ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԻՆՉԻ՞Ց Է ԴԱՌՆԱՑԱԾ ԿԱՍՊԱՐՈՎԸ

ԻՆՉԻ՞Ց Է ԴԱՌՆԱՑԱԾ ԿԱՍՊԱՐՈՎԸ
15.10.2010 | 00:00

Վերջին շրջանում «Դրուգայա Ռոսիայի» շրջանակներում բուռն ընդդիմադիր գործունեություն ծավալող աշխարհահռչակ շախմատիստ Գարրի Կասպարովը երեկ հայկական ԶԼՄ-ներից մեկին նույնքան լիբերալ ու էքսկլյուզիվ հարցազրույց էր տվել:
Վիճելի շատ բաներ կային հարցազրույցում, բայց հարգանքն իր անձի նկատմամբ թույլ չի տա անգամ հարցնել` փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրությունը ցանկացած մեկի, ցանկացած երկրի սուվերեն իրավունքն է, ինչի համար էլ պայքարի է ելել ու համարձակ միտինգներ է անում է մեր սիրելի հայրենակից Գարրի Կասպարովը, էլ ինչո՞ւ պահանջել որևէ մեկից` քվեարկել այսպես կամ այնպես: Կոնկրետ դեպքում, հօգուտ Կարպովի: ՈՒ «մի քիչ նեղանալ», որ մի կողմում ինքն էր, մյուսում` Իլյումժինովը: Երբ կարող էր հակափաստարկն էլ աշխատել, մանավանդ որ Իլյումժինովի ՖԻԴԵ-ի նախագահ եղած տարիներին, վերջինիս անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ Հայաստանում անցկացվել են համաշխարհային նշանակության բավականին թվով միջոցառումներ` շախմատի 32-րդ օլիմպիադա, աշխարհի երիտասարդների երեք առաջնություն, «Գրան պրիի» տղամարդկանց և կանանց մրցաշարեր...
Այնուհանդերձ, հարցազրույցի մի դրվագ մեզ շատ հետաքրքրեց, ուստի փորձեցինք ճշտել. իսկապե՞ս այդպես է եղել:
Խոսքը վերաբերում է Գարրի Կասպարովի այն մտքին, թե «Եվրոպայի շախմատային միության նախագահի ընտրություններում Հայաստանը դեմ քվեարկեց բուլղարացի Սիլվիո Դանաիլովին և պաշտպանեց Թուրքիայի կողմից առաջադրված Ալի Նիհաթ Յազիչիի թեկնածությունը: Արդյունքում Դանաիլովը հաղթանակ տարավ, սակայն հարցը դա չէ: Ինչպե՞ս հասկանալ այդ տարօրինակ փաստը»:
Պարզվում է` «փաստն» ամենևին էլ փաստ չէ և չի համապատասխանում իրականությանը: Եվ Եվրոպայի շախմատային միության նախագահի երկու շաբաթ առաջ կայացած ընտրություններում Հայաստանը պաշտպանել է Սիլվիո Դանաիլովի թեկնածությունը, ինչի մասին հայտարարվել է նաև հեռուստատեսությամբ: Ավելին, Հայաստանը փորձել է անել ամեն ինչ, որ թուրք թեկնածուն հանկարծ չանցնի:
Ընդ որում, ընտրություններից անմիջապես հետո Դանաիլովը հատուկ շնորհակալություն է հայտնել հայաստանյան պատվիրակությանը` իրեն աջակցելու համար:
Ավելին, եվրոպական այդ ընտրությանը հայաստանյան կողմից մասնակցած Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է հոկտեմբերի 16-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի ակումբային առաջնության վճռաբեկ հանձնաժողովի նախագահ (հիշենք, որ այդ նշանակումը բացառապես Դանաիլովի իրավասության շրջանակներում է), իսկ առաջնությանը մասնակցելու է Երևանի «Միկա» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի բոլոր առաջատար շախմատիստները` Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը...
Այսպիսի «փաստեր»:
Իսկ որ Գարրի Կասպարովին պետք է Հայաստան հրավիրել, պետք է գնահատել նրա անուրանալի վաստակը շախմատի ու «մնացածի» ասպարեզում, պետք է սիրել ու գուրգուրել նրան, որպես մեր հայրենակցի, կարծում ենք` երկրորդ կարծիք լինել չի կարող:
Եվ «հրավիրող կողմն» այս մասին կմտածի: Կմտածի արագ և գործնական «քայլերով»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ