«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Կերակրասեղան և լափաման

Կերակրասեղան և լափաման
16.05.2023 | 21:43

Ցանկացած խոհանոցից դուրս եկող սնունդ ունի հստակ ընդգծված երթուղի՝ այն սկզբում մատուցվում է շենքում բնակվող մարդկանց սեղանին՝ որպես ուտելիք, իսկ ճաշից հետո սեղանին առկա սննդի ամբողջ մնացորդը միախառնվում և վերածվում է լափի, և տեղափոխվում շենքի տարածքում առկա տարատեսակ կենդանիների լափամաններ՝ ապահովելով նրանց ֆիզիկական գոյությունը ևս:

Այդ առումով «իշխանական խոհանոցը» բացառություն չէ և այնտեղ ևս գործում է նույն մեխանիզմը. բոլոր ժամանակներում եղել են, կան և կլինեն այսպես կոչված «քաղաքական գործիչներ», որոնք ժողովրդի «ցավերն ամոքելու», «հոգսերը թեթևացնելու» և «արդար կառավարում ու անվտանգություն ապահովելու» ականջահաճո լոզունգների օգտագործմամբ փորձում են տիրանալ «իշխանական կերակրասեղանից օգտվելու» ժողովրդի համաձայնությանը:

Որոշ «հմուտ աճպարար քաղաքական գործիչների» մոտ (նաև հանգամանքների նպաստավոր դասավորվածության շնորհիվ) այն ստացվում է (ինչպես այժմ է), իսկ որոշ «կլասիցիզմով, ցենտրիզմով, արևմտամետությամբ» և այլ «իզմ»-երով ու

«մետ»-ություններով տառապողների համար «իշխանական կերակրասեղանը» այդպես էլ մնում է որպես նվիրական երազանք (ինչպես այժմ է):

2018-ին, «հմուտ աճպարարների սոված խմբակը» տիրանալով այդ համաձայնությանը, ագահաբար տրվեց քաղցը հագեցնելուն: Որոշ չափով կշտանալուն զուգահեռ, «ինքնագոհ և ինքնավստահ կեցվածքով խմբակը» լծվեց ժողովրդի «ցավերն ամոքելու, հոգսերը թեթևացնելու, արդար կառավարում և անվտանգություն ապահովելու» «նվիրական գործին»՝ իրեն վերապահելով ղեկավարումը, իսկ «սևագործ և կողտոտ» աշխատանքը տարածքի լափամանից օգտվելու պայմանով առաջարկելով այլոց: Եվ այստեղ սկսվում է իսկական կինոն.

կերակրասեղանի շուրջ երբևէ գտնվելու հույսը հիմնովին կորցրած, տարատեսակ «իզմ»-երով ու

«մետ»-ություններով տառապողներն այլևս չդիմանալով քաղցածությանը, թեթև սեթևեթանքից հետո համաձայնվում են «կերակրասեղանի շուրջ գտնվողների» առաջարկած պայմանին և հանձն են առնում կատարել նրանց կողմից մատնանշվող «սևագործ և կողտոտ» ցանկացած աշխատանք՝ իհարկե, նախ և առաջ իրենց համաձայնությունը խնամքով փաթեթավորելով «Հայրենիքի և Պետության հանդեպ սիրո և պատասխանատվության» վերամբարձ արտահայտություններով: Իսկ կերակրասեղանի փոխարեն լափամանից օգտվելու իրենց ստորացումը փարատում են լափի պարունակության մեջ գրեթե ձեռք չտված ուտելիքի մնացորդների առկայությամբ, որոնք, ի դեպ, «կերակրասեղանի շուրջ գտնվող աճպարարների» չտեսության և ընչաքաղցության շնորհիվ բավականին մեծ ծավալ են կազմում՝ հուրախություն լափամանից օգտվող կամ օգտվելուն հերթագրված «տարատեսակ «իզմ»-երով ու «մետ»-ություններով տառապողների» (ինչպես այժմ է):

«Հմուտ աճպարարների» իշխանավարումը տոտալ ձախողումների հետևանքով այսպես թե այնպես ավարտվում է և հայ հանրությունը պարտադրված է ցուցաբերել հասունություն և սառը իրատեսություն՝ ձևավորելու իրապես ազգային և պետականաշեն իշխանություն՝ իրապես ազգային և պետական մտածողության կրող գործիչներին վստահելով «իշխանական կերակրասեղանը»:

Իշխանությունն այդ, բազմաթիվ այլ գործառույթներից զատ, նաև երբե՛ք չպետք է տրվի վերոնշյալ սեգմենտի ծառայություններից օգտվելու գայթակղությանը: Իրապես ազգային և պետականաշեն իշխանությունը պարտադրված է լինելու զսպել, չափավորել իր ախորժակն ու պահել այն սահմանադրականության շրջանակներում, ժողովրդի կողմից իրեն ժամանակավորապես հատկացված իշխանական կերակրասեղանի մոտ աստիճանակարգային սկզբունքով տեղ բացել իր անխտիր բոլոր իշխանավորների համար՝ բացառելով «գործը ղեկավարողների և սևագործ աշխատանք կատարողների» տարանջատումը՝ նույն այդ ժողովրդին համարժեք որակյալ ծառայություններ մատուցելու պարտականության գիտակցությամբ:

«Մարդկային կերպարանքով» ապագա իշխանությունը զուսպ և չափավոր պահվածքով պարտավոր է նվազագույնի հասցնելու կերակրասեղանից լափաման տեղափոխվող սննդի ծավալը, իսկ տարածքի լափամանների պարունակությունը համալրել հատուկ կենդանիների համար նախատեսված էժանագին կերերով : Միայն այդ դեպքում է հնարավոր լուծարել իշխանական լափամանից օգտվել երազողների և հանուն դրա ցանկացած ստորացման և նվաստացման պատրաստ «վայ քաղաքական միավորների և գործիչների ինստիտուտը»՝ նպաստելով քաղաքակիրթ ազգերին և նորմալ պետություններին հարիր քաղաքական համակարգի ձևավորմանը :

Քաղաքական առևտրականների «այս հավերժ քաղցած և պիղծ սեգմենտի» գոյությունը Հայրենիքի և Պետության լինելիության ու առաջընթացի խոչընդոտների թվում ամենավտանգավորներից է: Անտարակույս՝ ավելի վտանգավոր, քան նույնիսկ թյուրքական սպառնալիքի առկայությունը…

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2736

Մեկնաբանություններ