«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հովիկ Աբրահամյանը վերականգնել է նամակագրության ժանրը հայ իրականության մեջ

Հովիկ Աբրահամյանը վերականգնել է նամակագրության ժանրը հայ իրականության մեջ
07.07.2009 | 00:00

ՆՈՐԻՑ ԿՌԻՎ ԷՐ ԸՆԿԵԼ ԳՅՈՒՂԱՑԻ ՀԱՄԲՈՅԻ ՏՈՒՆԸ
Աստծո անցած յոթ օրում Հայաստան եկավ հուլիսը: Այլ կարևոր իրադարձություններ, կարծես թե, առանձնապես չեղան Հայաստանում: Անձրևոտ շոգ է, հոգնած մարդիկ բուռն գործունեության իմաստ չեն տեսնում, կյանքը շարունակվում է` ինքնաբխվելով և առանց հոգեկան խանգարմունքի:
Հուլիսի 2-ին ՀԱԿ-ը հանրահավաք էր հրավիրել` ի նշանավորումն քաղբանտարկյալների մի մասի ազատության: Օրինաչափ քայլ էր` մինչև սեպտեմբերի 18-ն ու 12-կետանոց պլատֆորմի քննարկումները: Այս ընթացքում քիչ էր մնում արդեն կասկածներ ծագեին, որ հասարակությունն իրապես բաղկացած է «քույրերից» ու «եղբայրներից», ում սիրով դիմում էր ՀՀ նախագահն իր երդմնակալության օրը` կոչելով միմյանցից տարանջատող պատերը քանդել, քիչ էր մնում նույնիսկ կասկածեիր, որ ոստիկանությունը վերջապես հիշել է ու վերադառնում է իր բուն գործին, բայց հուլիսի 1-ը եկավ ցրելու անտեղի կասկածները` հանրահավաքից առաջ նույն փակ ճանապարհներն ամբողջ հանրապետությունում, նույն բռնարարքները` նույն ձեռագրով: Արդեն ձանձրալի է դառնում, կարելի էր նոր ձևեր էլ մոգոնել: Ազատազրկման մեջ նույնիսկ Մյասնիկ Մալխասյանն է հռետորի գործը սովորել ու հակառակ իր դանդաղկոտ խոսքի` կրակոտ ճառեր է արտասանում, հանրահավաքում նա ասաց. «Անգամ մեր հակառակորդ ադրբեջանցիները կերազեին, որ մի օր բանտարկված տեսնեին արցախյան ազատամարտի մասնակիցներին, արցախյան ազատամարտի լեգենդար մարտիկներին, որը կատարվեց մեր իշխանությունների ձեռքով: Սա ամենաամոթալի արարքն է, որ մեր պատմության էջերից չի ջնջվելու»: Իսկ Ալիկ Արզումանյանը, հակառակ այս ամբողջ ընթացքում իշխանության ստեղծած հայհոյախոսի իմիջի` հանդես եկավ կատարյալ երազողի ելույթով. «Մենք պայքարում ենք մեր ազատության համար, և ազատությունը մեր սրտերում է: Ոչ մի Սահմանադրություն, ոչ մի օրենք, ոչ մի դատարան չի կարող սպանել այդ ազատությունը, մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր սրտերը լի են ազատությամբ»: Այսինքն` գործնականում իսկապես պայքարն անվերջ է:
Հունիսի 29-ին էլ աշխատանքային այցով Բաքվում էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` համագործակցության ու տարածաշրջանի զարգացումը քննարկելով: Դե, ինքներդ որոշեք` ինչի մասին կարող էին նրանք խոսել առանց վկաների: Հավելենք, որ հուլիսի 6-ից էլ սկսվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առաջին պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Ով էլ ինչ ասի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնում հասել է մի անուրանալի հաջողության` վերականգնելով նամակագրության ժանրը հայ իրականության մեջ: Ինքն է գրում, իրեն են գրում: Ցավոք, ժանրն առայժմ զարգանում է անպատասխան կապի սկզբունքով: Այս շաբաթ էլ նրան անպատասխան նամակ էր գրել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, հիշեցնելու, որ ինքը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ է և ուղղակի պարտավոր է մասնակցել հուլիսի 3-8-ը Փարիզում կայանալիք վեհաժողովին, մինչդեռ Փարիզ մեկնող պատվիրակության կազմում իր համար շատ անակնկալ պարզել է, որ ընդգրկված չէ:
Պատգամավորի «անվարան պատրաստակամությունը», սակայն, հանդիպել է ԱԺ նախագահի նույնքան անվարան անտարբերությանը: Պարզապես ամեն շաբաթ Ֆրանսիա գնալու ավանդույթ է ձևավորվել ԱԺ նախագահի աշխատակազմում, իսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անհարմար է Եվրոպա գնալ մեծ պատվիրակությամբ, և հետո էլ` քանի որ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով ոչ մի կերպ հնարավոր չեղավ Փարիզ հրավիրվել, ստիպված գնաց աշխատանքային այցով` վեհաժողովին մասնակցելու, բայց, դե, մի շաբաթ շոգ Փարիզում ի՞նչ պիտի անի Հովիկ Աբրահամյանը, ինչքա՞ն կարելի է պտտվել Լուվրում ու Սենայի վրա, ստիպված հանդիպելու է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակուայեին ու Սենատի նախագահ Ժերար Լարշեին, ուրեմն` Ստյոպա Աաֆարյանին տաներ, որ ի՞նչ... Հասկանալ է պետք:
Համաշխարհային բանկը 60 միլիոն դոլարի վարկ է հատկացրել Հայաստանին. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում` առաջարկվող երեք տարեկան գործառնությունների շարքերը սատարում են Հայաստանի երկու ռազմավարական նպատակներին` ներկա ցնցումների նկատմամբ խոցելիության մեղմում` անապահով խավի պաշտպանության և մարդկային կապիտալի առավել զարգացման միջոցով և մրցունակության բարելավում` ավելի լավ կառավարման և ներդրումային միջավայրի խոչընդոտները վերացնելու միջոցով»` ըստ ՀԲ հայտարարության, վարկը տրվում է 20 տարով, 10 տարի արտոնյալ ժամկետով: Դե, թող մեր ժառանգները պատասխանեն իրենց հայրերի լավ ու վատ գործերի համար:
Փորձագետների միավորումը «Տհաճ եթեր» մրցանակը շնորհեց Հ1-ին, 110 փորձագետներ 17 հեռուստաընկերությունների մոնիտորինգով Հանրայինն են համարել ամենատհաճը: Որ հեռուստաընկերությունն էլ համարվեր ամենատհաճը, ոչ մեկի համար զարմանալի չէր լինի, զարմանալին հիմնավորումն է` «Հանրայինն ուղղակի պարտավոր է լավը ցույց տալ, որովհետև «Հ1»-ն ուղենիշ է»: Չափանիշների ինչ անկում է պետք, որ «Հ1»-ն ուղենիշ դառնա, ուրեմն մեզ ոչ ուղի է պետք, ոչ ուղենիշ, ոչ ուղեկից: Մի հարցում փորձագետներն անխոցելի են` եթե մյուս հեռուստաընկերությունները ֆինանսավորման այլ աղբյուրներ ունեն, «Հ1»-ը պետական բյուջեից է ֆինանսավորվում, բոլորիս վճարած հարկերից, բայց ծառայում է հասարակության 0,000001 մասի շահերին միայն: Սա էլ է շատ տրամաբանական ու շատ բացատրելի առեղծված, բայց որքանո՞վ է ընդունելի, երբ մտնում են քո գրպանը և առանց քեզ հարցնելու քեզ են մատուցում իրենց քաղաքական ու գեղագիտական ճաշակին ու քիմքին հաճո անհեթեթություններ:
Աբովյան փողոցում լեզվի ինստիտուտի շենքը քանդելուց հետո վերջապես ազատ երևաց կիսապահպանված մատուռը` այն ամենը, ինչ մնացել է 13-րդ դարի կառույց սուրբ Կաթողիկե եկեղեցուց: Մի քանի տարուց այդտեղ կլինի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի աթոռանիստը: Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը կպահպանի հոգևոր մայրաքաղաքի կարգավիճակը, ուղղակի Վեհափառը Երևանում էլ նստավայր կունենա: Սուրբ Աննա եկեղեցու և կաթողիկոսի նստավայրի հողօրհնեքի արարողությանը, ի թիվս բարձրաստիճան պաշտոնատարների, շատ քիչ շարքային մահկանացուներ կային, նրանց ավելի գրավում էր այն փաստը, որ կվերականգնվի եկեղեցին, որտեղ ութ դար աղոթք է հղվել առ Աստված` զորացնելով մատուռի կիսասև պատերն անգամ:
Հուլիսի 5-ին Սահմանադրության օրն էր, չգիտակցված, չընկալված, չնշված տոն, որի առիթով ՀՀ նախագահը մի անհավես ուղերձ էր հղել մեզ բոլորիս` առ այն, որ Սահմանադրության ուժը հիմնվում է յուրաքանչյուր քաղաքացու կամքի վրա:
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր... դե, ինչ կուզենան համբոները մեր օրերում` դառնալ նախագահ: Կարևոր չէ` ինչի ու ինչպես: Նախագահ` գեղեցիկ է հնչում: Հուլիսի 4-ին գրողների միությունն արտահերթ համագումար արեց` նախագահ ընտրելու: Հին ու նոր ամբիցիաների պատերազմ էլ չեղավ` մարտն ի սկզբանե շահած էր մի կողմի և տանուլ տված` մյուս կողմի համար: Զավեշտ` բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, որը երևի մոռացել է բանաստեղծությունն ինչ է, հանդես էր գալիս արդարություն վերականգնողի դերում և ուզում էր, որ գրողների միությունը հարգի իր կանոնադրությունն ու երկու տարին մեկ համագումար անի: Պատկերացնո՞ւմ եք` ինչ բուռն գործունեություն հայ գրողի համար, որ հազիվ մի կերպ իր համար տեղավորվել է ալպիական մանուշակի առէջներում ու... Իսկ ով չի տեղավորվե՞լ: Ով չի տեղավորվել` արդար ընդվզում է էդ կյանքի դեմ: 1994-1996 թթ. գրողների միության նախագահ եղած Ռազմիկ Դավոյանն ուզում է նորից նախագահել կառույցը` միակ մտահոգությունը ծառայել գրողներին: Երկու տարում ծրագրածն ակներևաբար չի հասցրել ու օրինաչափորեն ուզում է շարունակել: Ազնիվ ցանկություն է, շատ էլ ժողովրդավարական, բայց երկիրը դեռ այդ մակարդակին չի հասել: Մարդասիրության ու գրողասիրության նրա անհասկանալի պոռթկումը մնաց չընկալված. կամ գրողներն իրենց շահը չեն հասկանում, կամ իրենց նման ծառա պետք չէ, կամ Լևոն Անանյանը պիտի ոչ թե 8, այլ ևս ու ևս մի քանի տարի նախագահի: Արտահերթ համագումարին 274 մասնակցից 197-ը կողմ էին Լևոն Անանյանին, 29-ը` Ռազմիկ Դավոյանին, 48-ը ձեռնպահ էին: Հայ գրողներն ու Հայաստանի գրողները կշարունակե՞ն անկախ միություններ ունենալ, «Գրական թերթը» մի քանի հարյուր օրինակ տպաքանակը կհաղթահարի՞, թե՞ վաստակած հանգստի կանցնի կամ կմնա միայն հեղինակների ընթերցանության նյութ, ու, ընդհանրապես, ավարտվե՞ց Համբոյի տան կռիվը, հայտնի չէ: Մի քանի օրից նոր ինտրիգներ ու սկանդալներ կսկսվեն, ավելի ճիշտ` կշարունակվեն հները. գրողներ են, մի զբաղմունք պիտի ունենան:
Ինչպես, ասենք` Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նրա ամեն մի ասուլիսից հետո ուզում ես կախվել. ուրեմն` ոչ մի ազնիվ մարդ չկա՞, ու գողեր են բոլո՞րը... Այս երկրի որ ոլորտն ուսումնասիրեց` պետական միջոցների յուրացումներ ու յուրացումներ... Իսկ հետո՞... 2007-2008 թթ. Արմավիրի մարզպետարանի գործունեությունն ուսումնասիրած Իշխան Զաքարյանը հունիսի 30-ի ասուլիսում մարզում հողը ջրի գնով (սա պետք է հասկանալ փոխաբերաբար, որովհետև հիմա արդեն ջուրն էլ կրակի գին ունի) վաճառքի ու գյուղմթերքի փոխարեն սև ավազ արտադրելու փաստերը մեջտեղ հանելուց հետո էլի երկար թվարկեց ինչեր են եղել. 10 հեկտար հողը վաճառվել է 35438 դրամով` մեկ հեկտարը, համայնքի բյուջե մուտք է արվել 354000 դրամ, իսկ մեկ օր անց նույն հողը վաճառվել է 3 900 000 դրամով, քաղաքաշինության մասով 2,3 միլիարդ դրամ հատկացումից 906 միլիոնի ծախս է ստուգվել և 86 միլիոնի խախտում է հայտնաբերվել և այլն, և այլն: Ամենայն հավանականությամբ Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, որ Հովիկ Աբրահամյանի հրամանով, առանց մրցույթի ԱԺ գործերի կառավարչի տեղակալ է նշանակվել, լսում էր նրան ու մտքում հաշվում` բոլո՞րն ասաց, թե՞ մի քանիսին տեղյակ էլ չի կամ չի ասի: Բայց կարևորը Ալբերտ Հերոյանի հաշվարկները չեն, այլ այն հարցի պատասխանը, թե ՎՊ-ի այդ աշխարհացունց բացահայտումներից հետո ի՞նչ է լինում: Եվ ո՞ւմ օգտին:
Կամ էլ` Իշխան Զաքարյանի պես զբաղմունքի փնտրտուքներում Արմեն Ռուստամյանը հայտնաբերում ու հայտարարում է, որ ՀՅԴ-ի դուրս գալը կոալիցիայից օգտակար է եղել Հայաստանին, օրինակ, կասեցվել են հայ-թուրքական բանակցությունները, որոնք ազգային շահերից չէին բխում (սա էլ, իհարկե, քննարկման նյութ է` ինչն է բխում ազգային շահերից, ինչը չի բխում, բայց այլ քննարկման թեմա է): Նույնիսկ արտաքին գործերի նախարարն է հաստատում, որ այդ բանակցությունները 2008-ի սեպտեմբերից էին սկսվել, ՀՅԴ-ն ինչո՞ւ այդքան ժամանակ օգտակար չէր լինում Հայաստանին` հաստատուն մնալով կոալիցիայի կազմում, ուրեմն և համաձայն լինելով վարվող ներքին ու արտաքին քաղաքականությանը: Կամ էլ` Հրայր Կարապետյանը, որ «ազգային զգայուն քաղաքականության» պահպանման կողմնակից է և ՀՅԴ-ն համարում է գաղափարական ընդդիմություն, ոչ թե ռևանշիստական, որովհետև ՀՅԴ-ի խնդիրը չէ ամեն գնով հասնել իշխանության (իսկ գուցե վերջապես դո՞ւրս գալ իշխանությունից), այլ պետական, ազգային քաղաքականությունը բխեցնել իրենց գաղափարներից:
Մշակույթի երեք նախկին նախարարների, որոնցից երկուսը հիմա նաև իրենց երկրների դեսպաններն են Ռուսաստանում, հերթական նախաձեռնությամբ Երևանում, Ստեփանակերտում, Բաքվում եղավ պատգամավորներից, մշակույթի գործիչներից ու լրագրողներից կազմված պատվիրակությունը: Երեք մայրաքաղաքներում նրանց ընդունեցին նախագահները: Յուրաքանչյուրն իր տեսակետը շարադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մի քանի տարի առաջ անհնար էր նման պատվիրակության ձևավորումն ու նման գաղափարի գոյությունը: Ինչ-որ բան փոխվել է, բայց դեռ ոչ ոք չի կարող ասել` ինչ: «Մշակույթի մարդիկ հնարավորը պիտի անեն` մթնոլորտը փոխելու Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև», ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Նա կարծում է, որ մշակույթի երեք նախկին նախարարները, ներկայում երեք դեսպանները, հավաքվել են` օգնելու երկու ժողովուրդներին, բացատրելու մարդկանց` ինչ է կատարվում Ադրբեջանի ու Հայաստանի միջև: «Մենք բնավ չենք խառնվում ու չենք կարող խառնվել նախագահների վարած քաղաքական ու ռազմական բանակցություններին: Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շատ կարևոր ու պատասխանատու մաս է դա, որին մշակույթի մարդիկս չենք ցանկանում խառնվել»: Նրա գնահատականով` կայացած հանդիպումներից հետո ակնհայտ են դարձել հոգեբանական բազում հիմնահարցեր. ոչ պատերազմի, ոչ խաղաղության 15 տարիներից հետո էլ մարդիկ միմյանց դեմ լարվածություն ունեն: Ռուսաստանում, սակայն, հայերն ու ադրբեջանցիներն ապրում են կողքկողքի, վստահում են միմյանց, համատեղ բիզնես ունեն: Եվ եթե այլ երկրում նրանք կարող են միասին ապրել ու աշխատել, ուրախանալ կյանքով, ինչո՞ւ երկու ժողովուրդները նույնը չեն կարող անել: Շվիդկոյը, իհարկե, այս հարցը տեղին է բարձրացնում, բայց անհասցե: Երևի պատասխանը կգտնվի այն ժամանակ, երբ միևնույն քաղաքի մասին Ադրբեջանում Խանքենդի, Հայաստանում Ստեփանակերտ չեն ասի:
80տարեկանում Մոսկվայում վախճանվեց Լյուդմիլա Զիկինան: Չնայած պատկառելի տարիքին` իր իսկ հոբելյանին նվիրված համառուսաստանյան մեծ հյուրախաղերից առաջ: Գուցե նրա մահն ինչ-որ պահ կանգնեցրեց Վոլգայի ընթացքը` ռուսական մայր գետի, որի մասին այնքան հուզիչ երգում էր Զիկինան, իսկ գուցե` ոչ:
ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ այս ամառ իր նախարարներին «խնդրեց արձակուրդներ չծրագրել»: Երևի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համերաշխությունից ելնելով, ավելի ճիշտ` երկրի վիճակից ու լուծելիք խնդիրների կարևորությունից: Նախարարները նրան հասկացան: Անծպտուն: Մեծ երկիր է, իր շահը լավ գիտի:


Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ