«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արցախը պայքարում է, Արցախը հառնելու է

Արցախը պայքարում է, Արցախը հառնելու է
30.08.2023 | 20:33

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը վավերագրել է պատերազմի ողջ ընթացքը։ «Պատերազմի աչքերը» խորագիրը կրող ցուցահանդեսի շնորհիվ նա ամենուր` Հայաստանում և Սփյուռքում ներկայացրել է, թե ինչպես է մաքառել հայ զինվորը` մեզ թշնամի ունենալով ոչ միայն երկու ցեղասպան, հայատյաց պետություններին , այլև նրանց դաշնակից հակահայ երկրներին ու տարածաշրջան բերված ահաբեկիչներին։ Այդ լուսանկարներն արդեն պատմական վավերագրեր են:

Պատմության վավերագիր են նաև հենց այս ծանրագույն օրերը, երբ ամեն րոպեն մի քանի դար է թվում։

Արդեն 262 օր շրջափակման մեջ գտնվող Արցախը դիմակայում է թշնամուն ու աշխարհի անտարբերությանը` պարտադրելով սեփական հողում ապրելու իր երկաթյա կամքը։

Թշնամին իր նավթով ու խավիարով գնում է ամեն արժեք։ Լինելով ցեղասպան` ներկայանում է հումանիստ` «մարդասեր»։

Միջազգային «Կարմիր մահիկի» միջոցով ուղեբեռ է ուզում անցկացնել քրիստոնյա Արցախ (որտեղ դարեր ի վեր ստեղծվել են համաքրիստոնեական արժեք ունեցող մշակութային գանձեր)։

Ամեն իրավիճակում երկակի ստանդարտների վարպետ աշխարհը սա գուցե ընդունի, բայց ոչ` արցախցին, ով հենց այս ժամերին էլ պայքար է մղում` արժանապատվության պայքար, որ կասեցնի նենգադավ թշնամու «հումանիտար» ուղեբեռի մուտքը Ստեփանակերտ` պատմական Վարարակն։

Եվ այսօր ողջ օրը արցախցիները համացանցում գրել են ընդամենը մեկ ` արդեն մեր ժամանակների այս ազգային գոյապայքարի բանաձևը դարձած մի խոսք.

-Կմեռնենք քաղցած, բայց թշնամու հացն ու այլուրը չենք ուտի:

Արցախցին լավ գիտի իր պայքարի ուղին։

Գիտի, որ թշնամու թելադրած այս իրավիճակը բերելու է ոչ միայն Արցախի , այլև Հայաստանի կորստին։

Իսկ առանց Հայաստանի և Արցախի` պատմությանը կձուլվի նաև Սփյուռքը։

Ասել է` չկա Արցախը, չկանք նաև մենք։

Եվ մի՛շտ ասել ենք, որ շրջափակված Արցախի համար պայքարելը համայն հայության կյանքի ճանապարհն է, որը պիտի լինի մեզանից յուրաքանչյուրի բանաձևը։

ՈՒզում եմ հիշատակել արցախցի լուսանկարիչ David Ghahramanyan -ի դեռ ժամեր առաջ գրված այս խոսքերը.

«Բոլոր նրանք, ովքեր դեմ են Ակնայով (Աղդամ) Ադրբեջանի կողմից ուղարկված «հումանիտար» բեռին և հասկանում են, որ դա մահ է, եկեք Վերածննդի հրապարակ։

Ադրբեջանը իր այս քայլով շախ և մատ է ուզում անել։

Եթե մեր իշխանությունները չեն ընդունում այդ «հումանիտար» բեռը, Ալիևն աշխարհով մեկ հայտարարում է, որ մեր իշխանություններն են մեզ սովամահ անում։ Իսկ եթե իշխանություններն ընդունում են այդ բեռը, ապա դրվում է Արցախը կորցնելու մեկնարկը։

Այո, մենք սոված ենք, այո Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում «Տրոյական ձին»։

Դիմում եմ բոլոր առողջ ուժերին, Արցախը իրոք սիրող բոլոր իմ հայրենակիցներին, պատգամավորներին, քաղաքական գործիչներին, եկեք և կանգնեք մեր կողքին»:

Եվ հիմա էլ նա իր դիմագրքի էջով` ֆեսբուքյան եթերներով պարբերաբար ցուցադրում է, թե ինչ է կատարվում Արցախում, որպեսզի կարողանան կանխել ցեղասպանի ` աշխարհի աչքին մեծ «մարդասեր» հռչակվելու դավադիր ծրագիրը։

Չգիտեմ` ո՞վ և ի՞նչ նպատակով էր այսօր կեղծ տեղեկություն տարածել, թե թշնամու ուղեբեռն արդեն ընդունվել է արցախցիների կողմից։

Նման լուրը չի համապատասխանում իրականությանը։ Իրականությունը սա՛ է, և այն կադրերն են, որոնք բոլորս պարբերաբար կտեսնենք արցախցի մեր հայրենակիցների էջերում, ովքեր հիմա այնտեղ են մեծ խմբերով։

Այսօրվա ընթացքում մի քանի արցախցի ընտանիքների հետ հասցրեցի զրուցել։

Գիտե՞ք, թե է՛լ ինչի համար էին անհանգստանում.

ճիշտ եք կռահում` իրենց երեխաների դպրոց գնալու: Արցախցին այսչափ դժվարությունների մեջ էլ խոսում է իր երեխաների կրթության մասին, երբ բոլորս կենտրոնացած ենք նրա ֆիզիկական գոյության` համազգային գերխնդրի վրա։

ՈՒրիշ ի՞նչ տեսակ փաստերը կարող են վկայել, որ Արցախն ապրելու է։

ՈՒրեմն, ավելի պիտի մեկտեղվի հայության ուժը` հանուն Արցախի պայքարելու համար։

Հայն ու մեր թշնամի երկիրը քաղաքակրթական հակոտնյաներ են։

Հայատյաց ցեղասպանը չի կարող լինել հումանիստ։ Աշխարհը մոռացել է նույն Եվրոպայի սրտում` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների ժամանակ դաժանորեն սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հետո` երեսպաշտորեն թշնամու երկիր արտահանձնված ու «հերոսացած» այդ նույն դահիճին։ Մենք ոչինչ չենք մոռացել։

Ամեն ինչ հիշեցնելու ժամանակն է:

Իսկ հիմա նայենք արցախցիների աչքերին։

Նայենք և պայքարը շարունակելու համար ինքներս ուժ ստանանք այս մարդկանցից , որովհետև մենք մեր պատմական բնօրրանից, որի մի սրբազան մասնիկն է Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը, գնալու տեղ չունենք։ Այդ թշնամի՛ն է մեր հողում, բայց պիտի չքվի:

Համայն հայության ուժով պիտի բերենք այդ օրը:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը` Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 3496

Մեկնաբանություններ