուլան արյունապղծության դիլետանտ է, Ներոնը` հրկիզման գործի կաթվածահար կավատ։ Եթե, իհարկե, վերածնվեին երրորդ հանրապետության քաղաքական-գաղափարական տիրույթներում։ ՈՒր քաղաքական ուխտադրժությունը, գաղափարական միասեռականությունն ու գեղագիտական-չաղհարսանիքային ըմբռնումները խորհրդարանական մշտարթուն պարտամուրհակներ են և կառավարական պարտատոմսեր։
Պորտագալարները, բառային-իմաստաբանական փորկապն ու կիսացնորական ժպիտները հանրային կոյանցքներով ողողում-պարարտացնում են Արարատյան դաշտավայրը։ Տարին անբարենպաստ-խառնակ էր, Գյուղնախի առողջությունն ու հաջողությունը` անբասիր-անսասան։
Բառային-իմաստաբանական բառաշփոթը հանրային կոյանցքներով ոռոգում է բեմահարթակն ու դահլիճը վերաբացվող-ափեափ զարկող քլաբներում։ Խրխինջ առողջ ու կենսալիցք։
Անգամ կենդանաբանական այգու ամենադյուրազգաց հնաբնակին` գետաձիուն է հայտնի` ծիծաղն ու քրքիջը, ինչպես և լացն ու մորմոքը բանական արարածի ամենաբնական և սրտաբուխ զեղումներն են։ Ինքնապարտադրմամբ ոչ լալ կարող ես ու ոչ էլ խնդալ։ Այսպես է անգամ համաշխարհային սամումների (և հայրենական զեփյուռների) նկատմամբ գերդյուրազգաց կազմակերպության քաղպարապմունքներում։
Քլաբներում նորհայկական ամենապարզունակ մտավարժանքը ծիծաղի հրավառության հրաշալի առիթ է։ Ինքնամանկուրտացված հանդիսասրահը խելահեղ քրքջում է ու հուզառատ զկռտում... փրփուրը բերանն առած։
Քլաբյան փրփուր, մանկուրտախաղի համեմունք։
Աշուն է Արարատյան դաշտում, Սյունաց աշխարհում և այլուր։ Աշուն է, ոսկեխունկ սքանչելի մի օրատորիա։ Բոստաններում մարգերը պաշտոնաթողության սեմին են։ Գազարն է ինքնորոշվել պահածոյացման վսեմ տագնապով։ Վարունգն ու լոլիկը ռազմավարական գործընկերներ են մարգում, սալաթամանում ու թթվի տակառում։ Միայն թե խանդոտ նախանձով են աչք դնում սմբուկի սևականաչ ինքնությանը։ Զի սմբուկին չի սպառնում սալաթամանի անարգանքը։ Մանկուրտ-սմբուկն ինքնահրկիզվում-տապակվում է ձեթով լի քինոտ թավայում, հազա՜ր երանի տալով էլիտար եղբայրակցին, ով անդո՜րր սմքում է ճոպանից կախ...
Վարունգը հայի բախտ ունի։ Դե արի ու բանական էակի մեջ բարոյական բան գտիր։ Գարնան հովին օղու բարեպաշտ զուգընկերն ես, ձմռան մութուլուսին էլ սփռոցի ամենաբուրումնավետ ու ցանկալի համալրումը։ Եվ կարծես բավ չեն տանջանքները, որ կրում ես թթվի ծովախորշերում կաղամբի, նեխուրի ու սխտորի դրկիցությունից ու մեկ էլ կիսախմուկ մեկը, բոմժ կամ բյուրոկրատ, քեզ մականունով է պատվում` Խիար։ Կարծես պատգամավոր ես կամ բերդապետ... ՈՒ ոնց է բերում կարմրաորկոր ինքնագոհի բախտը` պո-մի-դոր։
Օգոստոսյան տապ, օգոստոսափառ Ռուսիո կայսր Մեդվեդևի այցը Հայաստան։ Վաղօրոք նախանշված ծրագրի համաձայն` Գյումրի ուղևորվելիս պիտի նաև հաղթահարվեր Լենինգրադյան փողոց-«Շիրակ» հանրախանութ-Աշտարակի խճուղի հանգույցը։ Հանգույցը առևտրաշահ ընթացք է, շարակարգված են գողտրիկ շուկաները, բեռնված լոլիկով ու սմբուկով, նեխուրով ու սխտորով, խիար-վարունգով և, իհարկե, մրգային հրավառությամբ` դեղձի ու տանձի շեղջեր են, խարբազուկի ու սեխի բլրակներ, կանաչեղենի ու տաքդեղի բուրումնալից գրոհներ... Գողտրիկ ու դյութիչ մի բան կա այս ափաչափ շուկաներում։ Ասես երկրի բազմագույն և բազմաբույր աշնան անշրջանակ էտյուդներ են։ Յուրաքանչյուրը մեկ ընտանիքի նեցուկ ու ապավեն։
Բայց ահա հնչում է հրահանգն ի վերուստ. ճիշտ մեկ շաբաթ արգելվում է շուկաների գործունեությունը։ Ըստ քաղաքային և վարչաշրջանային իշխանապետերի, այն կարող էր էապես վնասել ռուս-հայկական ռազմավարական գործընկերությանը և աշխարհաքաղաքական անցանկալի հետևանքներ ունենալ երրորդ հանրապետության համար։
Մեդվեդևը Գյումրիի ճանապարհը բռնեց ուղղաթիռով։ Մեկ շաբաթ վարչաշրջանային և քաղաքային ապօրինության զոհ դարձան տասնյակ առևտրականներ ու հարյուրավոր սպառողներ։
Եղիր հեզ, խոնարհ եզ... Հանրաճանաչ երգահան-երգչի հայտնի տողը իշխանապետերի հորդորն է հանրությանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ