Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ընդունեք պատերազմը, որպես իրողություն, որը կա և իրական է

Ընդունեք պատերազմը, որպես իրողություն, որը կա և իրական է
09.09.2023 | 07:28

Ադրբեջանը ռազմական էսկալացիոն փուլը սկսեց հենց Երևանի ավագանու քարոզարշավի մեկնարկին համընթաց: Այսօր մոտալուտ պատերազմի մունետիկները շատ են և իրավացի՝ իրենց զգուշացումների մեջ: Պատերազմի աղաղակումն այս փուլում ինձ համար բացարձակապես քաղաքականապես սնանկ և բարոյապես ավարտված իշխանության դեմ օգտագործելու ու ևս մեկ անգամ «պատերազմը մեր դուռը հասցնելու» հանգամանքը նրանց դեմ ուղղելու հնարավորություն չէ և գոնե ինձ համար երբևէ այդպիսին չի եղել, որովհետև դա փաստ է, ոչ միայն քաղաքական փաստ, այլ նույնիսկ գիտականորեն ապացուցելի իրողություն:

Ամեն բան աննկարագրելի վտանգավոր է և ազատ անկման ռեժիմում, իսկ սրանց ԺԵԿ-ի պետ դառնալու շապիտոն՝ անհամատեղելի մեր անվտանգային իրավիճակի հետ:

Այս փուլում կարևորը պատերազմի իրական վտանգի խոր ընկալումն է, որը մեր հանրության որոշ մասը վանում է իրենից իր կենցաղապաշտության արդյունքում, իսկ իշխանությունն էլ օգտվում է այդ հանգամանքից՝ առավել խորացնելով և տուրք տալով հանրային որոշ զանգվածների այդպիսինը լինելու բնույթին: Արդյունքում՝ պատերազմի վտանգի հանգամանքը իշխանությունը օգտագործում է ոչ թե հանրությանը գերմոբիլիզացնելու և դրան դիմակայելու առումով, այլ վտանգն արձանագրելու և այդ ուղղությամբ հանրությանը ժամանակի-տարածության-իրողությունների մեջ չխորանալու և ապակողմնորոշելու, այսինքն կենցաղավարության ռեժիմի մեջ պահելու մեթոդաբանությամբ:

Դա անելու ժամանակն ու մաքսիմալ էֆեկտ ստանալու պատեհ պահը ևս ճիշտ է ընտրված, քանի որ Երևանը քաղաքապետ է ընտրում: Կենցաղավարության մեջ հանրությանը մտցնում է ընտրարշավը, մամուլի և սոցցանցերի հերոսները թեկնածուներն են՝ իրենց խոստումներով, սկանդալներով, մրցակցությամբ, բամբասանքով և այլն: Օրհասական անվտանգային խնդիրներից շեղելու և դրանց վրա երկար չֆիքսվելու մեդիա և սոցկոնտենտը ևս իր գործն անում է:

Այդ ընթացքում թշնամին մոտենում է և դիրքավորվում է ՀՀ սահմանների ողջ երկայնքով շատ ավելի արագ, քան քաղաքապետի թեկնածուներն են ռուպրներով քայլում Երևանի փողոցներով: Երկրի ղեկավարն էլ, թերթի թղթակցի մակարդակով, ֆիքսում և «ավետում» է այդ հանգամանքը կառավարության նիստի ժամանակ կամ սուբվենցիոն ծրագրերի միջոցով արված այս կամ այն նախագծերի ներկայացմամբ փորձում է մարզերում շրջելով վերականգնել իր փոշիացած լեգիտիմության փշրանքները՝ անձամբ սեղմելով բոլորի ձեռքը, ում բերել են: Զրո ուղերձ՝ սեփական ժողովրդին, զրո մոբիլիզացիոն տոնայնություն, զրո կանխարգելման շեշտադրումներ՝ ուղղված թե՛ ներքին, և թե՛ արտաքին լսարանին, այլ միայն «խաղաղություն-հանձնում» թեզի այլևս անպետք, ամոթալի կրկնություն:

Այս ամենը պատահական չի արվում, արվում է ֆոնային մառազմի ապահովման համար, ներքին լսարանները քիչ, թե շատ կառավարելի պահելու համար, հանրային պանիկա և պահանջատիրութուն չստեղծելու համար և, վերջապես, իշխանություններից այս իրավիճակի համար հաշիվ պահանջելու ալիքը վերահսկելի պահելու համար:

Այս փուլում ոչ թե պատերազմի իրողության վանումն է օգտակար մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար, այլ դրա իրական ընկալումն ու դրան պատրաստ լինելը: Իշխանության գերխնդիրը այդ իրողության նկատմամբ հասարակությանը անպատրաստ, կոտրված, կամազուրկ, թույլ պահելն է՝ իր մեղքի քողարկման և հետագա արդարացումների, սուտ թեզերի տարածման, ինչպես նաև միակ մեղավորը չդառնալու համար: Վտանգը կարելի է մեղմել, երբ յուրաքանչյուրս պատերազմն ընդունենք իրական և խորությամբ ընկալենք այն՝ դրան դիմադրելու, պատրաստ լինելու կամքով: Այս պարագայում է միայն հնարավոր դիմակայել, իսկ վտանգի հոգեբանական վանումը կործանիչ է:

Ընդունեք պատերազմը, որպես իրողություն, որը կա և իրական է: Ընդունումից հետո միայն հնարավոր կլինի ոչ թե խուսափել դրանից, այլ գոնե պատրաստ լինել ու դիմակայել դրան: Սրանք սպառված, անպիտան և ավարտված են վերջնականապես և մի մոտալուտ օր այլևս չեն լինելու: Գոնե մենք պետք է մնանք ադեկվատ և պատասխանատու՝ մեր երկրի, տուն ու տեղի և սերունդների համար:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ